Սիրիական պատերազմը ամենախճճված խնդիրն է, որ Մերձավոր Արեւելքը դիմակայում է ներկայիս: Դրանում ընդգրկված են աշխարհի հզորագույն պետություններն ու նրանց տարածաշրջանային «գործընկերները»: Մ. Նահանգները, մասնավորապես, կոալիցիա կազմած 60 պետությունների գլուխն անցած փորձում է արմատախիլ անել ԻՊ-ին իր իսկ որջումՙ Ռաքքայում (Սիրիա), բայց տարաձայնությունները կոալիցիայի ներսում թույլ չեն տալիս, որ արդյունավետ ձեւով լուրջ հարված հասցվի նրան:
Պատերազմում ներգրավված բոլոր ուժերն էլ պնդում են, որ իրենց նպատակն է ոչնչացնել իսլամ ծայրահեղականների ահաբեկչությունը, բայց դրան հասնելու ճանապարհի խոչընդոտներն այնքան շատ են, որ ճահճուտի են վերածել ամբողջ խնդիրը:
Սիրիական թնջուկը «քաղաքացիական պատերազմ» կոչելը սխալ կլինի, որովհետեւ Սիրիան «Արաբական գարունը» ծրագրավորող հրձիգների ցուցակում էր սկզբից եւեթ: Նրանք մտադրվել էին չեզոքացնել տարածաշրջանում Մ. Նահանգների եւ Իսրայելի շահերին թշնամի բոլոր հնարավոր ուժերին: Wikileaks-ի հրապարակումներից, Հիլարի Քլինթոնի 2012-ին գրած էլ. նամակը այդ քաղաքականության մասին է ակնարկում. «Ասադին տապալելը ոչ միայն բարերար ազդեցություն կունենա Իսրայելի անվտանգության, այլեւ կթեթեւացնի նրա հասկանալի վախըՙ կորցնելու իր միջուկային մենաշնորհ ունենալու կարգավիճակը: Դրանից հետո Իսրայելն ու Մ. Նահանգները կկարողանան միասնական ծրագիր մշակել, թե երբ կարելի կլինի ռազմական գործողություններ ծավալել Իրանի դեմ, եթե նրա (միջուկային) ծրագիրը վտանգավոր դառնա»:
Մնացած բոլոր հռետորական մեկնաբանություններն ավելորդ խոսակցություններ են:
Իրաքի եւ Լիբիայի խորտակումից հետո, Ռուսաստանը, որ դեռ նոր էր մասամբ վերագտնում իրեն Խորհրդային Միության փլուզումից հետո, փորձեց կարմիր գիծ քաշել եւ ձեռք մեկնել փրկելու նախագահ Բաշար էլ-Ասադին: Մոսկվայի միջամտությունը նաեւ իրեն էր ձեռնտու, անշուշտ, որովհետեւ վտանգված էր Թարթուսում (Սիրիա) տեղակայված իր միակ միջերկրականյան ռազմական բազան: Իրանի ներգրավվածությունը նույնպես շահադիտական էր, քանի որ լիբանանյան Հեզբոլլահ կուսակցությունը պատերազմին մասնակցում էր ի պաշտպանություն Ասադի: Այդ խմբավորումը Իրանին է փոխարինում տարածաշրջանումՙ մարտահրավեր նետելով Իսրայելին: Պատկերը ամբողջացնելու համար այս խճճված մթնոլորտին պետք է ավելացնել նաեւ սիրիական ներքին ընդդիմադիր ուժերի շարասյունը եւ տարածաշրջանային կառավարությունները:
Ճիշտ է, Մ. Նահանգների նպատակն է վերացնել ԻՊ-ին Սիրիայում եւ Իրաքում, բայց նա երբեք թույլ չի տա, որ Ռուսաստանն այնտեղ իշխող դիրք զբաղեցնի, չնայած երկուսն էլ ռազմաճակատի միեւնույն կողմում են: Այնպես որ մինչ բոլորն անվանապես կռվում են ԻՊ-ի դեմ, նրանք միաժամանակ իրենց հին հաշիվներն են մաքրում: Երբ ամեն ինչ ավարտվի, Մ. Նահանգները հաղթանակ չի պարգեւի Ռուսաստանին կամ Իրանին, որոնք կարողանում են ցայսօր իշխանության ղեկին պահել Ասադին:
Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Հորդանանը տարբեր պատճառներով ներգրավված են պատերազմում: Բոլոր այդ կողմերը, բացառությամբ Թուրքիայի, ներգրավված են դրանում ԱՄՆ-ի պատվերով: Այդ երերուն միապետություններն իրենց գոյությունն ու կայունությունը պարտական են Մ. Նահանգներին: Հետաքրքրական է իմանալ, որ եթե «Արաբական գարուն» ծրագրողների նպատակն էր ժողովրդավարություն բերել արաբական երկրներին, ապա ինչու նրանք չսկսեցին այդ գործընթացը հենց այս երկրներից, որտեղ կառավարման միջնադարյան համակարգերն են դեռեւս գործում: Բոլորին էլ վաղուց ծանոթ է, օրինակ, որ ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան թիկունք է կանգնում ծայրահեղական ահաբեկիչներին:
Թուրքիան, մասնակցելով այս հակամարտությանը, փորձում է մասամբ հետ վերադարձնել այն ինչ կորցրել է Օսմանյան կայսրության փլուզման հետեւանքում: Միաժամանակ նա կռվում է Իրաքի եւ Սիրիայի քուրդերի դեմ, որոնք Թուրքիայի քուրդերին են ոգեւորում ոտքի կանգնել հանուն իրենց իրավունքների:
ԻՊ-ն գոյություն չէր ունենա առանց Թուրքիայի աջակցության, եւ առանց վերոնշյալ միապետություններից ոմանց հետ Թուրքիայի կնքած գաղտնի համաձայնությունների: Եվրոմիությունն ու Մ. Նահանգները քաջ գիտակցում են, որ Թուրքիան մեծ դերակատարություն ունի ԻՊ-ի (ISIS-ի) գոյառման խնդրում, բայց նրանք շարունակում են թույլ տալ, որ նա իբր պայքարի ԻՊ-ի դեմ: Թուրքիայի առաջնորդ Էրդողանն էլ, իր հերթին, ձեւացնում է, թե պայքարում է ԻՊ-ի դեմ: Իրականում «ձեւացնելու այս խաղը» խաղալիս յուրաքանչյուրն ունի իր շահը, որ երբեմն համընկնում է, երբեմն էլ հակադրվում մյուսների շահերին:
Քուրդերը մեծ համայնքներ ունեն Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում: Բայց նրանք անփառունակ կերպով բաժանված են իրարից եւ այդ բաժանվածությունը օգտագործվում է համապատասխան կառավարությունների կողմից մեղմելու համար նրանց ինքնավարություն ձեռք բերելու ձգտումները: Էրդողանը գերազանց վարպետությամբ է օգտագործում ադ հանգամանքը հօգուտ իրեն: Երբ քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (HDP) անցյալ խորհրդարանական ընտրություններում քվեների 13 տոկոսն ստացավ, նա անմիջապես դադարեցրեց նախկինում հաջող ընթացող բանակցությունները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ լայնածավալ հարձակման անցավ Դիարբեքիրի քուրդերի դեմ:
Եվրոմիության հետ բանակցությունների ժամանակ PKK-ն քիչ էր մնում դուրս մնար ահաբեկչական խմբավորումների ցուցակից, բայց երբ Էրդողանը պատերազմ սանձազերծեց, Եվրոմիությունը հետ կանգնեց իր մտադրությունից: Այդ պատերազմի ընթացքում, որ դեռեւս շարունակվում է, թուրքական կառավարությունը տեղահան արեց 350.000 քուրդերի եւ սպանեց մնացածներին: Որովհետեւ արեւմտյան մամուլին չի թույլատրվում թափանցել այդ վայրերը, ճշգրիտ տվյալներ չկան սպանվածների մասին:
Էրդողանը զինում է իրեն հավատարիմ քուրդերին եւ տեղավորում նրանց որպես գյուղական վայրերի կառավարիչներ, որպեսզի քուրդերն իրար սպանեն հակամարտության ընթացքում: Թուրքիան նաեւ կարողացել է գնել Իրաքի քուրդերի հավատարմությունը: Նախկինում, Թուրքիան հարձակում էր քուրդական շրջանների վրա, որպեսզի խոչընդոտի անկախ Քուրդիստանի կազմավորումը, որը կարող էր նախադեպ ստեղծել իր սահմանում եւս նման պետության առաջացմանը: Բայց երբ միջազգային երաշխիքներ տրվեցին, որ կպահպանվի Իրաքի տարածքային ամբողջականությունը եւ Թուրքիային հաջողվեց կաշառել ինքնավարության ձգտող շրջանի քուրդ առաջնորդներինՙ նրանցից անօրինական ճանապարհով նավթ գնելով եւ այլ տնտեսական առաջարկներով, Անկարան եւ Քուրդիստանը մերձեցան իրար: Իրաքյան Քուրդիստանի այսօրվա առաջնորդները երդվյալ թշնամիներն են PKK-ի եւ Սիրիայում եւ Իրաքում նրա համախոհներիՙ ի հանգստություն Էրդողանի:
Բացի PKK-ից, թուրքական կառավարությունը պայքարում է նաեւ ընդդեմ «ժողովրդի պաշտպանության քրդական միավորումների» (YPG), որոնք Սիրիայի Ռոջավա քաղաքում Թուրքիայի սահմանի վրա իրենց անկախ «անկլավն» են հիմնել: YPG-ն մի մասն է Դեմոկրատական Միություն կուսակցության, որը կազմավորվել էր պատերազմից առաջ Սիրիայի խորհրդարանում ներկայացնելու համար 10 տոկոսի հասնող քուրդական փոքրամասնությունը: Պատերազմի ընթացքում YPG-ն ապացուցեց, որ ԻՊ-ի դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժն է: Ըստ «Նյու Յորք Թայմսի» տեղեկատվության, ԱՄՆ-ի պաշտպանության նախկին քարտուղար Էշ Քարտերի խոսքերով YPG-ն «ցամաքային միակ ուժն է, որ ցանկանում է եւ ի վիճակի է Ռաքքայում վերացնել կեղծ խալիֆ Աբու Բաքր էլ-Բաղդադիին եւ նրա հետեւորդներին»: Քարտերն այդ YPG-ին միացրեց ԱՄՆ-ի հրամանատարության տակ գործող «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը:
«Նյու Յորք Թայմսի» հոդվածը Վաշինգտոնի վրդովմունքն է հայտնում այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում նշանակալի ավանդ ներդնել ISIS-ի վերջնական ջախջախման գործում: «Էրդողանը առաջնահերթությունը տալիս է PKK-ին եւ նրա դաշնակիցներին ոչնչացնելու գործին: Անկարան հավատացած է, որ էլ-Բաղդադիին վերացնելու քողի ներքո, Մ. Նահանգները նպաստում է Սիրիական Քուրդիստանի գոյառմանը, որն իր հերթին կարող է ոտքի հանել Թուրքիայում ապրող քուրդերին», գրում է «Նյու Յորք Թայմսը»:
Ապրիլի 24-ին թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին քուրդ մարտնչողներին եւ նրանց ամերիկացի դաշնակիցներին Իրաքում եւ Սիրիայում, է՛լ ավելի խճճելով Սիրիայում ISIS-ի դեմ ամերիկացիների մարտարշավը: Թուրքական կառավարությունը հայտարարեց, որ «չեզոքացրել» է 70 PKK օպերատիվ կայաններ: Մինչդեռ YPG-ի աղբյուրները նշեցին, որ 18 հոգի է մահացել եւ քսանըՙ վիրավորվել, ներառյալ վեց «պեշմերգաներ»: Վերջինները մարտնչող մի խմբավորման մաս են կազմում, որը պաշտպանում է քրդական ինքնավար շրջանը եւ դեմ է ինչպես PKK-ին, այնպես էլ YPG-ին:
Թրամփի վարչակազմը վերջերս 500 դասակ էր ուղարկել համալրելու համար SDF-ի (Սիրիական Դեմոկրատական ուժերի) շարքերը, որ հիմնականում կազմված է YPG-ի քուրդ մարտիկներից: Էրդողանի կառավարությունը պնդում է, որ զգուշացրել էր նախօրոք ամերիկյան կողմին, սակայն վերջինս նշում է, որ զգուշացումը եղել էր ընդամենը մեկ ժամ առաջ, եւ իրենք խնդրել էին առկախել հարձակումը:
«Ռմբակոծումները արյունոտ օրինակն են այն դիվանագիտական մարտահրավերի, որ դիմակայում է Թրամփը, մինչ նա, փորձելով հավաքագրել բոլոր դաշնակիցների ուժերը, ցանկանում է վերջնական հարվածը հասցնել Ռաքքային», գրում է այդ առթիվ անգլիական «Թելեգրաֆ» օրաթերթը:
Ռմբակոծումներից հետո ամերիկացի հրամանատարը YPG-ի կենտրոնակայան է գնացել պատճառված վնասի չափը հաշվարկելու համար, բարկացնելով թուրքերին: Մյուս կողմից Իրաքի արտգործնախարարությունը դատապարտել է հարձակումը, իսկ Քուրդիստանի Մասուդ Բարզանիի վարչակազմը PKK-ին է մեղադրել հարձակման հարուցիչը դառնալու համար:
Երկու անհավասարակշիռ առաջնորդներՙ հանձինս Թրամփի եւ Էրդողանի, իրար դեմ են դուրս եկել: Բայց առայժմ ամերիկյան կողմը անսովոր կերպով ճնշված է երեւում: Այն ընդամենը «մտահոգություն» է արտահայտել կատարվածի համար, փոխանակ լրջորեն դատապարտելու հարձակումը ISIS-ի դեմ պայքարող ամենաամուր խմբավորման վրա: Լրագրող Խուան Քոուլը «Nation» պարբերականում իր հոդվածը վերնագրել էր այսպես. «Սիրիայի քուրդերի դեմ Թուրքիայի մղած պատերազմը Ամերիկայի դե՞մ է ուղղորդվում»:
Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ է լինելու հակազդեցությունը: Թրամփը 59 «տոմահոուկ» տիպի հրթիռներ արձակեց Սիրիայի վրա, երբ իմացավ քիմիական զենքի պատճառած մահվան դեպքերի մասին, առանց հարցի էության մեջ խորանալու եւ պարզելու, թե ո՞վ էր պատասխանատուն: Առայժմ նա հանգիստ է: Բայց քաղաքականապես նա կռվի մեջ է էրդողանի հետ: «Էրդողանը հավատացած է, որ կարող է Թրամփին համոզել, որպեսզի հրաժարվի Սիրիայի քուրդերին իր դաշնակիցը համարելուց: Կապրենք կտեսնենք, թե արդյոք նա ճի՞շտ է հաշվարկել», եզրակացնում է Քոուլն իր հոդվածը:
Էրդողանը շուտով այցելելու է Վաշինգտոն: Գյուլենը, ինչպես նաեւ նոր զինտեխնիկայի ձեռքբերման եւ Սիրիայի քուրդերի հարցերն անպայմանորեն ընդգրկված կլինեն օրակարգում: Տեսնենք, թե առաջնորդներից ո՞ր մեկը առաջինը տեղի կտա:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator