Վերնագրում ասվածը, վստահ եմ, շատերը տարօրինակ կհամարեն: Չէ՞ որ հայաստանյան կառավարություններն են պարբերաբար հայտարարել, որ երկրում ոչ միայն աղքատություն, այլեւ ծայրահեղ աղքատություն կա: Այն հաղթահարելու նպատակով 2003 թվականին, երկարատեւ հանրային քննարկումներից հետո «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» անվանվող 190 էջերից բաղկացած փաստաթուղթ հայտնվեց: Օգոստոսի 8-ին այն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում, ուր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «ՀՀ կառավարությունը հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը համարում ենք քաղաքացիական հասարակության, իշխանության տարբեր թեւերի եւ դոնոր հանրության ավելի քան երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունք: Մենք գտնում ենք, որ հաջողվել է լուծել կարեւոր խնդիրՙ ստեղծվել է իրատեսական եւ իրագործելի ծրագիր, որն առաջիկա տարիների մեր գործունեության ուղենիշն է դառնալու»:
Ավաղ: Աղքատության ու անհավասարության երկրում արդեն իսկ առկա վիճակը ձեւավորեց մի շարք գործոններ, որոնք կազմավորեցին այն միջավայրը, որն սպառնաց մեր ազգային ավտանգությանը: Առաջնահերթը նկատի ունենք շարունակվող ու ահագնացող արտագաղթը, երբ հայրենի քաղաքներն ու գյուղերը լքեցին հարյուր հազարավոր հայաստանցիներ: Եվ սա այն պայմաններում, երբ հիշյալ ծրագրի կատարումը պայմանավորվում էր պետական ու հասարակական տասնյակ կառույցների ու կազմակերպությունների գործընթացի իրականացման գործընկերային մասնակցությամբ: Դրանց թվում էին տպագիր ու էլեկտրոնային մամուլի խմբագրություններ, հասարակական կազմակերպությունների միավորումներ, Երեւանում ու մարզերում գործող շուրջ 20 հասարակական կառույցներ, նախարարություններում ու մարզպետարաններում ստեղծված աշխատանքային խմբեր, մոնիտորինգի ու վերլուծության ամենատարբեր ստորաբաժանումներ, Հայաստանում գործող միջազգային կառույցներ: Արդյունքում նպատակ էր հռչակվում 2002-ին աղքատ համարվող 51 տոկոս բնակչության թիվը 2015-ին իջեցնել 20 տոկոսի, առավել աղքատների 16 տոկոսըՙ 4 տոկոսի: Իդեպ, աղքատ էր համարվում բնակչության այն հատվածը, որի օրական եկամուտը պակաս էր ԱՄՆ 1 եւ 2 դոլարից, համապատասխանաբար 30 եւ 60 տոկոսը: Հիշենք, որ 2003-ին դոլարի փոխարժեքը կենտրոնական բանկի կողմից սահմանվել էր 586 դրամ, որը փոխանակման կետերում անցնում էր 600 դրամից: 2008 թվականին, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ԿԲ-ի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն էր, մեկ օրվա մեջ փոխարժեք սահմանվեց 302 դրամը, որպիսի որոշումն այդպես էլ անհասկանալի մնաց ՀՀ բնակչության համար: Ֆինանսական ու տնտեսական վերլուծաբանների կողմից կարծիքներ հայտնվեցին, որ այն կատարվեց տնտեսության տեղատվության պայմաններում սկսված արտաքին ահագնացող պարտքը մասամբ մեղմելու նպատակով: Մի բան էր արտերկրի հարազատից հայաստանցու ստացած, ասենք 100 դոլարի դիմաց 60.000 դրամը, բոլորովին այլ բան 30.000 դրամը, երբ գներն ամսե-ամիս էին աճում, առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումները պարբերաբար էին ավելանում: Վերջինը հաջորդող յուրաքանչյուր տարում աճում էր 100-200 մլն դոլարով, մինչ վերջին տարիները հասավ 3 մլրդ դոլարի: Արդյունքում ունեցանք արտագաղթի նոր ծավալներ, բնականաբարՙ ռուսական ռուբլու, դոլարի ու եվրոյի տեսքով արտարժույթների նոր ներհոսքեր, հայաստանցիների կյանքի ու կենցաղի յուրօրինակ դրսեւորումներ, որը միմյանց հաջորդող ՀՀ կառավարությունները տարբեր որակումների արժանացրին, աղքատության նիշ հայտարարելով բնակչության 30 եւ ավելի տոկոսը: Պետական կառույցներն այն հաշվարկում էին ամոթալի ու անպատվաբեր ՀՀ 1,5 մլրդ դոլար բյուջեն նկատի ունենալով, որտեղ ոչ մի լումա չէր նախատեսվում տասնյակ հազարավոր ուսանողներին կրթաթոշակ հատկացնել, աննշան էր շուրջ 500 հազար կենսսթոշակառուների ստացածը, որը շատ դեպքերում անգամ դեղերին չէր հերիքում, նվազագույն աշխատավարձեր էին ստանում երիտասարդ ու փորձառու մասնագետները, պետական բարեխիղճ թե զանցառու պաշտոնյաները: Բյուջեն իդեպ… 70 տոկոսով ռիսկային որակվեց, որն այլ բան չէր, քան շարքային քաղաքացիների գնահատմամբ այն գողանալն ու թալանելը:
Սակայն անգամ այս պայմաններում Հայաստան երկրում կյանքը կանգ չէր առնում, բնակելիներ ու հյուրանոցներ էին կառուցվում, յուրաքանչյուր տարի 40 հազար օգտագործված ու մի քանի հազար գործարանային արտադրության նոր ավտոմեքենաներ էին ճանապարհներին ավելանում, ուսանողական բարձր վճարովի տեղերն էին բազմանում, գերճոխ հարսանիքներ ու հոբելյանական ծնունդներ էին նշվում, միջազգային կինոփառատոներ էին կազմակերպվում, օդային չվերթներ էին բացվում: Այստեղ անկարող եմ չհիշել գործընկերներիցս մեկի այն դիտարկումը, ըստ որի այդ չվերթներից որոշները ըստ արժանվույն չէին հաշվարկվում եւ տոմսերի գնաճի էին հանգեցնում: Նման գործընթացները կանխելու փոխարեն մեզանում ծավալվում էր յուրատեսակ քաղաքականություն, որը որեւէ կապ չուներ պետական համարվող գործընթացների հետ, մեռյալ վիճակում էր պահում հատկապես փոքր ու միջին գործարարությունը, այն միջավայրը, որը կայուն զարգացման երաշխիք է արդեն կայացած տնտեսություններ ունեցող երկրների մեծ մասում: Միայն ՀՀ բանկային համակարգի տվյալներով Հայաստան էր փոխանցվում տարեկան մինչեւ 3 մլրդ դոլարի արտարժույթ, որի կրկնակին, առանց վարանելու կարելի է պնդել, գրպաններում դրած բերում էին ՌԴ-ից վերադարձող տասնյակ հազարավոր խոպանչի որակվող մեր հայրենակիցները, Եվրոպա ու ԱՄՆ այցելող հայաստանցիները: Այդ ահռելի գումարները մեր մարդիկ ծախսում էին. տան դուռն ու լուսամուտն էին «եվրո»-ացնում, ուսանողների ուսման վարձն էին փակում, հնամաշ ավտոմեքենաներ էին գնում ու ընտանիքի անդամներին տաքսիստներ դարձնում, աշխարհի ամենաթանկ շաքարավազն ու կաթնամթերքն էին գնում, կարճ ասածՙ լավից-վատից ապրում էին, ոչ ոք իրեն աղքատ չէր համարում: Իսկ եթե փողոցում հանդիպող մուրացիկներին նկատի ունենանք, վստահեցնում եմ նրանք կան բոլոր երկրներում: Ավստրիայի մեծությամբ երկրորդ Գրաց քաղաքում հաճախ եմ նկատել կրծքանշան կրող մուրացիկների, որը պարզվում է քաղաքապետարանի հատկացրածն է, որ տվյալ անձը պաշտոնապես այդ կարգավիճակն ունի: Իսկ ահա մեզանից յուրաքանչյուրը կվկայի, որ իր շրջապատի տասնյակ ընտանիքների հարյուրավոր ծանոթ-բարեկամների շարքում անգամ մեկը չի գտնվի, որն իրեն աղքատի կարգավիճակում դասի, չխորշելով մուրացիկ կոչվելուց:
ՀՀ կառավարությունն իր ողորմելի բյուջեն նկատի առնելով իլուր աշխարհի հայտարարում էրՙ բնակչությանս 30-50 տոկոսն աղքատ է: Տարին տարու վրա, զղջումի խոսքերը մոռանալով, որի պարագայում սպասվում է պաշտոնաթողություն, անգործության համարՙ դատական պատասխանատվություն, կաշառակերության դեպքումՙ առավել խիստ պատիժներ, ինչպիսիք այս օրերին իրականացվեցին Հարավային Կորեայում ու Բրազիլիայում նախկին նախագահների հանդեպ: Պարզվում էր, մեզանում գյուղական համայնքապետերն էին մեղավոր, ովքեր անհատ ֆերմերային տնտեսություններից ծրագրեր չէին պահանջում, քաղաքներում էլ հասարակական կազմակերպությունները, որոնց կանխատեսումները գործարար միջավայր ձեւավորելու շուրջ անիրագործելի էին համարվում: Թե ինչ ծրագիր է անհրաժեշտ հիմնավորապես պահպանված էլեկտրալամպերի գործարանում պարզ ու հասարակ էլլամպեր արտադրելու համար, որը միլիոններով ներկրվում է, այդպես էլ հասկանալի չէ:
Նույնն է այլ ոլորտներում, սկսած բարեբեր հողերն անմշակ թողնելով սոխ ու սխտորից մինչեւ կաթ ու միս ներկրելը կամ հեծանիվի ու սառնարանի երբեմնի արտադրությունները վերագործարկելը գերխնդիրներ դիտարկելը: Արդյունքում որերորդ տարին է ունենք 10 մլրդ դոլարի ամոթալի ՀՆԱ ու դրանից կազմավորվող ոչ պակաս ամոթալի 2 մլրդ դոլարի հարկերի հավաքագրում, ահռելի պակասուրդով բյուջե: Թե ուր են գնում մեր համերկրացիների արտերկրներից բերած գումարները, տեսանելի են ամենուր: Հենց թեկուզ բազմիցս հիշատակված երթուղայինների պարագայում, որոնք մեկ շրջապտույտի ընթացքում 55-60 ուղեւոր են տեղափոխում, հազիվ 15-ը նշում, գծատերերն իրենց վնասներից են խոսում, մեր մարդկանց ահաբեկում: Իսկ թե ինչ են լինում վարորդների հայտարարած օրական 15000 դրամ մուծումները, պատասխան չկա ու չկա:
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա սրճարաններից մեկում երկու ընկերով սուրճ պատվիրեցինք. սովորական, փոքրիկ բաժակներով, որոնց դիմաց ներկայացված հաշիվն արտառոց եմ դիտարկում, ամբողջ 1860 դրամ: Օպերային կից սրճարաններից մեկում էլ ծանոթս 1 շիշ «Կոտայք»-ի դիմաց 930 դրամ էր վճարել: Ստացվում է, որ մեզանում ամեն ինչն է թանկ, քանզի պահանջարկը չի նվազում, ասել է թե միջին հայաստանցին վճարունակ է: Նա պարտադրված դեղեր է գնում եւ ավելացված հարկ վճարում, գազ է ծախսում եւ այդ նույն հարկը վճարում, բնակսպասարկման գումար է տալիս, փոխարենը ոչինչ չի ստանում, ինչ-որ ծառայությունից օգտվելու խնդիր է ծագումՙ խնդրեմ դրամապանակդ թեթեւացրու մի քանի հազար դրամով:
Տեսեք ինչպես արձագանքեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչը վաստակաշատ էներգետիկ Էդուարդ Արզումանյանի փորձագիտական այն եզրակացությանը, որ գազի գինը հնարավոր է իջեցնել մինչեւ 10 դրամով: Ներկայացուցիչը պնդեց, որ անգամ 1 դրամով գնի իջեցումը կվտանգի համակարգի գործունեությունը: Իսկ ահա տողերիս հեղինակի շրջապատում ակնկալիք կա, որ գնի իջեցումը կարող է մինչեւ 30 դրամի հասնել: Թե ինչ հիմնավորումով, նշում են կորուստների ահռելի ծավալները, որոնք վստահություն չեն ներշնչում:
Համանման երեւույթներն ամենուր են, երբ մեր մարդկանց վճարած գումարները հանրային միջավայրը բարեփոխելու փոխարեն մասնավորի հաշվեհամարներին են հայտնվում: Այնպես որ ՀՀ տնտեսական վիճակը զավեշտալի համարելը շատ մեղմ գնահատական է: Հայաստան երկրի հողային, ջրային, ջերմային ու մարդկային բավարար պայմանների պարագայում մինչեւ… 20 մլն բնակչություն պահել-փայփայելը հեղինակն իրատեսական է համարում: Նրանք, ովքեր այս թիվը տարօրինակ կհամարեն, թող բարի լինեն պատասխանել ընդամենը 3 պարզ հարցի. որտեղ է սակավահող Ճապոնիան արտադրում իր 125 մլն բնակչությանն անհրաժեշտ 12 մլն տոննա բրինձը, գրեթե հողազուրկ Իսրայելըՙ 650 հազար տոննա հավի միսը, ոչ մեծ Սերբիանՙ 8 մլն տոննա եգիպտացորենի հատիկը: Երկիր մոլորակի տարբեր հատվածներից վերցված ՀՀ տնտեսագիտական ու տնտեսվարական մտքին անհասանելի այս ցուցանիշները երկար տարիների իրողություններ են, որոնցով է նաեւ պայմանավորված այս երկրների կայուն զարգացումը, երբ մեզ համար գերխնդիր է 100 հազար տոննա ցորենի, 10 հազար տոննա հավի մսի, 1 հազար տոննա կարագի արտադրությունը: Աշխարհը երեւակայությունից անդին գործեր է իրականացնում, մենք նախընտրում ենք Հայաստան-Իրան երկաթուղագիծ կառուցելուց խոսել: Փոխարենը մեզանում սարսափ կա, ասենք, եգիպտացորենի հատիկի հանդեպ, որը երկիր մոլորակի չորս կողմերում, ցորենից ու բրնձից շատ ավելի քանակներով աճեցնում են: Այն լիարժեք անասնակեր է, բոլոր գույնի ու կրոնի մարդկանց սննդակարգի կաթի ու մսի արտադրության անսպառ միջոց, բուսայուղի ու սպիրտների արտադրության հումք… Պարզվում է բնապահպաններն իրենց ինչ-ինչ ասելիքն ունեն: Իսկ թե ինչո՞ւ հարգելի բնապահպանները չեն նկատում, որ իրենց կողմից գերվտանգ ներկայացվող, մոդիֆիկացված հռչակված այս մշակաբույսը ՀՀ-ում աճեցվում ու վաճառվում է ամենուր, այն հաճույքով վայելում են հղիներն ու փոքրիկները, առողջներն ու հիվանդները, երիտասարդներն ու պապիկ-տատիկները, պարզ չէ:
ՀՀ-ում ուրվագծվող 10-12 մլրդ դոլար ՀՆԱ-ի ցուցանիշն ուղղակի զավեշտալի է: 1 բնակչի հաշվով մոտ 3,5-3,8 հազար դոլար արդյունքով մենք հետխորհրդային երկրներից Կիրգիզիայի ու Տաջիկստանի կողքին ենք, զգալիորեն զիջում ենք Անդրկովկասի մեր հարեւաններին, էլ ավելի մեծ է տարբերությունը մերձբալթյան հանրապետությունների հետ, ուր ցուցանիշները 30-ական մլն դոլարի սահմաններում են: 2019-ի արդեն հաստատված բյուջեի նախագիծը վկայում է, որ երկար, շա՜տ երկար է մինչ բարեկեցիկ երկիր դառնալու մեր անցնելիք ճամփան:
Իսկ գուցե հավատանք ինչ-որ հրաշքի՞: