Ինչի մասին որ գրում եմ` տարվա բոլոր մյուս օրերին նույնպես այդ մասին մտածում եմ, ուղղակի մարտի 8-ին գրասեղանի առաջ նստած կին լրագրողը չի կարող հաջորդ օրը հրապարակվելիք նյութում այս «մանրիկ» թեման հանգիստ թողնել, ինչպես սովորաբար, ու մեծ-մեծ-համապետակաաան թեմաներից գրել: Եթե ուզում եք իմանալ` ավելի մեծ թեմա, քան մարդկության գեղեցիկ կեսի թեման է` չկա, քանի որ մարդկության մյուս` արական կեսի կյանքի որակը, հետեւաբար ընդհանրապես բոլորիս կյանքի որակը կախված է հենց կանացի կեսից: Մանավանդ Հայաստանում, ուր կանայք թվում է մի կողմից դեռ ավանդական կարծրատիպերից այնքան էլ չեն ազատվել ու ընտանիքում այն դերում են, ինչպես որ տասնամյակներով եղել է` դոմինանտությունը թողնելով տղամարդուն:
Մյուս կողմից` չի կարելի ասել, թե հայ կնոջ խոսքն ընտանիքների մեծ մասում անտեսված է, ընդհակառակը, ակնհայտ, թե թաքնված, հայ կնոջ մտմտած սցենարով է ապրում հայ ընտանիքը` երեւութապես տղամարդու համար առաջնային տեղն ապահովող տեսանելի առաջին պլանը կադրում պահելով հանդերձ:
Տարբեր ձեւախեղումները եթե մի կողմ թողնենք, սա ընտանիքի լավագույն մոդելներից մեկն է աշխարհում` թվում է ամեն ինչ որոշում է տղամարդը, իրականում այդ որոշումների վրա հսկայական ազդեցություն ունի կինը: Ընկալումների խնդիր է` դա կեղծիք անվանե՞լ, երեսպաշտությո՞ւն, թե՞ հայ տղամարդու եւ կնոջ կոմպրոմիս` հաղթահարելու համար ընտանիքի համար ամենեւին ոչ բարենպաստ ժամանակներն աշխարհում: Բոլոր դեպքերում այդ կոմպրոմիսը հայ կնոջ շնորհիվ է, որն այսօր չի ուզում հետ մնալ նորաձեւությունից, աշխարհում բարքերի նորացումից, սեփական տաղանդների եւ շնորհների իրացումից, միաժամանակ` ընտանիք եւ երեխաներ ունենալը կյանքի գլխավոր պայման համարելով, մի բան, որ եվրոպական երկրներում այդքան միանշանակ չի ստացվում:
Այդ բոլորը հայ կինն անում է մի բան զիջելով, մի բանից իրեն զրկելով, մի բանում խտրական վիճակում լինելով, մանավանդ` սոցիալապես բեւեռացված եւ ընտանիքի համար ոչ բարենպաստ Հայաստանի պայմաններում: Ու այստեղ ոչինչ անել չեն կարող տարաբնույթ եվրոզեկույցները կնոջ իրավիճակի մասին Հայաստանում. հասեք հայ կնոջ բազմազբաղ կյանքի հետեւից, հետո միայն տարատեսակ զեկույցներ գրեք, սիրելի եւ անմոռանալի եվրոպացիներ:
Հայ տղամարդկանց թվում է, թե աշխարհը հենց այդպես էլ կառուցված է` իրենք են, որ կան, իսկ կինը պետք է անընդհատ զիջի այս կամ այն մրցակցությունում: Բայց սա առաջին հերթին հայ կնոջ ընտրությունն է, հենց նա է երեխաներին ու ընտանիքը գերադաս դիտում մնացած ամեն բանից: Հենց այդ ընտրությունը փոխվի` կփոխվեն նաեւ մնացած ընկալումները ե՛ւ կնոջ դերի, ե՛ւ ընտանեկան հարաբերությունների մասին: Այս առումով, կարելի է ասել, ապագան հայ կնոջ եւ նրա ընտրության ձեռքում է:
Հետաքրքրական դիտարկում` գիտնականների թարմ հետազոտություններով` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող կանայք վերջին 8 հազար տարվա ընթացքում գենետիկական առումով փոփոխությունների չեն ենթարկվել: Միգուցե գենետիկան, իրոք, այստեղ դեր ունի, ինչպես ասում են` գենին չես խաբի: Սակայն սա չի նշանակում, թե հայ կանայք չպետք է իրենց 21-րդ դարի զավակ զգան, ըստ այդմ` տղամարդկանց հետ հավասար կառավարեն, ստեղծագործեն, իրացնեն իրենց բոլոր շնորհքները: Առայժմ կառավարող տղամարդիկ դժկամությամբ ու սանտիմետր առ սանտիմետր են ինչ-որ բան զիջում այն հայ կանանց, որոնք հավակնում են միջին օղակից վեր բարձրանալ:
Կառավարման առաջին մակարդակներում մեր կանայք առանձնապես չեն հայտնվում, ուր տղամարդիկ գերադաս դիրքերում են` ավանդաբար տուն պահողի կերպարի մեջ, ու այդ մտայնության պատճառով հաճախ արժանի կանանց տեղը գրավելով աշխատանքում, հանրային տարբեր մակարդակներում: Սակայն, միեւնույն է, կանայք բավարար ազդում են հանրության տրամադրության ու ջերմաստիճանի վրա, դրա համար նրանք հաճախ դիմում են միջնորդավորված եւ անուղղակի գործիքների:
Գալով մարտի ութին`մեր տղամարդիկ երեւի պատկանում են աշխարհի այն տղամարդկանց թվին, որոնք շատ լուրջ են ընդունել մեջը հենց խտրականություն դրած այս տոնը` տարվա մի օրը կանանց կին ու նրբագույն էակ համարելու ուղերձով, կամ էլ` խորամանկում են` այդ մի օրով (իսկ միամսյակը հիմարություն է) գլուխ ազատելով իրենց ամենօրյա ջանքերից:
Ու երկրի ղեկավար տղամարդկանցից սկսած մինչեւ սովորական հայ մարդ այս մի օրը կնոջ մեծարման մի շքահանդես ու ռեկորդներ են ցուցադրում: Երբեմն լավ բան անելու մղումից (երեւի շտապողականությունից միշտ լավ բանը կուտ է գնում)` հաճախ հեռանում են տոնի բուն բովանդակությունից: Ասենք` երկրի ղեկավարը իր այցերը լուսաբանած կին լրագրողներին է միայն շնորհակալություն հայտնում` զանազան մեդալներով, ոլորտում ճանաչված եւ լրագրությունն իսկապես իր բարձրության վրա պահող, ու այդպես պետությանն աջակցող լրագրողուհիների հերն էլ անիծած: Անձամբ ես հարգանքի արժանի եւ լրագրության կայացման համար ջանացած տասնյակ կին լրագրողների անուններ կարող եմ տալ, որոնք արժանի են գնահատանքի, եւ ինձ համար անհասկանալի է խտրականույան դեմ բողոքի օրվա համատեքստում կին լրագրողների հանդեպ այդպիսի խտրականությունը :
Բարերարներն այս օրը բազմազավակ մայրերի եւ անապահով շերտերի կանանց կյանքն են մի փոքր քաղցրացնում, ոլորտ առ ոլորտ կանանց զարմացնելու ու ջերմացնելու նորանոր միջոցներ են հորինում ու գտնում: Այս մի օրվա էներգիան որ հավասարաչափ բախշվեր տարվա օրերի վրա` երեւի մի երկու ամիս հերիքեր բոլոր կանանց: Բայց չէ, հայերիս չափը չափազանցն է, այնքան չափազանց, որ հեռուստաաղբով ազգի հերն անիծող սերիալագրին Խորենացու մեդալ ենք տալիս (մեղա, մեղա), իսկ շոումենին համարում մշակութային գործիչ: Լավ, կանցնի-կմոռացվի, շատ լուրջ չենք ընդունում, բայց չի մոռացվի արժեքավոր մշակույթն ու արժեք ներկայացնող գործիչներին ըստ քաղաքական նպատակահարմարության անտեսելու` մեր վերեւների որդեգրած միտումը, որը մարտի 8-ին հատկապես ավելի ցայտուն է երեւում: Իսկ ընդհանրապես` երեւի թեթեւ պետք է նայել այդ ամեն ինչին, բայց… ախր թեթեւ նայեցինք, գլուխ չդրեցինք, որ նախ` բարքերն այլանդակող սարսափելի սերիալներով է լցված ազգին դրական լիցքեր հաղորդելուն կոչված հեռուստաէկրանը, երկրորդ` դա քիչ է, այդ անողին էլ պարգեւատրում են:
Իսկ արժանի կանայք, իրոք, Հայաստանում կան, նրանք եղանակ ստեղծում են, անկախ նրանից` նրանց մեդալ տալիս են, թե ոչ, եւ փառք Աստծո: Արժանի հայ կանայք, որոնցով նաեւ հպարտանում է հայ հանրությունը, կան ողջ աշխարհում, նրանց մասին պե՛տք է պատմել ողջ տարվա ընթացքում, նրանք բարի հունդեր են շաղ տալիս` հայ աղջիկներին աճելու, զարգանալու ձգտում փոխանցելով:
Սիրելի տղամարդիկ, շանս տվեք նրանց մեր երկրում, դա հնարավոր է: Մյուս օրերին եւս նրանց ավելի ճիշտ գնահատեք, նրանց ուժերին ավելի ապավինեք, միգուցե կինն ավելի փափուկ կդարձնի ե՛ւ երկրի կառավարումը, ե՛ւ զանազան պրոբլեմների լուծման ավելի հնարամիտ ձեւեր կառաջարկի, ե՛ւ ավելի խոհեմ որոշումներ կկայացնի: Ի վերջո խելացի կանանց պակաս հայերը երբեք չեն ունեցել, եւ հիմա էլ չունեն: Ուղղակի պիտի նրանց գտնել, նրանց ներուժն օգտագործելու իմաստնություն պետք է ունենան տղամարդիկ, մենակ կուսակցական կանանց գործի չդնեն: Արժանավոր կանայք մեզ մոտ ամենուր են, նայեք, եւ կտեսեք. օրինակ` կառավարությունում մեր նախարարների կեսը գոնե պիտի կին լիներ, բայց դե մեզ մոտ ընդունված է, չէ՞, տղամարդիկ պիտի տուն պահեն, ու տասնութ նախարարի հաստիքների գոնե կեսը ո՞նց զիջեն կանանց:
Ի վերջո խորհրդարանական կանանց որ նայում ես, երբեմն զգում ես, որ նրանց մեծ մասը շատ լավ է աշխատում: Անկախ նրանից` կիսում ես նրանց հայացքները, թե՞ ոչ, խորհրդարանին ծանրակշիռ տեսք են տալիս հենց կանայք, հատկապես ամենաակտիվները: Բա լավ, ինչու չի կարելի գոնե մեկ ձեռքի մատների վրա հաշվվող կին նախարար ունենալ:
Գործարար կանանց շրջանում էլ հայտնվել են նորովի մտածող ու նախաձեռնող երիտասարդները: Արվեստում ու մշակույթում թարմ գաղափարներ ու արարումներ կան, հաճախ գնահատվող անճաշակությունից շատ ու շատ բարձր:
Լրագրությա՛ն մեջ էլ եղանակ ստեղծողը կանայք են կարծես, մի քանիսը պարզապես նոր ոճ են բերում:
Չեմ հասկանում նրանց, որ ասում են` այ կին, գնա տուն, ճաշդ եփի՛ր, բա քեզ վայե՞լ է հեղափոխությունը: Ճաշը եփում ենք, մնացած բաներն էլ ենք հասցնում, երեխաներն էլ են մաքուր ու կուշտ, ու դա ոչ մի կապ չունի արժանիքն ու տաղանդն իրացնելու հետ, մեր կանայք պարզապես ամեն ինչ հավասար ուժով են հասցնում, հնուց այդպես է, արյան պարունակությունն է այդ լիցքով, հնարավոր չէ փոխել: Ու դա եղել է բոլոր ժամանակներում` որ կարդում ես պատմությունը, գալիս հասնում ես մոտակա տասնամյակներ ու մեր օրեր` զգում ես որ նույն կերպարներն են` հագուստներն են տարբեր, սովորույթները, ճաշակն ու մոտեցումները` ըստ տեղի ու ժամանակի, բայց անհանգիստ հոգին նո՛ւյնն է` ոչնչից ամեն ինչ ստեղծելու, առաջամարտիկ լինելու, զավակներին մարդ սարքելու անհանգիստ հոգի՛ն է այդ տարբեր հագուստների, սովորույթների ներսում:
***
Իմ չսիրած տոն` մարտի 8, ուղղակի այս անգամ ինձ փրկեցիր ծեծված բաներ գրելուց: Օրինակ` պիտի գրեի ՏՄՊՊՀ -ի նոր ու զարանահրաշ լիազորությունններից, որոնք երկու օր առաջ օրենքով սահմանեց Ազգային ժողովը, եւ որոնք ստանալուց հետո այս հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոոյանն անմիջապես հայ սովորական կանանց վիճակը բարելավելու է` օլիգարխներին կարգի հրավիրելով ու կարագի, բանանի գները կիսով չափ իջեցնելով, բա: Կամ` այն մասին, որ հաջորդ վարչապետին օրը մի քանի նոր լիազորություն են շնորհում… օրենքով, էլ լիազորություն չմնաց, որ նախագահից չվերցնեն ու վարչապետին չտան: Նոր նախագահը երեւի հիմա մտածում է` «Ավերակաց ո՞նց թագավորեմ», որ թարգմանաբար կնշանակի` լիազորություն ունե՞մ, որ թագավորեմ: Մեկ-մեկ մտածում ես, լավ, բա որ հանկարծ էդ բոլոր լիազորությունները, որ կոնկրետ անձի համար են,բաժին հասնի ուրիշ մեկին (տարբեր պատճառներով), նրանք ո՞նց են վարվելու այդ լիազորությունների հետ… Որ մտածում ես` սարսափում ես: Ասենք` խորհրդարանական ուզած խմբակցության ղեկավարը դառնա վարչապետ` անուն առ անուն պատկերացրեք: Կամ` Արթուր Բաղդասարյանը: Կամ` Լեւոն Զուրաբյանը: Պատկերացրի՞ք: Կամ` այդ անսահմանափակ լիազորությունները միայն մոտակա վարչապետի, թե՞ նաեւ հաջորդ վարչապետների համար են. լիազորություններին անհամապատասխան ղեկավար ունենալու դեպքում հո սահմանադրությունը հետ չե՞նք փոխելու; Էլի խորացա, ախր մարտի ութի մասին էի գրում…