ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Օրերս տպագրվել է հայագիտության մեծ երախտավոր Պողոս Խաչատրյանի «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն» ստվարածավալ աշխատությունը («Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երեւան, 2016), որը լրացրել եւ խմբագրել է ձեռագրագետ Արշակ Բանուչյանը: Գրախոսվող գրքի մասին արդեն իսկ հոկտեմբերի 8-ի «Չորրորդ իշխանություն» թերթում Լեւոն Տեր-Պետրոսյանը տպագրել է «Երախտավոր հայագետի նոր աշխատությունը» հոդվածը, որն ըստ էության գրախոսվող գրքի առաջաբանն է:
Մեր նպատակն է արժեւորել այդ աշխատությունը` ի ցույց դնելով նրա արդիականությունը, մեծ հայագետի կազմածի եւ Ա. Բանուչյանի` հետագայում կատարած լրացման արժանիքները` առաջնորդվելով համադրական, վերլուծական մեթոդաբանությամբ:
Դեռեւս 2004 թ. «Աստվածային մարդը, մեծ բանասերը» հուշապատումի մեջ նշել էի, որ պատվարժան ուսուցչիս` Պողոս Խաչատրյանի հայ հին գրականության մատենագիտությունը անտիպ աշխատություն է, որն առաջիկայում կտպագրվի: Պողոս Խաչատրյանի անավարտ մնացած այդ գիտական մտահղացումը, բարեբախտաբար, արդեն իրականություն է, ինչի համար շնորհակալության խոսք պիտի ասենք նախ եւ առաջ իր որդիներին: Հիշյալ հուշապատումի մեջ բերել եմ Պողոս Խաչատրյանի հետ զրույցից մի հատված, որ աստ անհրաժեշտաբար հարկ եմ համարում կրկնել. «Իմ կյանքից գոհ եմ, լավ երեխաներ ունեմ, հատկապես տղաներս, ոչ թե իմն են, դրա համար եմ ասում, այլ իսկապես հրաշալի մարդիկ են, անզուգական զավակներ: Լավ թոռնիկներ ունեմ» (Եղիազարյան Վ., Աստվածային մարդը, մեծ բանասերը, Վանաձոր, 2004, էջ 16): Իսկապես դա այդպես է, քանզի նրա ժառանգները մեծապես նպաստել են գրախոսվող գրքի ստեղծման գործին:
Շնորհակալ աշխատանք է կատարել նաեւ բանասեր-ձեռագրագետ Արշակ Բանուչյանը` մասնակիորեն լրացնելով եւ խմբագրելով գրախոսվող գիրքը: Երախտագիտության խոսք պիտի ասել նաեւ առաջաբանի հեղինակին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով առաջաբանում միջնադարյան գրչին հատուկ համեստությամբ գրել է. «Չեմ կարող նաեւ գոհունակութիւնս թաքցնել ինձ ընձեռուած բարեբախտութեան առթիւ, որ հանգամանքների բերմամբ թեկուզ կողմնակի մասնակցութիւն եմ ունեցել իմ յարգարժան ուսուցիչներից մեկի` Պօղոս Խաչատրեանի այս հրաշալի աշխատութեան մտահղացման եւ հրատարակութեան գործին: Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում եւ Մաշտոցեան Մատենադարանի ընթերցասրահներում Խաչատրեանի հետ կողքկողքի աշխատելու երկար տարիների ընթացքում յաճախ եմ օգտուել նրա խորհուրդներից ու շատ բան սովորել նրանից» (Խաչատրեան Պ., Հայ հին գրականութեան մատենագիտութիւն, էջ VIII):
Գրախոսվող գիրքն ունի հապավումների, համառոտագրությունների բաժին, ըստ էության ներկայացվել են հայ հին եւ միջնադարյան շուրջ 173 հեղինակների համառոտ կենսագրականները, հրատարակությունները, դրանց թարգմանությունները, ապա այդ հեղինակներին նվիրված գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաեւ 15 այլ մասնագիտական եզրույթների (Գիրք թղթոց, գանձարան, շարական եւ այլն) մատենագիտությունը:
Մատենագիտության այն հատվածը, որը Պողոս Խաչատրյանի կազմածն է, մանրակրկիտ ու հանգամանալի աշխատանք է, արժանի խոնարհումի, ինչը գնահատել է նաեւ Ա. Բանուչյանը` գրելով, որ Կ. Քիպարյանի գրքի մատենագիտությունը «իրեն յատուկ բծախնդրութեամբ կազմել է Պ. Խաչատրեանը, բնականաբար առաջնորդուելով միայն գրքի կառուցուածքով եւ յիշատակուած մատենագիրների անուններով» (նույն տեղում, էջ XV): Բարձր գնահատելով նաեւ Ա. Բանուչյանի կողմից լրացված հատվածը` պետք է փաստենք սակայն, որ այն, ցավոք, ամբողջական չէ: Ա. Բանուչյանը ներածության մեջ նշել է. «Մեր կողմից աւելացրել ենք մատենագիրների կենսագրական նախադրութիւններ եւ լրացրել միայն 1992 թ-ից յետոյ լոյս տեսած հրատարակութիւնների եւ ուսումնասիրութիւնների մատենագիտական տուեալները» (նույն տեղում, էջ XVI), սակայն չի նշել այն սահմանը, որտեղ վերջանում է մատենագիտությունը: «Սոյն մատենագիտութիւնը 2015 թ-ի վերջին, ըստ էութեան պատրաստ էր հրատարակութեան: Սակայն պատասխանատւութեան զգացումն ու խմբագրումը լիարժէք անելու ձգտումը թոյլ չէին տալիս հասնել աշխատանքի աւարտուն վիճակի ներքին համոզման: Բացառելի չեն մեր հայեացքից վրիպած ուսումնասիրութիւններն ու հրատարակութիւնները, նաեւ հնարաւոր վրիպակները»,- իրավացիորեն գրում է Ա. Բանուչյանը (նույն տեղում, էջ XX): Բնականաբար պիտի ենթադրել, որ Ա. Բանուչյանն իր լրացրած հատվածում պիտի ընդգրկեր մինչեւ 2015 թ. տպագրված գիտական ուսումնասիրությունները: Ցավոք, Ա. Բանուչյանը հստակ չի նշել այդ մասին, թեեւ նման մի աշխատանք կատարելը ենթադրում է հստակ թվական սահման, ինչն արել է Պ. Խաչատրյանը` նշելով իր կազմած մատենագիտության ժամանակային սահմանը` 1992 թ.:
Իրավացի է Ա. Բանուչյանը, երբ գրում է. «Թւում է` ժամանակակից թուային տեխնոլոգիաների զարգացման եւ համակարգչային շտեմարանների ընձեռած տարատեսակ հնարաւորութիւնների պայմաններում աւելորդ է մատենագիտութիւն հրատարակելը: Մատենագիտութիւնը, սակայն, սոսկ հրատարակուած գրքերի ու յոդուածների ցուցակ չէ, այլ ուսումնասիրութիւն` յայտնաբերելու փնտրուած նիւթը ողջ գրական ժառանգութեան բովանդակութեան մէջ, բացայայտելու հետաքրքրող հեղինակի կամ տեքստի մասին գիտական մտքի ողջ պաշարը եւ, որպէս ուղեցոյց, շրջանառութեան մէջ դնելու նախկինում հրապարակուած բոլոր նիւթերը» (նույն տեղում, էջ XVII):
Պ. Խաչատրյանի կազմած «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն»-ն ունի բացառիկ նշանակություն հայ հին եւ միջնադարյան գրականության ուսումնասիրման հետագա ընթացքի համար: Ցավոք, մեզանում հաճախ գրվում են հոդվածներ եւ ուսումնասիրություններ, որոնցում անտեսվում է նախորդ ուսումնասիրողների վաստակը` առանց խորամուխ լինելու խնդրո առարկա հարցի պատմության մեջ: Պ. Խաչատրյանի գրախոսվող մատենագիտությունը գալիս է լրացնելու նաեւ այդ բացը:
Մի խնդիր եւս: Մասնագետների շրջանում կարող է առաջանալ նաեւ այն հարցը, թե ինչու Պողոս Խաչատրյանի կազմած մատենագիտության մեջ տեղ չի հատկացվել Սայաթ-Նովային: Ամբողջ հարցն այն է, որ Պ. Խաչատրյանն այդ մատենագիտությունը կազմել է Կ. Քիպարյանի «Հայ հին գրականութեան պատմութիւն» գրքի համար, որտեղ Սայաթ-Նովան դիտված չէ որպես միջնադարի հեղինակ (տե՛ս Քիպարեան Կ., Պատմութիւն հայ հին գրականութեան, Վենետիկ, 1992): Ի դեպ, Սայաթ-Նովային միջնադարում կամ նոր գրականության մեջ դիտելու հարցի առնչությամբ վերջերս ծավալվեց նոր բանավեճ «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորի տպագրության առիթով (տե՛ս Հայոց գրականության պատմություն, հ. 3, Ե., 2015): Այդ բանավեճին այստեղ անդրադառնալու նպատակ չունենալով` փաստենք, որ Սայաթ-Նովային ոչ միայն Կ. Քիպարյանը, այլեւ նրան նախորդող ոչ մի հայագետ չի դիտել որպես միջնադարի հեղինակ: Այսպես` հայ հին գրականության պատմություններում Սուքիաս Սոմալյանը (տե՛ս Սոմալեան Ս., Quadro della storia letteraria di Armenia, Վենետիկ, 1829), Ֆրեդերիկ Նոյմանը (տե՛ս Նոյման Ֆ., Փորձ հայոց գրականության պատմության, Լայպցիգ, 1836), Հովսեփ Գաթրճյանը (տե՛ս Գաթըրճեան Հյր. Յ., Պատմութիւն մատենագրութեան հայոց, Վիեննա, 1851) չեն հիշատակել Սայաթ-Նովային, քանի որ նա դեռեւս անհայտ էր հայագիտությանը: Այն բանից հետո, երբ 1852 թ. Գ. Ախվերդյանը տպագրում է Սայաթ-Նովայի խաղերը (տե՛ս Ախվերդեան Գ., Սայաթ-Նօվայ, Մոսկվա, 1852), 1865 թ. Վենետիկում տպագրվում է Մխիթարյան միաբան Գարեգին Զարբհանալյանի «Պատմութիւն հայերէն դպրութեանց» գրքի առաջին հատորը` 4-13-րդ դարեր (տե՛ս Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայերէն դպրութեանց, Ա, Վենետիկ, 1865), ապա 1878 թ.` երկրորդ հատորը` 14-18-րդ դարեր (տե՛ս Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայերէն դպրութեանց, Բ, Վենետիկ, 1878), որտեղ եւս Սայաթ-Նովան չի հիշատակվում: Ավելին`1885 թ. Եղիշե Դուրյանի «Պատմութիւն հայ մատենագրութեան ի վաղ ժամանակաց մինչեւ մեր օրերն» գրքում եւս Սայաթ-Նովան բացակայում է (տե՛ս Դուրեան Ե., Պատմութիւն հայ մատենագրութեան ի վաղ ժամանակաց մինչեւ մեր օրերն, Կ. Պոլիս, 1885): Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» մեջ եւս Սայաթ-Նովան չի համարվել միջնադարի բանաստեղծ (տե՛ս Աբեղյան Մ., Երկեր, հ. Դ, Ե., 1970):
Կ. Քիպարյանից հետո էլ 1971 թ. Նորայր եպիսկոպոս Պողարյանի «Հայ գրողներ, Ե-ԺԷ դար» գրքում Ծովականը հայ գրականության պատմությունն սկսում է Մեսրոպ Մաշտոցից եւ ավարտում 17-րդ դարի վերջին հեղինակ Դավիթ Սալաձորեցիով (տե՛ս Պողարեան Ն., Հայ գրողներ, Ե-ԺԷ դար, Երուսաղեմ, 1971):
Պարզ է, որ Պ. Խաչատրյանը մատենագիտություն է գրել Կ. Քիպարյանի գրքի համար, որում չկար Սայաթ-Նովան: Այլ հարց է, թե Պողոս Խաչատրյանն ի՞նչ կարծիք ուներ խնդրո առարկա բանավեճի մասին, իսկ Պ. Խաչատրյանը Սայաթ-Նովային համարել է միջնադարի բանաստեղծ` իր կազմած «Գանձարան հայ հին բանաստեղծության» ժողովածուի մեջ ներառելով նաեւ Սայաթ-Նովային (տե՛ս Գանձարան հայ հին բանաստեղծության, աշխ. Պ. Խաչատրյանի, Ե., 2000, էջ 860-874):
Գրքի վերջում ներկայացված է նաեւ հավելված, որում զետեղված է Պողոս Խաչատրյանի հուզիչ ինքնակենսագրությունը` «Իմ մասին» վերնագրով, ապա նաեւ կազմվել է Պողոս Խաչատրյանի աշխատությունների մատենագիտությունը. սկզբում նշվել են թվով 8 գրքերը, այնուհետեւ 19 հոդվածները, 1 գրախոսությունը, հեղինակակցությամբ կատարած 7 գիտական աշխատանքները, խմբագրած 17 գրքերը եւ իր մասին այլոց գրած 9 տարաբնույթ նյութերը: Հարկ ենք համարում նշել, որ հեղինակակցությամբ կատարված աշխատանքներից դուրս է մնացել Արշալույս Ղազինյանի համահեղինակությամբ կազմված եւ 1970 թ. «Լույս» հրատարակչության տպագրած «Ծրագիր հայ գրականության ֆակուլտատիվ պարապմունքների (9-10-րդ դասարանների համար)» աշխատանքը, ինչպես նաեւ «Ազարիա Սասնեցու կյանքը եւ գործը» եւ «Յովհաննէս Կոզեռնին վերագրվող «Տեսիլը» անտիպ հոդվածները, որոնց մասին մենք տեղյակ ենք Պողոս Խաչատրյանի կազմած գիտական աշխատանքների ցուցակից, որը 1970 թվականին ստորագրել են Պողոս Խաչատրյանը եւ գրականության ինստիտուտի գիտքարտուղար Հ. Քենդերյանը:
Կարծում ենք` մեծ հայագետ Պողոս Խաչատրյանի հայագիտական վաստակն արժանի է նաեւ առանձին գիտական ուսումնասիրության, եւ հավելվածում տեղ գտած նրա աշխատությունների մատենագիտությունը լավագույնս կծառայի այդ նպատակին:
Հակոբ Անասյանը ձեռնարկել էր հայագիտության մատենագիտության բազմահատոր աշխատության մի ինքնատիպ փորձ, որի երեք հատորն արդեն գրապատմական իրողություն է (տե՛ս Անասյան Հ., Հայ մատենագիտություն, Ե-ԺԸ դդ., հ Ա., Ե., 1959, հ. Բ, Ե., 1976, հ. Գ, Ե., 2002): Պ. Խաչատրյանի գրախոսվող մատենագիտությունը, ինչպես Ա. Բանուչյանն է նկատել, «ըստ էության, Անասեանի ծրագրի մի միջանկեալ հանգրուան է» (Խաչատրեան Պ., Հայ հին գրականութեան մատենագիտութիւն, էջ XX):
Ամփոփելով փաստենք, որ Պողոս Խաչատրյանի կողմից կազմած հայ հին գրականության մատենագիտությունը, որն ընդգրկում է մինչեւ 1992 թվականը, մանրակրկիտ կատարված մատենագիտական լուրջ ուսումնասիրություն է, որն Արշակ Բանուչյանի` 1992-2015 թթ. ընկած ժամանակաշրջանի` թերություններով լրացված հատվածներով հանդերձ մեծապես կնպաստի հայ հին գրականության ուսումնասիրման գործին` դառնալով հայագետների ամենագործածական գիրքը:
Պողոս Խաչատրյանի «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն»-ն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, բանասիրական չափազանց մեծ արժեք եւ հայ հին գրականության մատենագիտության ամբողջական հանրագիտարան է` այսուհետ մշտապես բացված հայագետների աշխատասեղանին, եւ մեծապես կնպաստի հայագիտության զարգացմանը: