Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Գերմանիան Եվրոպայի տնտեսության հզորագույն կենտրոնն է: Այդ պատճառով էլ կանցլեր Անգելա Մերկելին այնտեղ դիտում են որպես Եվրոմիության «դե ֆակտո» առաջնորդի: Երկար ժամանակ Ֆրանսիան կիսում էր այդ առաջնորդությունը Գերմանիայի հետ, սակայն վերջին շրջանի տնտեսական անկումն ու ահաբեկչության հարցի հետ նրա կոշտ, կամ ոչ ճկուն առնչվածությունը աստիճանաբար «որակազրկեցին» նրան եւ իջեցրին նրան ԵՄ-ի սովորական անդամի մակարդակին: Ֆրանսիայի տասը տոկոսի հասնող գործազրկության աստիճանը եւ նրա պայքարըՙ պահպանելու իր երբեմնի լիազորությունների մակարդակը, գրեթե վերջնականորեն վճռել են նախագահ Ֆրանսուա Օլանդի ճակատագիրըՙ դառնալու մի ժամկետ պաշտոնավորող ղեկավար:

Մինչդեռ Գերմանիայի «երկաթյա լեդին» կարողանում է ամբողջ Եվրոպան ղեկավարել առանձին: Գերմանիայի կարգավիճակը որպես տնտեսապես հզոր պետության իրավունք է տալիս նրան վարվելու ինչպես կայսրուհի, հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ նրա հարաբերություններում, որոնք մինչ օրս միաձայն ընդունվում են ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից: Մերձավորարեւելյան փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանգնեցնելու Էրդողանի հետ նրա ձեռք բերած համաձայնությունը ողջունեցին բոլորը, գիտակցելով, որ հակառակ դեպքում Շենգենյան (անանցագիր) Եվրոպայի վերջը անխուսափելի կդառնա:

Քաղաքական նպատակահարմարությանը տուրք տալով, նա չափից ավելի մեծ զիջումներ կատարեց Թուրքիային, սկսած վերջինիս ԵՄ անդամակցության շուրջ իր նախնական դիրքորոշումից հետ կանգնելուց մինչեւ փախստականներին իր երկրում պահելու համար Անկարային վեց միլիարդ եվրոյի փոխհատուցում վճարելը: Նա նույնիսկ դեմ գնաց Գերմանիայում խոսքի ազատության իրավունքինՙ կանաչ լույս վառելով Էրդողանի առաջ, որպեսզի վերջինս դատական հայց ներկայացնի գերմանացի հումորիստի դեմ, որն իրեն ծաղրի էր ենթարկել:

Սակայն Թուրքիայի հետ կանցլեր Մերկելի գործարքները հիմնված են կեղծ նախադրյալների վրա: Ինչպես եվրոպացի շատ առաջորդներ, նա նույնպես խուսափում է մատնանշելու փախստականների խնդրի բուն էությունը եւ փոխանակ պատճառները վերացնելու եւ վերջնական լուծում գտնելուՙ նախընտրում է սոսկ վիրակապ դնել վերքին:

Փախստականների հոսքը հետեւանք է Սիրիայում մղվող պատերազմի, որի գլխավոր սանձազերծողը Թուրքիան է: Փոխանակ Անկարային պատասխանատվության ենթարկելու, Եվրոպան պարգեւատրում է նրան փոխհատուցումներով եւ զիջումներով եւ դրանով իսկ խրախուսում նրա չարամիտ դերակատարությունը նորանոր փախստականների պատճառ դառնալու գործում:

Բայց կարծես Մերկելի վերոնշյալ քայլերը լցրել են ինչպես գերմանացիների, այնպես էլ ընդհանրապես եվրոպացիների համբերության բաժակը, իսկ Բեռլինի եւ Անկարայի այս բարդ հարաբերությունների, ինչպես նաեւ Գերմանիայի ներսում միջկուսակցական տարակարծությունների խորապատկերում, Հայոց ցեղասպանության հարցն էր օրակարգային դարձել:

Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանության հարցը երբեք որեւէ երկրի քաղաքական օրակարգում չի հայտնվում հենց այնպես, իր կարեւորության հանգամանքով կամ էլ քաղաքագետների բարեսրտության հետեւանքում: Այն միշտ ծառայել եւ ծառայում է ինչ-որ մի երկրի, մի կուսակցության կամ խմբավորման շահերին: Սա է քաղաքականության բնույթը, եւ մենք պատրաստ պետք է լինենք միշտ խաղալու դրա ցինիկ օրենքներով:

«Գաղթականների հարցի շուրջ Թուրքիայի հետ գործարքի մեջ մտնելով եւ ընտրազանգվածին իր քայլերը որպես լավագույն ելք ներկայացնելուց հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմակայում էր իրարահաջորդ խոչընդոտներ: Դրանցից վերջինը դաշնակիցների (կուսակիցների) եւ ընդդիմադիրների համատեղ ջանքերով քվեարկության ներկայացված խորհրդանշական բանաձեւն էր, որտեղ բացահայտորեն ցեղասպանություն է որակված 1,5 միլիոն հայերի կոտորածը», հաղորդում էր «Ռոյթերզ» գործակալությունը:

Իրոք անահավատալի էր, որ նման մի բանաձեւ քվեարկության է դրվելու գերմանական Բունդեսթագում, հաշվի առնելով, որ ամբողջ երկրով մեկ ցրված մի քանի հազար հայերի դիմաց կան չորս միլիոն թուրքեր, ովքեր Գերմանիան համարում են իրենց տունը: Համապատասխան փոքրամասնությունների թվաքանակը բացառում էր գերմանա-հայկական համայնքի որեւէ ազդեցություն բանաձեւի անցկացման գործում: Ճիշտ է, թուրք միգրանտների միջեւ գոյություն ունեցող տարաձայնություններն ու քրդական խմբավորումների ուժեղ շարժումը վճռական դերակատարություն կարող էին ունենալ: Ճիշտ է նաեւ, եւ գուցե հեգնական միաժամանակ, որ բանաձեւը առաջ քաշողներից մեկը ազգությամբ թուրք օրենսդիր Ջեմ Էոզդեմիրն էր, գերմանական խորհրդարանում ընդդիմադիր կանաչների կուսակցության առաջնորդը:

Շարունակելով իր հաղորդումը «Ռոյթերզը» տեղեկացնում էր. «Երկրի ներսում Մերկելի հակառակորդները հստակ վճռել են նրա ծրագրերը խափանել, այն բանից հետո, երբ կանցլերը շարունակում է ընդառաջ գնալ հետզհետե առավել ամբարտավան դարձող Էրդողանի պահանջներին»:

Նշենք, որ բանաձեւը կամ առաջարկը լայն քննարկման էր արժանացել Բունդեսթագում անցյալ տարի, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով, բայց քանի դեռ փախստականների նուրբ խնդրի շուրջ բանակցությունները ընթացքի մեջ էին, որոշվեց այն հետաձգել մինչեւ այս տարվա հունիսը: Նույնիսկ ընդդիմադիր առաջնորդ Էոզդեմիրը պաշտպանեց կանցլերի կարծիքն այն մասին, որ հարցը վերջնական լուծում պետք է ստանար: Այդ ժամանակ ձեռքսեղմում տեղի ունեցավ Էոզդեմիրի եւ Մերկելի կուսակցությունից Ֆոլքեր Քաուդերի միջեւ, որպես համաձայնության նշան, որ մինչեւ 2016 թվականը վերամշակված տարբերակով բանաձեւը կներկայացվի խորհրդարանին: Քվեարկությունը տեղի ունեցավ երեկ, հունիսի 2-ին: Քննարկման ներկայացված էր ՔԴՄ-ՔՍՄ, ՍԴԿ եւ կանաչների խմբակցությունների ձեւակերպած միասնականՙ «Հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության 101-ամյա հիշատակն ու ոգեկոչումը» առաջարկը: Այն իրավական որեւէ նշանակություն չունի, սակայն կարող է ժամանակավոր ճգնաժամ առաջացնել երկու երկրների (Գերմանիայի եւ Թուրքիայի) հարաբերություններում: Էոզդեմիրը զգուշացրել էր, որ այս անգամ Բունդեսթագը ծնկի չի գալու «բռնակալ Էրդողանի» ճնշումների առաջ: Բավարիայից Եվրոխորհրդարանի ՔՍՄ պատգամավոր Մանֆրեդ Վեբերն էլ ավելացրել էր. «Եթե Էրդողանը շարունակի մեզ սպառնալ եւ ողողի մեզ հայհոյանքներով, մենք փակուղու առաջ ենք գտնվելու: Եվրոպան չպետք է կախյալ լինի Թուրքիայից»:

Էրդողանն ինքն էր սրել իրադրությունըՙ չկատարելով իր բաժին պարտավորությունները: Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը բացահայտ հայտարարել էր, որ մինչեւ Թուրքիան չկատարեր 72 կետից բաղկացած իր պարտավորությունները, Եվրոմիությունը այդ երկրին ազատ վիզային կարգավիճակ շնորհելու հարցը չէր ընդգրկելու իր օրակարգում: Թուրքիան պարտավորություններից 65-ը կատարել էր, բայց մնացյալ յոթը չափազանց փշոտ հարցեր էին, եւ են տակավին, Թուրքիայի համար: Դրանցից մեկը հակաահաբեկչության օրենքն է, որն օգտագործվում է լռեցնելու համար երկրի բոլոր այլախոհներին: Մյուսը, որ վերջերս է ավելացել քուրդ պատգամավորներին իրենց անձեռնմխելիությունից զրկելն է:

Երկրի կանցլերը եւ արտգործնախարարը դեմ էին բանաձեւին: Իսկ Գերմանիայի ազատ համալսարանից պրոֆ. Ժիրայր Քոչարյանը Երեւան իր այցի օրերին կասկած էր հայտնել, որ բանաձեւը կընդունվի: Գերմանացի շատ օրենսդիրներ, Էոզդեմիրի գլխավորությամբ, սակայն, մեծ հույսեր էին կապում եւ նույնիսկ Գերմանիայի մեղսակցության հարցն էին շաղկապում դրան:

«Մենք վերջապես պիտի հաստատենք, որ կատարվածը ցեղասպանություն էր եւ որ Գերմանիա իր բաժին մեղքն ուներ այդ գործում», ասել էր նա: Նրան էին միացել ՔԴՄ կուսակցության արտաքին գործերի հանձնախմբի խոսնակ Ֆրանց-Ժոզեֆ Յունգն ու ՔՍՄ մարդու իրավունքների հանձնախմբի ներկայացուցիչ Բեռնդ Ֆաբրիցիուսը, որոնք ավելացրել էին, որ բացի ցեղասպանության գործողություններին մասնակցությունից, Գերմանիան նաեւ հետպատերազմյան շրջանում ապաստան էր շնորհել հանցագործներին:

Կանցլեր Մերկելը մեծ խիզախությամբ էր գործի դրել իր դիվանագիտական «գործարքները» Թուրքիայի հետ: Նրա «գործընկեր» Էրդողանը չափազանց անողոք եւ ամբարտավան էր գտնվել մինչեւ վերջին րոպեն:

Այդուհանդերձ, երեկ կեսօրին արդեն լրատվամիջոցները ի լուր աշխարհի հաղորդեցին, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից: Դա նշանակալի հաղթանակ է հայ դատի համար, իսկ Մերկելի համար արժանի բումերանգ, որը նրան կարող է հետապնդել ամբողջ իր հետագա կարիերայի ընթացքում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

95 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՆՈՒՅՆ ՕՐԸ, ԴԱՐՁՅԱԼ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՀԵՏ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՀԵՏ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

ՄԻԵԴ որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011...

ԿարդալDetails

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025

«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել. ես եղել եմ մեր տանը. Քոչարյան

07/10/2025

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական