ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ
Այս տարվա օգոստոսին Հայաստան այցելած Իսրայելի փոխարտգործնախարար Ալեքս Բեն Ցվին «Ազգի» հետ զրույցում խոստացավ, որ Իսրայել պետության ստեղծման 70-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն երկու երկրներում:
Եվ ահա օրերս Երեւանում Հայաստանի հրեական համայնքը եւ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը կազմակերպել էին «Ազգային աղետներից մինչեւ պետականության վերականգնում» խորագիրը կրող գիտական նիստ:
Հայաստանի հրեաների համայնքի ղեկավար, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքերով, նիստի նպատակն էր բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության աստիճանը, նաեւՙ նպաստել Հայաստան-Իսրայել հարաբերությունների հետագա զարգացմանը: Իր կարծիքով, Հայոց ցեղասպանության թեման չպետք է երկու պետությունների հարաբերություններում խոչնդոտ լինի:
«Ժողովուրդը, քաղաքացիները, համայն մարդկությունը չեն կարող չճանաչել… Բոլորն այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն են ընդունում»,- ասաց տկն. Վարժապետյանը:
Իր վկայությամբ, Հայաստանի հրեական համայնքի անդամներն ամեն ջանք գործադրում են, որ Իսրայելը պետական մակարդակով ճանաչի Մեծ Եղեռնը:
Առաջին զեկուցումըՙ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանինն էրՙ «Հայկական եւ հրեական պետականության վերածնունդը ի պատասխան ազգային աղետների» խորագրով: Բանախոսը հիմնարար կերպով ուսումնասիրել է, իր իսկ խոսքերով, «լրջագույն արտաքին մարտահրավերների պայմաններում երկրի եւ ժողովրդի անվտանգությունը եւ հասարակության նորարական զարգացումը արդյունավետ ապահոված Իսրայել պետության խորհրդարանական կառավարման մոդելի տեղայնացումը» Հայաստանի նորաստեղծ խորհրդարանական համակարգի համար:
Պրոֆ.Քոթանջյանը հատուկ ընդգծեց այդպիսի համակարգի «հիմնադիր հայրերի իմաստունությունը», քանի որ այն, ըստ իրեն, մեծապես նպաստում է տաղանդավոր առաջնորդների ի հայտ գալուն եւ հետագա առաջխաղացմանը:
Ի դեպ, նա ընդգծեց, որ 43 տարվա ընթացքում Իսրայելի Քնեսեթ (խորհրդարան) անցնելու շեմը կուսակցությունների համար կազմել է ընդամենը մեկ տոկոս:
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը «Երկու ուղիՙ մեկ նպատակ» վերտառությամբ իր զեկուցման մեջ «հրաշք» անվանեց Հայաստան եւ Իսրայել պետությունների ստեղծումը երկու ցեղասպանված ժողովուրդների կողմից, նշելով, որ այն դեպքում, երբ կայսրությունների փլուզման արդյունքում որոշ ազգեր իրենց պետականությունը «նվեր ստացան», հայերը եւ հրեաները նվաճեցին այն կենաց-մահու ճակատամարտերի արդյունքում: Ընդգծվեց, որ երկու պետությունների ստեղծման գործում էլ դեր են խաղացել ինչպե՛ս ազգային գաղափարախոսությունները, այնպե՛ս էլ մեծ տերությունները, նշելով հրեաների դեպքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Արթուր Բալֆուրի հռչակագիրը, իսկ հայերի դեպքումՙ այդպես էլ թղթի վրա մնացած Սեւրի պայմանագիրը:
Հատուկ ուշադրություն հատկացվեց երկու ժողովուրդների հայրենադարձությանը իրենց Ավետյաց Երկրներ: Նշվեց, որ եթե հայերի դեպքում դա բերեց (ոչ-անկախ) պետականության որոշակի ամրապնդմանը, ապա հրեաներիՙ անհամեմատ մեծ ծավալների ներգաղթիՙ դեպքում դա հանգեցրեց անկախ պետության ստեղծմանը:
Համապարփակ էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայաստանի եւ Իսրայելի որոշ պատմական ընդհանրությունների եւ յուրահատկությունների մասին» զեկուցումը, որը ներառեց պատմական ակնարկ Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանից եւ Հռոմի կազմում գտվող Իուդեյայից մինչեւ Օսմանյան կայսրության կողմից Արեւմտահայաստանի, ինչպես նաեւ Պաղեստինի նվաճումնՙ Ալթայից եւ Միջին Ասիայից եկած քոչվոր թուրքերի մարդատյաց եւ ցեղասպան քաղաքականության բոլոր ատրիբուտներով մինչեւ հրեա ծագումով լեհաստանցի պատմաբան Ռաֆայել Լեմկինի կողմից կոչված «գենոցիդ» 1915-ի Մեծ Եղեռնը եւ հրեաների Հոլոկոսթը նացիստական Գերմանիայի կողմից:
Անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու «խճճված եւ բարդ» փաստին, պրն Հովհաննիսյանը ընդծեց, որ չնայած դրան, Իսրայելում մշտապես եղել է եւ կա «շատ բարձրակարգ» մտավորականություն, որը անվերապահորեն ճանաչել է «Արմենոցիդը»:
Այս շարքում հայ գիտնականն առաջին հերթին նշեց ամերիկացի գիտնական, ծագումով հրեա Հելեն Ֆայնին, ով դարձավ 1994թ. ստեղծված Ցեղասպանագետների միջազգային միության առաջին նախագահը:
Պրոֆեսոր Հովհաննիսյանը ավելացրեց նաեւ Իսրայել Չարնիի անունը, ում հետ նա անձամբ ծանոթ է մասնագիտական շփումների բերումով եւ ով երեք անգամ Հայաստան է այցելել:
«Փաստորեն, մի կողմից ունենք Իսրայելի ղեկավարություն, որը առայժմ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ մյուս կողմիցՙ բարձրակարդ հրեա մտավորականություն եւ ժողովուրդ, որը անգամ կասկածի տակ չի դնում մեր Մեծ եղեռնը… Սակայն վստա՛հ եմ, որ վերջիվերջո այս երկրորդ դիրքորոշումը կհաղթի», եզրափակեց Ն.Հովհաննիսյանը:
Եվ այս կարծիքը այդ օրը ոչ մեկ անգամ հնչեցվեց թե՛ հրեա, եւ թե՛ հայ բանախոսների կողմից:
Իսրայել պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարթության վրա է: Ինչ վերաբերում է հրեա ժողովրդին, ապա այն վաղուց դատապարտել է 1915 թվականի իրադարձությունները: Այս մասին իր ելույթում ասաց Լիոնից հատուկ միջոցառմանը մասնակցելու համար Երեւան ժամանածՙ Հրեական համաշխարհային վեհաժողովի դիվանագիտական կորպուսի վարչության անդամ, չորս երեխաների մայր Ռուտ Օզանան :
«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական է, այստեղ շատ բան է կախված Թուրքիայի հետ հարաբերություններից, այդ երկրի ազդեցությունից: Գիտեմ, որ հրեաներն, անկասկած, ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ ահա Իսրայել պետությունը լրիվ այլ բան է», – ասաց տկն.Օզանան:
Նրա կարծիքով` հայերն ու հրեաները ընդհանուր շատ բաներ ունեն: Տկն.Օզանայի բնութագրմամբ, երկու ազգերի զարմանալի նմանություններից է այլ մարդկանց համար օգտակար լինելու պատրաստակամությունը:
«Իսրայելն այսօր» (Israel Hayօm) պարբերականի խմբագիր, սյունակագիր գրականության, կրոնի, մշակույթի թեմաներով Դրոր Էյդարը , որը շուտով ստանձնելու է Իտալիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը, իր բավականին զգացական ելույթում մանրամասնորեն անդրադարձավ նրան, թե այդ ինչի՞ շնորհիվ վտարանդի հրեաները, բազում դարեր թափառելով, ի տարբերություն շատ ու շատ այլ ազգերի, չուծացան: «Հրեաները փյունիկի նման հառնեցին, որովհետեւ պահպանեցին երկու կարեւորագույն հատկանիշՙ կրոնը եւ ազգային ոգին», ընդգծեց նա:
Ըստ իրեն, մշտապես այսպիսի հրաշք է տեղի ունենում սոսկալի աղետներից հետո, եւ սա վերաբերում է նաեւ հայերին:
«Իմ օրաթերթում, որը խոշորագույններից է Իսրայելում, ես տարբեր առիթներով հոդվածներ եմ տպագրել, որոնցում խոսվում է Հայոց ցեղասպանության եւ դրա ճանաչման կարեւորության մասին, եւ ես միանշանակորեն համաձայն եմ հարգարժան պրոֆեսոր (Հովհաննիսյանի) հետ, որ պաշտոնական ճանաչումը մի բան է, իսկ մտավորականության, ժողովրդինըՙ մի այլ բան…», ասաց պրն. Էյդարը:
«Եվ երկու շատ կարեւոր դաս ել կա Հոլոքոսթից եւ Հայոց ցեղասպանությունից մեր երկու ժողովուրդների համար. առաջինՙ երբեք այլեւս պետք է թույլ չտա՛նք, որ աղետը կրկնվի, եւ, երկրորդ, Սփյուռքի մեր եղբայրներին եւ քույրերին պիտի մշտապես հիշեցնենք, որ ե՛տ գան տուն…», եզրափակեց իր խոսքը իսրայելցի մեր գործընկերը:
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը արձագանքեց իսրայելցի նորանշանակ դիվանագետի ելույթին հետեւյալով. «Հարգելի Դրոր Էյդարի ելույթից հետո ես վերջնականապես հասկացա, թե ինչո՞ւ է Իսրայելը հանդիսանում է միջազգային քաղաքական բեմահարթակում խոշորագույն խաղացողներից մեկը… (Երկկողմ հարաբերություններում) մենք հաճախ ենք խոսում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին… Սակայն ես չգիտե՛մ գոնե մի հրեայի, ով չի ճանաչում մեր Եղեռնը… Եվ հարկավոր չէ՛ քաղաքականացնել Իսրայելի կողմից առայժմ այն չճանաչելու հարցը… Իսկ ի՞նչ է, Հայաստանը ճանաչե՞լ է հրեաների Հոլոքոսթը… Կրկնո՛ւմ եմ. իմ բազմաթիվ հրեա բարեկամների մեջ, լինի դա Ռուսաստան, թե Իսրայել, չկա մեկը, ով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կասկածի տակ դնում այն: Այստեղ շատ խոսվեց մեր երկու ժողովուրդների ընդհանուր անցյալի մասին, եւ դա ճիշտ էՙ պատմությունը պետք է իմանալ… Սակայն ես կգերադասեի, որ հիմա ավելի շատ խոսենք ապագայի մասին: Եվ շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակներս մենք կարողացել ենք բարձրացնել մեր երկկողմ հարաբերությունները մի նոր, հիրավի աննախադեպ մակարդակի վրա: Նոյի ժողովուրդըՙ հայերը եւ Սուրբ Հողի ազգըՙ հրեաները շատ ընդհանրություններ ունեն, եւ վստահ եմ, որ նաեւ լավ ընդհանուր ապագա ունեն… Նրանք պետք է ակտիվորեն շփվեն, եւ վստահ եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր ոք ջանք չի՛ խնայի երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու համար, մի նոր էջ մեր երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ բացելու համար»: