Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԻՄԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ԱՆԻՄԱՍՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հանրապետության նախագահը լռում է, նրա պահանջով կամ թելադրությամբ լռում են մյուսներըՙ ԱԺ նախագահ, նախարարներ, անգամ ոստիկանապետը, որի սպան զոհվել է, ենթականերից ոմանքՙ վիրավորվել: Լռում է գլխավոր դատախազը, որի հոխորտացող ինքնավստահությունը այժմ փուչիկի տպավորություն է թողնում: Լռում է Ազգային անվտանգության ծառայության պետը, երբ ներքին անվտանգությունն է վտանգված: Լռում են Հանրապետական կուսակցության անդամները, նույնիսկ նրանցից ամենապերճախոսներն ու շատախոսները: Լռում է ՀՅԴաշնակցությունը, բացառությամբ նրա մի քանի ներկայացուցիչների. երեւի արդեն զղջացել են կոալիցիա մտնելու համար:

Չունե՞ն ասելիք: Անշո՛ւշտ ունեն: Պարզապես չունեն քաջություն ողջ ճշմարտությունն ասելու, խոստովանելու, ստեղծված վիճակի համար իրենց մեղքի բաժինն ընդունելու: Իրականում նրանք արդեն 5 օր երկխոսության մեջ են, բայց միայն ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների միջոցով, Խորենացու փողոցի վրա եւ շուրջը, ոստիկանության շենքը գրավման տակ պահող զինյալների ու նրանց համակիրների, նույն ոստիկաներին քարկոծողների հետ: Յուրօրինա՜կ երկխոսություն մահակներով, վահաններով ու քարերով: Սակայն նրանքՙ իշխանությունները, ոչինչ չեն ասում հասարակ քաղաքացիներին, լուռ ու մտահոգ մեծամասնությանը, որ արդեն տեւական ժամանակ բացատրությունների է սպասում, առաջին հերթինՙ անարյուն լուծումների:

Նրանք, այսինքն իշխանավորները, ոչինչ չեն կարողանում ասել այն բազմություններին, որոնք տարիներով այս եւ նախորդ իշխանությունների կողմից խաբվել են, կեղեքվել, ստորացվել եւ արհամարհվել, որոնց ստիպել են 5 կամ 10 հազար դրամի ընտրակաշառքի դիմաց իրենց քաղաքացիական իրավունքները զիջել պատահական մարդկանց, «լավ տղերքի», կարիերիստների, «փայ մտնողների», կեղեքիչների: Ազգաբնակչությանը ի՞նչ ասեն նրան հուսալքության մատնողները, ժողովրդի մեջ սարսափելի ատելություն, անհանդուրժողականություն սերմանողները:

Իրոք, այս պահին իսկական սով է առաջնորդների, վստահելի, ճշմարտախոս, իմաստուն լիդերների: Փոխարենը ասպարեզը բաց է թողնվել բոլոր տեսակի նոր պատեհապաշտների, արկածախնդիրների առջեւ: Դուռը բաց է թողնվել, լայնորե՛ն, սադրիչների, արտաքին թշնամիների առջեւ:

Լռությունը այս պահին ոսկի չէ, թիթե՛ղ անգամ չէ: Պետակա՜ն լռությունը:

Ո՞վ է լինելու այն մարդը, որ կխախտի այդ լռությունը, կխոստովանի այս եւ նախորդ իշխանությունների մեղքերը, առաջին հերթինՙ սեփական մեղքերը: Ո՞վ է լինելու այն մարդը, որ վերջ կտա այս ատելությանը, փոխադարձ անհանդուրժողությանը: Ո՞վ է հույս տալու այս ժողովրդին, սթափության եւ լավատեսության մղելու նրան: Եվ առաջին հերթինՙ ո՞վ է արդարորեն եւ առանց հավելյալ արյան հանգուցալուծելու մեր ժողովրդի ամենասթափ մտածողիՙ Պատմահոր փողոցի վրա ծավալվող դեպքերը: