ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող
Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը, մոսկովյան հեռուստաալիքներից մեկի լրագրողուհուն տված հարցազրույցում, ըստ իսՙ բավական խելացի բացատրեց, թե ինչո՞ւ Հայաստանի վերջին հեղափոխությունը չի կարելի գունավոր անվանել, այլ պիտի կոչել թավշյա՛: Ըստ մեր վարչապետի, գունավոր հեղափոխությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ են ունենում, իսկ մեր հեղափոխությունը բացառապես ներհայաստանյա՛ն երեւույթ էր: Աշխարհաքաղաքական դրդապատճառներ չուներ, պետության արտաքին քաղաքական կուրսի որեւէ փոփոխություն չառաջացրեց եւՙ չի՛ էլ ենթադրվում:
Այս բացատրության հետ, գոնե մինչեւ հիմա, կարելի է լիովին համաձայնել: Սակայն ով ինչ ուզում էՙ ասի, ես որեւէ, այդ թվում նաեւ թավշյա հեղափոխությամբ հիացողների թվին չեմ պատկանում: Ինձ վախեցնում է հասարակության մեջ ատելության չափաքանակի անընդհատ ավելացումը, պետության մեջ հատուկ ծառայությունների, առաջին հերթին Ազգային անվտանգության ծառայության դերի գնալով մեծացումը: Ով չի հասկանում այս տրամաբանությունը, ով դաս չի քաղում անցյալիցՙ միայն նա՛ կարող է հրճվանք ապրել երեսուն տարվա մեջ Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացված եւ առայժմ թավշյա անունը կրող հեղափոխությունից: Ինչքա՞ն այսպես թավշյա կմնա, եւ կմնա՞ արդյոքՙ անձաբ ես դեռ ոչինչ ասել չեմ կարող: Գտնում եմ, որ բոլոր իշխանությունները, այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունը, որքան էլ գովերգի արդեն հաղթանակած հեղափոխությունը, իր էությամբՙ հակահեղափոխակա՛ն է: Չի՛ կարող այդպիսին չլինել: Որովհետեւ հեղափոխական ճանապարհով իշխանության հասած քաղաքական որեւէ ուժ խնդիր ունի… ինքնահաստատվելո՛ւ, իր իշխանությունը պահելո՛ւ: Դեռ Ուլյանով-Լենինն է 1918-ին ասել, թե ամեն մի հեղափոխություն սոսկ այնքանո՛վ արժեք ունի, որքանով կարողանում է ինքն իրեն… պաշտպանե՛լ: Ուստի որեւէ տարակույս չունեմ, որ մեզանում նոր ձեւավորված իշխանությունները նո՛ւյնպես ամենավճռական միջոցներով կհակազդեն երկրի կառավարումն իրենցից ետ վերցնելու որեւէ փորձի, եթե, իհարկե, այդպիսի փորձեր լինեն: Հասկանում եմ այն մարդկանց, ովքեր այսօր պնդում են, թե Հայաստանում հեղափոխություն չի եղել, զանգվածների ճնշման տակ բռնի իշխանափոխություն է եղել: Դե, եթե զանգվածների ճնշումը ընդունում են, հապա էլ ի՞նչ է նշանակում հեղափոխությունը չընդունելը: Ընդունես-չընդունեսՙ իշխանության գնացքը, պատկերավոր ասած, արդե՛ն գնացել է: Յուրաքանչյուր հեղափոխության գլխավոր նպատակը թե՛ կառավարողներին, թե՛ կառավարման համակարգը փոխե՛լն է: Ինչը եւՙ տեղի՛ է ունեցել:Կգա ժամանակը, եւ այսօր նախորդ իշխանություններին փրփրաերախ հայհոյողները հետին թվով նրանց երախտագիտություն կհայտնենՙ անարյուն հեռանալու ազնվության համար:
Բայց դա ավելի ո՛ւշ կլինի, առայժմ իշխանության դեռ նոր հասածները չեն հաղթահարել նվաճած իշխանությունը շատ արագ կորցնելու իրենց ներքին վախը: Հենց այդ վախով էլ մեծ մասամբ պայմանավորված է նախորդներին ամեն կերպ վարկաբեկելու, սեւացնելու, հայհոյելու շատ-շատերի տղայական վարքագիծը: Տա Աստվածՙ կարողանա՛նք մինչեւ վերջ հավատարիմ մնալ հեղափոխության մարդասիրական կարգախոսներին: Կամՙ առնվազն այն ազնիվ նպատակներին, որոնք հնչում էին ողջ հեղափոխության ընթացքում, հատկապես Երեւանի Հանրապետության հրապարակում: Դժվա՛ր է լինելու, շա՛տ դժվար: Որովհետեւ մենք աշխարհի ոչ մի ժողովրդից ավելի լավը չենք, որ ազգովին շրջանցենք ունեզրկողներին ունեզրկելու լենինյան թալանչիական կոչը: Արդեն այսօ՛ր ժողովրդից թալանվածը իբրեւ թե ժողովրդին վերադարձնելու կարգախոսներ են շրջանառվում: Իսկ եթե թալանածը ժողովրդին վերադարձնելու անվան տակ ամբողջը հայտնվի նո՞ր թալանչիների գրպաններում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդպես չի լինելու: Մի ծաղկով գարուն չի՛ գալիս, մի Նիկոլ Փաշինյան, ինչքան էլ աստվածացնեն, պետության բոլոր ավգյան ախոռները մաքրել չի՛ կարող: Անմաքուր մարդիկ մի՛շտ ուղեկցել են բոլոր նախորդ հեղափոխությունները: Որեւէ իշխանություն, լավի հետ միասին, արթնացնում է նաեւ մարդկանց մեջ ննջող արատավոր հատկությունները, մանավանդՙ ընչաքաղցությունը: Ոչ ոք գող չի ծնվում, դառնո՛ւմ է: Վստահ եմ, դա հասկանում է նաեւ նոր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նույնիսկ նա՛ չի կարող արգելապատնեշ կանգնեցնել դեպի պետական ապարատ զանազան անարժանների հախուռն գրոհի առաջ: Նիկոլ Փաշինյանին պիտի հուշեմ նաեւ, որ ոչ ոք ոչ միայն իր ամբողջ հափռածը, այլ դրա փոքր մասը առանց դիմադրության չի վերադարձնի ժողովրդին: Ուստի ունեզրկողների ունեզրկումը պետք է շա՜տ զգուշորեն գլուխ բերել, հասարակության տարբեր շերտերում նոր արյունոտ բախումների տեղիք չտա՛լ: Թող ոչ ոք անհարկի չշահարկի ժողովրդի անունը: Համաշխարհային պատմության բոլոր մեծագույն ոճրագործությունները կատարվել ու կատարվելու են… ժողովրդի անունով: Դեռ ոչ ոք ազնվություն չի ունեցել ասելուՙ ես պաշտոնի եմ ձգտում, որովհետեւ այսինչ կամ այնինչ պաշտոնին հասած այս կամ ապուշից ավելի մեծ ապուշ եմ: Այսպես կոչված թիմային կադրային քաղաքականությունը, որն իրենց հետ բերել են բոլոր նախորդ հեղափոխությունները, պետք է արմատախի՛լ արվի: Հասարակությունը չի՛ կարելի բաժանել մերոնքականների ու ձերոնքականների, ըստ այդմ էլՙ մերոնց պաշտոններ տալ, ձերոնցՙ բանտերը լցնել: Բոլո՛րս այս պետության քաղաքացիներն ենք, անկախ հին կամ նոր իշխանությունների հանդեպ մեզնից յուրաքանչյուրի ունեցած վերաբերմունքից: Եթե այդ ճշմարտությունը ազգովին չհասկացանք, եթե մեկս մյուսի մեջ շարունակեցինք ոչ թե բարեկամ, այլՙ թշնամի փնտրել, Աստված մի արասցե, կկորցնենք պետականությո՛ւնն էլ, երկի՛րն էլ: Հետո՞ ինչ, թե սրա կամ նրա թիկունքին ո՛վ է կանգնած: Նույնիսկՙ բազմություննե՛ր: Այդ բազմությունները, անգամ միլիոնավորները, նու՛յնպես սխալվում են: Այլապես Ադոլֆ Հիտլերը 1933-ին միանգամայն ազատ ու արդար ընտրություններով Գերմանիայում իշխանության չէր գա…
Այսօր առաջնահերթ կերպով հարկ է զբաղվել պետական մակարդակով կադրային քաղաքականություն իրականացնելու հայեցակարգի մշակմամբ: Դրանից ավելի հրատապ խնդիր այս պահին մենք, ըստ իս, չունե՛նք: Սա ավելի՛ կարեւոր խնդիր է, քան առաջիկա խորհրդարանական ընտրությունների առավել թափանցիկ ու մաքուր կազմակերպումը: Ուստի հարկ է կենտրոնանալ ոչ թե իրականում գոյություն չունեցող հակահեղափոխականների մուտքը նոր Ազգային Ժողով խափանելու, այլՙ նախ եւ առաջ կադրային անհրաժեշտ բազա ստեղծելու հարցերի լուծման վրա: Դա հեշտ գործընթաց չէ, պիտի համբերենք, մինչեւ մեր նոր ղեկավարները… ղեկավարե՛լ սովորեն…