Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Մ. Հ.

«Սոսե» կինոփառատոնը շուտով կինոսերներին կներկայացնի մրցութային ծրագրում ընդգրկված 104 ֆիլմՙ աշխարհի 38 երկրներից (Ի դեպ, փառատոնին 61 երկրներից ներկայացվել են 336 ֆիլմերի հայտեր):

Փառատոնին մասնակցում են խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունըՙ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» եւ «H2O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում եւ «Ուսանողական» մրցութային ծրագրում: Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:

Ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը , խոսելով ընտրված ֆիլմերի մասին, նշեց, որ մեկ ընդհանուր գիծ է նկատել. «Բոլոր ֆիլմերում ես տեսնում եմ մի առանձնահատկություն, որը, իհարկե, տխրեցնում է: Գրեթե ամեն տեղ կինը ներկայանում է ընկճված, բոլոր ֆիլմերում առկա են խիստ միայնությունն ու հուսահատության ճիչը: Իսկապես մի ներքին պահանջ առաջացավ, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեն եւ դիտեն այս ֆիլմերը»:

Կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանին էլ դուր է եկել հատկապես ֆիլմերի բազմազանությունը. «Միջազգային ֆորմատն արդեն պարտավորեցնող է եւ նշան է այն բանի, որ փառատոնը չի դոփում տեղում, այլ զարգանում է: Հույս ունեմՙ փառատոնը կունենա երկար կյանք, եւ մենք ականատես կլինենք հետաքրքրական բացահայտումների»:

«Սոսե» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են Երեւանի տարբեր կինոսրահներում եւ մշակութային կենտրոններում, ցուցադրություններ են նախատեսվում նաեւ Գյումրիում:

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30: