Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԱՄ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ Ամերիկայում ՀՀ դեսպանատանը դեկտեմբերին կայացած տարեկան ընդունելությանը որպես գլխավոր բանախոսի հրավիրվել է 1981-83 թվերին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ճառերի հեղինակ Արամ Բախշյան կրտսերը, որը խոսել է «Հայաստանը եւ հայ սփյուռքը: Երեկ, այսօր եւ վաղը» թեմայի շուրջ:

«Հայաստանն ավելի երազի նման աբստրակտ մի գոյություն էր, քան քաղաքական մի հասկացություն, ինչպես Արարատ լեռը, որն այնքան մոտիկ է թվում, բայց անհասանելի է: Հետո, 1991-ին Ռեյգանի բնորոշմամբ «Չարիքի կայսրության» փլուզումով դարձյալ վեր հառնեց մոխիրներից: Մյուս կողմից սփյուռքը անհավանական հաջողությունների էր հասել, հատկապես Մ. Նահանգներում, շնորհիվ եկեղեցական եւ քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների, ինչպիսին Ամերիկայի հայկական համագումարն է: Հայաստան-սփյուռք կապը գոյություն ունի, բայց այդ կապը պահպանելը եւ սերնդե-սերունդ փոխանցելը մեր խոշորագույն մարտահրավերն է», ասել է նա, հավելելով. «Հավատացած եմ, որ եթե բոլոր կառույցները համապատասխան նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ աշխատեն, մենք կարող ենք անքակտելի եղբայրական կապեր հաստատել Հայաստանի հետ: Մենք պետք է դրան հասնենք»:

«Ռեյգանը ամերիկացիներին ծանոթ էր որպես «մարդամոտ, հաղորդակցվող» անձնավորություն, եւ կարծում եմ նույնը կարելի է ասել Բախշյանի մասին», նշել է այդ առթիվ «Հայ Ազգային ինստիտուտի» (ANI) տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը , ներկայացնելով Բախշյանին:

Բախշյանը Սպիտակ տանը աշխատել է երեք (Նիքսոն, Ֆորդ, Ռեյգան) նախագահների հետ, որպես նրանց ճառերը գրողի օգնական: Ներկայիս նա «National Interest» (Ազգային շահ) հանդեսի խմբագրի տեղակալն է եւ կանոնավոր սյունակներ է վարում «American Conservative» պարբերականում: «Մենք մեծապես գնահատում ենք Բախշյանի մեկնաբանությունները Հայաստանի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ», ավելացրել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին :