Հարյուր տարի առաջ` 1918 թ. հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, Անտանտի ներկայացուցիչների եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Մուդրոսի զինադադարով Առաջին աշխարհամարտն ավարտվեց: Մարդկության պատմության մեջ մասշտաբով ու մարդկային կորուստների չափերով աննախադեպ այդ պատերազմի հետեւանքով կործանվեցին եւ պատմության թատերաբեցին ընդմիշտ հեռացան երեք` Ռուսական, Ավստրոհունգարական եւ Օսմանյան կայսրությունները: Խոր ճաքեր տվեցին եւ զգալի տարածքներ կորցրեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ գաղութային տերություններ: Պատերազմը տեւեց 4 տարի 3 ամիս եւ 10 օր, զոհվեցին 10 եւ վիրավորվեցին 20 մլն մարդ: Համաճարակներից եւ սովից մահացան եւս 10 մլն մարդ: Պատերազմող կողմերի ուղղակի ռազմական ծախսերը կազմեցին ավելի քան 200 մլրդ. դոլար (համապատասխան տարիների գներով): Պատերազմից հատկապես օգտվեցին կապիտալիստական խոշոր մոնոպոլիաներն ու հաղթանակած պետությունները:
Աշխարհամարտը մեծագույն արհավիրք եղավ հայ ժողովրդի համար: Նա բնակչության թվաքանակի համեմատությամբ ամենաշատ զոհերը տվեց` շուրջ 2 մլն: Համաշխարհային պատմության նոր շրջանում թուրքերն իրականացրին առաջին` հայերի ցեղասպանությունը: Ամենավայրագ բռնարարքների միջոցով նրանք ոչնչացրին 1,5 մլնից ավելի անմեղ հայերի: Հետագայում այդ հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ճիշտ է, Աշխարհամարտին հաջորդած շրջանում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը եւ դրանով դատապարտեցին օսմանյան թուրքերին 1.5 միլիոն հայերի ոչնչացման համար, սակայն ընդամենը երկու տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոսթին, իսկ ավելի ուշՙ Կամբոջայի, Ռուանդայի եւ այլ ցեղասպանությունների:
Հայ ժողովուրդը, որը ամենամեծ զոհողությունների գնով նպաստել էր դաշնակիցների հաղթանակին, մեծ սպասելիքներ ուներ Անտանտի տերություններից: Սակայն այդ անգամ էլ դրանց քաղաքական ու տնտեսական շահերն ավելի զորեղ եղան, քան մարդկային տարրական տրամաբանությունը, եւ հայ ժողովուրդը ոչ միայն ոչինչ չստացավ, այլեւ հայտնվելով թուրք-ռուսական սալի եւ մուրճի արանքում, կորցրեց թե՛ իր պետականությունը եւ թե՛ պատմական տարածքների բացարձակ մեծ մասը: Ոչինչ չփոխեցին նաեւ զինադադարներին հաջորդած հաշտության Փարիզի (քանի որ զինադադարի պայմանները` առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ, բայց նրանց անունից Թուրքիային թելադրել էր անգլիացի ծովակալ Քալթորպը, դրանք քննարկման առարկա դարձան 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում բացված հաշտության) եւ Լոզանի Մերձավոր Արեւելքի հարցերով (վերջինը տեղի է ունեցել 1922 թվականի նոյեմբերի 20-ից 1923 թվականի հուլիսի 24-ը) կոնֆերանսները:
Մուդրոսի զինադադարի կնքումից հետո շատ ջրեր են հոսել: Անցել է մեկ դար, որի ընթացքում հայ ժողովուրդը մշտապես հետամուտ է եղել արդարության վերականգնմանը եւ Հայկական հարցի լուծմանը: Սակայն մինչ օրս էլ այդ գործընթացը շարունակվում է: Իհարկե, այսօր անուրանալի ձեռքբերումներ ունենք. վերականգնված է մեծագույն արժեք պետականությունը, աշխարհի շուրջ երեք տասնյակ պետություններ եւ համաշխարհային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ ճանաչել են Եղեռնը, վերադարձված է Արցախը, զարգանում է երկրի տնտեսությունը, ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հարուստ մտավոր պաշար եւ լուսավոր ապագային հավատացող ու դրանով ոգեւորված, իր դեմքն ու ուրույն մտածողությունն ունեցող երիտասարդ սերունդ: Սակայն պայքարը շարունակվում է, իսկ Հայկական հարցն սպասում է իր արդարացի լուծմանը: Ցավոք, այսօր էլ շարունակում են արդիական մնալ պատերազմներն ընդհանրապես արգելելու եւ դրանից դասեր քաղելու գործընթացները:
Հետպատերազմյան շրջանում անկասկած կարեւոր ձեռքբերում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձեւակերպումը վիլսոնյան հայտնի 14 կետերում, որը հետագայում ներառնվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ հիմք դարձավ շատ երկրների անկախության համար: Աշխարհի ժողովուրդները կարողացան ազատ կամքի դրսեւորումով տնօրինել սեփական ճակատագիրը: Սակայն ցավոք, այդ իրավունքի նկատմամբ վերապահումներով մոտեցում կա, որի պատճառով Արցախի ժողովրդի` իր ճակատագիրը տնօրինելու համար տասնամյակներ շարունակվող պայքարը պատշաճ իրավական լուծում դեռեւս չի ստացել :
Չնայած Առաջին աշխարհամարտից հետո ստեղծվեց ՄԱԿ-ի նախատիպը հանդիսացող Ազգերի լիգան, որի գլխավոր նպատակը վերջնական ու հարատեւ խաղաղության հաստատումն էր եւ ամեն տեսակի ծայրահեղականության արգելումը, սակայն ժամանակակից աշխարհում այդպիսի դրսեւորումները շարունակ ավելանում են: Այսօր մենք հաճախ ենք ականատես լինում մարդու ամենակարեւոր` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի:Ակնհայտ է նաեւ, որ մարդկությունը խելքի չեկավ: Շուտով սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, որին էլ հաջորդեց սպառազինությունների մրցավազքը, որի վերջն այսօր էլ չի երեւում:
Օրերս Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի առիթով Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Փարիզում ունեցած իր ելույթում իրավացիորեն նշելով, որ «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա» , այնուհետեւ շեշտեց, որ հարկավոր է նախ եւ առաջ հիշել այդ պատերազմի դասերի մասին: Իսկապես, աշխարհի մարդկությունը խնդիր ունի ոգեկոչելու բոլորի հավաքական հիշողությունը եւ զգուշացնելու, որ երբ մի պետություն փորձի պատերազմի միջոցով խնդիրներ լուծել, ոչ միայն բռնի նրա ձեռքը եւ թույլ չտա դա անելու, այլեւ խստագույնս պատժի:
Իսկապես մարդկությունը պետք է հասկանա վերջապես, որ պատերազմը համամոլորակային ողբերգություն էՙ դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար: Որ դրանում հաղթողներ եւ պարտվողներ իրականում չկան, քանի որ դրանք միայն կորուստ, տառապանք եւ ավերածություններ են «շնորհում» մարդկանց: Որ չնայած մարդկությունը վաղուց է հասկացել զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, սակայն դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեծմանը: Շատ վտանգավոր գործընթաց, որը շարունակվում է նաեւ մեր օրերում:
Այդ իսկ պատճառով մենք այսօր ոչ միայն բարձր ենք գնահատում Մուդրոսի պատմական նշանակությունը, այլեւ համոզված ասում ենք. երբեք չպիտի մոռանանք Առաջին աշխարհամարտն ու հայ ժողովրդին պատճառած նրա անագորույն ցավը, դասեր կքաղենք եւ առիթը ներկայանալու դեպքում կբռնենք հրձիգների ձեռքը եւ նրանց դուրս կդնենք մարդկության համաշխարհային մեծ ընտանիքից»: