Կամ խորովածՙ Խուստուփ լեռան վրա
Սյունիքում կրակում են Նժդեհի վրա: Հիմա՛, ոչ թե 1919-ին: Ընդ որում, կրակում են հետեւողականորեն: Սկսել են կրակել 2002-ից, ապա 2004-ին, շարունակելՙ 2009-ին ու հիմա էլ, արդեն մարտական փամփուշտներով, կրակում են ուղիղ գլխին, որի վրա մարտական փամփուշտներից բացված չորս տեղ կա արդեն:
Այս մասին տեղեկացնում է Ֆեյսբուքի օգտատերերից Գեղամ Օհանյանը , ով նաեւ հրապարակում է Սյունիքի Խոստուփ լեռան գագաթից ներքեւ, քարայրի մոտ Նժդեհի կիսանդրու լուսանկարը, որտեղ հստակ երեւում են փամփուշտների բացած անցքերը:
Ո՞վ կամ ովքե՞ր են կրակում, պարզ չէ. կա վարկած, որ կրակողները որսորդներ են, որոնք Նժդեհին չեն ճանաչում, ու նրա կիսանդրին դիտարկում են որպես թիրախՙ կենդանիներին խոցել պատրաստվելուց առաջ: Մեկ այլ վարկածով, Նժդեհին կրակում են նրա գաղափարական հակառակորդները, ովքեր նշում են, թե Նժդեհը դավաճան էր: Եւ երրորդ վարկածովՙ կրակում են թշնամի պետությունից եկվորները, ովքեր ներթափանցել են Հայաստան, հասել Սյունիքի խորքը, հայտնաբերել Նժդեհի կիսանդրին ու պատսպարվելով ծառերի հետեւում, տարիներ շարունակ կրակում են… Հասկանալի է, որ այս վերջին վարկածն արժանահավատ չէ. թշնամին, եթե անգամ կարող է ներթափանցել Հայաստան ու հասնել երկրի խորքը, եթե անգամ, ի տարբերություն տեղացի որսորդների, կարող է ճանաչել Նժդեհին ու թիրախավորել նրան, բայց չի կարող 2002-ից մինչեւ այսօր ապրել Սյունիքի Խուստուփ լեռան մոտակայքում ու պարբերաբար կրակել Նժդեհի վրա, այն էլ աննկատ: Ուրեմն կա՛մ որսորդներն են անգրագետ, կա՛մ էլ հականժդեհականներն են զինված:
Գեղամ Օհանյանը տեղեկացնում է, որ շուտով Խուստուփի մոտ կտեղադրվի արեւային էներգիայով սնուցվող տեսանկարահանող սարք, որի միջոցով էլ կհայտնաբերվի կամ կհայտնաբերվեն Նժդեհի վրա կրակողները:
Իսկ մինչ այդ, առաջարկում եմ կիսանդրու կողքին մեծ-մեծ տառերով գրել հենց Նժդեհի խոսքերըՙ «Հայի տականքն անմրցելի է»: Եթե անգամ դա չստիպի կրակողներին տականքություն չանել, գոնե անհրաժեշտ կլինիՙ ոչ միայն Նժդեհի վրա ուղղված կրակը դադարեցնելու առումով, այլեւ առհասարակ, Սյունիքում ու առհասարակ ողջ երկրում: Ճիշտ է, Նժդեհը նաեւ ասել է, թե «Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս ատելություն տածել որեւէ հայ մարդու հանդեպ», բայց դա այլ խոսակցություն է, առավելաբար Նժդեհի ներքին կռիվների մասին:
Ամեն դեպքում Նժդեհը համարվում է իշխող կուսակցության գաղափարական հայրը ու չի բացառվում, որ նրա կիսանդրու վրա կրակում են նրանք, ովքեր ուզում են կրակել իշխող կուսակցության վրա, պարզապես դրա համարձակությունը չունեն, բացի այդՙ զենքերն են որսորդական: Եթե այդպես է, ապա ՀՀԿ-ն պետք է պահապան ջոկատ կազմի ու այն գործուղի Խուստուփՙ Նժդեհին պաշտպանելու բարձր առաքելությամբ: Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն երբեք արիների ու իրենց քաջությունը ցույց տալ ցանկացողների պակաս չի ունեցել, ինչպես նաեւ թշնամուն, մանավանդ ներքին, ջարդել-փշրելու պատրաստակամների, ապա ջոկատը առանց որեւէ դժվարության կկազմվի, մանավանդ որ Խուստուփում առանձնապես անելու բան չի լինելու. ֆիդայու համազգեստով նստելու են, խորոված միս են ուտելու, բոլ-բոլ սուրճ են խմելու եւ ոչ միայն սուրճ, գուցե մեկը շարունակի իր պատմափիլիսոփայական մտքերը շարադրել թղթինՙ ազդվելով Նժդեհի ներկայությունից, իսկ մյուսներն էլ կյանքում առաջին անգամ արծիվ տեսնեն, ու զգան, որ իրենք ամենեւին էլ նման չեն այդ թռչունին: Մի խոսքով, ՀՀԿ առաջիկա նիստում այս հարցն արժի բարձրացնել, քանի դեռ ցրտերը չեն ընկել ու քանի դեռ հարմար է Խուստուփի լեռներում օրերով ապրելը:
Ի դեպ, կարո՞ղ է Նժդեհի վրա կրակում են հենց հանրապետականներ, դե նրանք, ովքեր չեն ճանաչում Նժդեհին, փոխարենը գիտեն, թե Խուստուփի մոտ ապրող հատկապես ո՞ր կենդանու միսն է ամենահամեղ խորովածը լինում: