Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՔՍԻՆԵՐ ԱՌԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ե՞րբ կավարտվի տաքսիստների նկատմամբ «խաթրով» վերաբերմունքի 10-ամյա դարաշրջանը

Վարչապետի հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններիՙ «անհրաժեշտ ստանդարտներին եւ նորմատիվային պահանջներին» չհամապատասխանելու մասին, առանց չափազանցության արտառոց կարելի է համարել: Վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի պետական կառույց կամ նրա ղեկավար, որն առնչվում էր այս ոլորտի հետ, մեղմ ասած, չէր համարձակվում տաքսի ծառայությունների եւ տաքսիստների հասցեին որեւէ թթու խոսք ասել: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մի անգամ, 2008-ին, երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպեց բողոքի ցույց անցկացնող տաքսիստների հետ:

Այն ժամանակ դժգոհությունն օբյեկտիվ էր, քանի որ սահմափակում էր մտցվում որպես տաքսի շահագործվող մեքենայի ժամկետի մեջՙ 10 տարուց ավելի երկար շահագործվող մեքենան չէր կարող տաքսի լինել: Այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո այդ սահմանափակումը վերացվեց, բայց դրա հետ միասին, այդ ժամանակից ի վեր, վերացան ոլորտը կարգավորելու նպատակով ընդունվող բոլոր իրավական, օրենսդրական նորմերին հետեւելուՙ տաքսի ծառայություններ մատուցող մարդկանց պարտավարությունները: Այն, ինչի մասին վերջապես խոսեց ներկա վարչապետը օդանավակայանի տաքսիների առնչությամբ, արդեն 10 տարի է իրողություն է ամբողջ երկրում: Այս ողջ ընթացքում արդեն նախագահ Սերժ Սարգսյանի բանավոր պահանջը բոլոր պետական պատասխանատուներից եղել է տաքսիստների հետ զգույշ եւ խաթրով վարվելը: Դա լավ մոտեցում կլիներ, եթե տաքսիստները հասկանային, որ իրենք էլ պետք է երկրի եւ իրենց ծառայություններից օգտվողների հանդեպ նույն կերպ լինեին: Մինչդեռ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ տաքսիստները հայտնվել են մի կողմումՙ զոռբայություն անելու իրավունքը ձեռքներին, իսկ բնակչության մնացած մասըՙ մյուս կողմում, ստիպված լինելով տանել տաքսիստների բոլոր ապօրինություններն ու խաբեությունները:

Ամենօրյա սպառնալիքի ենթակա

Հայաստանի քաղաքներում ընդհանրապես եւ Երեւանում մասնավորապես տաքսիներն ամենուրեք են: Խիստ մոտավոր համեմատությամբ, օրինակՙ Երեւանում յուրաքանչյուր երրորդ մեքենա տաքսի է: Վթարների մեջ տաքսիներն իրենց «պատվավոր» տեղն ունեն: Անհատ տաքսիստներ, տաքսի ծառայությունների տաքսիներ, օն լայն պատվիրվող տաքսիներ, հաշվիչներով եւ առանց հաշվիչների, խաբող հաշվիչներով եւ չխաբող հաշվիչներով տաքսիներ, նրանք ամենուր ենՙ փողոցներում, բակերում, ինտերնետ եւ բջջային տիրույթներում, նրանք գրավել են հասարակական կանգառները եւ երբեմն նաեւ մայթերը:

Կարծես թե վատ չէ, երբ որեւէ պահի, առանց երկար ժամանակ կորցնելու կարող ես տաքսի պատվիրել կամ կանգնեցնել, բայց, մյուս կողմից` կարգ ու կանոնի բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծումՙ սպառնալիք դառնալով մարդկանց կյանքի եւ առողջության համար:

Խնդիրներից առաջինը տաքսիների վարորդների ամենօրյա բուժզննում, տաքսիների ամենօրյա տեխզննում եւ հավաքակայան ունենալու պահանջների վերացումն է: Հիմնավորումը` այս պահանջները ձեւական բնույթ էին կրում եւ, ըստ էության, չէին կատարվում: Թերեւս տրամաբանական կլիներ, որ այնպես արվեր, որ այդ կարեւոր պահանջները դադարեին ձեւական լինելուց եւ կատարվեին: Սակայն «բարեփոխումներ» իրականացնող օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տրամաբանությունը այլ էր, ինչին համաձայնվեցին նաեւ տրանպորտի եւ կապի նախարարությունն ու կառավարությունը: Արդյունքումՙ տաքսի ենք նստում առանց իմանալու, թե ի՞նչ առողջական վիճակում է գտնվում վարորդը եւ, որ ավելի վատ է, թե ի՞նչ տեխնիկական վիճակում է գտնվում նրա վարած մեքենան:

Հաջորդըՙ տաքսի վարել կարող է յուրաքանչյուր ոք, առանց անհատ ձեռնարկատեր գրանցվելուՙ որպես ֆիզիկական անձ: Բիզնեսի դյուրինության տեսանկյունից դրական է, որ տաքսի ծառայություն մատուցողը շփում չի ունենա հարկային մարմնի հետ եւ կվճարի մեկ պետական տուրք միայն: Սակայն, այդ ամենը չպետք է լինի սպառողի հաշվին: Եթե որեւէ անձ կարող է, ըստ էության, հանրային ծառայություն մատուցել (ինչպիսին է տաքսի ծառայությունը), ապա չի բացառվում, որ դա լինի հոգեկան շեղումներ կամ քրեական անցյալ ու ներկա ունեցող մարդ: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անգամ խոստովանեց, որ իրենց չի հաջողվում այնպես անել, որ քրեական պատասխանատվության ենթարկված մարդիկ տաքսի ծառայություն չմատուցեն: Հարկ կա՞ դրանից հետո ասել, որ ամեն օր մենք բոլորսՙ մեծ ու փոքր, կին ու երեխա, սպառնալիքի ենք ենթակա:

Հաշվիչների խաբեությունն անփոփոխ իրականություն

Օրենսդրական պահանջ կաՙ տաքսիներում հաշվիչների տեղադրման եւ օգտագործման մասին, ըստ որի, դրանք պարտադիր ստուգաչափում պետք է անցնեն: Սակայն այս դեպքում էլ, տաքսիստները, մեղմ ասած, թքած ունեն այդ պահանջի վրա: Այսօր չեք հանդիպի տաքսի ծառայությունից օգտված որեւէ մեկին, որը չհաստատի, որ նույն ճանապարհը, նույն պայմաններով (գներով, նվազագույն ճանապարհավճարով եւ այլն) տաքսիներից մեկը տեղափոխում է 1000 դրամով, մյուսը` 1200 դրամով, երրորդը` 1500 դրամով: Անիմաստ է բացատրություն փնտրել տաքսիստներից կամ դրանց հսկողության լիազոր մարմին համարվող տրանսպորտի, կապի եւ տեղեկատվության նախարարությունից: Քանի դեռ վարչապետը չի «նկատել», որ վիճակն ամբողջ Հայաստանում տաքսիների առումով այնպիսին է, ինչպիսին օդանավակայանի մոտակայքում, նախարարությունը ոչինչ չի ձեռնարկի:

Սակայն առավել վատթարն այն է, որ անհատ տաքսիստների մոտ հաշվիչներն ընդհանրապես բացակայում են: Ինչ-որ տեղ տեղափոխելուց հետո, նրանք պարզապես մի կլորիկ գումար են «կրակում»ՙ 1000 դրամ, 1500 դրամ, 2000 դրամ եւ այլն: Մի քանի տարի առաջ անհատ տաքսիստները հրաժարվեցին հաշվիչներ տեղադրելուց, իբր թե դրա համար պահանջվող 2500 դրամը ծանր բեռ է: Այս ամենից հետո խոսել այնպիսի «մանրուքի» մասին, ինչպիսին մանրադրամի մշտական բացակայությունն է տաքսիստների մոտ եւ դրա միջոցով հավելյալ գումար գողանալու հնարավորությունը, երեւի թե ավելորդ է:

Օրական 400 դրամո՞վ են «ընտանիք պահում»

Պարբերաբար տաքսիստների որոշ խմբեր դժգոհության ցույցեր են անումՙ պահանջելով իրենց ազատել ամսական 12 հազար դրամ Երեւանում, 8 հազար դրամ մարզերում պետտուրք վճարելուց: «Ընտանիք ենք պահում» մշտական արդարացումով: Չկրկնվենք, թե ինչպե՞ս, ո՞ւմ հաշվին եւ ո՞ւմ թողտվությամբ են դա անում: Պարզապես մի քանի հարցեր են առաջանում, որոնց պատասխանները երեւի թե չեն լինի: Եթե մեքենա ունեցող եւ տաքսի ծառայություն մատուցող մարդու համար օրական 400 դրամը Երեւանում եւ մոտ 270 դրամը մարզերում ծանր հարկային բեռ է, ապա հարց է առաջանում, թե ընդհանրապես ո՞րն է թեթեւ հարկային բեռը եւ կա՞ արդյոք այդպիսի բան: Կամ` եթե մարդը օրական 400 դրամից էապես տարբերվող գումար չի վաստակում, ապա ի՞նչ իմաստ ունի նման գործունեությամբ զբաղվելը: Փաստորեն, կառավարության կողմից տաքսի ծառայություն մատուցողների համար ծախսեր նվազեցնելն ու գործընթացներ կրճատելը ոչ թե գոհունակություն է առաջացնում, այլ նոր պահանջների տեղիք է տալիս: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում:

Անհատ տաքսիստների դժգոհության մյուս պատճառն առցանց (օն լայն) տաքսի ծառայություններն են: Իբր դրանք իրենց զրկում են աշխատանքից: Այսինքն, պետք է հասկանալ, որ ավելի ու ավելի է դժվարանում խաբեությամբ ու «գրդոնով» «աշխատելը», քանի որ մրցակցություն է ստեղծվել: Այսինքն, կառավարությունը հիմա էլ պարտավոր է որոշ տաքսիստների համար մենաշնորհ ապահովե՞լ, ի լրումն նրանց տրվածՙ մեզ բոլորիս խաբելու եւ գումարներ շորթելու արդեն իսկ անսահմանափակ իրավունքների: Հայտնի ասացվածքըՙ «լկտիությունը երկրորդ երջանկությունն է», թերեւս նաեւ այս դեպքի համար է ասված:

Մի խոսքով, միակ հույսն այն է, որ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում կասի, որ ոչ միայն օդանավակայանում, այլեւ Հայաստանի ողջ տարածքում գործող տաքսիները «անհրաժեշտ ստանդարտներին եւ նորմատիվային պահանջներին» չեն համապատասխանում: Գուցե դրանով ավարտվի՞ տաքսիստների նկատմամբ «խաթրով» վերաբերմունքի 10-ամյա դարաշրջանը եւ սկսվի օրինականության եւ սպառողների շահերի նկատմամբ «խաթրով» վերաբերվելու ժամանակաշրջանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՆ ՈՒՆԵՑԱՒ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԷՆՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՆ ՈՒՆԵՑԱՒ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԷՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական