«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից:
Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան եւ հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
«Պոբեդայի» ավիատոմսերի սակագները սկսում են 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
Ի դեպ, Գյումրիում այս լուրն ընդունել են, ինչպես բոլոր լուրերըՙ հումորով: Հիմնականում կենտրոնանալով ավիատոմսերի գնի վրա (սկսած տասը հազար դրամից), Գյումրիում նկատել են, որ նույն տասը հազար դրամով կարելի է տաքսով հասնել Երեւան, ասենքՙ սուրճ խմելու, հիմա նույն գումարով կարելի է հասնել Մոսկվա, ընդ որում նույն ՙ երկու ժամում:
Այնպես որ, եթե լինեք Գյումրիում եւ լսեք, թե ինչպես են տեղացիներն իրար ասումՙ «էրթանք Մոսկվա կոֆեմ խմենք», չզարմանաք, իրոք կարող են:
Արցախի մասին հայկական ֆիլմըՙ Հոլիվուդում
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանիՙ «Վերջին բնակիչը» ֆիլմն օրերս ԱՄՆ-ում ներկայացվեց «Հուլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիա»-ի (HFPA) անդամներին: Ցուցադրումը փակ էր, եւ նշենք, որ այն հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության պահանջներից մեկն է: «Վերջին բնակիչը» ֆիլմը այս տարի ներկայացվելու է «Ոսկե գլոբուս»-ի եւ ֆիլմի ստեղծագործական կազմըՙ Ջիվան Ավետիսյանի գլխավորութամբ, արդեն ԱՄՆ-ում են եւ մասնակցել են փակ ցուցադրությանը: ԱՄՆ-ում են նաեւ ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը, լիտվացի համաարտադրող Կյաստուտիս Դրազդաուսկասը, դերասաններիցՙ իրանցի Հոմայուն Էրշադին, լիտվուհիՙ Սանդրա Դաուշկայտե-Պետրուլենեն, ինչպես նաեւ Աննե Բեդիանը եւ այլք:
Ի դեպ ֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել, ինչը շատ կարեւոր է, քանի որ այն պատմում է Արցախի մասին, տվյալ պարագայումՙ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիա»-ին:
Հիշեցնենք, որ «Վերջին բնակիչը» նոյեմբերի 17-ից կցուցադրվի Երեւանի կինոթատրոններում, բաց:
Նոր աշխատատեղՙ Ուորլիքի համար
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անցնող շաբաթ, երբ Խումբը տարածաշրջանային հերթական այցով նախ Բաքվում էր, հետոՙ Ստեփանակերտում, ապաՙ Երեւանում, հայտարարել է, թե «Հակամարտության կողմերը չպետք է մեղադրեն միմյանց»:
Այս համատեքստում, ենթադրում ենք, որ պարոն Ուորլիքը, Մինսկի խմբում իր դիվանագիտական ծառայությունն ավարտելուց հետո պետք է միջնորդ աշխատի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւՙ կոնկրետ Սիրիայի հարցում, կոչ անելովՙ կողմերին, որպեսզի միմյանց չմեղադրեն: Ավելին, չի բացառվում, որ պարոն Ուորլիքը հանդես գա ԱՄՆ նախագահական ընտրություններումՙ որպես կազմակերպիչ-խորհրդատու, կրկին կոչ անելով կողմերին (թեկնածուներին), որպեսզի միմյանց չմեղադրեն:
Եթե ԼՂ հակամարտության կողմերի պարագայում պարոն Ուորլիքին հաջողվի համոզել կողմերին, որպեսզի միմյանց չմեղադրեն, ապա ռուս-ամերիկյանում կամ հանրապետական-դեմոկրատականում նման արդյունքի հասնելը մեկից մեկ կլինի:
Գուցե Խաղաղության Նոբել էլ տան…
Եթե ցանկանա Ծառուկյանը, կամ ե՞րբ կցանկանա Ծառուկյանը
Անցած շաբաթ մի խումբ քաղաքացիներ երթով գնացել էին Գագիկ Ծառուկյանի տունՙ պահանջելով, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն եւ մեզ բոլորիս փրկի: Այս կապակցությամբ, նույն օրը, «Մուլտի գրուպ կոնցեռն» -ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը հայտարարեց. «Որքան ես գիտեմ, Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն այս պահին չունի, իսկ ես ճշմարտությունը գիտեմ»:
Ավելի ուշ, ինքըՙ Ծառուկյանը, իր վերադարձի առնչությամբ լրագրողներին ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես երկու տարի քաղաքականության էջը փակել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ: Եվ այսօր եթե անհրաժեշտություն լինի, կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը ես չունեմ, քանի որ ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, էնպես չի, որ քաղաքականություն մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ, եթե անհրաժեշտությունը լինի, կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ուզում եմ բոլորին տեղեկացնելՙ ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան ներող ա, կամեցող ա: Թող բոլոր քաղաքական գործիչներն իմանան, Ծառուկյանը նենգ չի, ներող ա, բարի ա, ներող: Թող բոլորն իմանան, ես բոլորին ներում եմ»:
Մնաց իրեն ներեն, եթե, իհարկե, «պահանջարկ կա» եւ «կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն» …
Որտե՞ղ են ապրում միլիարդատերերը
Ըստ միջազգային հետազոտությունների, այս տարվա ցուցանիշներով աշխարհում ապրում է 2473 միլիարդատեր: Նշվում է, որ նրանք նախընտրում են ապրել խոշոր քաղաքներում: Այսպես, ամենաշատ միլիարդատերներն ունի Նյու Յորքը, որտեղ ապրում է 97 միլիարդատեր, երկրորդ տեղում է Հոնկոնգըՙ 79 միլիարդատերով, ապաՙ Մոսկվանՙ 74, Լոնդոնըՙ 68, Պեկինըՙ 38, Սինգապուրըՙ 37, Սան Պաուլոնՙ 36, Դուբայըՙ 35, Ստամբուլըՙ 32, Մումբայըՙ 31, Փարիզըՙ 29, Լոս Անջելեսըՙ 26, Էր Ռիադըՙ 24, Սան Ֆրանցիսկոնՙ 24 եւ Շենչժենըՙ 24:
Հետազոտության մեջ նշված չէ, թե կոնկրետ ի՞նչ հասցեներում են ապրում միլիարդատերերը, մինչդեռ սա շատ կարեւոր կլիներ աշխարհի բնակչության մեծամասնության համար, որոնք ողջ կյանքում միլիարդ չեն տեսել. գոնե մեկ անգամ միլիարդատեր տեսնեին:
Ի՞նչ կանի Օբաման պատմության մեջ մտնելուց հետո
ԱՄՆ նախագահ Օբաման ամերիկյան ABC հեռուստաալիքի «Ջիմի Քիմմել Live» շոուի ժամանակ մեկնաբանել է սոցցանցերում իր մասին տարված որոշ գրառումները: Օրինակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գրել էր, թե «Օբաման ԱՄՆ պատմության մեջ կմտնի որպես վատագույն նախագահն »: Օբաման պատասխանել է. «Համենայնդեպս, ես պատմության մեջ կմտնեմ որպես նախագահ»: Ի դեպ պաշտոնավարումից հետո, ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, Օբաման կաշխատի ՏՏ ոլորտում եւ կտեղափոխվի Կալիֆորնիա: