Պատրաստեց Գ. ԽԱԺԱԿՅԱՆԸ
Երեւանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը
Հունիսի 14-ին ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը: Գալա-համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը , ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է այս մրցույթը:
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) եւ Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):
Այդ երեկո շնորհվեցին նաեւ մի շարք այլՙ հատուկ մրցանակներ. ժյուրիի անդամ Միխալիս Էկոնոմուի եւ Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակ շնորհվեց նույն Միրան Վոպոտիչին, ով հաջորդ համերգաշրջանում ելույթ կունենա Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հատուկ մրցույթի համար Էդվարդ Հայրապետյանի կողմից գրված «Պավան» պիեսի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը եւ Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը (որի գլխավոր դիրիժորն է մաեստրո Օրբելյանը): Այն հանձնվեց Ջուն Սան Պարկին, ով հրավիրվել է նաեւ Կաունասՙ հանդես գալու տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից սահմանված «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել եւս Ջուն Սան Պարկը: Եվ սա դեռ վերջը չէ.«Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է…նորից ու նորից… Ջուն Սան Պարկին, եւ կորեացի տաղանդավոր երաժիշտը 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր:
ՀՊԵՆ-ի մի այլ որոշմամբՙ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ: Իսկ Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիան (հիմնադիր նախագահՙ Էլժբետա Պենդերեցկա) իր կողմից սահմանած հատուկ մրցանակը շնորհել է եւս Միրան Վոպոտիչին եւ Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը ստացել է Բուն Հուա Լիենը (Սինգապուր):
Մրցանակ է շնորհվել նաեւ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), ժյուրիի կողմից հանձնելով մրցանակը նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տեւական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ:
Իսկ Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 մասնակիցներին հրավիրել է Լոնդոնՙ «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարումներին, որտեղ վերջիններս աշխարհի լավագույն դիրիժորներից ոմանց հետ կունենան փորձեր:
Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ողջունեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնոխքը: Նա շնորհավորական խոսքեր է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին մրցույթի օրերին հիանալի կատարումների համար: «Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցերին, թե որքան կարեւոր է այս մրցույթը ո՛չ միայն ձեզ, այլեւ համաշխարհային երաժշտական հանրության համար: Ես պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Երեւանում դուք հիասքանչ միջոցառում եք անցկացնում: Իրականում մրցույթը բարձր մակարդակի է, եւ երաժշտական կատարումների ու կազմակերպչական բարձր որակների հաշվին այստեղ բոլորդ կարող եք հպարտ լինել: Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության անունն ու փառքը»,- նշել է Դիդյե Շնոխքը:
Մրցույթի հաղթողներ Միրան Վոպոտիչը եւ Ջուն Սան Պարկը ասացին, որ ուրախ են հաղթանակի համար, բայց միաժամանակՙ տխուր, քանի որ այս գեղեցիկ տոնը ավարտվում է:
Իրենց խոսքում ժյուրիի անդամ Կոնստանտին Գ. Օրբելյանը , նաեւՙ պատվավոր հյուր Էլժբետա Պենդերեցկան , ով հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կինն է, հատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանին , ում, ինչպես արդեն նշել ենք, հովանու ներքո է անցնում մրցույթը, «անգնահատելի աջակցության համար»: Համերգից հետո մրցույթի ժյուրիի անդամների եւ պատվո հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպվել ՀՀ առաջին տիկնոջ կողմից:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության գծով Արմեն Սմբատյանը :
Այս օրերին Երեւանում Խաչատրյանի անվան մրցույթի հրավերով անցնում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 60-րդ գագաթաժողովը, որին մասնակցում է մոտ 40 հեղինակավոր միջազգային մրցույթների ղեկավարներ: Երեկ երեկոյան Խաչատրյան համերգասրահում գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ WFIMC-ի դափնեկիրների գալա-համերգը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: