ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ
Ինչպես է գիտությունը ազդում պետությունների զարգացման դինամիկայի վրա եւ, ընդհանրապես, արդյոք այն ազդում է: Սա հարց է, որը գոնե Հայաստանի պարագայում թվում է թե «լուծված» է, որովհետեւ իշխանությունները, հետխորհրդային շրջանում, ընդհանրապես հարկ չեն համարում ֆինանսավորել գիտությունը, ֆունդամենտալ հետազոտությունները հաճախ շփոթելով գիտակիրառական մշակումների հետ, պահանջելով, որ գիտությունը որեւէ տեղ զբաղեցնի ՀՆԱ-ում, առանց հասկանալու, որ պետության տնտեսական եւ նույնիսկ քաղաքական զարգացման հիմքում հենց գիտությո՛ւնն է: Այսինքն, շատ կարեւոր է գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք պետք է ֆինանսավորել գիտությունը Հայաստանում, թե՞ իսկապես ճիշտ են այն իշխանավորները, որոնք անկեղծորեն հավատում են, որ հնարավոր է պետությունը ոտքի կանգնեցնել միայն տուրիզմի ու ծառայությունների սեկտորը տնտեսության մեջ զարգացնելու ծրագրերի միջոցով:
Ինչեւէ, գիտության ֆինանսավորման հարցը սուր է կանգնած ոչ միայն Հայաստանում, այլեւ զարգացող շատ պետություններում եւս, օրինակՙ մեր հարեւաններ Ադրբեջանն ու Վրաստանը եւս առանձնապես մեծ տեղ չեն տալիս գիտության զարգացմանը, դրա համար հատկացնելով իրենց ՀՆԱ-ի 0.15-0.21 տոկոսը: Սակայն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանությունը հուշում է, որ զարգացման դինամիկան մեծ արագություն է հավաքում, եւ եթե մենք շարունակենք նույն կերպ վերաբերվել գիտությանըՙ լինի այն ճշգրիտ թե հումանիտար, ապա մենք ետ կմնանք այդ տեմպից, իսկ զարգացումները արագանում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանով ենք մենք ի վիճակի հասկանալու զարգացման այս միտումները ու փորձելու գոնե ետ չմնալ դրանց տեմպից:
Գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման եւ համաշխարհային զարգացումները հասկանալու առումով հետաքրքրական հետազոտական աշխատանք է իրականացվել Նորավանք գիտակրթական հիմնադրամի կողմիցՙ «Բազմակենտրոն աշխարհակարգի գիտատեխնոլոգիական բնապատկերը» վերնագրով, որով հեղինակներըՙ Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը եւ նույն հիմնադրամի ավագ փորձագետ տ.գ.թ. Արա Մարջանյանը ներկայացրել են զարգացման այն միտումները, որոնք առկա են աշխարհում: Վերջիններս հիմնավորում են, որ գիտելիքի ռեսուրսների որակն ու չափն է, որ պայմանավորում են այս կամ այն պետության տեղն ու դիրքը արդի աշխարհակարգում:
Իրենց թեզն ապացուցելու համար հեղինակները ստեղծել են ալգորիթմՙ հիմնվելով այնպիսի ինտեգրալ ցուցանիշների վրա, ինչպիսիք են տվյալ պետության կամ պետությունների խմբերի համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ)ՙ բերված գնողունակության պարիտետի համեմատ, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումներիՙ ԳՀՓԿՄ ընդհանուր ծախսերը, նույնպես բերված գնողունակության պարիտետի նկատմամբ, ինչպես նաեւՙ ՀՆԱ-ի հանդեպ ԳՀՓԿՄ ծախսերի տոկոսը:
Կատարված հետազոտության համաձայն, 2016թ. աշխարհում գիտահետազոտական ծրագրերի վրա ծախսվել է մոտ 1.9 տրլն դոլար գումար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 1.74%-ը (մոտ 112 տրլն դոլար): Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը գիտության վրա ընդհանուր առմամբ ծախսում է իր ՀՆԱ-ի 0.24%, մենք արագ սլացող այս գնացքի նույնիսկ վերջին վագոնում չենք, մենք կառամատույցում կանգնած այն անձանց շրջապատում ենք, ովքեր անհույս հայացքով հետեւում են իրենց առջեւից արագ սլացող զարգացման գնացքին, հասկանալով, որ վայրկյան առ վայրկյան մարում է հույսը, որ երբեէ կհայտնվեն այդ գնացքի վագոններից մեկում:
Անդրադառնալով ծախսերի ընդհանուր վերլուծությանը, նկատենք, որ, ըստ հետազոտության, առաջատարը ԱՄՆ-ն է, որի մասնաբաժինը կազմել է ընդհանուրի մեկ քառորդից ավելինՙ 26.4% կամ 514 մլրդ դոլար, ապա գալիս է Չինաստանըՙ մասնաբաժինն ավելի քան մեկ հինգերորդն էՙ 20.3% կամ 396 մլրդ դոլար: Ըստ հոդվածագիրների, առաջին հնգյակի կազմը եւ հաջորդականությունն անփոփոխ են սկսած 2012 թվականից: Ճապոնիայի մասնաբաժինը կազմում էՙ 8.6% կամ 167 մլրդ դոլար, Գերմանիայինըՙ (5.6% կամ 109 մլրդ դոլար), Հարավային Կորեայինըՙ (4.0% կամ 77 մլրդ դոլար): Հեղինակներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ առաջին հնգյակի երկրներից երեքըՙ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան ներկայացնում են Արեւելյան Ասիան, այն պարագայում, երբ մայրցամաքային Եվրոպան ներկայացված է միայն Գերմանիայով: Առաջին տասնյակում են նաեւ Հնդկաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Բրազիլիանՙ Լատինական Ամերիկայի միակ ներկայացուցիչը:
Այսինքն, հիմնականում հենց նշված տասը պետություններն են այսօր եղանակ ստեղծում համաշխարհային գիտության բնագավառում, նաեւ տեմպ հաղորդելով արդի զարգացումներին: 2016-ին այս տասը երկրների ընդհանուր բաժինը գիտահետազոտական մշակումների համաշխարհային ծախսերում կազմել է ընդհանուրի 78.5%-ը, իսկ մյուսներիՙ աշխարհի ավելի քան 190 երկրների բաժինը կազմել է ընդամենը 21.5%:
Վեր նշվածը ծավալային մեծություններն են, իսկ ՀՆԱ-ում արտահայտված գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումների համաշխարհային առաջատարը, տոկոսային առումով, 2016թ.-ին եղել է Հարավային Կորեանՙ ավելի քան 4.0%, որին հաջորդում են Իսրայելըՙ 3.93%, ապա գալիս են Ֆինլանդիան, Շվեդիան եւ Ճապոնիան: Հասկանալի է, որ Հայաստանը համեմատել այս պետությունների հետՙ անիմաստ զբաղմունք է:
Որպեսզի հասկանալի դառնան զարգացման միտումները եւ գիտահետազոտական ներուժը, հեղինակները առանձնացրել են լեզվական եւ քաղաքակրթական խմբերՙ միավորելով մի շարք երկրներ: Այսպես, առանձնացվել են «հիերոգլիֆների աշխարհ»ՙ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Սինգապուր, «անգլոսաքսոնական աշխարհ», «մայրցամաքային Եվրոպա», «սլավոնական աշխարհ», «կիսալուսնի աշխարհ»ՙ իսլամական աշխարհի հատված եւ BRICS: Գիտահետազոտական ներուժ ՀՆԱ տոկոսային հարաբերությունների պատկերը հետեւյալն էՙ առաջատարը «հիերոգլիֆների աշխարհն» էՙ 2.7%, ապա գալիս է «մայրցամաքային Եվրոպան»ՙ 2.38%, «անգլոսաքսոնական աշխարհ»ՙ 1.98%, հետնապահների թվում են «սլավոնական աշխարհը»ՙ 1.15% եւ «կիսալուսնի աշխարհը»ՙ 0.9%:
Անդրադառնալով Հարավային Կովկասի պետություններին, հեղինակները նշում են, որ Ադրբեջանի դեպքում նավթային բումը միայն նվազեցրեց ՀՆԱ-ի հանդեպ գիտությանը հատկացվող միջոցների տոկոսային հարաբերակցությունըՙ 2004թ. մոտ 0.3%-ից 2008թ.-ի 0.16%: Վրաստանում գիտությանը հատկացվող միջոցների կտրուկ նվազումը, 2004թ. 0.24%-ից մինչեւ 2014թ. 0.098%-ի, համընկնում է այսպես կոչված Վարդերի հեղափոխության եւ այդ պետությունում փաստացի արտաքին կառավարման հետ: Հայաստանի պարագայում, եթե այն համեմատում ենք մեր անմիջական հարեւանների հետ, ապա կա որոշակի դրական միտում ծախսերի տոկոսային աճի պայմաններումՙ 0.24%, սակայն հեղինակները ճշմարտացիորեն նկատում են, որ ՀՆԱ-ի հանդեպ գիտահետազոտական եւ փորձակիրառական մշակումների ծախսերը մնում են անթույլատրելի փոքր ու, «ցավոք, առայսօր Հայաստանում չկա ոլորտում իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարություն»:
Մեկ հոդվածով անդրադառնալ կատարված այդ գիտահետազոտական աշխատանքին անհնար է, սակայն կարեւոր է, որ մասնագիտական շրջանակները, ինչպես նաեւ գիտության համար պատասխանատուները ուշադրություն դարձնեն այդ ուսումնասիրությանըՙ հասկանալու համար, թե ինչ տեմպերով է զարգանում աշխարհը եւ ինչ է սպառնում այն պետություններին, որոնք այդ զարգացումներից հետ են մնում:
(գիտահետազոտական աշխատանքը ամբողջությամբ կարող եք կարդալ Նորավանքի կայքէջումՙ http://www.noravank.am/arm/articles/detail.php/?ELEMENT-ID=15780 նշված հասցեով-հեղ):