Որոշակի լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի եւ մերձավորարեւելյան խոշոր երկրներից մեկիՙ Թուրքիայի փոխհարաբերություններում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրերս ընդունեց 2019 թ. ֆինանսատնտեսական բյուջեի օրինագիծը: Այն պաշտպանության նախարարին զրկում է Թուրքիային սպառազինության մատակարարմանը հավանություն տալու իրավունքիցՙ առանց Անկարայի կողմից ռուսական հ-400 համակարգերի գնմանն առնչվող զեկուցագրերի տրամադրման: Օրենսդիրները մտադիր են խափանել նաեւ Թուրքիայի կողմից ամերիկյան F-35 տիպի 100 կործանիչների ձեռքբերումը:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ իր երկիրը շարունակում է ջանքեր գործադրելՙ խոչընդոտելու Անկարայի կողմից ռուսական հ-400 համակարգերի ձեռքբերումը: Պոմպեոն ասել է, որ իր տեղեկությունների համաձայն դրանք դեռ չեն մատակարարվել Անկարային, եւ ԱՄՆ-ը հույս ունի, թե հնարավոր կլինի կանխել մատակարարումը: Երբ կոնգրեսականներից մեկը Պոմպեոյին հարցրել էր, թե չարժե՞ արդյոք քննարկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը, նա պատասխանել էր, որ այդ երկիրը պետք է մնա ՆԱՏՕ-ի կազմում, բայց նրա գործողությունները պետք է համապատասխանեն դաշինքի նպատակներին:
Այսպիսով, ուրվագծվում են իրար զուգահեռ մի քանի գործընթացներ: ԱՄՆ-ը սեղմում է օղակը Անկարայի շուրջը, որպեսզի նրան վերադարձնի իր մերձավորարեւելյան քաղաքականության նավարկուղի, դադարեցնի կամ նվազագույնի հասցնի Ռուսաստանի հետ նրա ռազմատեխնիկական համագործակցությունը, Սիրիայի ուղղությամբ քայքայի Ռուսաստան-Իրան-Թուրքիա դաշինքը:
Ինչպես նշում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, ԱՄՆ-ը Թուրքիան անվանում է ՆԱՏՕ-ի կազմում գործող հինգերորդ շարասյուն: Ավելին, կասկածներ կան, թե Թուրքիան փորձում է հասնել ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառմանը, որը ենթադրում է դաշինքի անդամ երկրների հավաքական ինքնապաշտպանություն, որպեսզի դաշինքի շնորհիվ աշխարհաքաղաքական ցատկ կատարի Մերձավոր Արեւելքում:
Իր հերթին Անկարան հասկանում է, որ ԱՄՆ-ը եւ դաշինքի մյուս անդամները մտադիր չեն կորցնել Թուրքիանՙ աշխարհի անչափ կարեւոր տարածաշրջանում գտնվող այդ երկիրը, ուստի ճնշում է գործադրում Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամների վրա, որպեսզի նրանք Սիրիայում փոխեն իրենց քաղաքականությունը եւ դադարեցնեն օգնությունը սիրիացի քրդերին:
Իհարկե, տվյալ դեպքում ակտիվորեն խաղարկվում է «ռուսական խաղաքարտը»: Այսպես, Թուրքիան հայտարարել է, որ ինքը մտադիր չէ հրաժարվել ռուսական հ-400 համակարգերի գնումներից, իսկ եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային մատակարարել հինգերորդ սերնդի կործանիչներ, ապա ինքը ամերիկյան F-35 ռազմօդանավերի փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական հց-57 նորագույն օդանավեր:
Սակայն առկա է նաեւ երրորդ գործընթացը: Բանն այն է, որ ներկայումս Թուրքիայում ընտրարշավ է անցկացվում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների նպատակով: Կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունը պայքար է ծավալել հակաամերիկյան կարգախոսներով: Պայքարին նպաստում են Վաշինգտոնի ընձեռած փաստարկները:
Այսպես, նախագահ Էրդողանը , որը Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդն է, խստիվ քննադատում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու նախագահ Թրամփի որոշումը: Ըստ Էրդողանի հայտարարության, Վաշինգտոնը կորցրել է վստահությունը ամբողջ աշխարհի աչքում: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հավանություն չի տվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը: Էրդողանի խոսքերովՙ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ակտիվորեն աջակցում է ահաբեկիչներին: Իր երկրի բոլոր ներքին դժվարություննրի համար նույնպես Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին:
Նա թուրքերին հորդորում է անսալ Ալլահին, այլ ոչ թե ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին, դոլարային խնայողությունները վերածել լիրայիՙ նպատակ ունենալով օժանդակել երկրի տնտեսությանը: Ըստ որում, էրդողանը հանդես է գալիս իբրեւ նոր Աթաթուրք, որն ազգային-ազատագրական պայքար է մղում հանուն երկրի ինքնիշխանության: Սակայն մեծ հաշվով, Անկարան անցյալում եւս դիմել է նման տեխնոլոգիաների, ինչը Վաշինգտոնին թույլ է տալիս փոքր-ինչ անլուրջ վերաբերվել նման իրավիճակին: Թեեւ ամերիկացիներն ընդհանուր առմամբ հասկացնում են, որ իրենք հավանություն չեն տալիս Թուրքիայում քաղաքական փոփոխություններինՙ գտնելով, որ Էրդողանը հեռանում է աշխարհիկ ժառանգությունից եւ երկիրը տանում ավտորիտարիզմի ուղիով:
Սակայն ԱՄՆ-ը դժվար թե հատի որոշակի սահմանագիծ, չնայած երկկողմ հարաբերություններում պահպանվող լարվածությանը, կարծում է «Ռեգնում» գործակալությունը: Երկու երկրների հարաբերություններն ուղեկցվում են պատժամիջոցներով եւ հակապատժամիջոցներով: Միեւնույն ժամանակ, որոշ փորձագետներ արձանագրում են ՆԱՏՕ-ի ներքին պառակտման փաստը, ինչին բնավ դեմ չէ Մոսկվան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Անկարայի վրա Վաշինգտոնի ճնշման անօրինաչափությունը ռուսական զենիթահրթիռային համալիրների մատակարարումների հարցում, չէ՞ որ հ-400-ը «աշխարհում իր տեսակի մեջ լավագույն համակարգն է»: Պուտինն ավելացրել է, որ Թուրքիան վարում է անկախ քաղաքականությունՙ ապահովելով սեփական անվտանգությունը: Դեռ մի քանի տարի առաջ աներեւակայելի էր թվում, թե Անկարան կարող է ձեռք բերել ռուսական նորագույն զինատեսակներ, բայց այժմ այն դառնում է իրողություն: