ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ տարբեր կրոնների ներկայացուցիչների համատեղ աղոթք հանուն խաղաղության ամբողջ աշխարհում: Աղոթքը տեւեց միայն մի քանի րոպե, սակայն պատգամը, որ հղում էին հոգեւորականները, հասկանալի էր: Աշխարհում հիմա խաղաղության եւ կայունության կարիք ունեն տասնյակ պետություններ, իրավիճակը սրվում է ամեն օր: Բայց «ահաբեկչություն» եզրն արդեն ամուր մտել է նույնիսկ տնտեսապես զարգացած եվրոպական երկրների պատմության մեջ: Կրոնի հետ կապված հիմնախնդիրների թիվը միայն ավելանում է: Եվրոպայում աճում են հակաիսլամական տրամադրություններ, որոնք կապված են գաղթականների զանգվածային միգրացիայի հետ եւ, որպես հետեւանք, արձանագրում են սոցիալական հիմնախնդիրների աճ: Իսլամը շատերի մոտ ասոցիացվում է կրոնական անհանդուրժողականության եւ ծայրահեղականության հետ: Կաթոլիկ եկեղեցում սկանդալները, որոնք կապվում էին անչափահասների նկատմամբ այլասերված գործողություններում հոգեւորականների դեմ մեղադրանքներով, նույնպես մղում են հոռետեսության: Ճեղքման եզրին է Ուղղափառ եկեղեցին, առավել եւս այն բանից հետո, երբ Կոնստանդնուպոլիսը ավտոկեֆալություն տրամադրեց ուկրաինական եկեղեցուն (*): Եվ ոչ մեկը վեց համագումարներից, կարծես թե, չէր անցել նման պայմաններում: Սակայն պաշտոնական Աստանային հաջողվեց դրդել հոգեւորականներին, չնայած առկա տարաձայնություններին, նստելու բանակցությունների սեղանի շուրջ:
Պլենար նիստում ելույթ ունեցան ե՛ւ գերագույն իմամ, Ալ Ազհարի շեյխ Մուհամմադ Ահմադ Աթ-Թայեբը, ե՛ւ Երուսաղեմի հունաց պատրիարք Ֆեոֆիլ Երրորդը, եւ՛ Մոսկվայի պատրարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Ոլոկալամյան միտրոպոլիտ Իլարիոնը, Օրենսդրական տեքստերի մեկնաբանության պապական խորհրդի նախագահ կարդինալ Ֆրանցիսկո Կոկոպալմերիոն, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների ալյանսի բարձր ներկայացուցիչ Նասիր Աբդ Ալ-Ազիզ Ան-Նասերը, Իսլամական մազհաբների մերձեցման համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար այաթոլլա Մոհսեն Մոհամմադի Արաքին, Իսրայելի սեֆարդների եւ աշքենազիների ռաբբիներ Իցհակ Իոսիֆը եւ Դավիդ Լաուն, Բուդդայականների համաշխարհային հանրակցության փոխնախագահ Չոյժիլժավըն Դամբաժավ լաման, Չինաստանի դաոսականների ասոցիացիայի նախագահ Լի Գուանֆուն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը. «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ուիլյամ Վենդլին: Ընդհանուր առմամբ Ղազախստանը հավաքել էր ավելի քան 80 պատվիրակություններ աշխարհի 45 երկրներից: Ակնհայտ է, որ համաշխարհային կրոնների առաջնորդները զգում են նման հանդիպումների կարիքը բանակցությունների վարման հավասար հնարավորությունների հարթակում:
Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների վեցերորդ համագումարի մասնակիցների աշխատանքը բացված հայտարարելովՙ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրապարակեց գլխավոր միտքը. «Չնայած բուռն տեխնոլոգիական զարգացմանը եւ համաշխարհային հարստության աճին, սոցիալական աղետների մասշտաբը շարունակում է ընդլայնվել: ՄԱԿ-ի տվյալներով երկրագնդի բնակչության 14 տոկոսը քրոնիկ սովյալ է: Գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցել է 190 միլիոնը: Դա ուժեղացնում է սոցիալական անհավասարությունը որպես արմատականության համար պարարտ հող: Այդ պատճառով կենտրոնական հարց է անվտանգ, արդարացի աշխարհի գաղափարը»: Սակայն ամեն տարի համաշխարհային հանրությունը կարծես թե հեռանում է արդար աշխարհի գաղափարից: Ալ Ազհար իսլամական համալսարանի գերագույն իմամ, շեյխ Մուհամմադ Ադմադ Աթ-Թայեբի խոսքերով Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում 2001-2018թթ. քաղաքական ուժերը ծախսել են 1.5 միլիարդ դոլար: Եվ դա այն դեպքում, երբ աշխարհում 750 միլիոն մարդ չգիտէ ո՛չ կարդալ, ո՛չ էլ գրել: Եվ ահա կրոնական գործիչը հաճախ միակ աղբյուրն է կրթության եւ դաստիարակության, նմանվելու միակ օրինակը: Շատ կարեւոր է, որ խաղաղության եւ հանդուրժողականության մասին մտքերը հոգեւորականը կարողանա հասցնել որքան կարելի է շատ թվով աշխարհականների: Դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ: Հենց այդ պատճառով էլ նախագահ Նազարբաեւի նախաձեռնությամբ կստեղծվի տեղեկատվական պորտալ: Նրա խնդիրն է օգնել ուսումնասիրելու եւ ներդնելու կրոնական արմատականության եւ ամբողջությամբ վերցրած բռնության ցանկացած դրսեւորումների հանդեպ կայունության ամրապնդման մեթոդների ներդրմանը:
Խնդիրն արդիական է, վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ կրոնական արմատականությունից ապահովագրված չեն ո՛չ բարեկեցիկ պետությունները եւ ո՛չ էլ նրանք, ում ՀՆԱ-ն բերվում է միայն հակառեյտինգներում: Դրա համար էլ «ճշմարիտ» բոլոր առումներով կրոնական կրթությունը այժմ արդեն մտնում է պետության կայունության եւ անվտանգության հիմքերի ցուցակի մեջ: Այդ պատճառով էլ խոսքը հակամարտությունների կարգավորման մասին է եւ այն հնարավորությունների, որոնց այդ համատեքստում տիրապետում են տարբեր հարանվանությունների ներկայացուցիչները: Իհարկե անմիջապես լուծել այս բոլոր խնդիրները թվով վեցերորդ համագումարի միջանցքներում եւ դահլիճներումՙ հնարավոր չէր, բայց ոչ ոք չէր էլ ասում, որ տարիներով կուտակված հիմնախնդիրները կարելի է լուծել: Համագումարում դա նույնպես հիմնախնդրի արդիականացման ցուցանիշներից մեկն էր, հավատարմագրվել էին հարյուրավոր լրագրողներ, պատրաստվել են հազարավոր հարցազրույցներ, քանի որ շատ կարեւոր էր օրակարգը: Համագումարի խոսնակները միակարծիք էինՙ սերն ու խաղաղությունը կօգնեն մարդկությանը:
Ռուսաստանի մահմեդականների հոգեւոր վարչության եւ մուֆտիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը համոզված է, որ նման միջկրոնական երկխոսությունն իսկական խաղաղության պրակտիկա է, որն իր մասնակիցներից պահանջում է բարոյական սխրանք: Հոգեւորականները պատրաստ են նման սխրանք գործելուՙ օգտվելով բոլոր կրոնների գլխավոր սկզբունքիցՙ հանդուրժողականություն եւ հարգանք ուրիշ ռասաների եւ կրոնների նկատմամբ: Այն, որ Աստանան վեցերորդ անգամ դառնում է համաշխարհային եւ ավանդական կրոնների մայրաքաղաք, նույնպես շատ խորհրդանշական է: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր ելույթում բերեց հետեւյալ թվերըՙ երկրում գրանցված են 3,5 հազար կրոնական սուբյեկտներ, 18 տարբեր հարանվանություններ: Ղազախստանի բազմազգությունը միջկրոնական եւ ազգամիջյան եզակի մոդելի հիմնքն է: Պաշտոնական Աստանան, անկախություն ստանալով, Խորհրդային Միության փլուզումից հետո հավասար հնարավորություններ ուներ ԱՊՀ մյուս երկրների հետ: Սակայն մյուս հետխորհրդային հանրապետությունների համեմատությամբ առաջին բանը, որ Ղազախստանում աչք է զարնում եւ ծառայում է նրան հարգալից վերաբերելու, ինչպես նաեւ նրա առաջնորդի նկատմամբ հարգանք տածելու համար, կրոնական հանդուրժողականությունն է: Ղազախստանը, ինչպես ընդգծում է նախագահ Նազարաբաեւը, աշխարհիկ պետություն է, սակայն կրոնը եւ նրա ավանդույթները ծառայում են երկրի կայունությանըՙ զարգացնելով ժողովրդի ազգային ինքնությունը: Այդ պատճառով էլ Ղազախստանը դարձել է Միջկրոնական եւ միջքաղաքակրթական երկխոսության զարգացման կենտրոնի ստեղծման նախաձեռնողը: Այդպիսի երկխոսությունը այսօր անհրաժեշտ է աշխարհինՙ ինչպես երբեք:
*) Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ Հույն-Ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարքը (Ստամբուլ) վերջերս առանձինՙ Ռուս-ուղղափառ եկեղեցուց անջատ առանձին կարգավիճակ է շնորհել Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, բառի իսկական առումով զայրույթի մատնելով Ռուսական եկեղեցուն ու ռուս քաղաքական շրջանակներին: Խմբ.: