Աշխարհում 10 միլիոնից ավել հայ կա, ավելի կոնկրետՙ 10մլն 297 հազար 770: Այս ուսումնասիրության հեղինակը Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնն է, որը հիմնվել է աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաեւ միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների վրա:
Ընդ որում, նույն ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ այս 10մլն 297 հազար 770 հայերից 8մլն 140 հազար 500-ն ապրում է Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս, հիմնականումՙ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Լիբանանում, Արգենտինայում եւ Սիրիայում: Ստացվում է, որ Հայաստանի եւ Արցախի սահմաններից ներս ապրում է 2մլն 157 հազար 270 հայ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս ապրում է ոչ ավել, քան 2մլն հայ: Այսինքն, երբ հաջորդ ընտրություններին իրենց քվեարկությամբ մասնակցի ՀՀ-ի 2մլն-ից ավել քաղաքացի, ապա կարելի է բողոքի ցույց անել… Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի դիմաց, իհարկե, եւ ոչ թե ԿԸՀ-ի դիմաց, ինչն արդեն հետաքրքրական չէ:
Բայց այս տվյալներն ինձ հետաքրքրական թվացին բոլորովին ուրիշ պատճառով: Եթե անգամ դրանք ճիշտ են, իսկ դրանք, ըստ տպավորությանս, ավելի ճիշտ են, քան ՀՀ-ի պաշտոնական տվյալները, ապա առաջանում է մի հարց. իսկ այսՙ դրսում ապրող 8մլն 140 հազար 500 հայից քանի՞սն է գոնե մեկ անգամ եղել Հայաստանում, քանի՞սը հայերեն գիտի, գոնե հասկանում է: Ենթադրենք 7մլն-ը, ուղիղՙ չափազանցեցված, բայց ուղիղ: Այսինքն 1մլն 140 հազար 500 հայ այսօր հայերեն չգիտի, ոչ էլ հասկանում է եւ Հայաստանում երբեք չի եղել, բայց սա դեռ խնդիրը չէ: Խնդիրը հետեւյալն է. այնՙ որ 7մլն հայ, որոնք հասկանում են հայերեն, խոսում են եւ Հայաստանում գոնե մեկ անգամ չեն եղել, չեն ցանկանում ապրել Հայաստանում: Ինչո՞ւ, այս հարցին կա 2մլն 157 հազար 270 պատասխան, չնայած եթե հարցը հանրաքվեի դնենք, ապա, ինչպես բոլոր հանրաքվեներում, Այո-ն կհաղթի, անկախ նրանից տրված հարցին պատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Հասկանալի է անշուշտ, որ այս 7 միլիոն չցանկացողները խիստ պայմանական են 7 միլիոն, գուցե ավելի քիչ են, հաստատ ավելի քիչ են, բայց դա նշանակում է, որ ավելի շատ են աշխարհում ապրող այն հայերը, որոնք ոչ հայերեն խոսում-հասկանում են, ոչ էլ գոնե մեկ անգամ Հայաստանում եղել են:
Ամեն դեպքում, հաշվի առնելով բնակչության թիվը, առաջարկում են վերանվանել Հանրապետությունըՙ Հայաստանի բառի փոխարեն օգտագործելով Սփյուռքի բառը, այսինքնՙ Սփյուռքի Հանրապետությունՙ ՍՀ, կարելի է նաեւ շեշտել Հանրապետությանՙ Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը եւ երկիրը կոչելՙ ՍԽՀՙ Սփյուռքի խորհրդարանական Հանրապետություն: Մայրաքաղաքի հարցում, անշուշտ, որոշ վեճեր կլինեն, մասնավորաբարՙ Լոս Անջելեսի եւ Մոսկվայի միջեւ, բայց որպեսզի ոչ ոք չնեղանա, առաջարկում եմ մայրաքաղաք հռչակել Լոնդոնը. համ հայեր կան, կամ Արեւմուտք է (արեւմտամետները չեն նեղանա), համ էլ Եվրոմիություն չէ (ռուսամետները չեն հուզվի): Չի բացառվում, որ Բրիտանիան իր մայրաքաղաքը մեկ այլ պետության մայրաքաղաք հռչակելու մեր ցանկությունը բավարարի պայմանով, որ Հանրապետությունը կոչվի բրիտանական, մենք էլ կարող ենք սիրով բավարարել բրիտանացիների պայմանն ու երկիրը կոչել ՍԲԽԿՙ Սփյուռքի Բրիտանական Խորհրդարանական Հանրապետություն: Դե պատկերացրեք, մայրաքաղաքըՙ Լոնդոն, տարածքըՙ ծովից ծովի փոխարենՙ օվկիանոսիցՙ օվկիանոս, բնակչությունըՙ 10մլն 297 հազար 770 մարդ, քեֆերի ու հուղարկավորությունների վայրըՙ նախկին Հայաստանի Հանրապետության տարածք: Արցախը կարող է եւ չմիանալ այս ամենին, այդ պարագայում էլՙ երկու հայկական հանրեպետություն ունենալու նպատակով, այսինքն մեկըՙ հայկական, մյուսըՙ բրիտանական, բայց մենք հո գիտե՞նք, որ բրիտանացիներն իրականում հայ են, օրինակՙ անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներց մեկը Հենրիխ Մխիթարյանն է:
Առաջարկը, թեեւ, քննարկումներ պահանջող է, բայց կարծում եմ քննարկումների արժանի էՙ նախքան միաձայն ընդունվելը:
Իսկ հիմա լուրջ, կամ 2մլն 157 հազար 270 հայի նամակըՙ 8մլն 140 հազար 500 հային. «Մենք լավ ենք, դիմանում ենք, շաբաթը երկու օր ապրում ենք, ավելի հաճախՙ սիրում ենք, մշտապեսՙ երազում ենք, երբեմնՙ քնած: Ընտրում էլ ենք, ավելի ճիշտՙ ընտրություններին մասնակցում ենք, ճիշտ է ոչ բոլորով, բայց դա կարեւորը չէ, կարեւորն այն է, որ բոլորի ձայնը ընտրությունների ժամանակ չի անցնում, ինչպես ձեր երկրներում: Մեր սիրտը լեռներում չէ, քանի որ մենք ամբողջովին ենք լեռներում, նույնիսկ նրանք, ովքեր ապրում են Արարատյան դաշտավայրում: Գիտենք, թե ինչ է ինտերնետը, ավելինՙ օգտվել էլ գիտենք, անգլերեն էլ գիտենք, ռուսերեն մանկուց գիտենք, չնայած մոռանում ենք: Ռաբիս էլ չենք լսում, որովհետեւ մեր ռաբիս երգիչներն արդեն ձեզ մոտ են երգում, երգում եւ ապրում: Իսկ ով ռաբիս չի երգումՙ այդքան փող չունի, որ գա ձեզ մոտ երգի, երգի եւ ապրի: Կարոտում ենք եւ դրանով իրար նման ենք, կաշառք էլ ենք տալիս, կաշառվում էլ ենք, մի խոսքով պայքարում ենք կոռուպցիայի դեմ, որի դեմ դուք էլ եք պայքարում (դե հսկա փորձ ունեք), այնպես որ կոռուպցիան ու կարոտն այն երկու բաներն են, որոնցով իրար նման ենք: Իսկ տարբեր ենք մի բանովՙ չնայած լարված երկրներում դուք եք ապրում, բայց մենք ենք լարված ապրումՙ «Ծապլվար»-ի մեջ: Բայց մենք ուխտել ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով:
«Մի քիչ փող ուղարկեք փութով»: