ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու
Սիրիական հակամարտության մեջ, թվում է, նկատվել է երկար սպասված առաջընթաց: Կողմերը պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջը հնարավոր առավելագույն ձեւաչափով: Քննարկել ձգձգված եւ արյունալի առճակատման կարգավորման հնարավոր ուղիներըՙ այս անգամ մտադիր են ոչ միայն դրա անմիջական մասնակիցները, այլեւ նրանք, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են հակամարտության մեջ: Եվ նրանք պատրաստ են դա անել, թերեւս հնարավոր ամենաչեզոք եւ այդ պատճառով դրա համար թերեւս ամենահարմար հարթակի վրա` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցություններ ընթանում են, ըստ էության, գործնականում այդ հակամարտության հենց սկզբից, ավելի քան երեք տարի: Այդ ընթացքում փոխվում էին ձեւաչափերը եւ բանավեճերի հարթակները, ինչպես նաեւ մասնակիցների կազմը: Հանդիպումները Լոզանում, Վիեննայի ռաունդը եւ Ժնեւյան ձեւաչափը: Ավելի քան երեք տարի անհաջող փորձեր են արվել կասեցնելու քաղաքացիական պատերազմի կրակը, որին զոհ են գնացել, տարբեր հաշվարկներով, ավելի քան 400 հազար մարդ: Մոտ 7 միլիոն սիրիացիներ ստիպված են եղել թողնել իրենց օջախները եւ դառնալ փախստական:
Իհարկե, վիճակագրության չոր թվերը չեն կարող փոխանցել այդ պատերազմի ամբողջ ցավն ու սարսափները, պատմել խեղված ճակատագրերի, դժբախտ մանուկների մասին, ովքեր դարձան որբեր, անսփոփ մայրերի մասին, ովքեր կորցրել են իրենց զավակներին: Որպեսզի հասկանալի լինի սիրիական ողբերգության ողջ մասշտաբը, բավական է համեմատել Մերձավոր Արեւելքի երբեմնի բարգավաճող երկրի քաղաքների լուսանկարները այսօրվա պատկերների հետ: Ավերածություններ եւ փլատակներ: Կարելի է երկար վիճել այն մասին, թե ո՞վ է մեղավոր: Բայց արդյոք արժե՞ դա անել: Հիմա ավելի կարեւոր է պատասխանել «ի՞նչ անել» հարցին: Եվ դա, ակնհայտ է, հասկանում են բոլոր կողմերը, որոնք ուղղակիորեն կամ միջնորդավորված ներքաշված են այս հակամարտության մեջ:
Բանակցություններին մասնակցելու համաձայնություն են տվել Սիրիայի պաշտոնական իշխանությունների եւ չափավոր ընդդիմության ներկայացուցիչները, պատվիրակներ Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Սաուդյան Արաբիայից եւ Քաթարից: Աստանայի հարթակում հանդիպմանը իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Միավորված Ազգերի Կազմակերպությունում: Նշենք, որ տվյալ դեպքում նախաձեռնությունը գալիս է ոչ Աստանայից: Խաղաղ բանակցություններ անցկացնելու շահագրգռությունը, հատկապես ղազախստանյան տարածքում, արտահայտել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցների ընթացքում: Ղազախստանի առաջնորդն ի պատասխան հայտարարել է հարթակ տրամադրելու պատրաստակամության եւ նման բանակցություներ վարելու համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու մասին: Այժմ հարցը մշակվում է վերոնշյալ պետությունների արտաքին գործերի նախարարություններում:
Ինչո՞ւ Աստանան: Նման հարց, թերեւս, չի էլ ծառացել: Այս ընտրությունը, դժվար թե որեւէ մեկին զարմացնի: Ղազախստանը չեզոք է եւ բացարձակապես կողմնակալ չէ, ընդ որում ոչ միայն սիրիական հարցում: Եվ դա շատ կարեւոր է հակամարտության բոլոր կողմերի համար: Բացի դրանից, Ղազախստանն արդեն մեկ անգամ չէ, որ հանդես է եկել խաղարարի դերում: Պաշտոնական Աստանան նշանակալից դեր խաղաց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, խփված ռուսական ինքնաթիռի պատճառով երկու երկրների միջեւ հակամարտության ամենասուր շրջանում: Բացի դրանից, Ղազախստանը նաեւ դարձել է միջնորդ Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ բազմիցս հայտարարել է Դոնբասում իրավիճակը կարգավորելուն ուղղված բանակցությունների համար դիվանագիտական հարթակ կազմակերպելու պատրաստակամության մասին: Այս բոլոր գործոնները հաշվի առնելով, փորձագետներն ակնկալում են, որ միջսիրիական բանակցությունները Աստանայում ավելի հաջող կանցնեն, քան Ժնեւյան ձեւաչափում, որոնք, որոշ քաղաքական գործիչներ, արդեն չքաշվելով կոշտ ձեւակերպումներից, բացահայտորեն անվանում են «ձախողված»:
Անհրաժեշտ է նաեւ նկատել, որ Աստանան երկու անգամ իր տարածքը տրամադրել է բանակցություններ վարելու համար: Այժմ գործում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ընդունված փաստաթուղթ սիրիական կարգավորման համար` Աստանայի հռչակագիրը:
Հարկ է ընդունել, որ այդ բանակցություններից, չնայած դրանց ամսաթիվը եւ կազմակերպչական պահերը դեռեւս համաձայնեցված չեն, արդեն շատ բան են սպասում` արյունահեղության դադարեցում Սիրիայի պաշտոնական իշխանությունների եւ սիրիական ընդդիմության այն հատվածի միջեւ, որի հետ իմաստ եւ հնարավորություն կա պայմանավորվելու: Եվ նրանց, եւ մյուսների համար Ղազախստանը հեղինակավոր երկիր է, ծանրակշիռ խաղացող միջազգային թատերաբեմում, այդ իսկ պատճառով հույս կա, որ երկխոսությունը, վերջապես, ավելի վստահելի կդառնա, հետեւաբար նաեւ ավելի կառուցողական:
Ընդսմին, որոշ փորձագետներ կարծում են, որ Աստանայի բանակցությունների ռաունդները կարող են խաղալ, թեեւ ավելի շրջադարձային, սակայն, այնուամենայնիվ ոչ վերջնական դեր հակամարտության կարգավորման գործընթացում: «Աստանան կխաղա բացառիկ կարեւոր, սակայն, այնուամենայնիվ ոչ վերջնական դեր այդ հակամարտությունը հանգցնելու գործում: Այս առճակատումը ձգձգված բնույթ ունի: Այդ պատճառով էլ բանակցությունները Աստանայում, իհարկե, կունենան մեծ նշանակություն, սակայն հակամարտությունը չի կարգավորվի լոկ այդ մեկ հանդիպումով: Իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել մշտական հարթակ: Հատկապես հենց այդ հիմնախնդրի համար»,- կարծում է փորձագետ, Ղազախստանի գիտության եւ կրթության նախարարության պետության պատմության ինստիտուտի տնօրեն Բուրկիտբայ Այաղանը :
Դժվար է սրան չհամաձայնելը: Չնայած չի բացառվում, որ Աստանայում նոր ձեւաչափով առաջին բանակցությունների հաջողության դեպքում Ղազախստանը կարող է դառնալ հենց այն մշտական հարթակը միջսիրիական երկխոսության համար եւ դա այն դեպքում, երբ մնացած ձեւաչափերն իրենց փաստորեն վարկաբեկել են: