Զարմանալի բան` ասում են տնտեսությունը , ժողովուրդը վատ վիճակում են, բայց ընտրարշավի սկսվելու պահից ի վեր ամենուր ոտքդ ու աչքդ դիպչում են փողոցում թափված կամ վիրտուալ տարածքից ծիկրակող անիմաստ շքեղությունների` գովազդի տեսքով, որոնք մեր առօրյա պակաս-պռատի պարագայում թվում են ջուրը լցվող անօգուտ միլիոններ: Որ այդքան վատ ենք ապրում ու փող չկա անգամ արագորեն ռեսուրս ներդնելու ու մաքրելու ողջ մայրաքաղաքը խցանած ու ձյան տակից դուրս եկած պեմզան` ի՞նչ իմաստ կա շռայլորեն թափվող ու միմյանց հետ անիմաստության աստիճանով մրցակցող գովազդների վրա այդքան փող ծախսել: Մանավանդ` այս քսան տարի այնքաաա~ն եք բոլորդ, պատգամավորության հարգելի ու անհարգելի թեկնածուներ, ամեն տեղ ու ամեն ինչում ձեր հնարավորությունները, բառապաշարը, կարողություններն ու ունակությունները ցույց տվել, որ ժողովրդի համար ոչ մի անհայտ բան ձեր մասին չի մնացել:
Mail.ru-ում ժպտում են պիջակը մեջքին գցած վարչապետն ու անկախության առաջին ժամանակներում անհնար, իսկ հիմա շատ էլ հնարավոր զույգը` Տեր-Պետրոսյանն ու Դեմիրճյանը, իսկ mail.ru-ի գովազդը բավական թանկ արժե: Երեւանի բոլոր երթեւեկելի փողոցներից ժպտում են, կարելի է անգամ ասել` քմծիծաղում են (եթե այսքան տարի ոչինչ չանելուց հետո էլի առաջադրվում են) տարբեր թանկ ֆիրմաների կոստյումները ցուցադրող, սափրված-ֆոտոշոփված տղամարդիկ` պլպլան թշերով ու դեմքի` նրանց դեպքում հնարավորինս խելոք արտահայտությամբ, որը սարսափելի ջանքեր գործադրելով եւ իր բախտն անիծելով` մի կերպ կարողացել է ստանալ լուսանկարիչը: Վահանակներն այն մեծության են, որ թույլ չեն տա մեզ, լինի երթուղայինի թե տաքսու միջից, դուրս նայել ու չտեսնել, թե ովքեր են մեր կյանքը «կազմակերպող-ախպոր տղերքը»:
Դե հա, հաճելի բաներ էլ մեկ -մեկ կարելի է տեսնել, հեռուստացույցով, կամ եթե ընտրողը չալարի ու հանդիպման գնա` ասենք գեղեցկուհի Արփինեն ընդունում է , որ սխալներ եղել են, բայց ով չի աշխատում` չի սխալվում, Արփինեի կուսակցությունն էլ միայն իրատեսական խոստումներ է տալիս:
Կամ` որ վարչապետը անկեղծանում է ընտրողների հետ հանդիպումներում ու տնավարի-մտերմիկ խոսում, իսկ Ծառուկյանին էլ ժողովուրդն է պատին դեմ տալիս ու այս ու այն ուզում: Բայց, իհարկե, հաճելին քիչ է, իսկ տհաճն` անսպառ:
Ամենուր` կանգառներում, տաքսիներում, ընտանեկան հացկերույթի սեղանների շուրջը մեկ խոսակցություն է այն մասին, թե` բոլորն էլ նույնն են, իրար բերան թքած ունեն, ոչ մեկին էլ պետք չի ձայն տալ, կամ էլ` ով շատ փող է տալիս, նրան էլ ընտրեք: Միմյանց այդ խորհուրդը տալուց հետո սկսվում է ընտրակաշառքի չափերի մասին խոսակցությունը` այդ թեմայով նորություններն են իրար փոխանցում մարդիկ: Էրեբունիում քսան հազար դրամ են տալիս մեկ քվեի դիմաց, չեն էլ ամաչում` Ավանում գոնե նրանցից թասիբով են` լսե՞լ եք, հարյուր դոլար են տալիս, բայց, իհարկե, ամենաշատ փողը Մալաթիայում է ` Լֆ…, կներեք, դե Սամվել Ալեքսանյանն, էլի, այնտեղ շատ մեծ խոստումներ է տալիս: Ընդհանրապես, ըստ այդ խոսակցությունների`միջին ընտրակաշառքը մեկ քվեի դիմաց տատանվում է 15-20 հազար դրամի սահմաններում: Այս բովանդակությամբ զրույց կլսես ամենուր: Երբ հարցնում ես` կոնկրետ ո՞վ է տալիս, որտեղ եւ երբ` այ այստեղ արդեն բոլորը խոսքը կտուրն են գցում, կա՛մ ես վստահելի տեսք չունեմ, կա՛մ այդ լեգենդների գոնե մի մասը հընթացս են հորինվում: Միգուցե այս մեթոդական օգնությանը դիմենք`այս խոսքուզրույցին չհավատացողներին առաջարկենք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածը, թե` ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում լինելու է քսակների կռիվ` զոռբայության մթնոլորտում, միջկուսակցական պայքար էլ չկա` անձերի մրցակցություն է: Է, ով նրանից ավելի լավ գիտի մեր քաղաքական դաշտը, որի մի մասի ճարտարապետը հենց ինքն է, ու նրան չհավատալու որեւէ պատճառ այս առումով չունենք: Մանավանդ` նա եւս տեսնում է, որ ռեյտինգային քվեարկությամբ խթանվելու է այդ ամենը:
Համենայնդեպս` ԿԸՀ-ն առայժմ Գագիկ Ծառուկյանին է միայն զգուշացնում, թե դրամական ու նյութական խոստումներ տալն օրենքի խախտում է, չնայած նույն կերպ, ասենք` մայրական կապիտալը բազմապատկելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կոնկրետ թվերով բարձրացնելու եւ ընդհանրապես մեր աշխատավարձերի հետ բազմապատկման գործողություն կատարող այլ թվային խոստումներ ընտրություններին մասնակցող ուժերի բոլոր առաջնորդներն են տալիս, դրանք, պարզվում է, ընտրակաշառք չեն: Կամ` եթե ասում են, թե կոնկրետ այս ու այն քաղաքական ուժի ներկայացուցիչը ընտրակաշառքի այս գինն է սահմանել, դեռ պետք է քաղաքացի գտնվի, որ գնա ու հայտնի, թե իրեն այդ ընտրակաշառքը տվել են, այլապես ոչ ոք դա չի կարող տեսնել, չես բռնվել` գող չես:
ԿԸՀ զգուշացումից հետո էլ Գ. Ծառուկյանն արդեն ուղղել էր իրեն, ասում էր հարցերը ցուցակագրեք, ընտրություններից հետո կօգնենք, որ ընտրակաշառք չդիտվի:
Թրամփի սինդրոմ
Երբ ի հեճուկս բոլոր հարցումների, Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություննրում, ամբողջ աշխարհում փաստորեն սոցիոլոգիական հարցումների ինստիտուտի հեղինակությունը սասանվեց: Դե` եթե Միացյալ Նահանգների նման երկրում սոցիոլոգիան սխալվում է, Հայաստանի նման երկրում կսխալվի ու կսխալվի: Համենայնդեպս` նկատվում է, որ Թրամփի դասերը մեր սոցիոլոգները յուրացրել են, ու երբ Gallup International Association-ը «Ծառուկյան» դաշինքին է առաջատար տոկոս տալիս իր առաջին հարցումների արդյունքում, նշանակում է` ավելի բարդ ու խուճուճ տեխնոլոգիաներ են որդեգրվելու, որոնցով ի վերջո վերջին` երրորդ հարցումից հետո իշխանության ցանկալի արդյունքը դուրս են բերելու: Միգուցե առաջին հարցումն, իրոք, կարող էր օբյեկտիվ լինել` ՀՀԿ-ի երկրորդ տեղում լինելու առումով, քանի որ տարիներ իշխանության եղած ու առանձնապես մարդկանց վիճակը չբարելաված որեւէ կուսակցություն, այս դեպքում` ՀՀԿ-ն, չի կարող բարձր վարկանիշ ունենալ: Սակայն, երբ ժողովրդին ոչինչ չասող «Ազատ դեմոկրատներին» համարյա ՀՅԴ-ի չափ ձայն են տալիս` 3.4 % (թող ներեն ինձ այս կուսակցությունում առկա իրոք մտածող մարդիկ` նրանց քաղաքական ուժի անունը մեր մարզերում ոչինչ չի ասում), սա նշանակում է, որ մի բան այն չի, կամ էլ հարցումը կատարվել է միայն օպերային թատրոնի շրջակայքում: Սակայն առավել հավանականն այն է, որ այդ թիվը, ինչպես «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին տրված 1,8 % թիվը, այն ծրագրի մեջ են, երբ լվից ուղտ են սարքում, որ փղերը չերեւան: Դե, իհարկե, ընտրությանը մասնակցող ուժերի մեջ իրական փղեր չկան, իրենց ընդդիմություն անվանողների մեջ` նույնպես, տղերքով մետր առ մետր գնում են` մինչեւ հասնեն տեղ (խորհրդարան), սակայն երբ ՕՐՕ-ին նախնական տոկոսներով այսքան քիչ են տալիս, իսկ «Ազատ դեմոկրատներին» իրենց ճանաչման համեմատ`այսքան շատ, մտածում ես, որ Gallup International Association-ը, հարցումն իրականացնող հայ սոցիոլոգներով, մի նոր տեխնոլոգիա է կիրառելու, որի արդյունքում ընտրարշավի վերջում ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի թվերը հավասարվելու են, ՕՐՕ-ինն ավելի են նվազելու, եւ ունեալու ենք նախապես գծված քաղաքական քարտեզին համապատասխան պատկեր, որպես իրեղեն ապացույց մաքուր ընտրության: Ձեր հոր սիրուն` իրականությունից մի կտրվեք, ու նաեւ միայն օպերայի շուրջը հարցումներ մի արեք: Հա, հասկացանք`վերեւներին ցանկալի խորհրդարանը կարկատանայինն է ու առանց ՕՐՕ-ի, որտեղ այնպիսի կառավարելի պատկեր կլինի, որ վարչապետ կամ ԱԺ նախագահ ունենալիս ոչ մի անակնկալ չի լինի: Բայց չմոռանանք, իրոք, Թրամփի ֆենոմենի մասին, այդ ֆենոմենն, ինչպես ասում են, սոցիոլոգիայի «կատուն ճղել է», ու Հայաստանում էլ, Երեւանի փոքր կենտրոնից բացի, կան մարզեր ` լրիվ ընդդիմադիր իշխանությանը, ու իրենց ընդդիմադիր անվանող առնվազն երկու հոգի ունեն Թրափի ֆենոմենը կրկնելու, այսինքն` Հայաստանում թրամփելու հնարավորությունը:
Նույնիսկ տեսականորեն այդ հնարավորությունն ունի ՀՀԿ-ն, քանի որ աշխատեցրեց նոր մարդու` Կարեն Կարապետյանի գործոնը: Հին մեղքերը նորի երեսով տալ մեր ժողովուրդը չի սիրում, ասում է` էս մարդու աշխատելը դեռ չենք տեսել, ոնց որ ուզում է աշխատել, հիմա ինչ իմանանք` սա դեռ չի աշխատել, իսկ բոլոր մնացածի աշխատելը տեսել ենք: Ու այդպես ձայնը կտան նաեւ Կարեն Կարապետյանին, որ, ճիշտ է, ՀՀԿ ցուցակում չկա, բայց նա է տանում ՀՀԿ ընտրարշավը, ու սա տասին խփող տրյուկ է. Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը, իրենց ուսերին տանելով ՀՀԿ-ի քարոզչական բլոկը, փորձում են ծածկել ռեյտինգային քվեարկության ողջ տձեւությունը:
Այնպես որ` երկու մարդ իրենց ընդդիմություն կոչողներից (դիտավորյալ ուժ չենք ասում, քանի որ Հայաստանում բոլոր ուժերը համարյա անձնակենտրոն են) եւ Կարեն Կարապետյանը, ի դեմս ՀՀԿ-ի, դեռ կարող են թրամփել, նայած ժողովուրդը ում ժպիտին (խոստումներին) կհավատա:
Անեկդոտներ` աղքատ բարեկամիս համար
Գագիկ Ծառուկյանը Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթն է պատմել ընտրողների հետ հանդիպմանը` անեկդոտային ինտերպրետացիայով եւ բիզնես մատուցմամբ` նավ, ծով եւ այլն: Այսինքն` փաստորեն, ժողովուրդն է էն անխելք մարդը, որ չի ընդունում փրկվելու (հարստանալու` Թումանյանի դեպքում) առաջարկը եւ կրկին մնում է աղքատ` խաբվելով գործող իշխանությանը: Մի խոսքով` ժողովուրդն անխելք է ու իր օգուտը չգիտի, որի հակառակը «Ծառուկյան» դաշինքին ձայն տալն է: Այլ մեկնաբանություններ կա՞ն անեկդոտի (հեքիաթի) վերաբերյալ:
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի պատմած անեկդոտի առումով անգամ այլ մեկնաբանությունների առաջարկ հնչեցնել պետք չէ. գինոցված տղամարդը (իշխանություն), հերթական անգամ ուշ տուն գալիս (ժողովրդի առաջ իր պարտականությունները չի կատարում այսինքն), կնոջ հարցին ի պատսսխան, թե` էս անգամ ինչ պատճառաբանութուն ես բերում, ասում է` դու խելոք ես , էս անգամ դու ասա: ժողովուրդն էս անգամ կինն է, որից խելոք միտք են սպասում: Է, չե՞ք վախենում, որ կասի, քվեի տեսքով:
Չմոռանանք հանկարծ
Արցախի հարցի հետ կապված նոր զարգացումներ կան, դրանց որոշակի երանգներ տեսանելի են եւ Սերժ Սարգսյան-Ֆրանսուա Օլանդ հանդիպումներում, Հայաստանի ու Արցախի սահմաններում առկա լարվածության մեջ, դրանց ցուցիչ է մի քանի օր հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցը Բաքու: Համենայնդեպս` մի շարք տարբեր հայտարարություններ, ներառյալ Ֆրանսուա Օլանդինը, խոսում են այն մասին, որ մենք, զբաղված ընտրական գործընթացով, ինչ որ բան կարող ենք աչքաթող անել: Համենայնդեպս` հետաքրքրական է, որ Փարիզում, Հայաստանի նախագահի հետ հանդիպումներից ոչ պաշտոնականի ժամանակ Օլանդն ասել է, թե ոչինչ այնքան վատ չէ, որքան ստատուս քվոն` հիշելով, որ շատ անգամներ է բանակցային գործընթացը մոտ եղել լուծման, բայց դա չի ստացվել: Ու, չնայած դրան, ըստ Օլանդի, պետք է բանակցել, քանի որ ռազմական լուծումը բացառված է, սեղանին էլ Մադրիդյան սկզբունքներն են, որոնց իրագործմանն աջակցում է Ֆրանսիան: Թե ինչ սկզբունքներ են դրանք` բոլորս գիտենք, ինչ են խոսելու համանախագահները Բաքվում, սա էլ ենթադրվում է` Ադրբեջանին մեր հասկացնելիքը հասկացրել ենք, թող գնա ու որտեղ իրենը կասի, մերն էլ հիշի: Բայց այս օրերին աչքաթող չանենք հակառակորդի նենգությունը, որը միշտ սրվում է համանախագահների տարածաշրջան այցերին նախորդած շրջանում: