Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչություն

Կոչ երկխոսության ու խնդրի խաղաղ հանգուցալուծման

Վերջին իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը արդյունք է ՀՀ-ում տարիներ շարունակ կուտակվող սոցիալ-տնտեսական եւ հատկապես քաղաքական խնդիրների, որոնք լուծում չէին ստանումՙ է՛լ ավելի սրելով իրադրությունը հանրապետությունում:

Ղարաբաղյան հարցում ընթացող բանակցությունների մասին կոնկրետ տեղեկատվության բացակայությունը, մասնավորապես հողերի զիջման մասին խոսակցությունները է՛լ ավելի էին սրում մթնոլորտը:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը ՀՀ իշխանություներին կոչ է անում շարունակել ակտիվ բանակցությունները պատանդառու խմբի հետՙ ներառելով նաեւ ներկայիս բանտարկված Ժիրայր Սեֆիլյանին:

Կարեւորում ենք, որ իշխանության ներկայացուցիչներն ամենօրյա ակտիվ կապի մեջ լինեն ինքնաբուխ հավաքներին մասնակցող ու ստեղծված իրավիճակից անհանգստացած քաղաքացիների հետ, նրանց տեղեկացնելով իրադրության հանգուցալուծման շուրջ իրականացվող քայլերի մասին:

Անհրաժեշտ ենք համարում ՀՀ նախագահի ուղերձը ազգաբնակչությանըՙ ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերի մասին:

Կարծում ենք, որ ներկա իրավիճակը հետեւանք է ՀՀ-ում իրական ու խորքային բարեփոխումների բացակայության, որի մասին իշխանությունները տարիներ շարունակ հայտարարել են, բայց իրական քայլեր չեն ձեռնարկել:

Հետաքննության թեմա պետք է դառնան իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողությունները ցուցարարների նկատմամբ եւ հավաքների ու ցույցերի անօրինական խոչընդոտման փաստերը:

ՌԱԿ-ը համոզված է, որ ստեղծված իրավիճակի ձգձգումը սպառնալիք է ՀՀ-ի ու ԼՂՀ անվտանգությանը:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը պատրաստ է կազմակերպել լայնածավալ հասարակական-քաղաքական քննարկում խնդրի խաղաղ հանգուցալուծման հարցի շուրջ: