Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթեւի վանական համալիրում անցկացվելու է «Շարական» առաջին փառատոնը:
Փառատոնների պակաս կարծես թե հայ հանդիսատեսը չի զգում: Ուրախալի է, որ այսօր կյանքի է կոչվում նաեւ փառատոն, որի գլխավոր նպատակն է պահպանել եւ խթանել հայ հոգեւոր երաժշտության ժառանգությունը:
Սեպտեմբերի 14-ին Տաթեւում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, սեպտեմբերի 15-ինՙ Երեւանի պետական երգչախումբը, իսկ սեպտեմբերի 16-ինՙ Տաթեւի վանական երգչախումբը: Բացի այդՙ նախատեսվում է նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անվճար վարպետության դասը տարածաշրջանի երգչախմբերի ղեկավարների համար:
Փառատոնն ամենամյա է եւ շարունակաբար զարգացնելու է հայ հոգեւոր երաժշտության կարեւորության գաղափարն ու ազդեցությունը: Փառատոնը հայ երաժիշտներին եւ հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակՙ հոգեւոր հարուստ եւ բազմաբովանդակ երաժշտությանն ավելի խորը ծանոթանալու համար:
Փառատոնին աջակցում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը:
Փառատոնի կազմակերպիչը` Music of Armenia-ը, նոր շունչ է պարգեւում հայկական երաժշտական ժառագությանը` հայտնաբերելով եւ պահպանելով մոռացվածը, խթանելով հայկական երաժշտության ու հայազգի տաղանդների առաջխաղացմանը, ստեղծելով նորարար համագործակցություններ եւ առաջարկելով հանրությանը հետաքրքրական ծրագրեր եւ միջոցառումներ: