Իրականություն չդարձավ այն կանխատեսումը, որ միգուցե Ազգային ժողովի լուծարմանը դեմ պատգամավորները Նիկոլ Փաշինյանին կընտրեն վարչապետ, այդպիսով հետաձգելով ԱԺ արձակումը առնվազն մեկ տարով, իսկ մեկ տարի հետո էլ անվստահություն կհայտնեն նրան: Փաշինյանը վարչապետ չընտրվեց, եւ եթե եկող չորեքշաբթի այս իրավական ֆորմալիզմը կրկնվի (չգիտենք` միգուցե այս անգամ Փաշինյանը չառաջադրվի), քվեարկությունից հետո Ազգային ժողովը լուծարված կհամարվի օրենսդրությամբ:
Հավանական է, որ այլեւս անսպասելի որեւէ բան չի լինի, այս սցենարը կաշխատի, քանի որ ՀՀԿ-ն, չընդունված նոր Ընտրական օրենսգիրքը, Եվրոխորհրդարանում եւ ԵԱՀԿ/ժՀՄԻԳ-ի պատվիրակության հետ հանդիպմանը կարկառուն ՀՀԿ-ականների բարձրաձայնումները վկա, այլեւս կորցրել է իրականության զգացումը, եւ, չունենալով որեւէ հստակ ծրագիր, իրավիճակային-քաոտիկ քայլեր է անում` ծառերի հետեւի անտառը չնկատելով, ու եվրոպացիների մոտ մի լավ բամբասելով եւ նսեմացնելով երկիրը: Անակնկալ, մի խոսքով, հազիվ թե լինի, նստվածք է թողնում միայն էն փոքրիկ ֆարսը, որ իրավիճակը օրենքի տառին համապատասխանեցնելու համար է արվում` բեմադրության վերածելով վարչապետի հրաժարականը, վերստին առաջադրումն ու չընտրվելը:
Ընդհանրապես` արդեն քաղաքական զանազան ձեռնածությունների վրա շատ ժամանակ է վատնվում, ու լիարժեք չձեւավորված նոր իշխանությունը չի կարողանում լրջորեն զբաղվել երկրին ներկայացող խնդիրների լուծմամբ, սա արդեն ուղղակի հնարավոր չէ լսել ու տեսնել: Հնարավոր չէ լսել ու տեսնել, թե ով էր ավելի լավն ու պրոֆեսիոնալը` նախկիննե՞րը, թե՞ ներկաները, որով ԶԼՄ-ները զբաղեցնում են հանրությանը, այդ թվում` պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի տեսակետները փոխանցելով: Դա պետք է վերջացնել:
Նախկիններին հանրությունը մերժում է, անկախ այն բանից, որ նրանց մեջ, իրոք, կան իրենց գործի պրոֆեսիոնալները: Այդ մասին պետք է մտածեին նախկին առաջին դեմքերը, որ հարվածի տակ չդնեին իրենց պրոֆեսիոնալներին` թույլ տալով արտոնյալ անպիտաններին ամբողջովին արատավորելու համակարգը: Հիմա երկիրը երկար ու անպտուղ այս բանավեճի մեջ տեւաբար չի կարող ներքաշվել, այս Ազգային ժողովը պետք է գնա, նորը գա, որ երկիրը լիարժեք զբաղվի իր խնդիրների լուծմամբ: Ես վստահ չեմ, իհարկե, որ նոր հավաքվելիք պառլամենտը մասամբ կազմված չի լինելու նոր անպիտաններից, ինչպես որ քաղաքային ավագանու ընտրության արդյունքում եղավ, սակայն չենք կարող ընթացքը կանգնեցնել, ինչ է թե այդ նոր անպիտանները չգան: Հիմա վարչապետի պաշտոնակատարին է մնում իր ցուցակը կազմելիս որքան հնարավոր է քիչ անպիտաններ ներգրավի այնտեղ, եթե ամբողջովին չի կարող այդ անպիտաններից խույս տալ:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ու վարչապետի թեկնածուի կարգավիճակում արված Փաշինյանի հայտարարությանը` ԱԺ պատգամավորի` 100 տոկոսով բացահայտված կաշառքի գործի վերաբերյալ, սա կարելի է ՀՀԿ-ի գլխին կախված դամոկլյան սուր անվանել, որը մտածված գործի դրեց Փաշինյանը` եթե եկող չորեքշաբթի բան է ու ՀՀԿ-ն ինչ-որ խաղեր տա: Այլապես անընդհատ դատարանների վրա ճնշում չբանեցնելու մասին խոսող Փաշինյանը չէր կարող չպատկերացնել, որ սա եւս ճնշման ձեւ է իրավապահների վրա, էլ չասած որ նրա ընդդիմախոսները մատնացույց էին անելու ե՛ւ քննության գաղտնիության, ե՛ւ անմեղության կանխավարկածի խախտման պարագան այս հայտարարության դեպքում: Հուսով ենք` գոնե նոր ընտրություններից հետո այս կարգի գործելաոճը կբացառվի, որքան էլ մեծ է կոռուպցիայի դեմ պայքարողի կերպարը` վառ եւ հանրության վերաբերմունքը` տաք պահելու գայթակղությունը: Որ հայտարարությունը դամոկլյան սուր է` դրա վառ ապացույցն է թեկուզ այն, որ ԶԼՄ-ները սկսեցին մեկ տասնյակից ավելի ՀՀԿ-ական պատգամավորների անուններ շրջանառել, ում կարող էր վերաբերել Փաշինյանի ասածը: Բանը հասավ նրան, որ երեկ ՀՔԾ պետը հերքեց ամենից շատ շրջանառվող երկու անձի` Միհրան Պողոսյանի եւ Արամ Հարությունյանի` կաշառքի գործով կասկածյալ լինելը, ԶԼՄ-ներին գցելով նոր տվայտանքների մեջ:
Նույն օպերայից էր նաեւ Մարտի 1-ն այնպես բացահայտելու խոստումը, որ շատերի համար քողազերծվող փաստերը նույնիսկ անսպասելի լինեն. սա թափանցիկ ակնարկ է, այո, որ Մարտի 1-ին տեղի ունեցածի մեջ շատերը կարող են թաթախված լինել, այդ թվում` այժմ չքմեղացողներն ու սուրբ ձեւացողները:
Իսկ ընդհանրապես` Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթն, ինչպես միշտ, մեծ հետաքրքություն առաջացրեց եւ ամենեւին ավելորդ չէր` նկատի ունենալով մի շարք հարցերի, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ, թարմ գնահատականները`ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով պատասխանատու Ջոն Բոլթոնի Հայաստան այցին ընդառաջ, որի հետ հանդիպման ընթացքում, ըստ արտահոսքերի, քննարկվելու է նաեւ Արցախի հարցի վերաբերյալ փոխզիջուների թեման, ինչպես նաեւ հակաիրանյան ծրագրի մեջ Հայաստանին ներքաշելու ամերիկյան ձգտումը, որին ամեն դեպքում Հայաստանից պետք է հնչի «ոչ»: Ի դեպ` երեկվա հաղորդագրություններով` Բոլթոնը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, իրավական համակարգը մաքրելու եւ կառավարության հաշվետվողականությանն ուղղված ջանքերին, անհրաժեշտ է դիտել կրկին Մինսկի խմբի ձեւաչափում Արցախի հարցի խաղաղ կարգավորումը: Միաժամանակ` Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաղթանակով` Բոլթոնը կարգավորման հարցում վճռական քայլերի է սպասում (՞), քանի որ չկարգավորումը արտաքին ազդեցությունների դուռ է բացում, սա ասվել է Փաշինյան-Բոլթոն հանդիպումից ավելի ուշ, ասուլիսին, Բոլթոնը նաեւ թափանցիկ ակնարկ է արել, թե ամերիկյան զենքը լավն է ռուսականից:
Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքին, որի ընդունումը ՀՀԿ-ն տապալել էր, «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների միացյալ ստորագրահավաքով երկուշաբթի հրավիրվելիք արտահերթ նիստում այն նորից քննարկվելու է: ԸՕ-ի վերաբերյալ ՀՀԿ-ն շարունակում է պնդել կոնսենսուսի բացակայությունն ու մի շարք այլ դրույթների հետ անհամաձայնությունները, հավանաբար հուսալով, որ հին օրենսգրքով գոնե մի փոքրիկ խմբակցություն, ի հաշիվ տեղերում դեռեւս պահպանած իր ազդեցիկ անդամների, կարող է նոր խորհրդարանում տեղ ունենալ: Սակայն չենք կարծում, որ մեր ժողովուրդն այլեւս կհանդուրժի այդ ազդեցությունների շարժիչ ուժ փողի դերակատարությունը: Այնպես որ ՀՀԿ-ի ընտրությունն է` կրկին տապալել այն երկուշաբթի եւ երկիրն ընտրությունների տանել հին օրենսգրքով, վստահ չլինելով իր վարկանիշի վրա, թե՞, այնուամենայնիվ, օգնել այն ընդունելու, միգուցե ինքն իրեն գցելով նոր ԸՕ-ով չորրորդ ուժի համար նախատեսված երկու տոկոսով արգելանքն անցնելու հնարավորության տակ եւ այդպես ներկայացված լինելով նոր խորհրդարանում:
Հետաքրքական է, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ կանոնակարգի այն փոփոխությունը, ըստ որի Ազգային ժողովի նիստի ընդհատման դեպքում, խոչընդոտը չեզոքացվելուց հետո, այն կարող է շարունակվել, այդպիսով բացառելով ԱԺ լուծարումը նիստերի չկայացման հետեւանքով: Ա. Սարգսյանը նշել է օրենքի սահմանադրաիրավական խնդիրների մասին, եւ ուղարկել այն Սահմանադրական դատարան: Երկշաբաթյա ժամկետում, երբ ՍԴ-ն ուսումնասիրի օրենքը, հավանաբար Հայաստանում արդեն հին ԱԺ-ն լուծարված, իսկ ընտրությունների օրը մոտ կլինի: Առհասարակ` տարբեր առիթներով, այդ թվում` տնտեսական բովանդակության իր նախաձեռնությունների մեջ կամ Էրդողանին վերջերս հղած իր ուղերձով առավել նկատելի է դառնում իշխանության մեջ նախագահ Սարգսյանի դերակատարության առավել ընդգծման միտումը, սա մտածված է, թե՞ հենց բխում է Սարգսյանի նախաձեռնողականությունից, դեռ պարզ չէ, սակայն մոտակա գործընթացները շատ բան ցույց կտան:
Ի դեպ` հոկտեմբերի 31-ին, այն օրը երբ ԱԺ արտահերթ նիստով վարչապետի ընտրության հարցը մի անգամ եւս կքննարկվի, կառավարությունը եւս մի արտահերթ նիստ է հրավիրել` 24-ժամյա ռեժիմում կքննարկվի «Համաներման մասին» օրենքի նախագիծը : Այս պահին քրեակատարողական հիմնարկներում առկա են 1920 դատապարտյալ: 1913 թվականից այս կողմ համաներում չի հայտարարվել, իսկ այս համաներումը Երեւանի 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ է: Թե որքան մարդու է դա վերաբերելու, դեռ հայտնի չէ, այն անվանում են մեծ մարդասիրական համաներում, եւ դատելով նրա դրույթներից` կարող է վերաբերել դատապարտյալների բավական լայն կոնտինգենտի: Չնայած` այս անգամ եւս դատպարտյալների հարազատների դժգոհություն կա արդեն հրապարակված նախագծի ընդգրկումից:
Ասենք, որ համաներումներից հետո հանցագործությունների թվի աճ է արձանագրվում սովորաբար, իսկ ազատ արձակվածների մոտ երեսուն տոկոսը մեկ տարվա ընթացքում վերադառնում է բանտ` նոր հանցագործություն կատարելով: Եթե նայենք համաներման դրույթները եւ մոտավոր հաշվենք` միգուցե քրեակատարողական հիմնարկները կիսով չափ կբեռնաթափվեն: Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով այդ հիմնարկների վարքուբարքի մասին, ԱԺ նիստում ասել էր, թե դա մարդկանց քամելու մի համակարգ է, որտեղ որքան շատ լինեն դատապարտյալները, այնքան շատ մարդիկ ու ընտանիքներ կքամվեն: Հուսով ենք` սրան վերջ կտրվի նախ այն քաղաքականության շնորհիվ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու սովորույթից եւ ըստ այդմ` ճնշմամբ նախաքննական ցուցմունք կորզելու գործելակերպից մերոնք աստիճանաբար հրաժարվում են, եւ բացի այդ` այժմ կնվազի նաեւ կաշառքով աչառու դատավճիռների թիվը (միամիտ չենք, որ հավատանք, թե իսպառ կվերանա): Այդպիսով` միայն իսկապես հանցագործներով համալրելով քրեակատարողական հիմնարկները, եւ, ինչպես դատապարտյալներից շատերի հարազատներն են պնդում, ոչ իրավական համակարգի (այս դեպքում` նախկին ռեժիմի) զոհերով: