Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակը կարելի է բնութագրել այսպես` հետ գնալու ցանկություն ոչ ոք չունի, համենայնդեպս` հայերի բացարձակ մեծամասնությունը, առաջ գնալն օր առ օր դառնում է դժվարին ու բարդ:
Այն ուժերը, խմբերն ու անհատները, լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք անցյալի իներցիայից դուրս գալ չեն կարողանալու եւ զբաղվելու են ինքնախաբեությամբ`սառը ջրի ցնցուղով են բախվելու դաժան իրականությանը: Դիմադրել կյանքը փոխելուն եւ կանգնեցնել ժամանակը` դեռ ոչ մեկին չի հաջողվել: Իսկ նրանք, ովքեր ուզում են մասնակից լինել Հայաստանի վերափոխմանը, պատրաստ պիտի լինեն բախվել բոլոր այն դժվարություններին, որոնք օբյեկտիվորեն ծագում են անցումային ժամանակաշրջաններում: Լսած կլինեք` պատերազմը սարսափելի բան է, սակայն ովքեր մասնակից են լինում դրան`չմասնակցողների սարսափը, որպես այդպիսին, չեն զգում, այլ ամեն օր կյանքի ու մահու գործն անելով` չեն էլ հասցնում վախենալ:
Ինչու այսպիսի սկիզբ: Որովհետեւ հեղափոխական գեղեցիկ կարգախոսներից եւ խոսքի զնգուն հնչեցումից անցնելով ամենօրյա աշխատանքի` Հայաստանի նոր ղեկավարներն այժմ բախվում են այնպիսի դժվարությունների, նոր ու բարդ իրողությունների, որ հեղափոխությունն այդ բոլորի դիմաց թվում է մանկական խաղ: Նոր կառավարության անփորձ նախարարների դեպքում, իրոք, ներկայացող դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են: Խնդիրներից մեկն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու ժամկետի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունելն է, որի վրա մի պահ կանգ առնենք: Կառավարության ծրագրի հաստատման ժամանակ Նիկոլ Փաշինյանը , հայտնի է, նշեց որ ընտրությունները պետք է կազմակերպվեն մեկ տարվա ընթացքում, որպեսզի հասցնեն փոխել ընտրական օրենսգիրքն ու տեխնիկական խնդիրներ լուծել, քաղաքական ուժերն էլ այդ ընթացքում ցայտնոտից դուրս գան: Սակայն նրա համակիրներից շատերը համոզված են, որ ժամանակն աշխատելու է հեղափոխության դեմ: Մի շարք նշաններ կան, որ այս տեսակետի իրավացիության մասին են վկայում:
Ծառուկյանի գործոնը
Բարեգործության մասին օրենքի նոր նախագիծը, որին կառավարությունը հավանություն տվեց եւ մի քանի օրից խորհրդարան կմտնի արտահերթ նիստի օրակարգով` «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների միահամուռ հակահարվածին արժանացավ ԱԺ հայտարարությունների ժամին, դա խոսում է շատ բանի մասին: Բարեգործությամբ զբաղվելու նոր սահմանափակումներ, այդ թվում կուսակցական փողը բարեգործական նպատակներին ուղղելու արգելք նախատեսող նախագիծն, ըստ ծառուկյանականների, ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ, որը, հայտնի է, որ բավական գումարներ է ծախսում իրեն դիմող մարդկանց զանազան խնդրանքները բավարարելու վրա: Սակայն ընտրական շրջանում բարեգործությունից ընտրակաշառք, խոստովանենք, ընդամենը մեկ քայլ է: Ճիշտ է, այս նախագիծը նախորդ կառավարության հեղինակածն է, սակայն դրանից այնտեղ ներառնված դրույթների արդարացիությունը չի չեզոքանում: Եթե բարեգործ ես` հիանալի է, բայց հանուն կուսակցական շահի բարեգործությամբ զբաղվել չես կարող, ինչպես որ գործարարը չպետք է լինի խորհրդարանում, դա նաեւ մեր նոր Սահմանադրությամբ է այդպես: Հեղափոխության կողքին կանգնած Ծառուկյանը եւս պիտի ընդունի խաղի նոր կանոնները, երբ բոլորը պետք է մուծեն հարկերը, աշխատեն օրինական դաշտում, ստվերը կրճատվի, պետբյուջեն հզորանա այնքան, որ կարողանա լուծել իր քաղաքացիների խնդիրները: Այս դեպքում անձնական խնդիրներ հետապնդող բարեգործների դերը եւս մեծամասամբ կվերանա: Արժե, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ կուսակցականների որակմամբ` բարեգործությունների 95 տոկոսը կատարող Ծառուկյանին ասվի` շնորհակալություն մինչեւ այժմ արված բարեգործությունների համար, բայց այսուհետ կարիք չկա, որ որեւէ մեկը ստանձնի պետության գործառույթները, այն ներկայացնելով որպես բարեգործություն: Չէ՞ որ հարկերը թաքցրած սուպերմարկետների տերերը նույնպես նախընտրական շրջանում բարեգործ էին, ձրի հաց ու շաքար էին բաժանում, իսկ ՀՀԿ տեղական ղեկավարներն ընտրություններին նախորդող շաբաթվա մեջ ամենուր ասֆալտ էին գցում: Ինչ կարիք կա վրդովվել արդարացի պահանջից:
Արտահերթ ընտրությունների հետաձգման ստվերները
Չնայած Սահմանադրական դատարանի անդամի թափուր հաստիքի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանը խորհրդարանում ստացավ ընդմենը 36 կողմ քվե ու չանցավ, ինչը առարկայական ցույց է տալիս, որ խորհրդարանը կարեւոր որոշումներն, ի վերջո, ապահովելու է, սակայն դա էլ, ինչպես ասում են, ընդմիշտ չէ, քանի որ տարբեր շահերի արդյունքում միշտ էլ կարող են այդ քվեները թեական լինել: Մանավանդ ժամանակի ընթացքում, երբ կառավարության ղեկավարը շարունակի իր դիրքորոշումն այն տոնով պնդել, ինչպես կուտակային կենսաթոշակի բաղադրիչի գործարկման դեպքում էր, հակադրություններն անգամ կարող են խորանալ ու տեղափոխվել խորհրդարան, համենայնդեպս` դա կարող է տեղի ուենալ արդեն հունիսի 19-ի արտահերթ նիստում, որտեղ նաեւ բարեգործության մասին օրենսդրական փոփոխությունների օրինագիծն է ներառնված: Այս նախագծով`վարչապետի որոշմամբ ոլորտը կարգավորող լիազորված մարմին է ստեղծվելու, որի լիազորությունների մեջ է ծրագրերի` բարեգործական որակումը կամ դրանց չեղյալ ճանաչելը, ընդ որում` սահմանվում է, որ բարեգործության ենթակա չեն կուսակցություններին դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը: «Ծառուկյան» դաշինքը կարող է դեմ քվեարել` մինչ այդ նոր թափով քննադատելով նախագիծը:
Առհասարակ, կառավարության տարբեր նախաձեռնություններ կարող են հակասել խորհրդարնաում ներկայացված ուժերի շահերին, այնպես որ, այնուամենայնիվ, հրամայական է դառնում նոր քաղաքական իրողություններին համապատասխան խորհրդարան ունենալու խնդիրը` քանի դեռ մեծ ձախողումներ չեն արձանագրվել:
Իսկ որ քաղաքական ուժերը, բոլորը, անգամ «Ելքի» երեք ուժերից երկուսը, քաղաքական մրցակցությունում իրենց հաշվին միավոր գրանցելու եւ հասարակությանը դեպի իրենց քաշելու մեկ ընդհանուր թիրախ ունեն, եւ դա նոր կառավարությունն է, կարծում ենք` ոչ ոք չի կասկածում:
Անգամ այս իմաստով իրեն ճիշտ է պահում ՀՀԿ-ն: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը , պատկերացրեք, ներողություն է խնդրում հայ ժողովրդից, որ չեն կարողացել արդարացնել սպասելիքները, «սակայն գործելու ենք հանուն Հայաստանի հարապետության», մեկ ուրիշ ոչ անհայտ ՀՀԿ-ական` Արմեն Աշոտյանը կառուցողական հարցեր է տալիս կառավարության ներկայացուցչին` Հայաստանի անվտանգության հարցերը ներքաղաքական զարգացումներից բարձր անվանելով եւ այլն: Ասելս այն է, որ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, երբ կարճ ժամանակում հնարավոր չլինի կուտակված բազմաթիվ խնդիրների լուծումը` հեղափոխական կառավարությունն իր վստահության պաշարը կորցնելու է, իսկ անցյալ իշխանությունների հանդեպ ժողովրդի անհանդուրժողականությունը մեղմանալու է, այդ դեպքում ընտրություններին կարող են աշխատել բոլորովին այլ գործոններ: Այդ իսկ պատճառով հեղափոխականների շահերից է բխում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն արագացնելն ու ընտրություններն այս աշնանը կազմակերպելը, այլապես կան բազմաթիվ նշաններ առ այն, որ նախկինները կարող են միջնորդավորված ներկա լինել նոր խորհրդարանում եւ իշխանությունում, գումարած պաշտոնական ներկայությունը: Մինչդեռ լավ կլինի, որ նախկինները, ի դեմս ՀՀԿ-ի, մի հինգ տարի շարունակեն իսկապես ընդդիմություն լինել,այդ տարիները դառնան մեր կյանքը խեղելու եւ բարքերը այլափոխելու նրանց քավարանը, թողնեն նորերին աշխատել, իրենք վերակազմակեպվեն եւ փորձեն իշխանության գալ հինգ տարի հետո, եթե իհարկե, հինգ տարվա ընդդիմադրի ասկետական կյանքին կարողանան դիմանալ: Համենայնդեպս`սա կլիներ տրամաբանականը:
Խորհրդարանի լուծարման տարբերկներն այժմ խիստ սահմանափակ են` վարչապետ ընտրվել է, կառավարության ծրագիրը հաստատվել է, եթե ներկա վարչապետը դա տեսնում է իր կողմից հրաժարական տալու տարբերակով` որպեսզի այդ հիմքով արտահերթ ընտրություններ նշանակվեն, ապա դա բավական վտանգներ ունի իր մեջ. օրինակ` «Ծառուկյան» դաշինքը, եթե մի շարք անհամաձայնություններ ունենա կառավարության հետ կամ ուղղակի շահերի բախում` կառաջադրի իր թեկնածուին որպես վարչապետ, որին ՀՀԿ-ն էլ իր քվեները կտա ու վարչապետ կընտրի: Ուզում ենք ասել` Փաշինյանը պետք է այդքան վստահ չլինի, թե մի տարի հետո, երբ ինքը հրաժարական տա` խորհրդարանը ցրելու եւ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու համար, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իսկ եթե ժողովուրդը այդ մեկ տարվա ընթացքում դժգոհ մնա կառավարության գործելակերպից, նրան միգուցե այլեւս հնարավոր էլ չլինի նույն զանգվածով հրապարակ բերել: Այս իրավիճակում, ահա, կաշխուժանան ծառուկյանականները, որոնց մի մասի պորտալարը դեռ կպած է ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն ինքը, որպես կուսակցություն, հազիվ թե մի երկու տարի ուշքի գա: Բայց եւ` ավելորդ չէ հիշեցնել, որ պատգամավորների 1/3-ով, այսինքն ընդամենը 35 ստորագրությամբ, մեկ տարի հետո վարչապետի ընտրությունից, պատգամավորները կարող են անվստահություն հայտնել վարչապետին` նոր թեկնածու առաջադրելով: Այս դեպքում նոր վարչապետ կընտրվի 53 ձայնով:
Մի խոսքով` ներկա կառավարության շահերից է բխում, իրոք, աշնանը կազմակերպել արտահերթ ընտրություններ, անգամ եթե չհասցնի մի շարք տեխնիկական խնդիրներ լուծել: Բավական կլինի, որ ոստիկանությունը հետեւի օրինականությանը, եւ բանակը ազատ թողնվի քվեարկելիս: Նախ որ` դեռ տաք է հանրության վերաբերմունքը, եւ ոչ մի խորհրդարանական ուժ դեռ չի հանդգնի այլ թեկնածու առաջադրել: Երկրորդ, նոր խորհրդարանը չի տանի կառավարության էներգիայի մեծ մասը, որը ստիպված է լինում խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն` անընդհատ հակահարված տալ ընդդիմախոսներին: Նոր ընտրությունների կազմակերպումից առաջ գլխավոր խնդիրը պետք է լինի ռեյթինգային կարգի վերացումն ու մի շարք այլ փոփոխություններ ԸՕ-ում:
Իհարկե, այժմ կազմվում է հանձնաժողով, որը պետք է փոփոխի Ընտրական օրենսգիրքն այնպես, որտեղ հիմքեր լինեն խորհրդարանը ցրելու համար, սակայն դա կարող է տեւել անվերջավոր ժամանակ, ընդ որում` ԸՕ-ն փոփոխելու համար Ազգային ժողովում 63 քվե է հարկավոր, որը նույնպես, որոշակի անհամաձայնությունների դեպքում, կարող է չլինել: Բոլոր պարագաներում` ներկա Սահմանադրությունն ու ԸՕ-ն այնպիսի խութեր ունեն, որոնք պատեհ առիթներ կարող են տալ հակահեղափոխությանը:
Փաշինյանի կոշտությունը
Ինչով է պայմանավորված Փաշինյանի կոշտությունը կառավարության նիստում կենսաթոշակի կուտակային բաղադրիչի ներդրման վերաբերյալ անհամաձայնություն հայտնած Մանե Թանդիլյանի եւ Արծվիկ Մինասյանի հանդեպ, որոնցից առաջինը հրաժարական ներկայացրեց: Ընդ որում` Փաշինյանի պահվածքը սոցցացներում գնահատվեց որպես անհանդուժողականության օրինակ, իսկ Մանե Թանդիլյանի պահվածքը` որպես սկզբունքայնություն եւ նոր մշակույթ, երբ քո սկզբունքները չես զոհում պաշտոնը պահպանելու սուրբ գործին: Վերջին դեպքում, իհարկե, դժվար է համաձայնելը, տունտունիկ չէ, կառավարության անդամ դառնալիս մանավանդ գիտեիր, որ այդ օրենքի պարտադիրի բաղադրիչը ի վերջո միջազգային ֆոնդերի պարտադրանքն է, որոնցից պարտքային կախման մեջ է Հայաստանը, ու համակարգի կեսից դուրս գալը եռակի թանկ է նստելու Հայաստանի վրա, քան ներդրումն է նստել: Այսինքն` իսկապես այդ համակարգի ներդրմանը ժամանակին անձնապես նույնպես դեմ եղած վարչապետը, չի կարող առկախել համակարգն ու երկիրը ֆինանսապես ավելի վատ վիճակի մեջ դնել: Միգուցե հետագայում կգտնվեն լուծումներ: Դա իմանալով`պապից ավելի պապական ձեւանալն այս պահին ամենալավ տարբերակը չէ:
Բոլոր դեպքերում` Փաշինյանը պարտավոր է հանդուրժողականություն դրսեւորել իր իսկ թիմակիցների հանդեպ, ինչպես դա անում էր հանրահավաքային պրակտիկայում, այլապես կորցնելու է միավոր միավորի հետեւից:
Չնայած առայժմ, անկախ այս կարգի տարըմբռնումներից, տարբեր ոլորտներում, ընդհուպ պաշտպանության նախարարություն, Երեւանի քաղքապետարանի «Երեւան» հիմնադրամ չարաշահումների, խարդախությունների եւ կոռուպցիայի արագացված կարգով բացահայտումները կառավարության հաշվին դրական միավորներ են գրանցում, այնպես որ հետագա հաշվեկշիռն անպայման գոյանալու է կառավարության աշխատանքի արդյունքներից:
Նոր քաղաքական հայտեր
Վերջին օրերին «Սասնա ծռերից» շատերն ու Ժիրայր Սեֆիլյանը հայտնվեցին ազատության մեջ, սա էականորեն նոր ուրվագծեր է առաջացանում հեղափոխության գծած քաղաքական քարտեզի վրա: Բնականաբար` այս մարդիկ մասակցելու են այն արտահերթ ընտրություններին, որ մտադիր է կազմակերպել փաշինյանական կառավարությունը: Սա էականորեն կարող է նեղացնել Փաշինյանին աջակցող ուժերի տարածքը, որքան էլ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների երաշխավորությամբ է բաց թողնվում «Սասնա ծռերի» մի մասը, եւ անգամ Սամվել Բաբայանի համար են այս դաշինքի պատգամավորները երաշխիք ստորագրում :
«Ելք» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել անդամ երեք կուսակցությունները`Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» եւ Սարգսյանի «Հանրապետությունը»` միասին, թե՞ առանձին-առանձին են գնում ընտրությունների: Եթե ամբիցիաները հաղթահարեն` կարծես մեկ կուսակցության դրոշի ներքո կգնան: Դա կլինի «Քաղացիական այմանագիրը», թե՞ լրիվ նոր անունով կուսակցություն` դեռ քննարկվում է:
«Ծառուկյանը դաշինքը» նույնպես չի մոռացել իր 50+1 կարգախոսը, խոսքը խորհրդարանի տոկոսային պատկերի ծառուկյանական հավակնությունների մասին է: «Ժառանգությունն», ասում են, չի տարրալուծվել եւ չի անէացել, մտմտում է մասնակցել, գումարած Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին». այնպես որ արտահերթ ընտրությունները դեռ չտեսած` բավական բաժակներ են մեկնվում այդ աղբյուրից խմելու կամ, ինչպես ասում են, գետը դեռ չենք անցել, չգիտենք` թրջվելու ենք, թե՞ անվնաս թռչելու ենք ափից ափ:
Փաշինյանի այցը Մոսկվա
Մինչեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Փաշինյանի Մոսկվա մեկնելը` Հայաստան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները, այսինքն` Փաշինյանը Մոսկվա գնաց համանախագահների տեսակետները լսելուց եւ նրանց իր տեսակետը հայտնելուց հետո: Մոսկվայում, ի դեպ, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ներկա էր նաեւ հարեւան երկրի նախագահ Ալիեւը, որին «ոմանց» հետ ծանոթանալու ուղերձ էր արել ՌԴ նախագահ Պուտինը, ակնհայտորեն նկատի ունենալով Փաշինյան-Ալիեւ շփումներ: Ալիեւը վերջին շրջանում իրեն լավ չի պահում` Նախիջեւան-Հայաստան եւ արցախաադրբեջանական սահմաններում անկանոն շարժումներ անելով, հուսով ենք Նիկոլ եւ Վլադիմիր Վլադիմիրովիչների ինտենսիվ շփումները, առաջինի ակնկալած «խիստ հատուկ» կարգի հարաբերությունների ի վերջո հաստատումը մի քիչ ավելի կձգեն մեր անհանգիստ հարեւանին կամ գոնե կսահմանափակեն նրան մատակարարվող ռուսական զենքը: Աշխարհը փոխվում է, Հյուսիսային Կորեան այլեւս չի սպառնում աշխարհին իր միջուկային զենքով, ինչու ուրեմն չի կարող փոխվել մեր տարածաշրջանը:
Ինչ է կատարվում Արցախում
Արցախում սկսված եւ փոփոխություններ պահանջող բողոքի վերջին ցույցերին արագ արձագանքեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը ` նախ մի շարք առանցքային պաշտոնյաների փոխարինելով ուրիշներով, ապա եւ հայտարարելով, որ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի պաշտոնում: Իսկ ցույցերին անմիջապես հաջորդել էր Արցախի պետնախարար Արա Հարությունյանի հրաժարականը, որը համարվում է Արցախի ամենահարուստ մարդկանցից: Սակայն մի պահ դադարած ցույցերը երեկ վերսկսվեցին: Իհարկե, Հայաստանում սկսված վերափոխումների արձագանքը չէր կարող Արցախ չհասնել, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե ինչն է բողոքի իրական շարժառիթը, քանի որ բողոքի ցույցերի մի քանի մասնակիցների եւ կազմակերպիչների երեւանյան կապերի դիտարկումներն, այնուամենայնիվ, թույլ չեն տալիս եզրակացնել` տեղի ունեցողը փչովի է, թե՞ իրական դժգոհության արգասիք: Մանավանդ անհայտ է, թե արդյոք, այնուամենայնիվ, Արցախում գործող մի քանի խոշոր ընկերությունների անհայտ, իսկ իրականում նեղ շրջանակում հայտնի, վաղուց արդեն ոչ տեղացի եւ արցախյան ծագմամբ բաժնետերերն են տիկնիկավարները: Բոլոր դեպքերում` Արցախ այցելած շատերը կուզենային Արցախի հանրային կյանքում գավառական պաշտոյաների ճնշումներից ազատ բարքեր տեսնել, քանի որ արցախցին արժանի է դրան: Դա կլինի վերեւից, թե ներքեւից` էական չէր լինի, եթե սահմանային լարումներն Արցախի առօրյան չլինեին: