Դուք ուզո՞ւմ եք դառնալ Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ արտաքին գործերի՞, գուցե ձեզ ավելի շատ հետաքրքրում են ֆինանսնե՞րը, կամ, օրինակ, բնապահպանությո՞ւնը, հնարավոր է շատ յուրահատուկ մարդ եք ու մշակույթո՞վ եք հետաքրքրված… Եթե այո, ապա անկախ նրանից, թե որտե՞ղ եք ապրում` Գլենդելում, թե՞ Սիդնեյում, Փարիզում, թե՞ Երեւանում, կարող եք ձեր ինքնակենսագրությունն ուղարկել government sasnatsrer@gmail.com հասցեին: Շատ կարեւոր է հիշել, որ շնիկը պետք է գրել «սասնա ծռերից» անմիջապես հետո` այսինքն ոչ թե «շնիկ սասնա ծռեր», այլ «սասնա ծռեր շնիկ»: Դրանից հետո, եթե հատուկ հանձնաժողովը` կազմված բացառապես հայրենասեր ու խիզախ տղերքից, պարզի, որ դուք միանգամայն համապատասխան եք նախարարի պաշտոնին, դե այսինքն դատվածություն ունեք եւ գրավով ազատ եք արձակվել, ապա հատուկ վիճակահանությամբ ձեզ կնշանակի ինչ-որ նախարարի պաշտոնում եւ կզանգահարեն ու կասեն` «Բարեւ ձեզ, շնորհավորում ենք, դուք վաղվանից Սասնա Ծռեր կուսակցության ստեղծած ստվերային կառավարությունում պաշտպանության նախարարն եք, խնդրում ենք վաղն առավոտը շուտ գալ պաշտպանության նախարարության ստվերային շենք ու ոչ մի պարագայում թեյ չխմեք, քանի որ երեկոյան Բաքվում ենք խմելու»: Միանգամից ասեմ, որ եթե դուք ուղարկել եք ձեր ինքնակենսագրությունը ու նախարարի պաշտոն չեք ստացել, ապա պետք չէ վհատվել, քանի որ դեռ կան փոխնախարարների, մարզպետերի, ոստիկանապետի եւ այլ կարեւոր պետերի պաշտոնները, որոնք նույնպես բաշխելու է «Սասնա ծռեր» կուսակցությունը, ավելինՙ դեռ կա ստվերային Ազգային ժողովը… Մի խոսքով, եթե ուզում եք աշխատել ստվերում, ապա կարող եք կապվել «Սասնա ծռեր» կուսակցության հետ. վարչապետի պաշտոնն արդեն զբաղված է, բայց գուցե բախտներդ բերի ու դառնաք ստվերային ֆինանսների նախարար, ներողությունՙ ֆինանսների ստվերային նախարար:
Թե ինչո՞վ է կոնկրետ զբաղվելու այս կառավարությունը, «Սասնա ծռերը» դեռ չեն ասում: Չի բացառվում, որ հատուկ որոշմամբ վերանայվի Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը ու 102-րդ ռազմաբազան դուրս բերվի երկրից, փոխարենն այնտեղ բացվի «Թուր Կեծակի» արտադրամաս, որտեղ պատրաստված թրերով կապահովվի ստվերային հայոց բանակը, որն էլ ստվերային մարտերում ջախջախիչ պարտության կմատնի ադրբեջանցիներին, նիզակներով խոցելով նրանց անօդաչուները:
Հնարավոր է Հայաստանում մեծ զարգացում ապրի ստվերային գյուղատնտեսությունը եւ Սեւանի ափին բացվի «Քուռկիկ Ջալալի» ձիաբուծարան, որտեղ թրծված ձիերով հնարավոր կլինի անցնել Սեւանա լիճը, ինչը միանգամից միլիոնավոր զբոսաշրջիկներ կբերի Հայաստան, որոնք մեր երկրում մեծ փողեր կծախսեն, ինչի արդյունքում ստվերային տնտեսությունը կակտիվանա, ՀՆԱ-ն կաճի, աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան ու նորածինների շրջանում ամենատարածված անունները կլինեն Սանասարն ու Բաղդասարը, ներողությունՙ Ժիրայրն ու Վարուժանը: Ընդ որում ոչ ոք իր երեխայի անունը Պավլիկ չի դնի, քանի որ Պավլիկ Մանուկյանը, քանի դեռ բանտում էր, հայտարարում էր, որ ոչ մի կապ չունի «Սասնա ծռերի» հետ: Իբր մյուսներն ունենՙ իրական Սասնա ծռերի հետ կապ:
Իրականում այս ամենը ծիծաղելի չէ, որովհետեւ չի կարելի պետություն ստեղծել` հայրենի պետության մեջ, ճիշտ այնպես, ինչպես չի կարելի ազատագրական պայքար սկսել հայրենիքում` հայրենակիցների դեմ: Չի կարելի ական լինել պետության ներսումՙ նորմալ համարելով, որ հեղափոխության իրավունքի իրացման ժամանակ հնարավոր է մարդկային զոհեր տալ, քանի որ ոչ մի հեղափոխություն մեկ մարդու կյանք չարժի: Ով կասի, որ արժիՙ դահիճ է: Ու մի բան էլ չի կարելի` մարդ սպանել, սա, ներողություն, ոչ միայն քրեական օրենսգրքի հոդված է, այլեւ Աստծու պատվիրան: Ի դեպ, երջանկահիշատակ Արայիկ Խանդոյանն ասում էրՙ «Մենք նույն Հայրենիքի զավակներն ենք ու պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց»: