Սփյուռքահայության հետ մշակութային կապերի նախկին նախագահ, պատմաբան Վարդգես Համազասպյանը մի անգամ ասել էր. «Տեսեք ճակատագրի հեգնանքը: Երբեմնի հզոր Ասորեստանի հետնորդները ապաստան են որոնում փոքրիկ Հայաստանի հովանավորության տակ, որպեսզի պահպանեն իրենց ինքնությունը Խորհրդային Միությունում»:
Հայաստանն, իր փոքր չափերով հանդերձ, ապաստարան է եղել նաեւ այլ փոքրամասնությունների համար, որոնք ենթարկվել են հետապնդումների եւ ցեղասպանությունների: Դրանցից մեկը քրդերն են, որոնք մինչեւ օրս էլ հետապնդվում են ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում: Միակ երկիրը, որ ընդունել եւ ապաստան է տվել նրանց Հայաստանն է, որտեղ նրանք վայելել են հավասար իրավունքներ ե՛ւ որպես անհատներ, ե՛ւ որպես էթնիկական փոքրամասնությունՙ պահպանելով իրենց լեզուն, կրոնը եւ ավանդույթները, ինչպես նաեւ հնարավորությունՙ քրդերեն լեզվով ռադիոհաղորդումներ լսելու եւ թերթեր հրատարակելու:
Նվազ հասկանալի խմբավորում են եզդիները, իրենց տարբեր լեզուների եւ դավանանքի յուրահատուկ միաձուլումով: Նրանց բնորոշում են որպես քրդերի մեջ առավել տարածված կուրմանջի բարբառով խոսող էթնո-կրոնական մի խմբավորում, որ դավանում է ըստ ավանդույթի եզդիականությունըՙ սուֆիզմի, շիա իսլամի, զրադաշտականության, մովսիսականության եւ քրիստոնեության տարրերով հագեցած: Դրանով էլ նրանց հավատը «յուրահատուկ միաձուլում» է համարվում: Նրանք հավատում են յոթը հրեշտակների, որոնց գլխավորում է «Մալեք Թաուսը»ՙ Սիրամարգ հրեշտակը, որը շատ ուրիշ խմբավորումների կողմից սխալ է մեկնաբանվում ասելով, որ նրանք սատանային են երկրպագում: Այս եւ այլ տարօրինակ հատկանիշներ նրանց «օտար» են դարձնում եւ հետեւաբար հետապնդումների թիրախ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանցի թուրքերը հալածեցին եւ ջարդեցին նրանց: Շատերը կարողացան փրկվել եւ Հայաստան փախչելով հաստատվեցին Երեւանից 22 մղոն հեռավորության վրա գտնվող Ակնալիճ ավանում: Մոտ 50 հազար եզդիներ այսօր ապրում են Հայաստանում: Որպես փոքրամասնութուն Հայաստանի Ազգային ժողովում նրանց ներկայացուցիչն է Ռուստամ Մախմուդյանը:
Աշխարհի 1,5 միլիոն եզդիների մեծամասնությունը ապրում էր Հյուսիսային Իրաքում, որտեղ հետապնդվում էին Սադամ Հուսեյնի կառավարության կողմից, եւ վերջերս ենթարկվեցին ցեղասպանության: Մոտ 300 հազար եզդիներ էլ ապրում են Իրաքյան Քուրդիստանում, որտեղ վայելում են հարաբերական անվտանգություն: Նրանք ովքեր մնացել էին Սինջար լեռնային շրջանում, որ ISIS-ի հսկողության ներքո էր գտնվում, ենթարկվեցին ցեղասպանության: Մանրամասնությունների ի հայտ գալով պարզվեց, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության կրկնությունն էր: Հարյուր տարի անց նույն գործողությունները կրկնվել էին, համարյա նույն վայրերում: «Ինդիփենդենտ» թերթի հաղորդմամբ «մոտ 10 հազար եզդիներ սպանվեցին կամ առեւանգվեցին ISIS-ի ցեղասպանության հետեւանքում, բայց սարսափի իրական չափերը երբեք, հավանաբար, չեն իմացվի»: Մինչ տղամարդկանց մահապատժի են ենթարկել, մնացած զոհերը մեծ մասամբ եղել են մինչեւ 15 տարեկան երեխաներ, որոնք Սինջար լեռն են բարձրացել, ըստ մեկ այլ աղբյուրի: Իսկ Ջոն Հոփկինզի անվան Բլումբերգ կրթօջախի հանրային առողջապահութան բաժնի հետազոտող դոկտ. Վալերիա Սետորելլին նշել է, որ փրկվածները խոսել են կտտանքերի, հարկադրական դավանափոխության, սեռական ստրկության եւ երեխաներին որպես զինվոր հավաքագրման մասին:
«Աղջիկներին, որպես սեռական ստրուկների, ISIS-ի մարտնչողներին վաճառելու կամ նվիրելու բազմաթիվ դեպքերի մասին պատմեցին մեզ: Նաեւ երեխաների մասին, որոնց ստիպողաբար զինավարժության ճամբարներ են տարել: Առեւանգվածների ավելի քան մեկ երրորդը դեռեւս անհայտ կորած են համարվում եւ հնարավոր չէ պարզել ո՞ղջ են, թե՞ մեռած: Սա իրոք շարունակական ցեղասպանություն է, որովհետեւ հազարավորներ դեռեւս գտնվում են գերության մեջ», ասել է նա:
Այս նկարագրությունները հիշեցնում են մեզ Մեծ եղեռնից մազապուրծ ականատեսի վկայությունները: ՄԱԿ-ը 2016-ի հունիսին պաշտոնապես ճանաչեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ISIS-ի ցեղասպանությունը, նշելով, որ «հանցագործությունը անպատիժ չպետք է մնա» եւ առաջարկելով Անվտանգության խորհրդին հարցը տեղափոխել միջազգային քրեական դատարան: Բոլոր հանցագործությունները, որոնք նշված են ՄԱԿ-ի 1948-ին ընդունած «Ցեղասպանության պատժելիության» թիվ 260 որոշման մեջ, գործադրվել են ISIS-ի կողմից:
Աշխարհը դատապարտում է ISIS-ի գործած հանցագործությունները: ՄԱԿ-ը եւ Միջազգային արդարադատության դատարանը հետամուտ են լինում գործին եւ փորձում արդարություն հաստատել: Բայց որտե՞ղ են հանցագործները: Ո՞ր կողմն է պատասխանատու ճանաչվելու այս նողկալի հանցագործությունների համար: Այժմ երբ ISIS-ը Ռաքքայից ամբողջովին դուրս է մղվել եւ պարտվել, շատ հարմար առիթ է նշելու, որ, իբր, հանցագործներն արդեն պատժվել են եւ լրացուցիչ քայլեր կատարելն անհրաժեշտ չէ:
Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը 1990-ական թվերին, Հայոց Ցեղասպանության անպատիժ մնալու հետեւանքն էր եւ եզդիների ցեղասպանության նախատիպը: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որեւէ կողմ կամ խմբավորում չփորձեց միջամտել իրադարձություններին, որոնք կատարվեցին համաշխարհային հանրության աչքի առաջ: ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի այդ ժամանակվա հրամանատարը զգուշացրել էր վերահաս վտանգի մասին, սակայն նրան լռեցրեցին: Այդպիսով 800 հազար թութսիներ կորցրեցին իրենց կյանքը հութիների կողմից իրականացված կոտորածների հետեւանքում: Ուշացումով, պաշտոնաթողությունից հետո, նախագահ Բիլ Քլինթոնը այցելեց Կիգալիՙ Ռուանդայի մայրաքաղաքը եւ ներողություն խնդրեց, որ Մ. Նահանգները այդ օրերին մատը մատին չէր տվել, մի ժեստ, որ ոչնչով չէր կարող օգնել 800 հազար զոհերին:
Եզդիների պարագայում եթե կարելի է պատճառաբանել, որ ISIS-ը ջախջախված է, առաջնորդները սպանված, եւ չեն կարող պատասխանատվության ենթարկվել, ապա հարց է առաջանում, թե ո՞ր երկրներն էին պաշտպանում, հովանավորում, զինում եւ աջակցում նրան իր չարագործություններում: Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան եւ մի շարք այլ հարեւան երկրներ ստեղծեցին այդ հրեշին, զինեցին եւ բաց թողեցին նրան ընդդեմ անզեն քաղաքացիների: Այդ երկրների կառավարությունները անպատի՞ժ են մնալու, միայն որովհետեւ Ամերիկայի «վստահելի դաշնակիցներն» են եւ քաղաքական նպատակահարմարությունը դա է պահանջում:
Այս րոպեներին, մեր աչքերի առաջ, մեկ այլ հանցագործություն է կատարվում: Թուրքիան պատերազմ է մղում Սիրիայում քրդերի դեմ, որոնց զինում է Մ. Նահանգները: Մեկնաբանների եւ դիտորդների գնահատումներով Թուրքիան չէր հանդգնի ներխուժել Աֆրինի եւ Մանբիջի քրդական անկլավները, եթե չստանար Մ. Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության լռելյայն համաձայնությունը: Նրանք երկուսն էլ իրենց շահերն ունեն այդ տարածաշրջանում:
«Երբեք չեմ պատկերացրել, որ մերձավորարեւելյան մեր արտաքին քաղաքականությունը խելացնորության աստիճանի հասնող այսքան անարդյունավետ կարող է լինել որքան հիմա, երբ վերջին օրերին հետեւում եմ Սիրիայում կատարվող արագընթաց զարգացումներին», գրում է Ռոն Պոլ ինստիտուտի գործադիր տնօրեն Դանիել ՄկԱդամսը նկարագրելով տարածաշրջանի արյունահեղությունների գլխավոր ճարտարապետՙ Թուրքիային տրված խրախուսանքը: (ՄկԱդամսի ամբողջական հոդվածը տես այս համարի 10-.րդ էջում, Հ. Ծ.):
Ցեղասպանության ենթարկված հայերս չափազանց զգայուն ենք այլ փոքրամասնությունների վիճակի եւ ճակատագրի հանդեպ: Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն դատապարտել էր եզդիների զանգվածային սպանությունները Իրաքում 2014 թվին եւ հանձնարարել էր արտգործնախարարությանը «կրկնապատկել ջանքերը, որպեսզի համապատասխան ճշգրտությամբ հարցը բարձրացվի միջազգային ասպարեզում»: Այդ հետեւողական քաղաքականությունը իր լրումին հասավ, երբ Հայաստանի Ազգային ժողովը այս տարվա հունվարի 16-ին միաձայն որոշում ընդունեց ճանաչելու որպես ցեղասպանություն 2014-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքում եզդիների դեմ իրագործված զանգվածային սպանությունները:
«Եզդա» կազմակերպությունն ու «Մարդկային թրաֆիքինգից վերապրողների արժանապատվություն» ընկերակցության ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Նադիա Մուրադը ողջունեցին որոշումը: «Եզդիների ցեղասպանության ճանաչումը Հայաստանի խորդարանի կողմից պատմական պահ է աշխարհասփյուռ եզդի համայնքների եւ ցեղասպանության զոհերի համար: Մենք ողջունում ենք այս կարեւոր քայլը, հատկապես որովհետեւ այն գալիս է մի երկրից, որն իր պատմության մեջ մեծապես տառապել է ցեղասպանությունից», ասված է հայտարարության մեջ:
Ճիշտ քայլ էր Հայաստանի համար ընդունել նման մի որոշում: Անարդյունավետ կլիներ, կամ հակադարձ ազդեցություն կունենար, եթե պնդեինք, որ մեր ցավն ավելի մեծ է քան մի այլ ժողովրդի ցավը, ինչպես մեզանից որոշ մարդիկ կարող են մտածել: Անհեթեթ կլիներ նաեւ պնդել, որ մեզ պատուհասած փորձառությունը եզակի էր, քանի որ բոլոր ցեղասպանություններն ու մարդկային ողբերգությունները մաս են կազմում մեկ, համընդհանուր, համամարդկային ցավի:
Ներըմբռնումով մոտենալ այլոց ցավին, նշանակում է նման մոտեցման արժանանալ նրանց կողմից:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)