Եվրոմիության (ԵՄ) եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության կամ ինչպես ասում ենՙ եվրոասոցիացման «բարերար» ազդեցությունն օրեցօր ավելի առարկայական է դառնում: Դեռ չեն հանդարտվել կրքերը այդ ասոցիացմամբ պարտադրված ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ խտրականության դեմ գեղեցիկ, բայց խաբուսիկ անվանումներով խայտառակ օրենքների շուրջ, Եվրոմիությունը գործի է դրել գլխավոր «զենքը»ՙ ատոմակայանի փակման պահանջը, որն ամրագրված է ասոցիացման համաձայնագրի տեքստում: Համաձայնագիր, որը կնքված է ոչ թե մի կողմից Հայաստանի, իսկ մյուս կողմիցՙ Եվրոմիության միջեւ, այլ մի կողմից Հայաստանի, մյուս կողմիցՙ Եվրոմիության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի («Եվրատոմի»-Ա. Մ.) ու դրանց անդամ պետությունների միջեւ: Վերջինիս մասին, չգիտես ինչու, ասոցիացման համընդհանուր հրճվանքի օրերին, դրանից առաջ կամ հետո ոչ ոք չէր խոսում:
Մինչդեռ, հատկանշական է եւ ոչ պատահական, որ ԵՄ որեւէ այլ կառույց մաս չէ այս համաձայնագրին: Այն, որ ժամանակի ընթացքում հայկական ատոմակայանը փակելու ԵՄ պահանջը ավելի ու ավելի հաճախ եւ վերջնագրային տեքստով է հնչելու, այլեւս կասկած չկա: Ընդ որում, Եվրոմիությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին չի էլ ուզում լսել եւ համաձայնագրի տեքստում խոսվում է միայն «նոր հզորությամբ դրա փոխարինման» մասին: Սա էլ համաձայանագրի այդ հատվածը. «Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումըՙ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունըՙ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով» :
Ինչպես եւ կարելի էր սպասել, հայկական ատոմակայանի «հնարավորինս շուտ» փակման մասին առաջին ուղղակի պահանջը հնչեց օրերսՙ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստին: Այդ մասին իր ելույթում վերջնագրային լեզվով հայտարարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը , ասելով, որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին: Այն, որ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԵ-ի մշտական հսկողության ներքո, որ վերջինս պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնում մեր ատոմակայանում եւ հայտարարում, որ այն համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին, որ ատոմակայանի ժամկետի երկարացման գործընթացը եւս գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո եւ վերջինս առ այսօր դրական եզրակացություններ է տվել այդ գործընթացի վերաբերյալ, ո՛չ Դիրկ Լորենցին է հետաքրքրում, ոչ էլ նրա ներկայացրած ԵՄ-ին: Ի վերջո, ատոմակայանի անվտանգությունը առաջին հերթին հուզում է մեզՙ այստեղ ապրողներիս, իսկ եվրոպացի որեւէ պաշտոնյա չի կարող մեզանից ավելի շատ մտածել դրա մասին, եթե չասենք հակառակըՙ նրանցից ոչ մեկին ընդհանրապես չի հետաքրքրում մեր անվտանգությունը: Նրանց հետաքրքրում է միայն իրենց աշխարհաքաղաքական շահը:
Դեռ մինչեւ վերոնշյալ կոմիտեի նիստը եւ համաձայնագրի ստորագրումը այդ աշխարհաքաղաքական շահից բխող վտանգի մասին մտահոգություն էր հայտնել«Նորավանք» ԳԿՀ վերլուծաբան, ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը : «Համաձայնագրի տեքստում պարունակվող «ծածուկ» վտանգների շարքին կարելի է դասել այն, որ փաստաթուղթը «լղոզում» է Հայկական ԱԷԿ-ով զբաղվող միակ լիազոր եւ պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպությանՙ ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԵ) պատասխանատվությունը: Համաձայնագրի ստորագրումից հետո Հայկական ԱԷԿ-ի, հետեւաբար նաեւ ԱԷԿ-ի նոր բլոկի տեխնոլոգիայի ընտրության հարցում ԱԷՄԳ-ին կմիանան «Եվրոատոմը» եւ նրա 28 անդամ երկրները: Ստեղծված իրավիճակը տագնապալիորեն հիշեցնում է Արցախի դիմակայության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի միանձնյա մանդատի «լղոզման» Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերը, կամ ԱՄՆ-ի ու Իսրայելիՙ Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի գծով նույն ԱԷՄԳ-ի մանդատը «չեզոքացնելու» փորձերը», նշել է Արա Մարջանյանը եւ շարունակել. «Այսպիսով, Պրահան (որը զենք է վաճառում Ադրբեջանին եւ կոչ է անում հանել այդ երկրին մահացու զենքի վաճառքի ԵՄ սահմանափակումները), Վարշավան (ՆԱՏՕ շրջանակներում Թուրքիայի հետ իր ռազմաստրատեգիական համագործակցությամբ, ներառյալ ՀՀՊ-ն եւ միջուկային զենքը) կամ Բուդապեշտը (Ադրբեջանի հետ իր սերտ կապերով), ինչպես նաեւ Վիլնյուսը, Ռիգան կամ Տալլինը, կարող են արդյունավետորեն, եւ որ գլխավորն էՙ օրինական կերպով արգելափակել ռուսաստանյան յուրաքանչյուր ատոմային տեխնոլոգիայի կիրառումը Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման գործում» :
Հակառակ ասոցիացման պայմանագրի ստորագրումից հետո մեր պաշտոնյաների երդում-հավատներին, թե ատոմակայանի փակման պահանջ ԵՄ-ից չի լինի, թե ԵՄ-ն հասկանում է մեր մտահոգությունները, ընդամենը երկու-երեք ամիս անց բացահայտվեց, որ ամեն ինչ տրամագծորեն հակառակն է: ՀՀ-ԵՄ վերոնշյալ ենթակոմիտեի նիստում, իբրեւ թե ի պատասխան Դիրկ Լորենցի, այս առնչությամբ արդարացման հերթական փորձն է կատարել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը , որն ավելի շատ նման էր ինքն իրեն եւ մեզ բոլորիս համոզելուն, թե ամեն ինչ այնպես չէ, ինչպես տեսնում եւ լսում ենք:
« Երկարաձգումը (ամոտակայանի ժամկետի- Ա.Մ.) նախատեսվում է 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում: Եվ այստեղ ոչ մի արտառոց բան չկա»: Մնում էր հարցնելՙ «իսկապե՞ս», եթե արտառոց բան չկա, այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական այս դիրքորոշումից հետո Եվրոմիության պաշտոնյան կրկին շեշտեց հայկական ատոմակայանը հնարավորինս շուտ փակելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ է, խուլերի խոսակցություն էր, թե՞ միամիտ ձեւանալու մրցույթ: Ինչպե՞ս կարելի է համադրել «հնարավորինս շուտ» հասկացությունը «10 տարի ժամկետ»-ի հետ: Փաստորեն, ԵՄ հետ ասոցիացման տհաճ հետեւանքները արդարացնելու նոր թրենդ է ի հայտ եկել. «Ո՞վ է ասում, որ ատոմակայանը չի փակվելու երկարացված ժամկետից հետո»: Իսկապես, ոչ ոք այդ մասին չի ասել, ասել են «հնարավորինս շուտ» փակելու մասին: Քիչ թե շատ գրագետ մարդը կհասկանա տարբերությունը, կարիք չկա ջայլամի պես վարվել: Սա վատ է, բայց վատթարն էլ կա :
Ոչինչ չի խոսվում ատոմակայանին փոխարինող հզորությունների մասին: Հավանականությունը, որ ռուսական մասնակցությամբ նոր ատոմակայան կառուցելը կարգելափակվի ԵՄ անդամ երկրների ջանքերով, որոնց մասին նշում էր Արա Մարջանյանը, միանգամայն իրատեսական է: Իսկ մեր պաշտոնյաները, փորձելով արդարացնել ԵՄ կողմից ստացվող ամեն պարտադրանք, շարունակում են պարտաճանաչ կատարել ԵՄ դեսպանի մատնանշած «տնային աշխատանքները»ՙ անկախ նրանից, թե դրանք ինչ բացասական եւ անգամ ողբերգական հետեւանքներ կառաջացնեն մեր երկրի եւ մեզ բոլորիս համար: Գուցե ժամանա՞կն է, որ ԵՄ ասոցիացման հետ անկեղծորեն դրական հույսեր փայփայողները վերադառնան իրականություն եւ գիտակցեն նաեւ այդ համաձայնագրի վտանգները: