Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀՆ ԻՐԱՐԱՆՑՄԱՆ ՄԵՋՙ ՆԻՍԻՑ ԵՐԵՎԱՆ: ՇՈԳ ԵՎ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԱՄԱՌ

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Կարծես Դալլասում եւ Բատոն Ռուժում տեղի ունեցած ոստիկանական կրակոցները մեզ բավականաչափ չէին ցնցել, ավելի տգեղ բռնարարքներ հետեւեցին նախ Նիսում, Ֆրանսիայում, ապա Թուրքիայում եւ այնուհետեւ նաեւ Հայաստանում, որպեսզի առավել սրեին մեր զայրույթի զգացումները:

Դալլաս եւ Բատոն Ռուժ

Երեւի թե ոչ մի պատճառական կապ գոյություն չունի այն բոլոր բռնարարքների միջեւ, որոնց մենք ականատես եղանք վերջերս, բացի այն հանգամանքից, որ մարդկային կյանքեր խլվեցին, երբեմն նույնիսկ առանց պատճառի:

Մի շարք ոստիկանների սպանությունները հավանաբար պատճառ դարձան մի սեւամորթիՙ Ալտոն Ստերլինգի սպանությանը հուլիսի 5-ին, որի տեսաժապավենային արձանագրությունը բացառում էր ինքնապաշտպանության վարկածը: Մյուս կողմից, այդքան շատ հրացանների գոյությունը քաղաքացիների ձեռքերում իրավունք է տալիս ոստիկաններին մտահոգվելու իրենց իսկ անվտանգության մասին: Բռնությունը կարող է առաջանալ, երբ ոստիկանությունը կանգնեցնում է որեւէ մեկին որեւէ պատճառով: Օրենքի երկրորդ լրացմամբ երաշխավորված ազատությունը եւ դրա չարաշահումըՙ զենք կրելը պաշտպանողների կողմից, լավ բան չի խոստանում մեր հասարակության համար: Հուլիսի 7-ին Դալլասում 5 ոստիկան սպանած Միկա Ջոնսոնն ու Բատոն Ռուժում երեք ոստիկան սպանած Գեյվին Լոնգը ունեն ընդհանուր մի բան. նրանք երկուսն էլ ունեն ոստիկանական անցյալ:

Երկուսն էլ ականատես են եղել մարտադաշտի բռնություններին եւ քաղաքացիական կյանք են վերադարձել, ինչպես շատ այլ վետերաններ, որպես կոտրված անհատներ: Իր մասին արտահայտած Լոնգի խոսքերը շատ բան են բացահայտում. «Ուզում եմ իմանալ, թե այս քաղաքը սիրո՞ւմ է ինձ, թե ոչ: Համազգեստով ինձ զզվանքով եւ ատելությամբ էին նայում, առանց համազգեստիՙ ոմանք ինձ սպառնալիք էին համարում»:

Զարմանալի չէ, որ հատկապես իրաքյան պատերազմի վետերանների շրջանում ինքնասպանություն գործողների թվը չափազանց բարձր է: Պատերազմի ընթացքում 4.500 երիտասարդներ զոհվեցին: Նույնքան մարդիկ ինքնասպանություն գործեցին: Կոտորածը շարունակվում է: Այս թվերի մեջ, անշուշտ, ներառված չեն այն 50 հազար վիրավորվածներն ու մարմնական զանազան խեղվածքներ ստացած հաշմանդամները:

Երբ վետերանները տուն են վերադառնում, նրանցից շատերը չեն կարողանում ձերբազատվել այն սարսափներից, որոնց ականատես են եղել, կամ որոնց միջով ստիպված են եղել անցնել: Հետեւաբար նրանք, կամ նրանց մի մասը, ընդառաջ են գնում ինքնասպանության պահանջին, իսկ մյուսները, ոչ զարմանալիորեն, ցանկանում են իրենց հետ նաեւ ուրիշ, անմեղ մարդկանց կյանքը խլել:

Այս բոլոր զոհերի արյունը այն առաջնորդների ձեռքերի վրա է, ովքեր հորինված ստերի հիման վրա սանձազերծեցին այդ պատերազմները: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ուշացած ներողությունը չի կարող ետ բերել զոհերին, ոչ էլ բուժել մտավոր թե հոգեկան վերքերը բոլոր նրանց, ովքեր մշտապես հաշմանդամ են դարձել: Բուշ-Չեյնի գործակցությունը դեռեւս պետք է հնչեցնի իր ներողությունը կոպիտ սխալ թույլ տված լինելու համար: Այդուհանդերձ, այն բանից հետո, ինչ Դոնալդ Թրամբը նրանց երեսին ասաց ողջ ճշմարտությունը, նրանք այլեւս չեն պնդում, որ «աշխարհն ավելի անվտանգ է առանց Սադդամ Հուսեյնի»:

Փարիզ, Ֆրանսիա

Հուլիսի 14-ին, Բաստիլի գրավման ազգային տոնի օրը, Ֆրանսիան, վերջին 18 ամիսների ընթացքում երրորդ անգամ թիրախը դարձավ զանգվածային սպանության ահաբեկչական արարքի: 31-ամյա թունիսցի ներգաղթյալ Մոհամեդ Լահուայեժ Բուհլելը իր 19 տոննա կշռող բեռնատար ավտոմեքենայով հնձեց Նիսի «Պրոմենադ դեզԱնգլե» ճեմուղում հավաքված մարդկանց, որոնք եկել էին մասնակցելու տոնական հրավառություններին: 84 մարդ սպանվեց: Շատ ավելի մեծ թվով մարդիկ վիրավորվեցին: Հետաքննությունը պարզեց, որ նա ԻՊ-ի ծայրահեղական կողմնակիցներից է, ով հակակրանք է տածում իրեն հյուրընկալած երկրիՙ Ֆրանսիայի հանդեպ:

Ֆրանսիայի խոցելիությունը նման արարքների հաճախականություններին, զգալիորեն թուլացրել են կառավարության դիրքերը եւ վերջնականապես վճռել նախագահ Օլանդի հետագա ճակատագիրըՙ ոչ ի նպաստ իրեն: Նրա վարկանիշն այժմ նվազել է մինչեւ 11 տոկոս: Իհարկե, ահաբեկչությունը երկրի միակ խնդիրը չէ: Կան նաեւ տնտեսական եւ սոցիալական այլ խնդիրներ:

Ֆրանսիայում կատարվող այս գազանային արարքները ուժեղ ցնցումներ են առաջացրել ամբողջ Եվրոպայում, տեղի տալով հակա-իսլամական եւ հակա-միգրացիոն զգացումների սրումին: Ուժեղացել է Մարին Լըպենի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունը:

Ըստ «Նյու Յորք Թայմսում» տպագրված Ալիսոն Սմեյլի եւ Սթիվն Քեսլի հոդվածի, «Փախստականների երեսին դուռը փակելը գլխավոր պատճառներից մեկն էր Անգլիայի համարՙ դուրս գալու Եվրոմիությունից»: Մեկ այլ քաղաքագետ Հոլանդիայումՙ Գեերտ Վիլդերս անունով (ծայրահեղ աջակողմյան առաջնորդ), թվիթերում նշել է, որ «սա պատերազմ է եւ չի ավարտվելու մինչեւ մենք չփակենք մեր սահմանները իսլամի առաջ եւ ապաիսլամացնենք մեր հասարակությունները: Վե՛րջ ահաբեկչությանը, վե՛րջ իսլամին»:

Գերմանիայում եւ Ավստրիայում շուտով ընտրություններ են անցկացվելու եւ քաղաքական ճոճանակը դրանցում էլ աջակողմյանների հաղթանակ է նախատեսում: Լեհաստանն ու Հունգարիան, իրենց հերթին, ուժեղացրել են փախստականների մուտքի արտոնությունները: Եվրոմիությունը կազմող երկրների տարբեր քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ ճեղքեր է առաջացրել հենց Միության ներսում, դժվարացնելով Շենգենյան համաձայնության գործադրումը: Ինչ վերաբերում է իրենցՙ փախստականներին, պետք է ասել, որ նրանք էլ իրենց հետ բերել են բազում սոցիալական եւ տնտեսական խնդիրներ: Ավելին, նրանցից ոմանք նույնիսկ Շարիա օրենքներն են ցանկանում Եվրոպա մտցնել եւ դրանով իսլամականացնել ամբողջ Եվրոպան:

Եվրոպացիները, իհարկե, արժանի են կատարվածին: Իրե՛նք առաջ բերեցին այդ խնդիրները, առաջին հերթին քարուքանդ անելով այն երկրները, որտեղից գալիս են այդ փախստականները, եւ երկրորդՙ համապատասխան միգրացիոն քաղաքականություն չկարողանալ մշակելու համար: Նրանք բացեցին այդ հեղեղի դարպասներըՙ կործանելով Իրաքի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի եւ որոշ առումով նաեւ Լիբանանի կայուն հասարակությունները: Պատերազմների, շարունակական արյունահեղությունների, բռնությունների եւ տնտեսական անկման հետեւանքով այդ երկրները դարձան ոչ պիտանի ապրելու համար, չնայած որոշ «խելոքներ» պնդում են, որ միեւնույն է, այդ երկրները ի վիճակի չէին կառավարելու իրենք իրենց:

Հեղաշրջո՞ւմ: Ո՞ւմ դեմ:

Թուրքիայում հուլիսի 15-ին կատարված հեղաշրջման փորձը ամենաանհավանական իրադարձությունն էր, որ ցնցեց ողջ Մերձավոր Արեւելքը եւ… զավեշտականորեն ամրապնդեց նախագահ Էրդողանի քաղաքական դիրքերը: Այդ օրը թուրքական ցամաքային ուժերն ու ոստիկանության միավորները Անկարայում եւ Ստամբուլում գրավեցին կարեւոր կառավարական հաստատություններ: Պարզվեց, որ հեղաշրջումը կազմակերպողները միջին պաշտոններ զբաղեցրած զինվորականներ ենՙ գնդապետ Մուհարրեմ Կոզեի եւ գեներալ Աքին Օզթուրքի գլխավորությամբ: Ընդդիմադիր երեք գլխավոր կուսակցությունները (ժողովրդա-հանրապետականՙ CHP-ն, Ազգայնական շարժումՙ MHP եւ ժողովրդա-դեմոկրատականՙ HDP) հրապարակայնորեն դատապարտեցին հեղաշրջման փորձը:

Թուրքիայի զինվորականությունը բավական մեծ փորձ ունի հեղաշրջումներ կազմակերպելու: 1960-ին, 1971-ին, 1980-ին եւ 1997-ին լավ կազմակերպված հեղաշրջումներ են իրականացվել: Բայց այս մեկը ձախողվեցՙ տեղի տալով որոշ կասկածների, որ կեղծ գործողություն էր կատարվածըՙ նպատակ ունենալով վերջնականապես հաշիվները մաքրել Էրդողանի կասկածելի թշնամիների հետ: Հեղաշրջման փորձի ավարտին ավելի քան 265 հոգի էր սպանված, եւ 1440-ըՙ վիրավորված: Թվում է, թե Էրդողանի կառավարությունը շատ ավելի լավ էր պատրաստված, քանի որ նրան հաջողվել էր մի քանի ժամվա ընթացքում ձերբակալել 2839 զինվորականներ, կալանավորել 140 դատավորներիՙ արդարադատության երկու խոշորագույն կառույցներից, եւ «մաքրազտել» 2475 այլ դատավորներիՙ ենթադրել տալով, որ նրանց ցուցակը վաղուց էր պատրաստված: Հեղաշրջման փորձի սկզբում Էրդողանը հանգստանում էր Մարմարայի ափերում: Նրա իջեւանած հյուրանոցը ռմբակոծվեց իր այդ տարածքը թողնելուց անմիջապես հետո: Ապստամբների ինքնաթիռները հետեւել են Էրդողանին ապահով Ստամբուլ հասցրած կործանիչին, բայց ոչ մի փորձ չի արվել դրան խփելու համար:

Այն որ Թուրքիան հմուտ է կեղծ գործողություններ «բեմադրելու», ոչ ոք չի կասկածում: Սիրիական ճգնաժամի սկզբներին, լուրեր տարածվեցին, որ թուրքական գաղտնի ոստիկանության ղեկավար Հաքան Ֆիդանը պատրաստվում է նման մի գործողություն իրականացնելՙ արդարացնելու համար թուրքական բանակի մուտքը Սիրիա: Ֆաթիհ սուլթան Մոհամմեդի հոր դամբարանը գտնվում է Սիրիայում: Ֆիդանը պետք է այդ դամբարանը պայթեցներ եւ սիրիական կառավարությանը մեղադրեր դրա համար, հար եւ նման այն ռումբին, որ թուրքական հետախուզական մարմինները տեղադրել էին Աթաթուրքի ծննդավայր Սալոնիկում, որպեսզի կազմակերպեին 1955-ին հույների եւ հայերի կոտորածները Ստամբուլում:

Որոշ լրագրողներ հեղաշրջման փորձը նույնիսկ համեմատեցին 1933-ին Ռայխսթագը հրդեհելու Հիտլերի նախաձեռնության հետ, ինչը նպաստեց նրա առաջխաղացմանը: Նույնիսկ վերջին շրջանում Ստամբուլում կատարված ռմբակոծությունները, կամ ահաբեկչական արարքները շատերի կարծիքով կեղծ գործողություններ են, հակակշռելու համար այն քննադատություններին, որ թուրքական կառավարությունը գաղտնի համագործակցում է ISIS-ի հետ:

Ինչեւիցե, նախագահ Էրդողանը կարողացավ ժողովրդին փողոց դուրս հանել բողոքելու համար ընդդեմ ապստամբության եւ զորավիգ կանգնելու համար իր իշխանությանը: Լրագրող Չենգիզ Չանդարը «Ալ-Մոնիտորում» մի հոդված է տպագրել, որի վերնագիրն է. «Թուրքիայի հեղաշրջման փորձը արդյոք Էրդողանի կողմից խնամքով մշակված խաբեություն չէ՞ր»:

Թուրք առաջնորդների համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի: Բոլոր օսմանյան սուլթանները, բացառությամբ մեկից, սպանել են իրենց զավակներին: Փոխվարչապետ Ահմետ Շիմշեքը մի առիթով հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը (տեղահանությունը) արդարացված էր եւ եթե հարկ լինիՙ դարձյալ պետք է կատարենք»: Այնպես որ, 265 զոհը նման քաղաքական բեմադրության համար աննշան թիվ է:

Էրդողանն ընդհանրապես երեւույթները բեւեռացնող, պառակտիչ անձնավորություն է, բայց իշխանության ղեկին մնալու համար նա գործի է դնում իր մահմեդական մեծամասնության վատագույն բնազդները: Երկրում իրական դժգոհություն կա իր բռնատիրական իշխանության հանդեպ, բայց կարծես թե հեղաշրջման փորձը փոխանակ չափավորման ազդեցություն ունենալու, ամրապնդելու է իր դիրքերը:

«Նյու Յորք Թայմսի» հուլիսի 18-ի խմբագրականը ամրագրում էր. «Շաբաթավերջի քաոսային եւ արյունալից դեպքերից հետո Էրդողանը դարձել է ավելի վրեժխնդիր եւ իշխանատենչությամբ համակված քան երբեւէ: Նա շահագործում է ճգնաժամը ոչ թե սոսկ պատժելու ապստամբ զինվորներին, այլ մեկընդմիշտ լռեցնելու Թուրքիայում մնացած որեւէ այլախոհի: «Նրանք շատ թանկ են վճարելու դրա համար», ասաց նա սառնասրտորեն: «Այս ապստամբությունը Աստծո պարգեւն է ուղարկված մեզ, որովհետեւ դա մեզ հնարավորություն է տալու մեր բանակը մաքրագործելու»:

Էրդողանը մտածում է վերականգնել մահապատիժը, ի հեճուկս Եվրոմիության առարկություններին: Բայց իրեն հավատարիմ ամբոխն արդեն իսկ փողոցներում ԻՊ-ի ոճով գլխատել է ապստամբ զինվորների:

Էրեբունու ՊՊԾ-ն

Բռնարարքներից զերծ չմնաց նաեւ Հայաստանը, որի համար որեւէ ցնցում հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Կացությունն այնտեղ հուսահատական է: Տնտեսական անհավասարությունը շարունակվում է, օրենքի կիրառումըՙ ընտրովի է: Արտագաղթի հոսքը չի դադարում եւ կաշառակերությունը չի նվազում: Երկրի ղեկավար մարմինները կա՛մ անտարբեր են ժողովրդի վիճակի նկատմամբ, կա՛մ էլ պարզապես անկարողՙ լուծելու որեւէ հարց: Իսկ հարցերը կուտակվում ենՙ ստեղծելով պայթյունավտանգ իրադրություն: Նման պարագայում լիովին հասկանալի է, որ որոշ խմբավորումներ դիմեն նաեւ հուսահատական, ծայրահեղ միջոցների: «Սասնա ծռեր» խմբավորման կոչը համընդհանուր ապստամբության արձագանք չգտավ ժողովրդի կողմից: Սա երկու բան է նշանակում: Կա՛մ մարդիկ կորցրել են իրենց քաղաքական կամքը, կա՛մ էլ բնազդով զգում են, որ որեւէ անշրջահայաց քայլ ներկա անկայուն իրադարձությունում կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների:

Կառավարությունը կարծես անելանելի դրության է մատնված, քանի որ լուրեր են տարածվում, որ Ռուսաստանի ճնշումների ներքո որոշ տարածքային զիջումներ պետք է արվեն Ղարաբաղում: Կառավարությանը մեղադրում են բանակցությունների ընթացքում թույլ լինելու մեջ: Բայց որեւէ ներքին միջամտություն կարող է է՛լ ավելի սասանել կառավարության դիրքերը եւ սպառնալ Հայաստանի եւ Ղարաբաղի գոյությանըՙ ընդհանրապես:

Բռնությանը դիմած մարդիկ հավատացած են, որ ազատամարտիկները նույնպես կարող են լավ ղեկավարներ դառնալ:

Փոփոխություններ պե՛տք է կատարվեն Հայաստանում: Բայց բռնության միջոցով առաջացած փոփոխությունը կարող է կործանել ամբողջ երկիրը: Փոփոխությունը պետք է գա ժողովրդավարական գործընթացների միջոցով:

Թող Աստված փրկի եւ խաղաղություն պարգեւի Հայաստանին, ինչպես նաեւ պատերազմի թոհուբոհի մեջ գտնվող բոլոր երկրներին:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator

Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԷԺԱՆՆ Է ԼԱՎ

Հաջորդ գրառումը

ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական