XX դ. վերջ-XXI դ. սկիզբ
Հայաստանի Հանրապետության ներկա տարածքում 20-րդ դարում ու 21-րդ դարասկզբին տեղի ունեցած սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական վերափոխումները իրենց ազդեցությունն են թողել երկրի ժողովրդագրական պատկերի վրա: Ըստ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, էթնոժողովրդագետ Արտաշես Բոյաջյանի տվյալների, այստեղ նախախորհրդային մինչեւ 1918 թ. եւ խորհրդային տարիներն ուղեկցվել են, մասնավորապես, քաղաքային բնակչության թվի աճով, իսկ անկախության տարիներին (1918-20 թթ. եւ 1991 թ.-ից առ այսօր) այդ թիվն, ընդհակառակը, շեշտակի նվազել է: Հայաստանի քաղաքային բնակչության էթնոժողովրդագրական եւ տարաբնակեցման գործընթացների մասին մեզ տրամադրած իր ծավալուն հետազոտական աշխատանքում, որի տվյալների մի մասը հակիրճ կներկայացնենք ստորեւ, հեղինակը փորձել է բացահայտել մեր հանրապետության բնակչության թվի փոփոխությունների հիմնական միտումները, շարժառիթներն ու հնարավոր հեռանկարըՙ կապված նաեւ ներկա միգրացիոն գործընթացների հետ:
Խորհրդային տարիներին (1920-1991 թթ.) մեր հանրապետության բնակչության ընդհանուր թիվն աճել է ավելի քան 5 անգամ, այդ թվում քաղաքային բնակչությանըՙ 14,1, իսկ գյուղականինըՙ 1,5 անգամ: Քաղաքային բնակչության նման շեշտակի աճը, ինչպես նշում է նաեւ այս տվյալները բերած Ա. Բոյաջյանը, պայմանավորված էր նախ եւ առաջ հանրապետության արդյունաբերականացմամբ: Հայաստանն այդ տասնամյակներին ագրարային հետամնաց երկրից վերածվեց բավական հզոր արդյունաբերությամբ հանրապետության: Իսկ 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարի սկզբին, կապված առաջին հերթին հենց արդյունաբերության ոլորտում գրանցված անկման հետ, նվազեցին քաղաքային բնակչության ե՛ւ բացարձակ թիվը, ե՛ւ նրա տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր կառուցվածքում: Դրան հակառակ, 1990-2004 թթ. ժամանակահատվածում գյուղական բնակչության թվաքանակն ավելացել է 52,4 հազար մարդով, իսկ տեսակարար կշիռըՙ 31,2%-ից հասել 36,8%-ի: Դա հետեւանք էր 90-ականներին քաղաքներում արդյունաբերական ձեռնարկությունների անգործության պայմաններում երկրից մեկնածների թվում քաղաքաբնակների տեսակարար կշռի զգալի գերազանցության, հողի համատարած սեփականաշնորհմանը մասնակցելու համար այդ շրջանում քաղաքաբնակների մի մասի դեպի գյուղ ներհոսքի (ներքին միգրացիա), ինչպես նաեւ քաղաքային բնակչության համեմատությամբ գյուղական բնակչության ծնելիության որոշ չափով բարձր մակարդակի:
Էթնոժողովրդագետի գնահատմամբ, այն հարցին, թե վերջին 25 տարիներին մեր հանրապետության բնակչության ընդհանուր թիվն իրականում ինչքան է պակասել, մասնագետները հստակ պատասխան չեն կարող տալ, քանի որ պաշտոնական վիճակագրական տվյալները կասկածների տեղիք են տալիս: Ըստ վկայակոչված նման վիճակագրության, 1992 թ. Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 մլն 633,3 հազար մարդ էր, իսկ 2016 թ. հունվարի 1-ի տվյալներովՙ 2 մլն 998,6 հազար: Այսինքն այդ ժամանակամիջոցում բնակչության բացարձակ թիվը պակասել է 634,7 հազար մարդով կամ 17,5%-ով: Մինչդեռ, դարձյալ պաշտոնական տվյալներով, նշված ժամանակահատվածում բնակչության բնական աճը կազմել է 403,3 հազար, իսկ միգրացիոն արտահոսքըՙ 764,2 հազար մարդ, եւ տարբերությունը (նվազումը) այս հաշվարկի դեպքում էլ լինում է 360,9 հազար: Հետազոտության հեղինակի խոսքով, ստացվում է, որ միգրացիային վերաբերող թվային տվյալները չեն համապատասխանում իրականությանը եւ իրականում արտագաղթողների թիվն ավելի շատ է: Ըստ հոդվածում վկայակոչվածՙ ՄԱԿ-ի սահմանումների ու մեթոդաբանության վրա հիմնված հետազոտության եւ որոշ վիճակագրական տվյալների, 1992-2014 թթ. ընթացքում երկրից մեկնողների եւ ժամանողների թվի տարբերությունը, այսինքն միգրացիայի մնացորդը կազմել է 920 հազար (24,2%), Բոյաջյանի գնահատումներովՙ ավելի քան մեկ միլիոն մարդ: Արտագաղթողների թվի հիմնական մասը բաժին է ընկել քաղաքային բնակչությանը:
Հետազոտությունում համեմատություն է կատարվել Երեւանի ագլոմերացիայի եւ հանրապետության մնացած տարածքի քաղաքային բնակչության թվի շարժընթացի միջեւ: Ըստ այդմ, Երեւանի ագլոմերացիայում, որի մեջ ներառված են մայրաքաղաքը եւ Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերի քաղաքներն ու Արագածոտն մարզի կենտրոն Աշտարակը, ընդհանուր առմամբՙ 16 քաղաքային համայնք, անկախության տարիներին պաշտոնական վիճակագրական տվյալներով ամենաշատ բնակչությունը եղել է 1996 թվականինՙ 1,7 մլն մարդ: Այսինքնՙ հանրապետության ամբողջ բնակչության ավելի քան 45 տոկոսը եւ ամբողջ քաղաքային բնակչության երկու երրորդից ավելին: Այս բնակչության թիվը 1996-2011 թթ. նվազել է 338 հազար, որից Երեւանումՙ 184 հազար մարդով: Նույն ժամանակ երկրի մյուս քաղաքային բնակավայրերից միայն Գյումրու ու Վանաձորի բնակչության թիվը միասին պակասել է 189,4 հազարով: Տոկոսային հարաբերությամբ, եթե նվազումը Երեւանում, Արարատում, Եղվարդում, Ծաղկաձորում եղել է 10-20, ագլոմերացիայի մեջ մտնող այլ քաղաքներումՙ 20-30, ամենաշատըՙ Չարենցավանումՙ 47,4 եւ Հրազդանումՙ 37,5 տոկոս, ապա Գյումրիում ընդհանուր առմամբ արձանագրվել է բնակչության թվի նվազման 52,1%, իսկ Վանաձորումՙ 51,7% ցուցանիշ… Պատահական չէ որ, պայմանավորված հատկապես արտագաղթի ծավալներով, միայն 2001 թ. եւ 2011 թ. մարդահամարների միջեւ ընկած տասնամյակում մշտական բնակչության թիվը հանրապետության մարզերից ամենաշատըՙ 50,8 հազար մարդով պակասել է հենց Լոռու եւ 31,4 հազարովՙ Շիրակի մարզում:
Բերված այս եւ այլ թվերը, նշում է էթնոժողովրդագետը, ցույց են տալիս Հայաստանում վարվող տարածքային սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական քաղաքականության անարդյունավետությունը: 1970-80-ական թվականներին հանրապետության մեծ եւ միջին մեծության քաղաքները մեքենաշինության զարգացման կարեւոր կենտրոններ էին: Նրանք իրենց էին ձգում բնակչությանը, տրանսպորտային հաղորդակցման ուղիները, վաճառահանման շուկաները, արդյունաբերական ձեռնարկությունները: Այժմ ինչ-որ չափով նման հատկանիշներ ունեն Երեւանը եւ մերձակա մի քանի քաղաքային բնակավայրերՙ Աբովյան, Վաղարշապատ, Մասիս, Նոր Հաճն, իսկ մեծությամբ երկրորդՙ Գյումրի եւ երրորդՙ Վանաձոր քաղաքները կորցրել են իրենց երբեմնի ձգողականությունը: Հատկապես մտահոգիչ է քանակով 43 փոքր եւ միջին մեծությամբ քաղաքների վիճակը, որոնցում ապրում է մոտ 643 հազար մարդ կամ երկրի ամբողջ քաղաքային բնակչության 34,8%-ը: Սրանց աշխատունակ բնակչությունը հիմնականում զբաղված է քաղաքին ոչ բնորոշ գործովՙ գյուղատնտեսական աշխատանքներով, մասամբՙ առեւտրով, իսկ զգալի մասն էլ մեկնում է արտերկիր, հիմնականում Ռուսաստանՙ սեզոնային արտագնա աշխատանքի:
1988-2001 թթ. արտաքին միգրացիոն շարժի կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ արտերկրում են մնացել հանրապետության մոտ 1,1 մլն քաղաքացիներ, ինչը մշտական բնակչության ներկայիս թվի 1/3-ից ավելին է: Արտագաղթը չի դադարել դրանից հետո էլ ու նաեւ այժմ: Ակնհայտ է նման զանգվածային երեւույթի էական ազդեցությունը երկրի ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Բերված տվյալներովՙ Հայաստանի քաղաքային բնակչության ծնելիությունը վերջին 25 տարիներին նվազել է շուրջ 2,5, իսկ ամուսնությունների քանակըՙ երեք անգամ: Հազար մարդու հաշվով մահացածների թիվը 1987 թ. 5,3 մարդուց 2014 թ. հասել է 9,2-ի: Տարեցտարի տղամարդկանց քանակը պակասում է, ինչը բացատրվում է նրանց սեզոնային արտագնա աշխատանքով եւ մահացածների թվում տղամարդկանց մասնաբաժնի մեծությամբ: Բնակչության թվի նվազման մոտ կեսը բաժին է ընկնում ակտիվ վերարտադրության տարիքային խմբին: Քաղաքացիների միջին տարիքը 34 է, որը բարձր ցուցանիշ է եւ փաստում է բնակչության ծերացումըՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:
Ուսումնասիրության հեղինակը Հայաստանի ներկա միգրացիոն եւ բնական վերարտադրության պատկերը բնորոշում է երկու հիմնական հայտանիշներով:
Առաջին, ձեւավորվել է ժամանակավոր (հիմնականումՙ տեւական) աշխատանքային միգրանտների բավական կայուն զանգված, որի շարժը բերում է տարեկան միջին հաշվով 15-16 հազար մարդու կամ երկրի բնակչության 0,5%-ի արտերկրում կուտակման եւ բնական աճի մակարդակի անկման:
Երկրորդ, տեղի ունեն ոչ մեծ մշտական արտաքին միգրացիոն հոսքեր, որոնք եւս կայուն կերպով ընթանում են բացասական մնացորդովՙ պաշտոնական տվյալներով տարեկան միջին հաշվով 7,5 հազար, հետազոտական տվյալներովՙ 10-11 հազար մարդ, այսինքն բնակչության մոտ 0,2%-ը կամ 0,3%-ը:
Ինչպես նշվում է, տվյալ գործընթացի կայունությունն առայժմ էապես չի խաթարել նույնիսկ համաշխարհային սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Անգամ այդ դեպքում ավելի ցածր գնահատելով Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանները, հիմնականապես Ռուսաստանում կուտակված աշխատանքային միգրանտները նախընտրել են չվերադառնալ: Ավելին, տարեցտարի ավելանում է մշտական եւ աշխատանքային միգրանտների թիվը: Առնվազն չի բացառվում նաեւ վերջիններիս մեծ մասի մշտական բնակության մնալը, տանելով իրենց ընտանիքներին եւս: Որպես դրա արդյունք, առաջիկա 5-10 տարիներին Հայաստանից կարող է արտագաղթել, էթնոժողովրդագետի գնահատմամբ, 300-400 հազար մարդ: Նման հեռանկարը հղի է ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական եւ այլ բազմակողմ անցանկալի հետեւանքներով:
Արված վերլուծությունից հեղինակի հետեւությունը մեկն է. միգրացիոն հիմնախնդիրները ենթակա չեն ինքնակարգավորման: Արդյունավետ պետական միջամտության բացակայությունը հավանական է դարձնում դրանց հետագա սրումը: