Տարիներ առաջ, երբ հանրությանն անհայտ Արկադի Վարդանյանը մի օր եկավ Հայաստան ու որոշեց իշխանափոխություն անել, հրապարակներում շատ մեծ բազմություն հավաքվեց: Բազմությունը չգիտեր` ով է այդ մարդը, բայց փոփոխություն էր ուզում, եւ այդ փոփոխության պահանջը գեներացնող մարդ էր հայտնվել: Այդ ժամանակից շատ ջուր է հոսել: Տարիների ընթացքում մեր իշխանությունները հատ- հատ ամենատարբեր ձեւերով ասպարեզից հանեցին ընդդիմադիր տրամադրություն ունեցող գործիչներին ու կարծում էին, թե այդպես մարում են իրենց կյանքը փոխելու ցանկություն ունեցողների էներգիան: Սակայն հենց իրենք ընկան իրենց պատրաստած ծուղակը` եթե չկա ազդեցիկ եւ իրական ընդդիմություն, փոփոխությունների դրոշակն, այնուամենայնիվ, անպայման կվերցնի ինչ-որ մեկը, ու նորից կարթնացնի ու կգեներացնի փոփոխության ձգտումը, մանավանդ որ իշխանությունը, իր ուժերը ջլատելով անընդհատ ընդդիմությանը չեզոքացնելու վրա, իրական փոփոխություններ այդպես էլ չարեց: Չհասցրե՞ց, համենայնդեպս այդ էր ակնարկում Սերժ Սարգսյանը , երբ «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասում էր, թե միայն մի տարի ցույց չի եղել, հազիվ տուրիստ էր գալիս, ո՞վ ներդրում կանի անկայուն վիճակում: Բայց մեր երկիրը հարմարավետություն պետք է առաջարկի նախ ոչ թե տուրիստներին, այլ սեփական քաղաքացիներին, ահա եւ ունենք փողոցում այն, որը միշտ էլ կարելի էր սպասել, եւ որը նախ պետք է իշխանությունը կանխատեսեր: Ու այսօր, Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց, մենք կգրեինք, իրոք, նրա առաջին քայլերի մասին, խորհրդարանում նրա հնչեցրած հետաքրքրական ճառի մասին որպես վարչապետի թեկնածու, որի որոշ ակնարկներ ահագին տարողունակ են: Բայց այդ կարգի նրա ճառերի մասին շատ ենք խոսել, իսկ վիճակը այդ ճառերից հետո ընկած ժամանակահատվածներում հոսել է առանց մեր կյանքը փոխելու եւ բերել հասցրել է փողոցային այս քաոսին, որը երկրորդական, ու անգամ անհեթեթ է դարձնում իշխանության` այս քաոսին զուգահեռ անխռով աշխատելը եւ սովորական առօրյայով զբաղվելը:
Նոր վիճակ Հայաստանում
Անկախ նրանից, թե ո՛վ է կազմակերպիչը, բարձրաձայնվող նպատակներից բացի` ի՛նչ հեռահար նպատակներ կարող են լինել արդեն ութ օր Երեւանի կենտրոնում հանրահավաքային գործունեություն ծավալող Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների խորը մտքերում` փողոց են դուրս եկել մեր երիտասարդներն ու ուսանողները, որոնց համար անցյալի տաբուները նշանակություն չունեն, նրանք չեն շնչել սովետական օդը եւ կարող են կոտրել բոլոր տաբուները:
Սա պետք է ընդունի իշխանությունը, որի ոստիկանության իբր բարեփոխված, սակայն անցյալի կարծրատիպերից դուրս չեկող գործողությունները թույլ են տալիս եզրակացնել, որ իշխանությունն ընթանում է փողոցում գործունեություն ծավալող երիտասարդությունից բավականին հետ դիրքում` թե՛ քայլերի արդյունավետության, թե՛ ձեռնարկած հակամիջոցների ճկունության առումով, կամ ինչպես հեռուստատեսային ժարգոնով ընդունված է ասել` սինքրոնից ընկած վիճակում է:
Երիտասարդները նախաձեռնող ու հնարամիտ են, ամեն օր նոր կարգախոսներ ու տեխնոլոգիաներ են կիրառում, նրանց այն հատվածը, որ քաղաքացիական հասարակություն անվանված կազմակերպություններին է հարում, բավական վարժ կիրառում է արեւմտյան տեխնոլոգիաները, իսկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի գործողությունների հիմնական կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն օր ներդրվող տեխնոլոգիական նորամուծությունների պատճառով մեր ոստիկանությունը պարզապես հազիվ է հասցնում հակաքայլեր ձեռնարկել, ընդ որում` նրանցից շատերն անհամարժեք եւ ավելորդ են թվում: Չգիտենք` Նիկոլը միայնա՞կ է մտմտում իր քայլերը, թե՞ նրա գործողությունները չերեւացող համակարգողներ կան, ինչպես որ լսում ենք իրապես դժգոհ, բայց ցույցերին չմիացող շատ շրջանակներից, սակայն դա առանձին խոսակցություն է: Իսկ ավելի քննարկելին այստեղ այն է, որ Փաշինյանը կարողացավ աշխարհում հայտնի շատ տեխնոլոգիաներ տեղայնացնել արդեն քսան օր տեւող իր միջոցառումների ժամանակ, միշտ առաջ անցնել իրավապահներից անսպասելիության գործոնով եւ մարտավարությունն ըստ իրավիճակի ճկուն փոխելուց չհոգնել: Քայլերի անսպասելիությամբ եւ իր գաղտնապահությամբ Փաշինյանն անգամ գերազանցեց Սերժ Սարգսյանին:
Այս վերջինը երեւի միակ նմանությունն էր այս երկու գործիչների միջեւ, բացի այդ` երկուսի համար էլ այս պահին մի իսկական փորձարարական լաբորատորիա է փողոցը` այստեղ փորձարկվում է Հայաստանի վավերացրած ու նոր նախագահի ստորագրությամբ արդեն դե ֆակտո գործողության մեջ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որտեղ Հայաստանի ստանձնած պարտավորությունների` մարդու իրավունքների, ազատ կամարտահայտության, հավաքների ազատության, խոսքի ազատության ու պահպանության վերաբերյալ դրույթները Փաշինյանի դեպքում ազատում են նրա ձեռքերը, Սերժ Սարգսյանի դեպքում` կապում: Իսկ Երեւանում մայդաններ փնտրող կամ Երեւանում մայդաններ կազմակերպելու ախորժակ ունեցող ուժերին հուսախաբ անենք. անկախ կազմակերպիչների ցանկություններից` մեր ամեն ինչը հայավարի է, ու երկու տեսակին էլ այստեղ հուսախաբություն է սպասվում, անգամ եթե մեծ ֆինանսներ են ներդնում այդ գործում, այստեղ բոլոր հայերն են այլ շարժառիթներով առաջնորդվում:
Ճիշտն ասած` ինձ համար մինչեւ հիմա էլ անհասկանալի է այն, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր կարող կանխատեսել այս բոլորը, որը միգուցե նրան մղեր հրաժարվելու վարչապետ դառնալու մտադրությունից եւ մնալու բոլորի ղեկավարը` որպես ՀՀԿ նախագահ, կամ ինչու նա տեղեկություններ չի ունեցել փաշինյանական ընդդիմության գործողություններից, չէ՞ որ մանրամասն մտածված ցանցային պայքարը, որ հիմա կիրառվում է, երկարատեւ նախապատրաստություն է նշանակում: Կամ ինչու է թերագնահատել Փաշինյանին, որի հետեւում ով ասես կարող է լինել` Արեւմուտքը, ռուսական մի ուղղությունը, մի շարք մեծահարուստներ (հարց տվեք, թե ում է ձեռնտու կատարվողը) եւ ուղղակի երիտասարդությունը, որը հոգնել է ճահճացած-հնացած մարդկանց կառավարումից: Անգամ կարող է ոչ մեկն էլ չլինել`բացի երիտասարդությունից,այդ կարծիքն էլ կարող է գոյություն ունենալ:
Բայց այս բոլորը հետո վերլուծելու բան է, հիմա ուղղակի կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ, ինչու չէ, ՀՀԿ-ի իշխանության դեմ բավական մարդաշատ հանրահավաքներ են տեղի ունենում Երեւանում, սփյուռքից արձագանքում են այդ հանրահավաքներին, եւ ցանկացած հանգուցալուծման դեպքում Հայաստանի հետագա կյանքը այլեւս հին ձեւով չի կարող շարունակվել, քանի որ տեղի ունեցածը փոխում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը ներկայացվող խնդիրները: Տեղի է ունեում մի բան, որը ե՛ւ իշխող համակարգի, ե՛ւ առկա ընդդիմության հետագա պահվածքի առումով սրբագրումներ է մտցնելու երկրի կյանքում:
Մարզերից իր կողմնակիցներով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը խափանելու նպատակ դրած 14-օրյա քայլերթով Երեւան մտած Փաշինյանը ութերորդ օրն է արդեն կաթվածահար է արել Երեւանի կենտրոնը, ոստիկաններին զրկել հանգստից ու քնից, ապա, խորհրդարանի քվեարկությամբ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, խմբագրել կարգախոսները. «Մերժիր Սերժին» կարգախոսից նա սահուն անցում արեց դեպի հեղափոխական բառապաշար` որոշ օրերի իրոք բազմամարդ գործողություններն անվանելով «թավշյա հեղափոխություն», իսկ երեկ օգտագործեց «ժողովրդական հեղափոխություն» բառը: Ճիշտ է, բառերը չեն փոխում այն, որ երիտասարդական այս շարժումը այս պահին չունի քաղաքական ծրագիր ու էություն, սակայն, եթե ոչինչ չպատահի, Փաշինյանը հանգիստ կարող է երիտասարդական կուսակցություն ստեղծել եւ ապագայում դրանով լցնել ընդդիմության բաց դաշտը` դուրս մղելով բոլոր մյուս հավակնորդ քաղաքական ուժերին:
Տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների շահերի կիզակետ Հայաստանում, իհարկե, այսպիսի իրավիճակում միշտ էլ վախ կա, որ այլ երկրների հատուկ ծառայությունները կարող են սեւ գործ անել, ավելի խառնշտել վիճակը, պետության համար վտանգներ ստեղծել, մանավանդ Հայաստանում ռուսական ռազմաբազա ու ռուսական զինված ուժեր կան: Սակայն այս իրավիճակի պատասխանատվությունը հավասարապես ընկնում է ե՛ւ հանրահավաքների կազմակերպիչների վրա, ե՛ւ իշխանությունների, որոնց գործունեության արդյունքում է ի վերջո այս վիճակը ստեղծվել:
Ոստիկանության պահվածքը
Այս օրերին ոստիկանությունը հաղորդագրություն հաղորդագրության վրա էր տարածում, սակայն դրանցում նշված «անօրինական հավաք», «ապօրինի գործողություններ» եւ այլ «սարսափազդու» ձեւակերպումներն այլեւս ազդեցություն չեն ունենում: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Նիկոլ Փաշինյանը հաճախ են միմյանց հետ նույն կադրում հայտնվում` ակամա մտածել տալով, որ այդ պահին նրանք ճակատագրակիցներ են` երկուսի դեմքն էլ անքուն գիշերներից եւ բազմաթիվ օրեր ոտքի վրա լինելուց հոգնած են, երկուսն էլ երբեմն իրոք անհեթեթ վիճակի մեջ են ընկնում` մեկը փակում է փողոցներն ու շենքերի մուտքերը, մյուսը բացում, եւ ընդհակառակը: Սակայն դա մուկնուկատու չէ իրականում, այստեղ երիտասարդ մարդիկ բերման են ենթարկվում, ծեծվում, քաշքշվում, այն էլ շատ կոշտ միջոցներով, ընդ որում` աղջիկներին եւ կանանց եւս (ոստիկաններին երեւի ոչ ոք չի սովորեցնում` ինչպես արհեստավարժորեն եւ առանց վնասելու բերման ենթարկել իգական սեռի ներկայացուցիչներին), սպառնում են հատուկ գործողություններով:
Բայց երիտասարդներն էլ են կարծես իմունիտետ ձեռք բերել, երեք ժամից նրանց բաց են թողնում , եւ նրանք վերադառնում են փողոց. անգամ ոստիկանական մեքենայի տակ կյանքը վտանգելով պառկող եղավ: Ով ներկա է եղել ու մոտիկից դիտել` մտածում է, որ եթե անգամ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառի, ինչպես որ Ազգային ժողովի մոտ եղավ, ակտիվիստների մեծ մասին բերման ենթարկի ու կալանավորի, ու այդ պահին հանրահավաքը որոշ ժամանակով դադարի, հանրահավաքային գործունեությունը հետագայում պարբերաբար կնորոգվի. ամեն ինչ փոխվել է:
Այսպիսով` կատարվողը, փաստորեն, ականապատում է Սերժ Սարգսյանի վարչապետության սկիզբը` սկսած նրա ընտրությունից, իսկ ականները տարբեր պարբերականությամբ ու տարբեր առիթներով կարող են գործի դրվել:
Մանավանդ` վերջին տարիների ամենատարբեր շարժումների բովով անցած բավական գրագետ երիտասարդություն կա, իսկ հանրությունը, տեսնելով, թե ինչպես է նրանց հետ վարվում ոստիկանությունը, միգուցե հետագայում ինքն էլ թիկունք կկանգնի երիտասարդների: Առայժմ, որքան էլ տարօրինակ` տեղի ունեցող բողոքի ցույցերին այլ ուժերի ու հանրության շատ շերտերի չմիանալու պատճառների մեջ է Նիկոլ Փաշինյանի գործոնը, որին նրանց մի մասը չի վստահում: Քաղաքական ուժերից շատերին էլ կասեցնում է ինքը` Փաշինյանը, պայմաններ առաջադրելով եւ հեռու պահելով իրենից: Դիտում ենք` ինչպես կավարտվի այս բոլորը` եզրահանգումների համար դեռ վաղ է: Սակայն իշխանություններից մի պահանջ, այնուամենայնիվ, ունենք`աշխատել գրագետ, մեղմ միջոցներով, բացառել ոստիկանության կոպիտ եւ ոչ գրագետ գործողությունները, հրաժարվել սադրիչների ծառայություններից` փողոցում բոլորիս երեխաներն են:
Նոր միտումներ զարգացումներում
Երեկ օրվա երկրորդ կեսին լրատվամիջոցները փոխանցեցին Հայաստանի մի շարք առանցքային դեմքերի արձագանքներն իրավիճակին: Այսպես` Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին ասել էր, թե բողոքող կողմն ու իշխանությունը միմյանց ընդառաջ գնալու խնդիր չունեն, քանի որ հրապարակում հչեցվածը «Ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանությամբ է, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից, ու պարզ չէ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ:
Երկրի նախագահ Արմեն Սարգսյանը , սակայն, իր մտահոգությունն է հայտնել նոր հայտարարությամբ` նշելով, որ երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, նրանց կարծիքը հարգվի` լուծումը երկխոսությունը համարելով.«Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար», ասել է նա իր հայտարարության մեջ` ողջունելով ՀՅԴ Գերագույն մարմնի առաջարկությունը` ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծելու քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով. «Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներինՙ ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն», ասել է նա` առաջնային համարելով երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը:
Ուղերձ էր հղել նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը ` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի առնչությամբ, որով խաթարվում է հանրային բնականոն կյանքի ընթացքը.«Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունըՙ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք եւ ներողամտություն: Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն եւ միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսեւորման», հղել է կաթողիկոսը` հանուն խաղաղության, սիրո եւ միաբանության աղոթք բարձրացնելով առ Աստված :
Երեկ ընդհանրապես հայտարարությունների շարք եղավ` քաղաքական ու հասարակական շրջանակներից, որոնք մինչ այդ չէին հնչել:
Ի դեպ` երեկ իր վարչապետությամբ կառավարության առաջին նիստին Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: