Բաբեկը որպես Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կռվախնձոր
Իրանի անվտանգության ուժերը տասնյակ էթնիկ ադրբեջանցիների են ձերբակալել «Բաբեկ ամրոցի» շրջանում (իրանական անունըՙ Բազզ): Այն գտնվում է Արեւելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգի Կարադաղի շրջակայքի Կալեյբեր ավանում: Իրանցի պատմաբան Մուհամմեդ Թահի Զեհթաբիի նախաձեռնությամբ, 1999-ից ի վեր ամեն տարի Բաբեկ ամրոցին փորձում են մոտենալ իրանցի (հարավային) ադրբեջանցիները, որոնք ամրոցը համարում են «թյուրքական ինքնության խորհրդանշան»:
Վերջին ժամանակներս նման հանդիպումների անցկացումը չէր հաջողվում Թեհրանի գործողությունների պատճառով: Բանն այն է, որ Բաքուն Բազզը համարում է իր ազգային հերոս Բաբեկի միջնաբերդը, որը 815 – 837 թթ. գլխավորել է պայքարը արաբ նվաճողների դեմ: Սակայն Իրանում եւս Բաբեկին համարում են ազգային հերոս, որը գլխավորել է իրանցի խուռամիտների ապստամբությունը արաբական խալիֆայության դեմ: Եվ ոչ միայն դա:
Իրանցի պատմաբանները, պատմական աղբյուրներ վկայակոչելով, հայտարարում են, որ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվում էր Առան, իսկ Արաքսից հարավ գտնվող տարածքըՙ Ադրբեջան, ինչից եզրակացնում են, որ Առանը եւ Ադրբեջանը եղել են Իրանի մասը: Հարկ է մատնանշել հետեւյալ փաստերը: Այն հողերը, որոնց վրա 20-րդ դարում դարում հիմնադրվեց Ադրբեջան կոչվող պետությունը, մինչեւ 19-րդ դարի սկիզբը եղել են Պարսից կայսրության կազմում: 1918 թվականին ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը ընդգրկում էր միայն Առանի եւ Շիրվանի տարածքները, իսկ Իրանը այն ժամանակ ակտիվորեն բողոքում էր այն բանի դեմ, որ Անդրկովկասում նոր ստեղծված պետությունը կրում է իրանական նահանգներից մեկի անունը:
Այս կապակցությամբ ահա թե ինչ է գրում Մոնմուտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Տադեուշ Սվենտոխովսկին . «Մինչեւ 1919 թվականը Իրանը պաշտոնապես ներկայացնում էր հավակնություններ հյուսիսային Ադրբեջանի նկատմամբ, իսկ 1919 թվականին, առավել իրատեսական դիրք բռնելով, անկախ հանրապետության հետ բանակցություներ էր վարում համադաշնություն ստեղծելու շուրջ: Միայն 1920-ական թվականներին Իրանը սկսեց երկու Ադրբեջանների համագործակցությունը դիտարկել որպես իր միասնական պետականությանը սպառնացող վտանգ»:
Ինչո՞ւ: Նկատի ունենալով խորհրդային իշխանության տարիներին Մոսկվայում գոյություն ունեցող նախագծերը, Ադրբեջանում աշխատող մասնագետները ակտիվորեն մշակում էին հանրապետության այսպես կոչված «զուգահեռ պատմությունը»: Ինչպես նշում է պատմաբան Վիկտոր Շնիրելմանը , 1930-ականների վերջերից տեղի է ունենում Խորհրդային Ադրբեջանի տարածքին առնչված պատմական գործիչների եւ քաղաքական կազմավորումների «ադրբեջականացում»: Դրա արդյունքում Բաբեկը, որն առանձնանում է կրոնականությամբ (իսլամ) եւ էթնիկությամբ (թյուրքիզմ), հռչակվեց Ադրբեջանի ազգային հերոս:
Նկատի ունենալով իրանական Ադրբեջանի ներգրավմամբ Մեծ Ադրբեջան ստեղծելու նախագիծը, նմանօրինակ գաղափարները մեծ եռանդով արտահանվում էին Իրանՙ նպատակ ունենալով արթնացնել այնտեղ ապրող էթնիկ թյուրքերի ազգային ինքնագիտակցությունը: Խորհրդային քարոզչությունը Բաբեկիՙ որպես ադրբեջանական ազգային հերոսի կերպարը, առաջ էր մղում սկսված Հայրենական մեծ պատերազմի պայմաններում եւ խորհրդային զորքերի Իրան մտնելու կապակցությամբ: Թվում է, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ բոլոր գաղափարները պետք է հայտնվեին պատմության աղբանոցում:
Սակայն 1990-ականների սկզբներին Ադրբեջանի բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ սկսեցին հանդես գալ հյուսիսային եւ հարավային Ադրբեջանների միավորման օգտին: Դրա առավել հետեւողական ջատագովը այն ժամանակվա ազգային ճակատի առաջնորդ, հետագայում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էր: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, ճիշտ էՙ առայժմ միայն Հայաստանի վերաբերյալ, թե Երեւանի խանությունը, Զանգեզուրը Գեյչեն իրենց պատմական հողերն են, եւ որ այդ մասին պետք իմանա ինչպես ադրբեջանցիների երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը: «Մենքՙ ադրբեջանցիներս պետք է վերադառնանք այդ հողեր, դա մեր պատմական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պարտավոր ենք աստիճանաբար մոտենալ դրան»:
Հայաստանում հասկանալի պատճառներով այդ հայտարարություններն ընկալվում են խիստ բացասաբար: Սակայն Իրանում եւս զգացել են վտանգըՙ արձանագրելով Պարսից կայսրության պատմությունը սեփականացնելու վտանգը: Ահա թե ինչու Թեհրանը սկսել է ամենայն լրջությամբ վերաբերվել Բաբեկի ծննդյան օրվան նվիրված երթերին: Առկա են նաեւ ուրիշ պատճառներ:
Բանն այն է, որ Մերձավոր Արեւելքում Իրանը գլխավոր հակառակորդ հայտարարած ԱՄՆ-ի համար գայթակղիչ է թվում Իրանի հարցում ոչ միայն ադրբեջանական խաղաքարտի խաղարկումը, այլեւ մերձավորարեւելյան հակամարտության տեղափոխումը Անդրկովկաս եւ, մասնավորապես, Ադրբեջան: Այս կապակցությամբ փորձագետներից շատերը միանգամայն իրական են համարում, որ իրանա-ամերիկյան պատերազմի դեպքում Իրանի հյուսիսում կարող է հռչակվել առնվազն թյուրքական ինքնավարություն (Իրաքում եւ թերեւս նաեւ Սիրիայում քրդական ինքնավարության օրինակով): Բացի դրանից, հետխորհրդային Ադրբեջանի Հանրապետությունը միտված է ոչ թե դեպի Թեհրան, այլ դեպի Անկարա, որը, այսուհանդերձ, մնում է ԱՄՆ-ի դաշնակիցը:
Թեհրանում հիմնավոր կասկածներ ունեն, որ այն պայմաններում, երբ Բաքուն բավականաչափ ինքնուրույն քաղաքական ռեսուրսներ չունի «միավորման» գործընթացների իրականացման համար, Իրանում ադրբեջանական կամ թյուրքական ինքնության բորբոքումը տեղի է ունենում ոչ առանց Թուրքիայի մասնակցության, քանի որ այստեղ վերջինիս շահերը կարող են համընկնել ԱՄՆ-ի շահերին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ապրում է «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման առաջնորդ» Մահմուդալի Չեհրանգալին:
Անցյալ տարվա սկզբներին «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը» դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինՙ խնդրելով իրենց չհամարել իրանցիներ, ինչպես նաեւ հայտարարեց, թե ինքը «խաղաղ պայքար է մղում Իրանի վարչակարգի տիրապետությունից ու ճնշումից ազատագրվելու համար»: Ըստ որում, հարակից փաստաթղթերում ներկայացվում էր Հարավային Ադրբեջանի պատմությունը եւ «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության» պատմությունը: Պատմվում էր այն մասին, թե անցյալ հազարամյակում Իրանի կառավարիչների մեծամասնությունը եղել են թյուրքեր, իսկ այսօր Թեհրանը իբր վարում է ամբողջ ոչ պարսկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունՙ ջնջելով ամենայն ադրբեջանականը:
Ամեն դեպքում, թե՛ Պարսից կայսրությունում, թե՛ Ռուսական կայսրությունում, եւ թե՛ ԽՍՀՄ-ում Ադրբեջանը միշտ եղել է ծայրամասում: Ներկայումս նա նոր-նոր փորձում է փնտրել իր աշխարհաքաղաքական «գրանցումը»: Բազային թուրքական տարածքը գտնվում է Անատոլիայում, իսկ Արաքսի հարավում թյուրքալեզու միջավայրը դարեր շարունակ հանդես է եկել որպես իրանական մշկութային եւ քաղաքական ինքնությունը ձեւավորող ուժեղագույն տարր:
Ինչպես նշում է Սվենտոխովսկին, իր պատմության մեծ մասի ընթացքում Ադրբեջանը ընդհանուր ճակատագիր է ունեցել ավելի շատ Պարսկաստանի, քան Թուրքիայի հետ: Նրա մտածող խավի ներկայացուցիչերի մեծ մասը ավելի լայն իրանական ինքնությունը զուգորդել է ադրբեջանական ինքնության հետՙ երկուսի համար էլ օգտագործելով «վաթան» (հայրենիք) բառը:
Ռուսական կայսրության կազմում ադրբեջանցիները դուրս բերվեցին Իրանի մշակութային գերիշխանությունից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաքվում կառավարող վերնախավը սկսեց Ադրբեջանը տանել Թուրքիայի գերիշխանության գոտիՙ փաստորեն ստեղծելով մշակութային եւ քաղաքական նոր հաղորդակցություն: Ի դեպ, վերջերս Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մամեդովի վկայակոչմամբ ի հայտ եկան տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համագործակցում է թյուրքերի ընդհանուր պատմության շարադրման գործում:
Իրադարձությունների նման ընթացքը օբյեկտիվորեն վերածվում է բարդ խնդրի, որը վերաբերում է ինչպես Թեհրանի, այնպես էլ Արցախի Հանրապետության հայերի հետ պաշտոնական Բաքվի հարաբերությունների կառուցմանը: Ինչպես նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , Իրանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդիրները որոշակի հանգամանքներում կարող են վերսկսվել, իսկ Թեհրանը կարող է վերանայել Անդրկովկասում իր գլխավոր գերակայությունները: Թեհրանում էթնիկ ազգայնականությունը եւ դրան արտաքին ուժերի միջամտությունը դիտարկվում է որպես վտանգավոր սպառնալիք, որը կարող է փլուզել միասնական պետությունը: Այնպես որ «Բաբեկ ամրոցի» շրջանում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունը Մեծ Մերձավոր Արեւելքի արեւելքում ներկայումս ձեւավորվող աշխարհաքաղաքական պայմաններում սառցալեռան գագաթն է միայն: