Հանրահայտ զրույց կա այն մասին, թե ինչու է պետք հեղափոխություն անել: Զրուցակիցներից մեկը նշում էՙ որպեսզի հարուստներ չլինեն, որին ի հակադրություն դիմացինը պատասխանում է, որ իրենք աշխատում են աղքատությունը վերացնելու ուղղությամբ:
Թե ինչ է այդ աղքատություն կոչվածը, փորձենք պարզել «ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» փաստաթղթի օգնությամբ, որը մեզանում ընդունվել է 2003 թվականին գործող ՀՀ կառավարության կողմից: Հենց առաջին բաժնում կարդում ենք. «Աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգեւոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը»: Որպես կենսաբանական պահանջմունք առաջին տեղում սնունդն է, սոցիալականումՙ առողջությունն ու կրթությունը, հոգեւոր-մշակութայինումՙ այդ արժեքներին հասու լինելու նվազագույն հնարավորությունը: Հարցը, թե հայաստանցիներիս ո՞ր պահանջմունքների հասու չլինելն էր, որ անցած օրերին հարյուր հազարավորներին եւ նրանց է՛լ ավելի համակիրներին օրվա իշխանությունների դեմ հանեց, հնչում է բնականաբար: Ինչքան էլ քննադատենք վարչա-կառավարչական բյուրոկրատիային վերջին երկու պահանջմունքների առումով, դրանցում առկա թերություններով ու ձախողումներով հանդերձ, հայաստանաբնակներս կարող ենք արձանագրել, որ ինչ-որ բան արվել է, թերեւս բյուջեին զուգահեռ մեր արտագաղթած հայրենակիցների հայրենիքում մնացած իրենց հարազատ-բարեկամներին հասցրած ֆինանսական միջոցների արդյունքում. գոյատեւման գումարները մարդիկ ծախսել են, ՀՀ-ում կյանքը մեռյալ կետից շարժել, մի կերպ դիմացել: Արդյունքումՙ կյանքի միջին տեւողությունը երկարել է, արտերկրներում կրթություն ստացողների քանակն ավելացել, արվեստը լավից-վատից գոյատեւել:
Ցավոք նույնը չենք կարող ասել հայաստանցիներիս սննդի ու սննդակարգի պարագայում, որոնք հիմնականում ներկրվող են եւ այս առումով տիրող միջավայրն էլ պատճառ է դարձել մեզանում հաստատված կոռուպցիոն ու մենաշնորհային հարաբերությունների սաղմնավորման ու հաստատման: Հետպատերազմյան ժամանակաշրջանից ծավալված այս գործընթացը մշտապես ղեկավարվել է ՀՀ բոլոր կառավարությունների կողմից, միայն դժվար է պնդելՙ գիտակցաբար, թե անզոր ու անօգնական լինելու հետեւանքում: Այսօրինակ պահվածքը շարունակությունն էր մեզանում սկսված այն մտայնության, որն ի լուր աշխարհի բղավոցով հայտարարեց գիտության դոկտոր Գերագույն խորհրդի պատգամավորը, թե փոքրիկ Հայաստանն ինչպե՞ս կարող է 10 մլն հայի կերակրել, այսկերպ զգուշանալով մասսայական ներգաղթի հնարավորությունից: Այսօրինակ ձեւով սկսվեց ու շարունակվեց նախորդ դարի 90-ականներին նորօրյա Հայաստանում ամրագրված այն հակատնտեսագիտական ու հակատնտեսվարական մոտեցումը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը երբեք պարենային ապահովություն ու անվտանգություն ունենալ չի կարող, իր քաղաքացուն դրանք երաշխավորել ի զորու չէ, այնպես որ ով ինչպես հնարավոր է, թող իր ու ընտանիքի ճարը փնտրի ու գտնի:
Արդյունքն այն եղավ, որ անգամ ազգային վերելքի շրջանում տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան երկրից, հիմնականում ԱՄՆ, ավելի ուշ եւ մինչ օրսՙ Ռուսաստանի դաշնություն եւ Եվրոպա: Այս վիճակը շարունակությունն էր այն տարօրինակ իրողության, որ նորանկախ Հայաստանում կազմավորվող ու թարմ շունչ խոստացող տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կար, ոչ մի կերպ չկարողացավ հակադրվել տասնամյակներով կազմավորված այն մտայնության, ըստ որի երկրների տնտեսական բարեկեցությունը պայմանավորված է 1 բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրությամբ: Նշվում էր, որ երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը ունի այս ցուցանիշը, բարեկեցիկ է, այ, ԽՍՀՄ-ը մոտ ապագայում կապահովի այն եւ 80-ականներին կապրենք կոմունիզմի պայմաններում: Ինչպես ասում ենՙ ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ շիլաշփոթ առաջացնող մտայնությունը մնաց: Իմաՙ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ առկա բնակչության համար պահանջվող 3 մլն տոննա հացահատիկ արտադրել, ուր մնաց ներգաղթի պարագայում այն առաջիկայում 8-10 մլն տոննայի հասցնել, երբ իրական արտադրությունը հազիվ 3-4 հարյուր հազար տոննա է: Վիճակն այսչափ խրթին ու անորոշ չէր լինի, եթե տնտեսվարությունը զանազաներ պարզ մի բան. ԱՄՆ-ում արտադրվող 250 մլն տոննա հացահատիկի մեջ պարենային ցորենը հազիվ 50 մլն տոննա էր, մնացած մասըՙ հիմնականում անասնակերի եւ մասամբ արդյունաբերական վերամշակումների նպատակով օգտագործվող եգիպտացորենի հատիկն էր եւ այլ հացազգիները:
Ինչու եմ գրում ու վերհիշում այս ամենը: Որովհետեւ մեզանում սկսվում է պատկեր ուրվագծվել, որ պատմությունը կրկնվում է, որը կարող է ֆարսի, նույնն է թե զավեշտի վերածվել: Ապացույցըՙ այն հայտարարությունները կարեւորելը, թե մեզանում մենաշնորհներ չեն լինելու, ով ուզում, ինչ ցանկանում է, կարող է ներկրել: Իսկ ո՞ւր է մնում աշխատանքն ու աշխատելը կարեւորելը: Եթե 10 մլրդ ամերիկյան դոլարի սահմաններում տարեկան համախառն ներքին արդյունքի ստեղծումն է Հայաստանի Հանրապետության բարեփոխման բանաձեւը, այն լուծում չունի, քանզի ներկրողների ու ներկրումների քանակների ու ծավալների ավելացումով չէ որ սեփական քաղաքացիների կյանքն ու կենցաղը բարելավվում է, այլՙ ներքին ուժերն ու հնարավորությունները շարժելով, մարդկանց աշխատելու եւ աշխատանքի պայմաններ ստեղծելով, փոքր ու միջին գործարար միջավայրը խթանելով: Այսկերպ է մրցակցային կանոնակարգ հաստատվում, հավելյալ արժեքի ստեղծման նախապայման ստեղծվում:
Ահա այս է, որ երեք տասնամյակ շարունակ չի իրականացվում Հայաստանում, գործընթացը փոխարինվում է «մերն ուրիշ է» կարգախոս հռչակելով, արտահանումների շուրջ ինչ-ինչ խոստումներով ու երկիրն այլոց արտադրածով պահելով: Ներկրում ենք որտեղից եւ ինչ պատահի, սերմերից սկսած չիր ու չամիչ, էլեկտրալամպ ու պլաստմասսայե իրեր, հատիկաընդեղեն ու պահածոներ, արդուկ ու ջեռոց, գրիչ ու մատիտ, սոխ ու սխտոր, հավի ու խոզի միս, բուսական ու կենդանական յուղեր, այն ամենը, ինչ կարող ենք եւ պարտավոր ենք մշակել ու արտադրել ինքներս, բավարարել մեր պահանջմունքներն ու հետո մտածել արտահանելու մասին: Նշվսծները ոլորտներ են, որտեղ գյուղարտադրանքը, ստացվող հումքը տնտեսությունում լոկոմոտիվի դեր է կատարում, աշխատատեղեր երաշխավորում, քանզի այն իրականացնելու միջավայրն Արարիչը հնարավորինս տվել է. գյուղատնտեսական նշանակության հողեր, առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակով անհրաժեշտ վարելահողեր, մշակաբույսերի համար պահանջվող ջերմություն, ջրային վերականգնվող հնարավորություններ: Պարզից էլ պարզ է, որ ամենուր պարենային ապահովությունն է մարդկանց շրջանում վստահության միջավայր ստեղծում, երկրի քաղաքացուն կապում իր բնօրրանին, ապագայի հանդեպ հույս ու հավատ ներշնչում: Տողերիս հեղինակի շրջապատի տասնյակ ընտանիքներ այս պարզ ու հասարակ պայմանների բացակայության արդյունքում են հեռացել երկրից, նրանցից շատերը, հատկապես գյուղաբնակները, ընդհանրապես գործ չեն ունեցել ոչ իրավապահի ու չինովնիկի, ոչ էլ բուժաշխատողի ու հարկահավաքի կամ բանկային համակարգի հետ: Ինչու եւ ինչպես ապրել մի երկրում, ուր հնարավոր չէ երեխաների ու ծնողների նվազագույն սննդակարգն ապահովել, առողջ սնունդ ընդունել, որը փոխարինվում է երկիր մոլորակի չորս կողմերից անհայտ միջոցներով ստացվող եւ Հայաստան տեղափոխվող հումքից:
Ուսումնասիրություններից պարզվում է, որ այլոց անգամ խաղալիքներն են վտանգավոր, չխոսելով խոր սառեցման ենթարկված մսից ու մսամթերքներից, անհայտ պարարտանյութերով մշակված բանջարեղենից ու մրգերից: Ուրեմն ինչո՞ւ ենք այսչափ անփույթ ու անպատասխանատու մեր հիմնախնդիրների հանդեպ, որոնց շուրջ հանրային որոշ շրջանակների, այդ թվում տպագիր մամուլի ահազանգումների պակաս չի զգացվել: Հայաստանյան հանրության եւ իշխանության միջեւ բարյացակամ հարաբերությունների հաստատման համար պահանջվում էր հնարավորինս լուծել բնակչության առաջնահերթ սննդակարգի հիմնական բաղադրիչների, կաթնա-մսամթերքների սեփական արտադրությունը: Աշխարհի հարյուրավոր երկրներ այն հիմնականում լուծել են, իսկ որոշներըՙ հողային կարողունակության սահմանափակ պայմաններում մասամբ են լուծել: Ասենք, մեզանում հաճախ հիշվող Սինգապուրի պարագայում, որը Երեւանի 3 տարածքն ունեցող քաղաք-պետություն է, գյուղնախարարություն չկա, սակայն կարողանում է իր բնակչության համար մոտ 100 հազար տոննա հավի միս արտադրել: Ճապոնացիներն իրենց հիմնական սննդատեսակներից մեկը համարվող 10-12 մլն տոննա բրնձի սեփական արտադրությունն ապահովելու նպատակով օգտագործում են 4 մլն հեկտար վարելահողերի 2,5 մլն հեկտարը, երբ մենք ամեն ինչ ենք անում այլոց վայելքներն ապահովելու համար կոնյակի ու գինու հումք, պտուղ-բանջարեղեն արտադրելու ուղղությամբ: Ոչ մեծ տարածքով Իսրայելում հավի մսի արտադրությունն անցնում է 600 հազար տոննան:
Պատկերը նույնն է խոզի մսի առումով: Աշխարհի բարեկեցիկ պետությունների առաջին շարքերում գտնվող այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՀՀ տարածքն ունեցող 11 մլն բնակչությամբ Բելգիան, մեզնից 5- ապատիկ խիտ բնակեցված Հոլանդիան, մեր որոշ ցուցանիշներին մոտ պատկերներ ունեցող Դանիան, Ավստրիան միջին բնակչի հաշվով խոզի մսի արտադրությունում ապահովում են 100-250 կգ ցուցանիշ: Այն հիմնականում իրականացվում է լիարժեք անասնակերի միջոցով: Ավստրիայում ընտանեկան հանգամանքների բերումով հյուրընկալվող տողերիս հեղինակը փաստում է, որ հատիկի նպատակով աճեցվող եգիպտացորենի դաշտերն ամենուր են: Իտալիային սահմանակից Շտիրիայի մարզը հարյուրամյակներ շարունակ համարվել է երկրի խաղողագործական տարածք, գինեգործների բնակավայր: Հիմա այն առավելապես եգիպտացորենի դաշտերով է պատվածՙ որոնք անջրդի են, հեկտարի միջին բերքատվությունըՙ 6-8 տոննա, երբ Արարատյան դաշտավայրում, Տաուշի մարզում ջրովի ցանքատարածություններում բերքատվությունը մոտենում է 15 տոննայի: Նշեմ, որ մեզանում գործընթացի հիմնական խոչընդոտը ոչ այնքան հողագործների պասիվությունն է, որքան այն ծնող համապատասխան տեխնիկայի պակասը: Ասենք, եգիպտացորենի շարքացան ողջ երկրում հազիվ 5-ը կա, բերքահավաք կոմբայնՙ ընդամենը 2-ը, երբ ՀՀ-ին անհրաժեշտ հարյուր հազարավոր տոննաներից մինչեւ մի քանի միլիոն տոննա բերքի ստացման համար հարյուրավոր, գուցեեւ հազարավոր շարքացաններ ու կոմբայններ են անհրաժեշտ: Խնդրով մտահոգ ՀՀ քաղաքացուս բազմաթիվ ահազանգումներին ի պատասխան վերջին 10 տարիներին հավաստիացումներ եմ լսել վիճակը շտկելու ուղղությամբ, իրականումՙ բացարձակ անգործություն է: Մեր պատասխանատուները չեն զլանում դեպքից-դեպք հարցնել ու հետաքրքրվել, թե ՀՀ-ում որտեղ է հնարավոր առաջիկա տարիներին մի քանի հարյուր հազար տոննայից մինչեւ 1 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրել: Նշեմ, որ նախնական շրջանի ակնկալվող բերքի համար պահանջվում է հայոցս վարելահողային կարողունակության հազիվ 5-6 տոկոսը, հետագայում 30-40 տոկոսը: Դանիան, օրինակ, ուր եղանակային գործոնի հետեւանքով եգիպտացորենի հատիկ չի աճում, իր վարելահողերի 70 տոկոսն է օգտագործում լիարժեք անասնակերի նպատակով 10-12 մլն տոննա հացահատիկի ստացման համար: Ոչ մեծ տարածքով Սերբիան 2014-ին եգիպտացորենի հատիկի արտադրությունը հասցրել է 8 մլն տոննայի, էապես բարձրացրել կաթնամթերքների արտադրությունն ու դրանց զգալի քանակներ շուրջ տարին Ռուսաստան արտահանելը, երբ մերը սեզոնային ծիրանն ու խաղողն է: Արդեն նշածս Ավստրիայում 2015-2017-ին եգիպտացորենի հատիկի արտադրությունը 1,8 մլն տոննայից հասել է 2,3 մլն տոննայի:
Գյուղոլորտի վերաբերյալ յուրօրինակ միտք է հայտնել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, նշելով. գյուղատնտեսությունը կարող է գործելՙ հիմնված չլինելով հողի բերրիության, այլ բարձր տեխնոլոգիաների վրա: Առայժմ մեզ համար անհասանելի նշաձող, որը հաղթահարելու փորձեր սկսելը մեր նորացող իշխանությունների առաջնահերթ անելիքն է: Կունենա՞նք պարենային ապահովություն ու անվտանգություն, հայրենական արտադրության որակյալ, առողջ եւ մատչելի սնունդ, մեր մարդկանց լավագույն սննդակարգՙ հայաստանցին իրեն հատուկ երախտիքի ու օրհնանքի խոսքերով կսկսի իր օրը, այն Աստծո պարգեւ կհամարի:
Թե ե՞րբ կապրենք երազ թվացող այս վիճակը, ցույց կտա ժամանակը: Այն օր առաջ իրականություն դարձնելու կոչված մեր նորոգ կառավարությանն իր ծրագրերի բարեհաջող ընթացք մաղթենք, միլիոնների սպասումների իրականացում:
09.05.2018
Հ.Գ.- Ասա ով է գյուղնախարարդ, ասեմ ինչպիսի տնտեսություն կունենա երկիրդ: