Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ

Հ. ԱՖ.

Երեկ կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց որոշում ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ: Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց եւ այժմ գործարկման մեջ է:

«Գիտեք, որ երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, եւ երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում: Սա մեր գնահատականը չէ, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հատուկ եզրակացությունը: Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետեւ անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,- ասաց նախարարըՙ հավելելով, որ նպատակահարմար կլինի առաջին չաշխատող էներգաբլոկի ապամոնտաժումը: