Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Համաշխարհային լրատվամիջոցների կիզակետում է նախորդ ամսվա սկզբներին Սոլզբերիում (Անգլիա) ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի (66 տարեկան), նրա դստերՙ Յուլիայի (33 տարեկան) եւ ոստիկանական խուզարկու սերժանտ Նիք Բեյլիի թունավորման լուրը: Առաջին երկուսը նովիչոկ նյարդային գործոնի ազդեցության տակ անգիտակից վիճակում գտնվում են հիվանդանոցում: Բեյլին կարճ ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել եւ կարող է որոշ տեղեկություններ տալ: Տեղանքի զննումը առավել ստույգ պատասխաններ է տալու բազմաթիվ հարցերի:
Առայժմ դիվանագետների արտաքսման մրցավազք է տեղի ունենում աշխարհում: Արեւմտյան երկրների համագործակցված արձագանքը «նշանակալի» դիվանագիտական հաղթանակ է համարվում վարչապետ Թերեզա Մեյի համար: Չնայած ըստ «Politico» լրատվամիջոցի լրագրող Ջեկ Բլենչրդի, կան դիվանագետներ, որոնք այդ արտաքսումները բնութագրում են «մանկական եւ ինքնակործան քայլեր»:
«Ինդիփենդենտ» անգլիական հեղինակավոր թերթը ընդարձակ հոդված է տպագրել թունավորման նյարդային գործոնների պատմության վերաբերյալՙ հիմնվելով Լիդսի համալսարանի մթնոլորտային թունաբանության վաստակավոր պրոֆեսոր Ալաստեր Հեյի ուսումնասիրությանց վրա:
Ստորեւ թարգմանաբար քաղում ենք որոշ տեղեկություններ այդ հոդվածից:
Նյարդային թունավորման նախորդ գործոնները
Քիմիական այդ մահացու գործոնի առաջին տարբերակը աշխարհին հայտնի դարձավ «տաբուն» անունով (գերմաներեն, «տաբու»), երբ 1936-ին տաղանդավոր գերմանացի քիմիկոս Գերհարդ Շրեդերը հետազոտում էր օրգանոֆոսֆատ բաղադրություններ Երրորդ Ռայխի համար: Նա փորձում էր գտնել հարմար միջատասպան միջոցներ բարելավելու համար բերքատվությունը, բայց շատ շուտ անդրադարձավ, որ «տաբունը» չափազանց թունավոր էր գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Փորձարկումները շարունակելով մեկ տարի անց նա հայտնաբերեց ավելի ուժեղ մի նյութ, որին անվանեց «սարին»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցների հետախուզական մարմինների հարցերին պատասխանելով Շրեդերը նշել էր, որ ինքն ստիպված էր նացիստական իշխանություններին տեղեկացնել իր հայտնագործությունների մասին, եւ չնայած երկու թունավոր նյութերն էլ օգտագործվել էին ռազմարդյունաբերության մեջ, դրանք ոչ մի անգամ չէին օգտագործվել Գերմանիայի հակառակորդների դեմ:
Չօգտագործելու պատճառները հստակ չեն: Որոշ պատմաբաններ հիշատակում են, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ Հիտլերն ինքը ենթարկվելով քիմիական զենքի ազդեցություններին, զզվանք է զգացել դրա նկատմամբ: Ուրիշներ նշում են, որ Չերչիլը նախազգուշացրել էր Հիտլերին, որ քիմիական կամ կենսաբանական նյութերի օգտագործման պարագայում ստանալու էր համարժեք պատասխան: Ինքը Շրեդերը հետպատերազմյա մի բրիֆինգի ժամանակ ասել էր, որ այդ ընթացքում այլ գիտնականներ աշխարհում (նաեւ Բրիտանիայում) նույնպես աշխատում էին օրգանոֆոսֆատ բաղադրությունների բացահայտման ուղղությամբ եւ համարյա վստահ էր, որ նրանք էլ հայտնաբերել էին նյարդային թունավորման այդ նյութերը, եւ եթե Գերմանիան օգտագործեր, նրանք էլ կօգտագործեին այն Գերմանիայի դեմ: Իրականում Շրեդերը սխալվում էր: Միայն Գերմանիան էր տիրապետում այդ քիմիական նյութերին:
Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն, Մեծ Բրիտանիան, Մ. Նահանգները եւ Խորհրդային Միությունը տիրապետեցին նացիստների քիմիական գաղտնիքներին, քանի որ գերմանացի գիտնականներն սկսեցին աշխատել հաղթանակած երկրներում: Գերիշխող կարծիքն այդ ժամանակ այն էր, որ քիմիական զենքերը վստահաբար կօգտագործվեն ապագա հակամարտություններում:
Բայց «տաբունը» եւ «սարինը» ունեին իրենց սահմանափակումները: Նրանց կարելի էր օգտագործել միայն արագ տեղաշարժվող մարտադաշտերում, որովհետեւ ջրի հետ հարաբերվելիս նրանք անմիջապես գոլորշիանում էին եւ շատ արագ կորցնում իրենց թունավոր հատկանիշները: Սա էլ հիմք ծառայեց, որ ավելի «երկարակյաց» նյութեր որոնեն գիտնականները:
Դրանք հայտնաբերվեցին Մեծ Բրիտանիայում 1950-ական թվերին: Դրանց մեջ էր VX անունով հայտնի (քիմիական) նյարդային թունավորման նյութը, որն օգտագործվեց հետագայումՙ 2017-ին, սպանելու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի արյունակից եղբայր Կիմ Չեն Նամին Կուալա Լամպուրի օդանավակայանում: Ի տարբերություն «տաբունի» կամ «սարինի», VX-ը պարունակում է յուղային խտություն, որը դանդաղեցնում է գոլորշիացման ընթացքը: Այդ պատճառով էլ բաց տարածքում (փողոցներում, հրապարակներում) շարժվող մեքենաներն ու զորամիավորումները կորցնում են իրենց շարժունողականությունը, եթե այնտեղ կիրառված է այդ նյութը:
Ո՞ւմ կողմից է վերահսկվում
Ներկայիս մոտ քսան տեսակի նյարդային ազդեցության նյութեր են մշակված աշխարհում եւ բոլորն էլ ցուցակագրված են 1997-ի Քիմիական զենքի պայմանագրում (ՔԶՊ). «նովիչոկները» բացառություն են, որովհետեւ երբեք չեն հայտարարվել:
Նախքան նյարդային ազդեցության նյութերի հայտնաբերումը, հակամարտությունների ժամանակ մոտ 1,5 միլիոն զինծառայողներ ազդվել են քլորի, ֆոսգենի կամ մանանեխային գազի նման գրգռիչ թունավոր նյութերից: Նրանցից 8-ից 10-ը տոկոսը մահացել է:
Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր քիմիական զենքեր օգտագործվել են Իտալիայի կողմից Հաբեշստանում (Եթովպիա) 1935-6 թվերին, Ճապոնիայի կողմիցՙ Չինաստանում (Երկրորդ աշխարհամարտում), Եգիպտոսի կողմիցՙ Եմենում 1963-67 թվերին, Իրաքի կողմիցՙ Իրանում (1983-88 թվերին) եւ Քուրդիստանում (1988): Սարինը օգտագործվել է «Սում Շինրիկյո ահեղ դատաստանի օրվա կրոնական պաշտամունքի» հետեւորդների կողմից 1995-ի Տոկիոյի մետրոյի կայանի վրա հարձակման ժամանակ: 13 հոգի սպանվել էր, հազարավորներՙ հիվանդացել: Սա, իհարկե, ամբողջական ցուցակը չէ, բայց հաստատված է, որ զոհերը եղել են քաղաքացիներ, եւ ոչ թե զինծառայողներ:
Իրաքի կողմից Քուրդիստանի Հալաբիյա քաղաքում կատարված քիմիական հարձակումը քաղաքացիների վրա (1988-ին) արագացրեց քիմիական զենքի քննարկումները եւ 1997-ին «Քիմիական զենքի օգտագործման պայմանագիրը», 65 երկրների կողմից վավերացվելուց հետո, դարձավ միջազգային օրենք:
Այսօր այդ պայմանագրի անդամավճարը լրիվ վճարած երկրների թիվը հասնում է 192-ի: Հյուսիսային Կորեան, Իսրայելը, Հարավային Սուդանը եւ Եգիպտոսը դեռեւս անդամ չեն, բայց ենթակա են կատարելու այդ պայմանագրի բոլոր պարտավորությունները, քանի որ այն արդեն միջազգային օրենք է դարձել:
Քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը (OPCW) վերահսկում է վերոնշյալ օրենքի կիրառումը եւ առ այսօր հայտարարված քիմիական զինապահեստների 96 տոկոսը արդեն իսկ ոչնչացվել է: Ռուսաստանը հայտարարել է, որ ոչնչացրել է 40 հազար տոննա իր պաշարներից: Մ. Նահանգները խոստացել է ամբողջովին ոչնչացնել իր քիմիական զինապահեստները մինչեւ 2021-22-ը:
Ամեն տարի կոնվենցիայի տակ ստորագրած երկրները պարտավոր են OPCW-ին հաշվետվություն ներկայացնել նման զինամթերքի տեղանքի, արտադրության, օգտագործման, վաճառքի կամ ոչնչացման մասին: Կազմակերպությունը նաեւ անցկացնում է տեղանքների տարեկան ստուգումներ:
Ի՞նչ է նովիչոկը
Այս տարվա մարտի 16-ին OPCW կազմակերպությունը հայտարարել է, որ «նովիչոկի» մասին ոչ մի երկիր ցարդ ոչ մի տեղեկություն չի ներկայացրել: Կասկած չկա, որ «նովիչոկի» ընտանիքին պատկանող նյարդային թունավոր ազդեցության նյութեր գոյություն ունեն աշխարհում: Այդ մասին են վկայել որոշ վտարանդիներ Ռուսաստանից: Հավանաբար դրանցից մեկն է օգտագործվել թունավորելու Սկրիպալներին եւ Բեյլիին:
Նյարդային թունավորման այդ գործոնները օրգանոֆոսֆատ միացությունների ընտանիքի մաս են կազմում: Բոլորն էլ նույն ձեւով են գործում, արգելակելով ացետիլխոլին էսթերազ (AChE) ֆերմենտի գործունեությունը: Այդ ֆերմենտը գտնվում է մարմնի տարբեր մասերում, բայց նյարդերի եւ մկանների միացման կետերում գտնվող ֆերմենտի գործունեությունն է, որ ամենակրիտիկականն է: AChE-ն է, որ կարգավորում է նյարդից մկան փոխանցվող «հրամանը», անգործունեության մատնելով նյարդային գրգիռների քիմիական փոխադրիչ հանդիսացող ացետիլխոլինը, որը չնչին քանակությամբ գտնվում է օրգանիզմի հյուսվածքներում (նյարդային հյուսվածքում, սրտում, կմախքային մկաններում):
«Նովիչոկի» նման թունավոր նյութերը առաջացնում են շնչառական արգելափակումներ: Թթվածնի պակասն էլ լուրջ վնաս է հասցնում սրտի եւ ուղեղի աշխատանքներին:
Թե կոնկրետ որտեղ եւ ում կողմից են այդ նյութերը հայտնվել կամ օգտագործվել Սկրիպալների դեմՙ առայժմ պարզ չէ: «OPCW-ն» Հաագայի մոտ Ռայսվիկ քաղաքում գտնվող իր լաբորատորիաներում քննելու է այդ նյութի նմուշները, որից հետո ՄԱԿ-ն է, որ արդյունքների հիման վրա կայացնելու է իր վճիռը այս կամ այն երկրի նկատմամբ:
Թունավորման տեղանքում
Իսկ ինչպիսի՞ն է կացությունը Սոլզբերիում, որտեղ տեղի էր ունեցել թունավորումը: Նյարդային այդ գործոնը կարող է թունավորել որեւէ անձի` շնչառական ուղիների, անմարսողության կամ մաշկային շփման միջոցով: Այդ պատճառով էլ Սոլզբերիում քննիչ-հետազոտողները դիմակներով են կատարում իրենց գործը: Նրանք ամենաշատն են վտանգի ենթարկում իրենց կյանքը: Առայժմ մոտ 130 հոգի կարող է այդ նյութի հետ առնչված լինի, բայց ոչ մեկը բացի Սկրիպալներից եւ Բեյլիից հիվանդության որեւէ ախտանշան չի ցուցաբերել: Սկրիպալներն ու Բեյլին անգիտակից վիճակում են եղել եւ ոչինչ հայտնել չեն կարողացել: Նրանք շնչառության դժվարություններ են ունեցել, եւ մկանների ջղաձգություն են զգացել: Հնարավոր է, որ արյան ճնշման անկում էլ են ունեցել:
Հակաթունային միջոցներ գոյություն ունեն եւ ազդեցիկ են հատկապես, եթե ժամանակին եւ անմիջական են օգտագործվում: 1948-ից ի վեր 4 շատ լուրջ եւ մոտ 200 նվազ լրջության դեպքեր են արձանագրվել:
Ճակատագրի բերումով Մ. Բրիտանիայի քիմիական զենքի կիրառման դեմ պայքարող խմբավորումը գործում է Պորտոն Դաունում, որը Սոլզբերիի հարեւանությամբ է գտնվում: Փորձարկումներ, քիչ չափաբաժին նյարդային թունավոր նյութերով, կատարվել են հարյուրավոր զինծառայողների վրա, իսկ 1953-ին 20-ամյա օդաչու Ռոնալդ Մեդիսոնը մահացել է վատ կամ սխալ փորձարկման հետեւանքում:
Միջազգային լարվածության ներկա պայմաններում, ամենից շատ առողջ դատողության տեր, սառնասրտությունը պահպանող անձնավորությունների կարիքն է զգացվում: Հույս ունենանք, որ կգտնվեն այդպիսիք, իսկ առայժմ առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթենք երեք տուժողներին: