Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՄԵԶ, ԹԵ ՈՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հայ-ադրբեջանական ռազմական բախումներից բառացիորեն երկու օր առաջ ռուսաստանյան առաջատար թերթերից մեկը թուրք մի քաղաքականագետի հնարավորություն էր տվել իրՙ ըստ էության թուրքական կողմի տեսակետը շարադրել ռուս-թուրքական ներկա խրթին իրավիճակի շուրջ: Բավականին ընդարձակ ու հանգամանալի վերլուծությունների մեջ թուրք փորձագետը հավանական էր համարել առաջիկայում ղարաբաղյան հակամարտության սրումըՙ առնչված հենց ռուս-թուրքական հարաբերություններին:

Մոսկվացի հայտնի քաղաքականագետ Սերգեյ Կուրղինյանն իր մի հեռուստամեկնաբանության ժամանակ պատմեց, որ սովորաբար ամերիկյան ԿՀՎ-ի կարծիքն արտահայտողՙ Ֆրիդման ազգանունով փորձագետը, նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անարդյունավետ գործունեությունը Ռուսաստանի դեմ հատկապես Ուկրաինայում եւ Սիրիայում, առաջարկել էր ստեղծել յուրօրինակ փոքր ՆԱՏՕ, որի մեջ ավանադաբար հակառուսական տրամադրություններով ներարկված արեւելաեվրոպական մի շարք երկրների հետ մեկտեղ կմտներ նաեւ Ադրբեջանը: Այսինքնՙ ամեն ինչ ընդդեմ Ռուսաստանի, այդ թվում նաեւ Բաքվի միջոցով:

Կարծիքներ են հնչում նաեւ, որ անկախ այն բանից, թե ով է առաջինը սկսել հարձակումը, երկու երկրների ղեկավարներին այն ձեռնտու է իրենց պետություններում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակից հասարակայնության ուշադրությունը շեղելու համար:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության « » հաղորդման հերթական թողարկումը լիովին նվիրված էր Ղարաբաղում բռնկած իրադարձություններին: Հիմնական ընդդիմախոսները մոսկվայաբնակ հայեր ու ադրբեջանցիներ էին, որոնց մեջ «մեր» կողմից առանձնանում էին նույն Սերգեյ Կուրղինյանն ու նույնքան հայտնի արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը: Առանց չափազանցության իրենց բանիմացությամբ, փաստարկվածությամբ ու ինչ-որ տեղ ագրեսիվությամբ մերոնք պարզապես ջախջախեցին ազերի ընդդիմախոսներին: Իսլամագետ Հեյդար Ջամալը եւ Թուրքիան ներկայացնող ազերածին լրագրող Ֆուադ Աբասովը ամեն անգամ նեղն ընկնելով, փորձում էին ամեն ինչ արդարացնել նրանով, որ միեւնույն է, ռուսների մեծամասնության համակրանքը հայերի կողմն է եւ որ հայերը Ղարաբաղում հաղթանակի են հասնում բացառապես ռուսների օժանդակության շնորհիվ եւ այլն:

Ի դեպ, Հայաստանի քաղաքական վերնախավում մտավախություն ու անվստահություն գոյություն ունի սփյուռքահայ, այդ թվում նաեւ ռուսահայ աչքի ընկնող քաղաքագետների նկատմամբ: Հայաստանյան որոշ հրապարակումներում Կուրղինյանին եւ Բաղդասարովին հաճախ մեղադրում են անհարկի ռուսամետության մեջ: Ճիշտ է, Ռուսաստանի այս երկու քաղաքացիներին կարելի է նույնիսկ ռուս նացիոնալիստ համարել, քանզի նրանք ամենայն համոզվածությամբ իրոք պաշտպանում են ռուսական պետության շահերը: Սակայն դա նրանց ու մյուս նշանավոր հայերին չի խանգարում, որ անհրաժեշտության դեպքում, ինչպես, ասենք, հիշյալ հաղորդման ժամանակ, նույն կրքոտությամբ պաշտպան կանգնեն Հայաստանի ու հայության շահերին:

Ղարաբաղյան ներկա իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան մեկնաբանություններում շատ հաճախ է բերվում մեզ համար հիվանդագին այն փաստը, որ անհամեմատելի մակարդակի վրա են գտնվում Ադրբեջանի եւ Հայաստանի տնտեսությունները, որ մեր երկիրը աղքատ էՙ խղճուկ տնտեսությամբ: Բոլորն են հասկանում, որ այստեղ խոսքը վերաբերում է նավթագազադոլարներին: Սակայն եթե անաչառ լինենք, ապա կարող ենք խոստովանել, որ Հայաստանի էկոնոմիկան կարող էր նման ողորմելի վիճակում չհայտնվեր, եթե այն ղեկավարեին, ասենք առանց չարության, իրավասու, հայրենասեր ու ազնիվ պրոֆեսիոնալներ: Հավատացեք, եթե Հայաստանում բիզնեսի համար ստեղծվեին բարենպաստ պայմաններ, ապա բազմաթիվ ռուսահայեր ներդրումներ կկատարեին իրենց մայր հայրենիքում:

Իսկ հիմաՙ առինքնող անակնկալի մասին: Ռուսահայության մեջ, որոնց թվում զգալի են Հայաստանից արտագաղթածները, գուցե տեղին չէ շեշտադրել, որոշակի կասկածներ կային, որ սեփական ղեկավարության անարդարություններից հոգնած ու հիասթափված, արտագաղթով համակված մարդիկ կարող էին կորցրած լինել նաեւ հայրենասիրության զգացումը: Եվ եկեք չսեթեւեթենք. նույնիսկ Հայաստանում բոլորի համար մեծագույնս հաճելի անակնակալ էր տեսնել, որ հայաստանցիները վեր կանգնեցին ղեկավարության հանդեպ իրենց ալերգիայից եւ հոգու թելադրանքով (եւ ոչ թե ղեկավարության կոչերով) միավորվեցին ազգի փրկության գաղափարի շուրջը: Նույնիսկ քաղաքական ընդդիմությունը նույնքան իմաստնաբար, թեկուզեւ ժամանակավորապես, հրաժարվեց իր հականախագահական ընդվզումներից:

Եվ վերջապեսՙ Ռուսաստանի մասին: Հետեւելով հայոց լրատվամիջոցներին, զարմանում ես. այս օրերին տարբեր մակարդակների նույնիսկ ամենաթունդ ռուսատյացները գլխի են ընկել ու խոստովանում են, որ դուր է գալիս մեզ, թե ոչ, մեր անվտանգության միակ, կրկնում ենք, միակ երաշխավորը Ռուսաստանն է, աշխարհագրականորեն, պատմականորեն , գոյատեւման առումով մենք կապված ենք այդ երկրի հետ եւ այլընտրանք չունենք: Նույնիսկ այս օրերին հնչող մեղադրանքները, թե ինչու Մոսկվան այս հակամարտության մեջ անվերապահ չի պաշտպանում իր դաշնակցին, ավելի շուտ զգացմունքային են: Արտաքին քաղաքական բարդ իրավիճակում հայտնված Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել մյուս իրական վտանգների ու ռիսկերի հետ: Ում համար է գաղտնիք, որ բոլոր մեծ տերությունների համար փոքրերը միջոց են իրենց ազգային շահերի իրականացման ասպարոզում, եւ Ռուսաստանը բացառություն չէ: Եվ այդ փոխհարաբերություններում ամեն ինչ կախված է փոքր պետության ղեկավարությունիցՙ ինչքանով նրանք իմաստուն ու շրջահայաց կարող են լինել ընդհանուր շահերի շրջանակում շահաբաժիներ կորզել հոգուտ իրենց երկրի: Երիցս իրավացի են հայաստանցի այն քաղաքագետները, որոնք հայտարարում են, որ Ռուսաստանի հետ պետք է աշխատել, եւ ոչ թե զբաղվել փնովումներով: Առավել եւս ներկա բազմաբարդ իրավիճակում:

Մոսկվա

Խմբ. կողմից.- Այսուամենայնիվ, մեր երկրի անվտանգության եթե ոչ միակ, ապա գլխավոր երաշխավորը մե՛նք ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 2. ԿԱՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՐԱՆՔ ՈՒՐԱՆՑ ՀԵՏԻ ԽՈՍՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՐԱՆՔ ՈՒՐԱՆՑ ՀԵՏԻ ԽՈՍՈՒՄ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական