Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք այդ անցքերը չփակենք, խնդիրները հնարավոր չէ լուծել: Ինչքան շատ լցնենք ծակ կաթսայի մեջ, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները: Երեկ կառավարության նիստին այսպիսի եզրահանգում-հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը ` նշելով, որ ոչ մի դեպքում եւ ոչ մի դրվագով կոռուպցիայի հետ այլեւս կոմպրոմիս չի լինելու:
Այսինքն, այլ լեզվով` մինչեւ կոռուպցիայի հախից չգան, մնացած աշխատանքներն արդյունավետ չեն լինելու մի երկրում, որտեղ մինչեւ այժմ եղած բոլոր հատկացումների երեսուն-քառասուն տոկոսն է արդյունավետ օգտագործվել, մնացածը նետվել է ձորը հենց վարչապետի գնահատականով, այսինքն` կոռուպցիայի փորը:
Մանավանդ` Քննչական կոմիտեի այնպիսի բացահայտումների ֆոնին, որոնց համաձայնՙՀայաստանում հանքարդյունաբերությամբ եւ երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերել մի քանի անձինք ու կազմակերպություններ, ապա վաճառել Կայմանյան կղզիներում գտնվող օֆշորային կազմակերպություններին: Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: Թե ո՞վ կամ ովքե՞ր են այդ ընկերության բաժնետերը` մեր երկրի նախկին առաջին դեմքե՞րը` թաքնված այլ անձանց անունների տակ, թե՞ միգուցե մեզ ոչ բարեկամ երկրի ներկայացուցիչներ, սա բացահայտելն ազգային անվտանգության խնդիր է արդեն, քանզի բոլորիս պատկանող հարստություններն ապօրինի կամ մանիպուլյատիվ կերպերով հայտնվել են մեկ-երկու անձի ձեռքում, իսկ սեւ կանխատեսման պարագայում` թշնամու ձեռքին: Այնպես որ, իհարկե, գողացվածը պետք է բացահայտել ու վերադարձնել, ապա` զբաղվել այլ հարցերով:
Հասկանալի է, որ Փաշինյանը մեզնից լավ է ըմբռնում, թե, Շմայսի հայտնի ձեւակերպմամբ, ամենօրյա «քաղաքակիրթ ներխուժումներով» (որոնց արդյունքում բյուջե են վերադառնում տասնյակ միլիոն դրամներ `այդ թիվը մոտենում է 9 մլրդ դրամի) կամ վերը նշվածի բացահայտումով միայն պետություն կառուցել հնարավոր չէ, եւ վերջապես պետության զարգացման համար քայլեր պիտի անել: Կամ` Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելով ու Մարտի 1-ի, կամ միգուցե նաեւ Հոկտեմբերի 27-ի կծիկը բացելով` հնարավոր չէ մարդկանց դժգոհությունը սեփական վատ կյանքից երկար ժամանակով զսպել: Մի երկրում, ուր սոված մարդիկ կան` Սերժի Վաչոյին ազատ արձակելու մեկ միլիարդ դրամանոց գրավն ավելի է բարկացնում` մարդիկ կան, որոնք տարեկան կես միլիոն դրամ չեն վաստակում… Միգուցե այս իմաստո՛վ հենց ճիշտ կլիներ շուտ անցկացնել խորհրդարանական ընտրությունները, որպեսզի նոր կառավարությունն իր ճակատից մաքրի «ժամանակավոր» գրվածքը եւ իրոք սկսի աշխատել մշտականի հոգեվիճակով: Թե ի վերջո երբ են նախատեսված ԱԺ ընտրությունները` «Ազգի» հարցին պատասխանելիս վարչապետն իր վերջին ասուլիսում չցրեց անորոշությունը եւ կրկնեց բազմիցս հնչած ստանդարտ պատասխանը` մինչեւ մայիս: Անգամ կարող են ե՛ւ հոկտեմբերին, ե՛ւ նոյեմբերին ե՛ւ դեկտեմբերին անցկացվել, նայած իրավիճակին: Հավանաբար կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են ընտրությունների վաղ անցկացմանը` մինչ այդ տեղի ունենալիք մայրաքաղաքի ավագանու ընտրությունը ներառյալ:
Վերջինիս հաջող կազմակերպումը, ինչպես նաեւ դեռեւս վերջնական հաջողություն չարձանագրած` բիզնեսը կառավարումից տարանջատելու գործնական եւ օրենսդրական դրսեւորումները միայն կարող են կանխորոշել ապագա խորհրդարանական ընտրությունների հաջողությունը: Սակայն երկու դեպքում էլ զանազան կնճիռներ են առկա: Կառավարության մեջ հայտնված մի քանի գործարարներ կամ բիզնես ունեցողներ խանգարում են այդ նպատակադրման գործնական լիարժեքությանը, իսկ օրենսդրական առումով խնդիրը վառ երեւում է Ընտրական օրենսգրքի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քննարկումների ժամանակ, երբ մինչեւ վերջ հնարավոր չէ կոմպրոմիսի գալ, ասենք, ընտրությունների ընթացքում բարեգործությունն արգելելու կամ քաղաքական կուսակցության եւ բարեգործական հիմնադրամի անունների համընկնումը բացառելու առաջարկների շուրջ, այսպիսով չփակելով գործարարի` բարեգործությամբ (իսկ իրականում` կաշառքո՛վ) խորհրդարանում հայտնվելու տարբերակը: Ահա թե ինչու են կառավարության աշխատանքային խմբում դեմ բաց ցուցակներով ընտրությունների գնալու, այսինքն` տեղերում նման ենթատեքստով թեկնածուների տարբերակին:
Թե մինչեւ ուր կհասնեն ԱԱԾ-ի «քաղաքակիրթ ներխուժումները» զանազան օլիգարխներին պատկանող հուռթի չարաշահումների տարածքներ, կամ այդ կարգի «ներխուժումները» կհամոզե՞ն արդյոք նրանց հետ կանգնել ընտրական բարեգործությունից եւ առհասարակ` քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունից, չգիտենք:
Այս երկու կնճիռներն իրականում առավել քան առանցքային են, քանի որ առաջինի պարագայում թույլ կտան Փաշինյանին դուրս գալ հեղափոխության մասնակիցների` ոչ ինստիտուցիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ պահանջատիրությունից եւ գործընկերներ ընտրել առավել լայն բացվածքով` ողջ Հայաստանն ու անգամ արտահայաստանը ներառող կադրային ներուժից, մանավանդ եթե նկատի ունենանք սովորաբար նավը կործանող յուրայինների հին` ՀՀՇ-ական փորձը, եւ երկրորդ` հեղափոխության ընթացքում անընդհատ բարձրաձայնված մյուս` բիզնեսը պետությունից անջատելու խոստումն իրականություն դարձնել:
Դե որ Փաշինյանը կուզենար միայն հեղափոխության մասնակիցների նեղ շրջանակում չմնալ պետության կառավարման դժվարին գործում` երեւում է հենց ռուս լրագրող Այեքսեյ Վենեդիկտովի հարցին ի պատասխան նրա ասածից, թե` կփոխվի Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի հայերը, ներառյալ Ռուսաստանի, կարողանան Հայաստանի կառավարական կառույցներում ծառայել:
Այդ խնդիրների համատեքստում մի փոքր դանդաղենք հենց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում` քաղաքապետի թեկնածուի (ավագանու ցուցակը գլխավորողի) հարցում չկողմնորոշվելու խնդրի վրա, քանի որ այդ պաշտոնին անհամապատասխան անունների շրջանառումը հասարակության մտածող մասի տարակուսանքն են առաջացանում: Մասնավորապես` հումորային դերասան Հայկ Մարությանի կամ` Կարգին Հայկոյի առաջադրման հնարավորությունը: Եղբայր, քաղաքի կառավարումը լուրջ մասնագիտություն է, տնտեսական-իրավական գիտելիքների տիրապետմամբ, չգիտեք` Գլենդեյլի քաղաքապետին հարցրեք: Ինչ պարտադիր է, որ այդ թեկնածուն հենց «Քաղաքացիական պայմանագրից» լինի, այդ կուսակցությունը կառավարման պրոֆեսիոնալ կադրեր չունի, բայց կարող է ներկայացնել պրոֆեսիոնալի, միգուցե նրան, օրենսդրությունը չխախտելու համար կուսակցական էլ դարձնի հապշտապ: Այ դրա համար էինք ասում նախկինում, թե երկիրը մի դարձրեք ամբողջովին կուսակցական Հայաստան, օրենսդրության մեջ այնպիսի հնարավորություններ թողնեիք, որ շնորհալի պրոֆեսիոնալներին կարողանայիք ընդգրկել ցուցակներում: Թե չէ շոու բիզնեսի ներկայացուցիչների անուններ եք տալիս` մեր կյանքն արդեն շոուի է վերածվել, ինչու եք ուզում հիմա էլ կրկեսի վերածել:Ու այս թեկնածուի ճիշտ ընտրությունն էլ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին վարչապետ Փաշինյանի այն պատասխանի համատեքստում է, թե վախենում է ժողովրդին հիասթափեցնելուց, նրանց հույսերը չիրականացնելուց:
Այս խնդիրներին ուզեցինք անդրադառնալ`երկշաբաթյա ամառային դադարից առաջ, չնայած բազմաթիվ են ամենօրյա թեմաները, եւ կառավարությունն էլ շարունակելու է ծանրաբեռնված աշխատել այս օրերին` մոտակա Ֆրանկոֆոնիայի համաժողովի, մայրաքաղաքային ավագանու ընտրությունների, բազմաթիվ խնդիրների լուծման հարեհաս թեժ սեպտեմբեր-հոկտեմբերին դիմակա:
Ամփոփելով` տեղեկատվության մի քանի թարմ շեշտադրումներ եւս փոխանցենք` օրակարգից չիջնող հարցերի շուրջ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցից`«Էխո Մոսկվի» ռադիոկայանին.«Այն, որ որդիս ծառայում է Ղարաբաղում, նշանակում է, որ ես պատերազմ չեմ ցանկանում, սակայն դա նաեւ նշանակում է, որ ոչինչ չեմ խնայի իմ երկրին ու ժողովրդին պաշտպանելու համար: Եթե Ադրբեջանը պատերազմի սկսի, մենք կսկսենք պատերազմելՙ չնայած չենք ուզում»,- նշել է նա: Այս հարցին վարչապետը մի ուրիշ դիտակետից է մոտեցել Al-Jazeera-ին տված հարցազրույցում` ասելով, թե ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա հայտնել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել: Սրանք հետաքրքական դիտարկումներ են` վերջին այն ուղերձից հետո, որ ռուսական ուղղությամբ արեց Ն. Փաշինյանը, թե Ռուսաստանը հնարավորություն ունի զսպելու պատերազմը տարածաշրջանում, մասնավորապես` ադրբեջանական նկրտումները:
Մեր նյութն ընթերցողին հասանելի լինելու պահին վարչապետ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցում է ԵՏՄ վարչապետների նիստին, իսկ վարչապետի մասնակցության հարցն ավելի վաղ նա բացատրել էր իր էջում, նշելով, թե ԵՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին, եւ վարչապետների խորհրդի նիստին իր չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել, ֆորմատը կաթվածահար կլիներ. «ԵՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակըՙ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Տեսնենք, թե ինչ կբերի Հայաստանին այդ մասնակցությունը: