Ավարտվեց խառնաշփոթ իրադարձություններով լի մի տարի: Մ. Նահանգները ականատես եղավ գուցե իր պատմության մեջ ամենաայլանդակ եւ ամենահամառ նախագահական ընտրապայքարներից մեկին, որի եզրափակիչ փուլը Սպիտակ տուն առաջնորդեց Դոնալդ Թրամփին, անակնկալ պատճառելով նույնիսկ իրեն: Սա «ռեալիթի շոուի» մաս չէր կազմում, անշուշտ, այլ իրականությանը համապատասխանող փաստ էր, որի հետեւանքների գիտակցման դեպքում նա ինքը կարող է ափսոսար իր անցած նախընտրական ճանապարհը:
Թրամփի ինչպես բարեկամները, այնպես էլ թշնամիները շփոթված իրավիճակում են: Իր թշնամիներից շատերը համալրել են բարեկամների շարքերը, հույս ունենալով իրենց բաժինը վերցնել նրա նորակազմ իշխանությունից:
Հիլարի Քլինթոնի ճամբարում հուսախաբություն է տիրում, որովհետեւ հաղթանակը թվում էր, թե իրենց ձեռքերում է:
Նախագահ Բարաք Օբաման հեռանում է պաշտոնից` խամրած ժառանգություն թողնելով իր ետին: Նա հաջողությամբ ձեւափոխել էր Մ. Նահանգների տնտեսությունը, վերահսկել արժեզրկումը, զգալիորեն իջեցրել գործազրկության նշաձողը, նվազեցրել պետության պարտքը եւ մատչելի դարձրել առողջապահությունը ժողովուրդին: Նա նաեւ հրաժարվել էր «հրետանային քաղաքականությունից» խաղաղ լուծում գտնելով Իրանի միջուկային զենքի, Կուբայի դիվանագիտական սառեցման եւ տարբեր իշխանություններ փոխելու մոլեգին խնդիրներին: Նախորդ վարչակազմը առաջ էր քաշել «Արաբական գարուն» ծրագիրը, արյունոտ ավազանների վերածելով Իրաքն ու Լիբիան, իսկ Սիրիան եւ Իրանն էլ զետեղելով իրենց առաջիկա թիրախների ցուցակում:
Պատերազմի հրձիգներն, անշուշտ, դժգոհ էին, որ չեն կարողանում անմիջական գործարկման դնել ռազմա-արդյունաբերական համալիրի թողարկած իրենց ամենաարդիական ռազմական տեխնիկան: (Նախագահ Օբաման կարող է մխիթարվել Չերչիլի եւ դը Գոլի օրինակներով, որոնք պարտություն կրեցին ընտրություններում իրենց պատմական հաղթանակներից հետո:) Ամերիկահայերը չգիտեն, չեն էլ կարող պատկերացնել, թե իրենք որտեղ են գտնվում նորընտիր նախագահի առաջնահերթությունների ցուցակում:
Բայց աշխարհի ամենաուժեղ անձնավորությունը, Մ. Նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատարն անգամ ամենակարող չէ: Նրա հնարավորությունները սահմանափակված են: Ութ տարի շարունակ նախագահ Օբամային չէր թույլատրվում ասել այն, ինչ նա մտադիր էր ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սա ցույց է տալիս քողարկված դիվանագիտության ուժը, որ նույնիսկ երկրի նախագահը չի կարող անտեսել:
Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի նման բռնակալներ հնարավորություն ունեն անմիջական կապ հաստատել Թրամփի հետ եւ շնորհավորել նրան նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ Հայաստանի նախագահը պետք է բավարարվի ընդամենը նորընտիր փոխնախագահ Պենսին ուղղելու իր շնորհավորանքները, շատ բան է ասում աշխարհի ներկա ուժային կառույցի հետ վերոնշյալ առաջնորդների հարաբերությունների մասին:
Անցյալ տարվա ընթացքում Հայաստանը ենթարկվեց ծանրակշիռ հարձակման Ադրբեջանի կողմից, որը մարդկային մեծ կորուստների պատճառ դարձավ: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչքան դյուրաբեկ եւ խոցելի է Հայաստանը թշնամական այդ տարածաշրջանում: Հակամարտությունը ստիպեց կատարել որոշ բարեփոխումեր, որոնք լավագույն դեպքում կարելի է անվանել կոսմետիկական, բացառությամբ, գուցե, նոր վարչապետիՙ Կարեն Կարապետյանի նշանակումը: Վերջինս Հայաստանի հուսահատ բնակչությանը հույս է ներշնչում ապագայի հանդեպ: Նա կարծես տվյալ աշխատանքի համար է ստեղծված: Նրա ծրագրերն ու խանդավառությունը խոստումնալից են, բայց նրա անդամակցությունը վարկաբեկված Հանրապետական կուսակցությանը այնքան էլ խելացի քայլ չի համարվում:
Հայաստանը նաեւ կորցնում է պատերազմը տեղեկատվության դաշտում: Մինչ օլիգարխներն ու կառավարության պաշտոնյաները չարաշահում են պետության հարստությունը, Հայաստանը դեռեւս չունի օտար լեզուներով մի կարգին տեղեկատվական ցանց, որի միջոցով աշխարհին կներկայացնի իր դատը:
Ներկայիս կառավարական պաշտոնյաներն ու Հանրապետական կուսակցության անդամները ամբողջ թափով պատրաստվում են այս տարվա խորհրդարանական ընտրություններին, որպեսզի շարունակեն մնալ իշխանության ղեկին: Բայց նրանց կողմից նման եռանդ ու փութաջանություն չի ցուցաբերվում ժողովրդի հոգսերը թեթեւացնելու, նրա կյանքը բարելավելու եւ գարշահոտությունը Գյումրիի դոմիկներից վերացնելու ուղղությամբ: Այդ դոմիկներում դեռեւս ապրում են մոտ 3000 ընտանիքներ: Սա չի կարող նպաստել, անշուշտ, արտագաղթողների թվի նվազեցմանը:
Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Մենք կարող ենք նոր տարին դիմավորել հույսի նշույլով, քանի որ հայկական ստեղծագործ միտքն անընդհատ աշխատում է: Հայաստանում եւ սփյուռքում ապագայի հանդեպ տիրող վհատության եւ մռայլ տրամադրությանը հակադրվելով, առաջադիմական գաղափարների տեր մի խումբ անձնավորություններ են հայտնվել, որոնք սովորական կաղապարներից այն կողմ անցնելով առավել լավատեսական տրամադրություն են նախատեսում:
Այդ ունեւոր մարդիկ (ի դեպ, եթե ունեւոր չլինեին, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի նրանց) մտադրվել են հայկական մտածողությունը դուրս բերել իր դարն ապրած սահմանափակ պարամետրերից եւ որդեգրել գլոբալ մոտեցում: Շատ հայեր կան, որոնք հաջողություն եւ հարստություն ձեռք բերելուց հետո հեռանում են իրենց էթնիկական արմատներից եւ ապրում իրենք իրենց համար: Բայց մարդկանց այս խումբը իր հարստությունը, փորձառությունն ու գիտելիքը վերադարձնում է իր էթնիկական արմատներինՙ փորձելով նոր շնչառություն հաղորդել ամբողջ ազգին:
Հոկտեմբերի 28-ին իրենց գաղափարներն ազդարարող Գլոբալ Հայեր հայտարարությունը մի ամբողջ էջ գրավեց «Նյու Յորք Թայմս» պարբերականում: դրա տակ ստորագրել էին պատկառազդու անձնավորություններ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրիգորյանը, Շառլ Ազնավուրը, լորդ Արա Դարզին, դեսպան Էդվարդ Ջերեջյանը, Տիգրան Թեվրեզյանը, Սամվել Կարապետյանը եւ ուրիշներ: Վստահաբար այս խմբին եւ նրանց մտահղացումներին կմիանան նաեւ այլ հանրաճանաչ անձնավորություններ: Գաղափարը 2001 թվից էր շրջանառվում, երբ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը առաջ քաշեցին իրենց «Հայաստան 2020» ծրագիրը, որը հետագայում ծավալվեց հսկայական մի համապարփակ ծրագրի, որն իր մեջ ընդգրկում է համայն աշխարհի հայկական հասարակությունը: Ստորագրողների անունները կարդալուց հետո, մեծ թվով կանայք արտահայտվեցին այն մասին, որ իրենք պատշաճ մակարդակով չեն ներկայացված ցուցակում: Գլոբալ հայերի պատասխանը դրական էր եւ կոչ էր անում ոչ միայն կանանց, այլեւ նվազ հարուստներին միանալ իրենց:
IDeA բարեգործական հիմնադրամը ստեղծվել էր սատարելու համար կոթողային ծրագրերին եւ նախագծերին, որոնք Հայաստանն իր գոյությունը պահպանելուց կտեղափոխեին բարգավաճման բարձրագույն մակարդակի: Ցարդ խումբը կարողացել է իրագործել հետեւյալ տպավորիչ ձեռքբերումները. Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցու վերակառուցումը, Տաթեւի ճոպանուղու կառուցումը, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության կայացումը, Դիլիջանի միջազգային քոլեջի շինարարությունը:
Բոլոր այս նախաձեռնությունները իրականություն են դարձել առանց կառավարական միջոցների կամ գործող կազմակերպությունների նյութական օժանդակության: Բոլորն էլ եզակի կառույցներ են, որոնք պատմական արմատներ ունեն եւ միտված են Հայաստանը ամրորեն ներգրավելու համաշխարհային զբոսաշրջության, կրթության եւ բարեգործության բնագավառներում:
Հայաստանին վարկաբեկողներն ու նրա հանդեպ բացասական կարծիք հայտնողները շատ են, բայց մարդկանց այս խումբը, եւ անշուշտ, նրանցից առաջ Քըրք Քրքորյանի եւ Էդուարդո Էռնեկյանի նման անձնավորություններ կարողացել են բացասական երեւույթներից այն կողմ տեսնել եւ հոգալ Հայաստանի կարիքները իրենց նվիրվածությամբ եւ առատաձեռնությամբ: Ինչպես ասում են, ցանկության դեպքում լավ գործ կատարելու ելքն անպայման կգտնվի:
Սփյուռքահայերն ամբողջովին (եւ արդարացիորեն) կորցրել են իրենց հավատը Հայաստանի կառավարության հանդեպ: Նրանց վերաբերմունքը նաեւ բացասական է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր ձեռք են մեկնում հայրենիքին, քանի որ ըստ իրենց խաբեություններն այնտեղ չափազանց շատ են, որ թվարկվեն: Սա ընդհանուրի, եւ ոչ թե բացառություն կազմող մարդկանց վերաբերմունքն է:
Վերոնշյալ IDeA-ի նման խմբերի հաջողությունը ցույց է տալիս մի հիմնական ճշմարտություն, որ ավանդական սփյուռքյան կառույցներն իրենց դարն ապրել են եւ չեն կարող մեր ազգին առաջնորդել դեպի բարգավաճ ապագա: Նոր մտածելակերպն ու նոր ուղիների հայտնաբերումը, առանց անշուշտ թերագնահատելու ավանդական կառույցների դերը, միակ ճանապարհն է առաջ գնալու:
Վերջին, բայց ոչ պակաս կարեւոր դիտարկումն այն է, որ այս խմբի առաջ քաշած գաղափարներն ու նախագծերը նպատակ ունեն ընդլայնելու մեր տեսլականը, մեզ ավելի հարմար զգալու համաշխարհային համընդհանուր հասարակությունում եւ նպաստելու, որ առաջնորդվենք վերջինիս օրենքներով:
Կցանկանայինք նոր տարին թեւակոխել ա՛յս գլոբալ տեսլականով:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Arm. Mirror-Spect.