ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Այս անգամ տխուր լուրը հասաւ Մոնրէալից: Հայ բեմի, հայ թատրոնի պատմութեան, հայ թատերագրութեան մէջ իր ձեռագիրը եւ առաւելապէս դիմագիծը ստեղծած ու պահած Դաւիթ Յակոբի Էվերեկլեանը այս տարուայ Յուլիսի 17-ին կնքեց իր մահկանացուն: Լիբանանահայ մշակոյթի յորձանքում անցեալ դարի 40-ական թթ. ասպարէզ նետուած երիտասարդ գործիչը դրամատուրգ էր, բեմադրիչ եւ դերասան. կազմել էր թատերախմբեր, սկզբում Պէյրութում մաս է կազմել «Ռուբէն Մամուլեան» թատերախմբին (1940-ական թթ.), մինչեւ 1953-ը գործընկերների հետ վարել «Լիբանանահայ թատերախումբը»ՙ տալով 18 ներկայացում, 50-60-ական թթ. «Պետրոս Ադամեան», «Գերմանիկ» թատերախմբերի ղեկավարն էր, իսկ 1961-իցՙ «Պէյրութահայ քուլիսականներու թատերախումբը»:
Նոյն եռանդն ու ոգեւորութիւնը նա տարաւ նաեւ ովկիանոսից այն կողմ, երբ 1978-ին, անցնելով Մոնրէալ, առաջին ջութակի դեր խաղաց «Արմէնեան» թատերախմբում, ուր տանում էր վարչական-կազմակերպական մեծ աշխատանք: Չմոռանանք, այստեղ եւս նա ապրում եւ ապրեցնում էր բեմըՙ բեմադրիչ էր, ե՛ւ ի հա՛րկէ, դերասան: Կանադայում նա երկար տարիներ վարում էր «Արձագանգ հայ աշխարհէն» հեռուստատեսային հաղորդումների շարքը, որ բարձր վարկանիշ ունէր տեղի հայութեան շրջանում:
Նրա գործունէութեան, գրական անվիճելի ձիրքերի մասին բարձր են արտայայտուել Սիմոն Սիմոնեանը, Յակոբ Այվազը, Բախտիար Յովակիմեանը եւ բոլոր նրանք, ովքեր ուժ էին տեսնում եւ առանձնապէս հիանում թատերագրի մտաւորական հանրագիտարանային աշխարհընկալմամբ, անձանձիր նուիրումով: Ժամանակակիցները առայսօր պահպանում են արուեստասէր պէյրութցիների հիացմունքը Դ. Էվերեկլեանի գրած ու բեմադրած ողբերգութիւններով եւ դրամաներով, ի մասնաւորիՙ շուրջ 70 տարի առաջ նրա շարադրած ու բեմադրած «Պատճառը ես եղայ» ողբերգութիւնը:
40-60-ական թթ. նրա գրած թատերական գործերից կարելի է յիշատակել հրատարակուած կամ անտիպ գործեր, ինչպէս «Ծաղկավաճառուհին», «Ոճիր-ոճիրներ», «Մռայլ կեանքեր», «Մեր հայելին» եւ ուրիշներ: Էվերեկլեանը թատերագիտութեան մէջ նոյնպէս գտաւ իր արահետը: Ճանաչողական խոր բնութագրումներով են առանձնանում նրա գիտական աշխատութիւնները, որոնց թւումՙ «Թատերայուշեր եւ նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» (Պէյրութ, 1971), «Թատերական կեանքիս ճամբուն վրայ…» (Լոս Անճելըս, 1989) եւ «Միշտ… թատերական կեանքիս ճամբուն վրայ» (Լոս Անճելըս, 1999) գրքերը, որոնցից վերջինը վկայում էր թատերագրի ու թատերագէտի սկզբունքների ու բնաւորութեան ամուր գծերի մասին:
Ամբողջական նկարագրի համար աւելացնենք, որ Մոնրէալում 1995-ին լոյս տեսաւ «Պահ մը Դաւիթ Յ. Էվերեկլեանի հետ…» ստեղծագործական յիսնամեայ հանրագումարի խորհրդով շարադրուած աշխատասիրութիւնը, իսկ այսօր տխրութեամբ կարող ենք աւելացնել, որ 90 ամեակի շեմը նոր նոր հատելու պատրաստ Դ. Էվերեկլեանը դարձաւ «պահ մը» յոյս, «պահ մը» լոյսի շող հայ թատրոնի եւ հայ թատերագրութեան պատմութեան մէջ: