Դեռեւս երեսուն տարի առաջ խորհրդային իշխանության փլուզումն անիրական ու անհավանական երեւակայության բուռն դրսեւորում էր որակվում: Երեսուն տարի առաջ անհավանական կհամարվեր նաեւ միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանական վանդալիզմից Արցախի փրկության ու հայկական անկախ պետականության վերականգնման փաստը: Սակայն, պատմությունն այլ անակնկալ մատուցեց: Անհավանականն այսօր արդեն իրական է: Երեսուն տարի, եւ այսօր Եվրոմիության բարձրադիր հարթակներում հայկական կազմակերպությունների աջակցությամբ աշխարհին է մատուցվում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում, Թուֆիկյան հիմնադրամի եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աջակցությամբ փետրվարի 27-ին, եվրոպատգամավորների մասնակցությամբ, Եվրոխորհրդարանում կազմակերպվել էին Լեռնային Ղարաբաղի ազատագրման 30-ամյա տարեդարձին նվիրված քննարկումներ:
Համառոտ անդրադարձովՙ եվրոպատգամավոր Միշել Ռիվասին խոսեց Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերից, նշելով, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է միջազգաին հանրության ուշադրության կիզակետում եւ որ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի խաղաղ ճանապարհով խնդրի լուծման ջանքերը: Իսկ Շվեդիայի պատգամավոր Լարս Ադակսոնն համակարծիք էր, որ եվրոպատգամավորները տեղերում նստած, միայն լսելով չեն կարող իրական պատկերացում կազմել Արցախի վերաբերյալ, այլ պետք է գործնական քայլեր անեն, հաճախակի այցելեն Ղարաբաղ, ծանոթանան հուզող խնդիրներին, հանդիպեն եւ խոսեն տեղի ժողովրդի հետ:
Ի դեպ, նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանի տասնվեց պատգամավորներ, Դանիայից պատգամավոր Անդրես Պրիմալ Վիթսենի նախաձեռնությամբ գրավոր հարցով դիմել էին Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիինՙ բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչներն ու ԵՄ այլ պաշտոնյաներ երբեք չեն այցելում Արցախ: Պատգամավորները նշել էին նաեւ, որ Արցախի ժողովուրդը քաղաքական մեկուսացման է ենթարկված, եւ Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցներըՙ խոչընդոտելու միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ:
Կարեւորելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, ՄԱԿ-ի անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ Դը Զայասն իր գնահատականը տվեց միջազգային օրենքներով ինքնորոշման իրավունքի, պետական ինստիտուտների դերի, հանրաքվեի կարեւորության շուրջ: «Վերջին տարիներին քսանից ավելի նոր պետություններ են կազմավորվել, եւ ազգային ինքնորոշման սկզբունքը որոշիչ դեր ունի ժողովրդական պետության կայացման համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, եւ միջազգային հանրությունը պետք է կարեւորի այս սկզբունքը», իր հերթին համոզմունք հայտնեց եվրոբանախոս, միջազգային հարաբերությունների իրավագիտության պրոֆեսոր Պոլ Վիլյամսը :
Իր հերթին, Ռուսաստանից բանախոս, միջազգային իրավունքի մասնագետ Սերգեյ Մարկեդոնովն հավաստեց, որ ի տարբերություն այլ պետությունների, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, եւ դա է պատճառը, որ մշտապես պատերազմական վտանգն առկա է այնտեղ:
ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը կոչ արեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հանդիսանա բանակցող կողմ եւ հիմնախնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ պետք է լուծում ստանա :
Ի դեպ, այսօրինակ լսումներ եվրոխորհրդարանում պարբերաբար կայացել են, բայց առաջին անգամ քննարկումները տապալելու փորձ արվեց Ադրբեջանից եկած ուսանողների կողմից: Նրանք նիստը խանգարելու միտումով «Խոջալու-Գենոցիդ» պաստառներով դահլիճ ներխուժեցին, սակայն րոպեներ անց Հայ դատի գրասենյակի աշխատակիցների միջամտությամբ ցուցարարների բողոքի ակցիան կասեցվեց եւ ցուցարարներին հարցեր տալու հնարավորություն տրվեց: Եվրոպական բուհերում ուսանող ադրբեջանցիներն իրական պատմությանը ծանոթ չէին այնքան, որ երբ տեղեկացան Խոջալուում կատարվածի իրական մանրամասները, լռեցին եւ անգամ երկրորդ հարց տալու հնարավորությունը չօգտագործեցին: Միայն գլխիկոր դուրս եկան սրահից:
Արցախի Հանրապետության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ Տանը Ցվետանա Պասկալեւայի մասնակցությամբ ցուցադրվեց Ղարաբաղին նվիրված իր ֆիլմը: