Ղարաբաղյան շարժումը 30 տարեկան է
Երեսուն տարի առաջ այս օրերին Հայաստանում եւ Արցախում հայերիս համար կարեւոր իրադարձություններ էին կատարվում` սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի ազատագրմանն ու Հայաստանի անկախությանը:
Բեկումնային այս իրադարձություններն իրենց երրորդ տասնամյակի լրման այս շրջանում մի տեսակ համարժեք վերաբերմունքի չեն արժանանում, մեր ԶԼՄ-ների միտքն ավելի շատ եւ ընդհանրապես զբաղված է մոտակա պաշտոնափոխություններով ու պաշտոնաստանձնումներով, քան թե ողջ հայության համար ճակատագրական այս իրողությանը արժանին մատուցելով:
1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպվեց զանգվածային ցույց, որը պահանջեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Հայաստանին: Փետրվարի 16-ից մինչեւ մարտի 2-ը Ստեփանակերտում ցույցերը գրեթե չդադարեցին:
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Այդ օրը Երեւանում սկսվեց ցույց` ի աջակցություն արցախահայության:
Ղարաբաղյան շարժման կնքահայրերից մեկը` այժմ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ղարաբաղյան շարժման մեկնարկը Հայաստանում մի քան օր ավելի վաղ է թվագրում: Նրա հետ զրույցը անցյալն ու ներկան վերագնահատելու մի փոքրիկ փորձ է, չեն շրջանցվել նաեւ ներկայի հետ կապված մի շարք հարցեր:
– Երեսնամյա կտրվածքով հետ նայենք ու փորձենք գնահատել ղարաբաղյան շարժումը նախ, ապա հասկանանք` արդյոք այսպիսի պետությո՞ւն էիք ուզում կառուցել, այսպիսի պետության տեսլակա՞ն էր շարժման ղեկավարների մտապատկերում:
– Գնահատականները դեռ մասնագետները տալու են, ընդամենը նշեմ ամենակարեւորը. նախ եւ առաջ` հայերը հարյուրամյակներ երազել են անկախություն ձեռքբերելու, հողերի հավաք կազմակերպելու մասին, գոնե մեր կորցրած տարածքների այն հատվածները, որոնք հայերով են բնակեցված մնացել` Հայաստանին միավորելու մասին: Շատ բարենպաստ պայմանների դեպքում էր միայն հնարավոր այդպիսի հարց լուծել: Ղարաբաղյան շարժմամբ, այդպիսով, երկու ֆանտաստիկ խնդիր լուծվեց` նախ Հայաստանը դարձավ անկախ պետություն, ապա Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ դեֆակտո տեղի ունեցավ: Շատ դաժան պատերազմում մեզանից տեխնիկապես, թվով, ֆինանսներով, զենքով ավելի հզոր թշնամուն կարողացանք հաղթել: Այդ բոլորն, իրոք, այլ բառով, քան ֆանտաստիկն է, հնարավոր չէ բնորոշել:
Արդյոք այսպիսի՞ պետություն էինք ուզում կառուցել` կարծում եմ, որ այստեղ, իհարկե, թերություններ մենք շատ ունենք: Ուզում էինք եւ հիմա էլ ուզում ենք մի շատ բարգավաճող պետություն կառուցել, որը դերակատարություն ունենա տարածաշրջանում, զարգացող տնտեսություն ունենա, քաղաքացիներն այս երկրում ապրեն հպարտ` այդ ամենը դեռ չի իրականացել: Այդ ամբողջը կարելի՞ էր իրականացնել երեսուն տարում, ավելի արդյունավետ ճանապարհով գնալ կամ ավելի արդյունքների հասնել`կարծում եմ, որ հնարավոր էր: Եթե հիմա հետ դառնանք ու քննարկենք ինչն ու ինչպեսը, թե տարբեր խաչմերուկներում ինչո՞ւ ճիշտ որոշումներ չեն ընդունվել, կամ եղել են սխալներ, եղել են հանցագործություններ, ու եկել ենք վիճակին, որը լրիվ բավարար վիճակ չէ, դա շատ ջուր կվերցնի:
Բայց ի տարբերություն այն խնդիրների, որոնք հնարավոր էր լուծել միայն համազգային մեծ ջանքերով եւ բարենպաստ պայմաններում (Հայաստանի ու Արցախի անկախությունն օրինակ), համաշխարհային քաղաքակրթությունից օգտվելով`այդպիսի ֆանտաստիկ խնդիրների առջեւ մնացած բոլոր խնդիրները թվում են ավելի փոքր, որովհետեւ դրանք դեռ լուծելի են: Յուրաքանչյուր երկիր իր ներսում անընդհատ պայքարի միջոցով վիճակը լավացնում է:
– Վերադառնանք սկիզբ: Գոյություն ունեն միֆեր, որ շարժումը միայն ժողովրդաական մաքուր շարժում չէր, այլ մասնակից էին կամ ուղղորդում էին այլ երկրների ծառայություններ, միգուցե` նաեւ ռուսական: Ես կուզեի մի փոքր բացեիք Ձեր վերաբերմունքն այդ միֆերի նկատմամբ:
– Գիտե՞ք ինչ, ես ասում եմ որպես «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ. մենք անում էինք այն, ինչ գտնում էինք ճիշտ մեր երկրի համար: Դա համընկնում էր ինչ- որ պետությունների շահերին, չէր համընկնում` դա մեզ բացարձակապես չէր հետաքրքրում: Եթե դու գործողություն ես անում, պետք է կարողանաս քո գործողությունները, քո ազգային խնդիրները տեղավորել համաշխարհային հոսանքի մեջ: Մենք կարողացանք ղարաբաղյան հարցը տեղավորել համաշխարհային եւ Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացների մեջ: Դա պահանջում էր որոշակի քաղաքական վարպետություն: Ոչ թե որոշակի էմոցիաներով էինք առաջնորդվում, այլ «Ղարաբաղ » կոմիտեն մտածված էր ընթացքը ինչ-որ ճանապարհով տանում: Ցանկացած բան, որ անում ես` դա կարող է ինչ-որ մեկին ձեռնտու լինել, ինչ-որ մեկին` ոչ:
Մեր գործողությունները բերեցին նրան, որ Խորհրդային Միությունում առաջին անգամ հսկայական ցույցերը հնարավոր դարձան, որոնք նաեւ օգտակար դարձան Մերձբալթիկայի ժողովուրդների համար` իրենց անկախության ճանապարհին: Գիտակցում կար, որ սա կշահագրգռեր նաեւ Արեւմուտքին` մեզ նպաստելու տեսակետից, որովհետեւ իրենց համար Խորհրդային Միության թուլացումը կամ ժողովրդավար դառնալն օգտակար էր:
Շատ ժամանակ էր առաջանում այն միտքը, որ այն, ինչ մենք անում ենք, միգուցե ձեռնտու է սրան կամ նրան: Բայց ես հստակ դրեցի` մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք գտնում, իսկ ուրիշներին օգուտ է-օգուտ չէ`դա իրենց պրոբլեմն է:
– Բայց կոմիտեն միակա՞մ էր արդյոք, չէ՞ որ կոմիտեի կազմի այս կամ այն անդամի մոտ կարող էր լինել այլ տրամադրություններ կամ այլ ազդակներ…
– Մեծամտություն չլինի ասել` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական գործունեության ժամանակաշրջանում մենք որոշումներն ընդունում էինք կոլեգիալ, բայց ես տանող ուժն էի: Եւ ես ինձ վրա վստահ եմ, որ երբեւէ որեւիցե ազդեցության չեմ ենթարկվել: Իսկ ներսում մենք, իհարկե, իրար հետ խորհրդակցում եւ կոլեգիալ որոշումներ էինք ընդունում: Մենք չենք կրկնել այն սխալները, որ կատարվեցին 1918 թվականին` մեր հարաբերություններում մյուս երկրների հետ: Շատ հստակ ճանապարհով էինք գնում: Հետագայում պատմաբանները եւ մասնագետները կուսումնասիրեն ու կգնահատեն շարժումը, շարժման գաղափարախոսությունը, որոշումները, որոնք կայացվել են վճռական պահերին, եւ դրանցում որեւիցե սխալ ես չեմ տեսնում: Իշխանության գալուց հետո կարելի է խոսել բազմաթիվ սխալների մասին: Բայց մինչեւ իշխանություն գալը շարժման ուղղվածությունը եղել է բացառիկ ճիշտ:
– Իսկ Ձեր կարծիքով մինչեւ այժմ շարժմանը տրված գնահատականների փորձերը կարելի՞ է նորմալ համարել:
– Շարժման ժամանակաշրջանը մեր հասարակության համար գրեթե մոռացված է: Որեւիցե լուրջ գնահատական մինչեւ այժմ չի էլ տրվել: Ապրում են դեռ այն մարդիկ, ովքեր մասնակից էին` նրանցից ամեն մեկն էլ վերմակն իր վրա է քաշում, իր դերն է ուզում մեծացնել, այդ պատճառով օբյեկտիվ մի բան անել հիմա հնարավոր էլ չէ: Իսկ սխալ, սուբյեկտիվ պատմության նկարագրությունը կամ վերլուծությունը զրկում է երիտասարդներին սովորել, հպարտանալ եւ առաջ գնալ:
– Ո՞վ պետք է անի, Դուք, օրինակ, չե՞ք…
– Դա իմ գործը չի: Բազմաթիվ մարդիկ իրենց մոտեցումները կգրեն, մասնագետները կքննարկեն: Ես հիմա դրանով չեմ զբաղվում` իմ գործն ունեմ: Այ հիմա մենք մտել ենք մի շրջան, որ երկրի ներսում պետք է առաջ գնալ, արդյունավետ երկիր ունենալ, ապահովել երկրի անվտանգությունը` ես հիմա իմ խնդիրը տեսնում եմ դրանց նպաստելու մեջ:
– Հա, բայց այս կառույցից` Հանրային խորհրդից Դուք կարող եք ազդեցություն ունենալ: Այ, հիմա Հանրային խորհրդի մասին օրենքն է քննարկվում խորհրդարանում, որով եւ խորհրդի թվակազմն է փոխվում, եւ նոր պարտականություններ են ամրագրվում, բայց մնում է հարցը` խորհրդի ազդեցությունն ավելանալո՞ւ է, նրա հետ հաշվի նստելո՞ւ են:
– Այդ օրենքը նոր Հանրային խորհրդի ազդեցությունը կմեծացնի, իհարկե, սահմանադրական մարմին է, որի վերաբերյալ օրենք կա, եւ ոչ թե նախագահի հրամանագրով է ստեղծվելու, ինչպես մինչեւ այժմ էր: Եթե Դուք հարցնում եք` դա բավարա՞ր է ազդելու համար, իհարկե, բավարար չի: Բայց ես եղել եմ ուսանող` այն ժամանակ եմ փորձել աշխատել, եղել եմ շարժման մեջ` աշխատել եմ: Այսինքն` մարդ եթե ունի նպատակներ, իր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործի` իրագործելու դրանք: Սա հնարավորություն է տալիս ինձ` շարունակելու իմ գործը:
– Գործադիր որեւէ պաշտոնում միգուցե ավելի օգտակար կլինեիք այդ նպատակների իրագործման համար:
– Դա իմ քննարկելու հարցը չէ` ունես այն, ինչ որ ունես, ուրեմն խոսիր նրա մասին, թե ինչի համար ես օգտագործում ունեցածդ:
– Վերադառնանք Ղարաբաղյան շարժմանը: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ի վերջո երկրի անկախությանը բերած շարժման երեսնամյակի հանդեպ անգամ ԶԼՄ-ներն անտարբեր են: Նրանց ավելի շատ հետաքրքրում է, թե ով կդառնա վարչապետ, ով` նախագահ, ով է միջին օղակի այս կամ այն պաշտոնի հավակնորդ, կամ` այս կամ այն խարդավանքի եւ ինտրիգի մասին են գրում, իսկ Ղարաբաղյան շարժման արժանահիշատակ տարեդարձը, իրոք, անտեսված ու մոռացված է: Փոխվե՞լ է մեր հասարակությունը, թե՞ այսօրվա վիճակն է նպաստում դրան:
– Գիտեք` մամուլը զբաղված է սենսացիա փնտրելով, հաճախ էլ սուտ գրելով: Իսկ վերլուծաբաններ-թղթակիցներ, որոնք որ գիտեն պատմությունը, ես համարյա չեմ հանդիպում հիմա: Շատերն իսկի չեն էլ իմանում շարժման մասին` երիտասարդ աղջիկներ-տղաներ են:
Շարժման սկիզբը դրեց այն խումբը, որի մեջ Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, ես եւ էլի մի քանիսն էինք, ավելի շուտ` դա մինչեւ բուն շարժումը սկսված խմորումն էր: Այն բանից հետո, երբ փետրվարի 13-ին մեծ ցույցեր եղան Արցախում` Հայաստանին միանալու պահանջով, ահա դա կարելի Շարժման սկիզբ համարել, իսկ Արցախում սկսվածի աջակցությունը Հայաստանում սկիզբ առավ փետրվարի 17-ին: Մինչ այդ Երեւանում մի քանի ցույցեր եղել էին` բնապահպանական ուղղվածության, նաեւ ԼՂԻՄ `Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում Հայաստանին միանալու պահանջով որոշումը խթանեց պայքարը, սակայն ցույցերի հիմնական ալիքը բարձրացավ փետրվարի 17-ին:
– Իսկ այդ զարթոնքի վիճակը, ոգեւորությունը ե՞րբ կոտրվեց:
– Ոչ թե կոտրվեց, այլ լղոզվեց, այդ ոգեւորությունը չլիներ, մենք պատերազմն էլ չէինք կարող հաղթել: Այսինքն` պատերազմի ժամանակ գոնե բնակչության մի շատ զգալի մասը, գոնե այն երիտասարդները, որոնք ռազմաճակատում էին, այդ ոգեւորությունն ունեին: Բայց իշխանությունների ասածն ու արածը ոնց որ թե անընդհատ սառը ջուր էր լցնում այդ ոգեւորության վրա, եւ կամաց-կամաց այդ ոգեւորությունը նվազեց, մինչեւ եկանք այն վիճակին հիմա, երբ արդեն վստահությունն է կորում ապագայի նկատմամբ շատերի մոտ:
– Եթե 1996 թվականին դուք դառնայիք նախագահ` Ձեր կարծիքով ուրիշ ճանապարհով կգնայի՞նք, Հայաստանի կյանքն ա՞յլ կլիներ:
– Ձեր հարցում երկու ենթաշերտ կա: Մեկը վերաբերում է իմ անձին` ես լավ նախագահ կլինեի: Բայց 1996 թվին ոչ թե ավելի լավ նախագահ ունենալու հնարավորությունը փակվեց, այլ ժողովուրդը հավատը կորցրեց, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոփոխություն անել, ու մի վճռական անեծք դրվեց մեր պետության վրա, որի տակից մինչեւ հիմա մենք դուրս չենք եկել: 1996 թվին ասվեց, որ Վազգեն Մանուկյանը (այս դեպքում` ա՛նձը կարեւոր չէ), թեկնածուն կարող է հավաքել հարյուր տոկոս քվե, ու միեւնույն է` ինքը իշխանության չի գա: Արդարության, օրինականության, զարգացման ամբողջ վստահությունը կոտրվեց, եւ հետագա տարիները չնպաստեցին այդ հավատքի վերականգնմանը: Դա վճռական հանցագործություն էր պետականության հանդեպ:
Իսկ հետագա խաչմերուկների սխալները… է, իսկ մենք խաչմերուկներով ենք անցնում ամեն օր, ու ամեն օր է այնպես լինում, որ ուզած որոշում կարելի էր եւ այսպես ընդունել, եւ այնպես: Երբեմն խաչմերուկները շատ կարեւոր են` օրինակ 1996 թվականինը, երբեմն խաչմերուկները փոքր են, բայց ճակատագիրը մեզ հնարավորություն է տալիս երկու -երեք ճանապարհից մեկն ընտրել: Եւ դրա համար եմ ես ասում, որ երկրի ներքին վիճակով գոհ չլինելով, այնուամենայնիվ, լավատեսությամբ եմ լցված, որովհետեւ բազմաթիվ խաչմերուկներ կան, որոնց միջոցով միշտ կարելի է շտկել վիճակը:
– Դուք բավարարվա՞ծ եք Ձեր ներկա աշխատանքով` եթե նկատի ունենանք Ձեր անցած ճանապարհը:
– Եթե հարցն ուրիշ կերպ դրված լիներ, ասենք` դու հաճույք ստանո՞ւմ ես քո աշխատանքից, ես կասեմ` այո, կամ դու օգտակար զգո՞ւմ ես քեզ այս պետությանը եւ քո գաղափարներին նպաստելու առումով, կասեմ ` այո, բայց որ ասում եք Դուք բավարարվա՞ծ եք, կասեմ` ոչ:
– Այսօրվա քաղաքական դաշտն ինչպես եք գնահատում:
– Ո՞ր` իշխանության, թե՞ ընդդիմության:
– Դե` ընդդիմություն համարյա չկա…
– (Ծիծաղում է) Դուք պատասխանեցիք հարցին: Մեր հարցազրույցի թեմայից արդեն դուրս եք գալիս:
(Մնացյալը` հաջորդիվ)