Մարտի 17-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը հաստատել է անցյալ տարվա կառավարության գործունեության հաշվետվությունը: Խորհրդարանական քննարկումների միակ «ինտրիգը» պատգամավոր Զահիդ Օրուջեւի հարցն էր 82-ամյա վարչապետ Արթուր Ռասիզադեին, թե դեռ որքա՞ն ժամանակ է մտադիր մնալ այդ պաշտոնին: Ըստ երեւույթին, դա նշանակում է, որ մոտ ապագայում Ռասիզադեն կհեռանա: Դրա համար կգտնվի բացատրություն. տարիքն այն չէ, հոգնել է, պետք է գնա վաստակած հանգստի:
Իրականում կառավարության փոփոխությունը կունենա հասարակությանը որոշակի հույսեր ներշնչելու նպատակ: Չնայած պաշտոնական տվյալներին, անկախ փորձագետները նշում են հետեւյալը. 2015 թ. փետրվարի 21-ից հետո, երբ ադրբեջանական մանաթը սկսեց արժեզրկվել, տավարի միսը թանկացել է 69, 2, ոչխարինըՙ 15, 7, հավինըՙ 42, 8, կարագըՙ 86, բուսական յուղըՙ 67,3, մարգարինըՙ 54,5, ձունՙ 66,6, շաքարավազըՙ 44,4, շաքարըՙ 28,5, աղըՙ 36,6 , կաթըՙ16,6 , մածունըՙ 25 34,6, թթվասերըՙ 22, 4 , վարունգըՙ 22,5, լոլիկըՙ 40 տոկոսով: Միջինը 50 տոկոսով բարձրացել են մրգերի, 40-45 տոկոսովՙ ծառայությունների գները:
Ադրբեջանի ՀՆԱ-ն 2013թ.-ի համեմատ անցյալ տարի դոլարային արտահայտությամբ կրկնակի նվազել է: Եթե պաշտոնական վիճակագրությամբ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2013թ -ին կազմել է 8000 դոլար, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է 3071 դոլար: Ադրբեջանում միջին վիճակագրական ընտանիքի տարեկան եկամուտը կազմում է 4,4 հազ. դոլար: Բնակչության դրամական եկամուտների ավելի քան 70 տոկոսը ծախսվում է սննդամթերքի վրա: Ընդ որում, սննդի կազմում առաջին տեղում է հացը, ապաՙ ձավարեղենը: Բնակչությունը եկամուտների միայն 11 տոկոսն է ծախսում միս եւ մսամթերք գնելու վրա: Վերլուծաբանները բերում են տնտեսագիտության տեսությունը, որի համաձայնՙ ինչքան շատ է ծախսվում սննդի վրա, այնքան այդ երկիրն աղքատ է: Այդ ցուցանիշով Ադրբեջանը Տանզանիայից հետո երկրորդն է աշխարհում: «Թուրան» գործակալության վերլուծական կենտրոնի հաշվարկովՙ Ադրբեջանում բնակչության 49 տոկոսը գործնականում աղքատ է:
Իլհամ Ալիեւը վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք արտասահմանյան ուղեւորություններ է կատարել: Քաղաքական եւ ռազմական բնույթի հարցերից զատ նա քննարկել է արտաքին ներդրումներ, վարկեր եւ փոխառություններ ներգրավելու հարցը: Առայժմ լուրջ խոստումներ չկան: Ադրբեջանի կառավարությունը չի բացառում, որ կարող է մասնավորեցնել մի քանի խոշոր ընկերություններ: Բայց նավթի եւ գազի միջազգային գների տատանումները հազիվ թե մոտ ապագայում կարգավորվեն: Ադրբեջանցի մի շարք փորձագետների կարծիքովՙ իրենց երկիրը կարող է զոհ գնալ Ռուսաստանի եւ Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությանը: ԱՄՆ-ը վերագործարկել է նավթարդյունահանումը, սկսել է սեղմած գազի արտահանումը Եվրոպա, իսկ թերթաքարային նավթի արտադրության ծավալների մեծացումը մասնագետներին թույլ է տալիս կանխատեսել, որ մինչեւ 2030թ. նավթի մեկ բարելի գինը չի բարձրանալու 50 դոլարից:
Այս խորապատկերին Ադրբեջանի միակ հույսը մնացել է «Հարավային գազային միջանցք» նախագիծը: Այն նախաձեռնվել է 2013թ.-ին, երբ նավթի գները դեռեւս բարձր էին: Նախատեսվում էր, որ Կասպից ծովի «Շահդենիզ-2» հանքավայրի շահագործման եւ մի քանի գազամուղների կառուցման, եղածների արդիականացման միջոցով հնարավոր կլինի արդեն 2020թ.-ին ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 45մլրդ. դոլար, որից Ադրբեջանին բաժին է ընկնում 13 միլիարդը: Նավթի գների կտրուկ անկումը, սակայն, այդ երկրին կանգնեցրել է լուրջ դժվարությունների առջեւ: Պարզ ասած, իր բաժին ներդրումները կատարելու համար Ադրբեջանը սեփական դրամական միջոցներ չունի:
Իլհամ Ալիեւն անձամբ է բանակցություններ վարել Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի եւ այլ հեղինակավոր բանկերի հետ: Առայժմ հաջողվել է հասնել նրան, որ կա 2 մլրդ. դոլարի վարկ եւ փոխառություն ստանալու խոստում: Բայց դա բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը կարողանա կատարել իր բաժին պարտավորությունները, իսկ կոնսորցիումի մյուս մասնակիցները չեն պատրաստվում հավելյալ ներդրումներ անել:
Ֆինանսականից զատ, «Հարավային գազային միջանցք» նախագիծն Ադրբեջանի համար նաեւ քաղաքական ռիսկեր է պարունակում: Գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի ներկայությունը սահմանափակելուն ուղղված յուրաքանչյուր քայլ, իսկ Իլհամ Ալիեւի ծրագիրն այդպիսին է, կարող է առաջ բերել Մոսկվայի կոշտ հակազդեցությունը: Բացի այդ, դեպի Եվրոպա գազի տարանցման ծրագիր ունեն Մերձավոր Արեւելքի որոշ երկրներ, որոնց հետ հարաբերություններում նույնպես Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ:
Այսպես, թե այնպեսՙ ակնհայտ է, որ Ադրբեջանի տնտեսությունը փրկելու հույսը շարունակում է մնալ նավթագազային «ասեղը», որի վրա այդ երկիրը նստած է արդեն երկու տասնամյակ: Ալիեւը մտադրություն չունի գնալ տնտեսական ազատականացման, քանի որ դա քաղաքական վտանգներ է պարունակում: Մյուս կողմից էլ, սակայն, արտաքին ներդրումներ ներգրավելու փորձերն են անհաջողության մատնվում, որովհետեւ դրանց դիմաց արեւմտյան կառույցները պահանջում են բարեփոխումներ: Չի արդարանում նաեւ ԱՄՆ նոր նախագահի հետ կապված Ալիեւի հույսը: Սպիտակ տունը շարունակում է Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի քննադատությունը: Դրա ապացույցն օրերս Կոնգրեսի «Հելսինկյան կոմիտեի» զեկույցն էր, որի հեղինակներն Իլհամ Ալիեւից հստակ պահանջեցին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին…