Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՎԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԵՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՄԱՍԻՆ

11/03/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը: Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» աշխատության մասին

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության նախաձեռնությամբ օրերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը: Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» աշխատությունը: Մեզանում այն առաջին փորձն է քննելու քրդական գործոնի դերը Հայոց ցեղասպանության մեջ, ինչպես նաեւ դրա հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային մերօրյա զարգացումներում: Այն, որ քրդերը Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում եւ Իրանում բնակվող ժողովուրդ են, որոնք վերջին տարիներին սկսել են ավելի բարձրաձայնել իրենց էթնիկ ինքնուրույնության եւ քաղաքական ձգտումների մասին, հայտնի է հետազոտողներին եւ հարցով հետաքրքրվողներին: Միաժամանակ փաստ է, որ հայ իրականության մեջ ամենատարբեր պատճառներով մինչ այժմ չէր իմաստավորված եւ հետազոտողի ձեռքով թղթին չէր հանձնված քրդական գործոնի ուսումնասիրությունը հայկական ազգային շահերի տեսանկյունից, առավել եւս, որ քրդերը իրենց դերակատարությունն են ունեցել Հայոց ցեղասպանության իրագործման եւ հայերի հայրենազրկման գործում: Եվ ահա պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը այն համարձակ եւ ինքնուրույն մտածող հայ մտավորականը դարձավ, ով գիտական եւ հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությանը հանձնեց իր տասնամյակների հետազոտության արդյունք դարձած մոտեցումներն ու դիտարկումները այս ավելի քան արդիական թեմայի վերաբերյալ:

Աշխատությունը բաղկացած է երեք գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը մի ուրույն հայացք է քրդական գործոնի որոշակի ասպեկտներին եւ այդ երեք գլուխները միասին մի ամփոփ, քաղաքական արդի հնչողություն ունեցող տեղեկանք են բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան տեսականորեն եւ գիտականորեն հիմնավորել իրենց մոտեցումները քրդական գործոնի հարցում:

Առաջին գլուխըՙ «Քուրդ պատմաբան Քամալ Ահմադը քուրդ-հայկական հարաբերությունների բարդ հանգույցի սոցիալ-տնտեսական, էթնիկական եւ կրոնական բաղադրիչների մասին», ուսումնասիրում է քուրդ-հայկական հարաբերությունների խնդիրը քուրդ մտավորականի հայացքով, ինչը, մի կողմից մղում է ժամանակակից քուրդ մտավորականությունից ակնկալելու առնվազն նույնպիսի գնահատականներ, իսկ մյուս կողմից ցույց է տալիս այն դրական արժանիքները, որ ունեն քուրդ պատմաբանի աշխատությունները Հայոց ցեղասպանության պատմության մեջ քրդերի խաղացած դերակատարության վերհանման ու գնահատման տեսանյունից: Հեղինակն ուսումնասիրել է այն գործոնները, որոնք ըստ քուրդ հետազոտողի, բաժանել եւ միավորել են քրդերին ու հայերին, որովհետեւ դրանցով են բացատրվում եւ այն վերաբերմունքը, որ ունեցել են քրդերը հայերի նկատմամբ եւ այն դերը, որ նրանք խաղացել են Հայոց ցեղասպանության մեջ: Առանձնապես արժեքավոր են Քամալ Ահմադի այն դիտարկումները, որ հայերը Օսմանյան կայսրությունում քրդերի համեմատությամբ ավելի բարձր եւ զարգացած են եղել: Ըստ Նիկոլայ Հովհաննիսյանի, «քրդերին եւ հայերին բաժանող գործոնը, ըստ քուրդ պատմաբանի բաղկացած էր երեք տարրերիցՙ ա) կրոնական, բ) զարգացման բարձր (հայեր) եւ ցածր (քրդեր) մակարդակներ, գ) հակասություններ քրդական ֆեոդալական ավագանու եւ երիտասարդ հայկական բուրժուազիայի միջեւ: Ն. Հովհաննիսյանն ընթերցողների ուշադրությունն է հրավիրել այն անկասկած իրողության վրա, որ, ըստ Քամալ Ահմեդի, «քրդերն այս կամ այն աստիճանի, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ուրիշների կողմից հրահրված, թե կանխամտածված մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանությանը»: Ընդհանրապես այս գլխում մանրամասնորեն վերլուծված տնտեսական, սոցիալական, կրոնահոգեբանական եւ այլ բոլոր հանգամանքները, որոնք դեր են ունեցել Հայոց ցեղասպանության իրագործման եւ դրանում քրդերի մասնակցության մասին, գալիս են հիմնավորելու այն պարզ ճշմարտությունը, թե վերաբերմունք ձեւավորելով ժամանակակից քրդական ազգային շարժումների եւ գաղափարախոսությունների հանդեպ պետք չէ մոռանալ պատմական աներկբա իրողությունները, այլապես նոր վերաբերմունքի շենքերը ավազների վրա են կառուցվելու:

Երկրորդ գլուխը վերտառված է «Արաբական արդի պատմագիտությունը Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի եւ Հայոց ցեղասպանության իրականացման մեջ քրդական գործոնի դերակատարման մասին»: Ն. Հովհաննիսյանը հայտնի է որպես Հայաստանին ու հայերին վերաբերող արաբական պատմագիտական հետազոտությունների խորը ու եզակի մասնագետ: Տվյալ գլխում նա մեջ է բերել թեմային առնչվող արաբ գիտնականների տեսակետները, որոնք առավել ինքնատիպ են եւ արժեքավոր: Ըստ այդ ուսումնասիրությունների գծագրվում է Հայկական հարցում ուժերի դասավորության եւ այդ ուժերից յուրաքանչյուրի գործառույթի հստակ սխեմա. «թուրքեր (իշխանություններ)ՙ դահիճներ – քրդեր եւ չերքեզներՙ դահիճների կամակատար ջարդարար օգնականներ – հայերՙ զոհեր եւ արաբներՙ զոհերի, հայերի, որպես բախտակից ժողովրդի պաշտպաններ»: Ն. Հովհաննիսյանի ճշգրիտ ձեւակերպմամբ քրդական գործոնը տիպաբանորեն պատկանում է Հայոց ցեղասպանության իրականացման առանցքային հարցերին: Ընդհանրապես արաբական պատմագրությունը մանրակրկիտ եւ բարեխղճորեն ուսումնասիրել եւ գնահատել է Օսմանյան կայսրության վերջին շրջանի պատմության մանրամասները, որտեղ Հայոց ցեղասպանության թեման թե՛ ամենակարեւորներից է, թե՛ ամենաողբերգականը: Ն. Հովհաննիսյանը հիշեցնում է նաեւ, որ հայերի ոչնչացման բացառիկությունը թույլ է տվել արաբ գիտնականին «գենոցիդ» եզրը զուգահեռ օգտագործելու իր ստեղծած «արմենոցիդ» եզրը, որն ըստ նրա «ամենագենոցիդային գենոցիդն է»: Կարեւոր է նաեւ, որ ըստ հեղինակի արաբ պատմաբանների մոտ կասկած չկա, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի սեւ էջն է» եւ, որ «քրդերը նրանց բեկերը եւ ցեղապետերը պատմության սեւ էջը գրելիս երիտթուրքական դահիճների աջ ձեռքն են եղել»: Անշուշտ, հիշատակվել են նաեւ այն քրդերը, որոնք հակառակ են գնացել երիտթուրքական իշխանություններին եւ օգնության ձեռք են մեկնել բռնագաղթվող հայերին, սակայն այս բացառությունները ավելի քիչ են այն իրողությունների համեմատությամբ, որոնց մասին խոսեցինք վերեւում:

Վերջապես երրորդ գլուխը, որ ամենաարդիական հնչողությունն ունի եւ ուղղակիորեն հասցեագրված է հասարակական եւ քաղաքական գործընթացներում որոշում նախապատրաստողներին եւ որոշում ընդունողներին, կոչվում է «Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգում»: Այստեղ է, որ ուսումնասիրված են քրդական գործոնի ներգործության աշխարհաքաղաքական տարածքային սահմանները եւ ուսումնասիրված է «Հայկական հարցը քրդական հարց է» տեսադրույթը: Ինչպես հայտնի է, Սեւրի պայմանագրով գծվեցին Հայաստանի Հանրապետության սահմանները, սահմանագծվեց նաեւ Թուրքիայի հարավ-արեւելքում, Հայաստանից հարավ ստեղծվելիք Քուրդիստանը: Հեղինակը ճշմարտացիորեն նշում է, որ «տարաբախտաբար, Սեւրի պայմանագիրը կիրառվեց միայն այն մասով, որը վերաբերում էր թուրքերին եւ արաբներին: Ինչ վերաբերում է պայմանագրի հայկական եւ քրդական մասերին, ապա Թուրքիայում իշխանությունը վերցրած քեմալականները, վայելելով բոլշեւիկյան Ռուսաստանի լենինյան ղեկավարության քաղաքական ու ռազմական լայն աջակցությունը, մերժեցին ճանաչել Սեւրի պայմանագիրը, ինչը ամրագրվեց Լոզանի 1923թ. պայմանագրով»:

Ն. Հովհաննիսյանի գործնական ծառայությունը հայ հասարակական-քաղաքական մտքին կայանում է Արեւմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման հնարավոր տարբերակների մշակման մեջ: Մանրամասնորեն ուսումնասիրված եւ հիմնավորված են հետեւյալ տարբերակները. ա) արեւմտահայերի վերադարձ իրենց բնակավայրեր, բ) տարածքային ինքնավարություն, գ) մշակութային ինքնավարություն, դ) ֆինանսական-նյութական փոխհատուցում, ինչպես նաեւ միջանկյալ տարբերակ: Տարբերակներն ամփոփված են «իդեալական տարբերակովՙ Արեւմտյան Հայաստանի անկախության կամ Հայաստանի Հանրապետությանը միավորվելու տարբերակ»:

Մերձավոր Արեւելքում այսօր մենք ականատեսն ենք բուռն զարգացող իրադարձությունների, որոնց շարքում ուշագրավ են քրդական զինված ուժերը, որոնք գործոն են թե՛ իրաքյան Քրդստանում, թե՛ պարտիզանական պատերազմում Թուրքիայի հարավ-արեւելքում, թե՛ հիմա նաեւ Սիրիայի հյուսիսային շրջաններում: Դժվար է ասել, թե համաշխարհային ուժային կենտրոններից որը եւ ինչպես կխաղարկի քրդական գործոնը: Սակայն ակնհայտ է, որ զինված քրդերի ներկայությունը մեր սահմաններից ոչ հեռու Թուրքիայում աշխուժացող քրդական քաղաքական ուժերի կեցվածքն ու հռետորաբանությունը, աշխարհի տարբեր ծայրերում թափ հավաքող քրդական ազգային կազմակերպությունների գործունեությունը եւ նրանց տարածած գաղափարները կենսական անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի Հանրապետությունում ունենալու այդ ամենի հանդեպ տեսականորեն հիմնավորված վերաբերմունք:

Ճիշտ է, Ն. Հովհաննիսյանը, երբ պահանջում է, որ պետական իշխանության մարմինները շահագրգիռ քաղաքական, հասարակական, փորձագիտական եւ գիտական շրջանակների մասնակցությամբ շուտափույթ կերպով ձեռնամուխ լինեն հայեցակարգի տեսք ընդունելիք նման վերաբերմունքի մշակմանը: Համոզված ենք, որ պետք է շնորահակալություն հայտնել մեծանուն հայ արեւելագետին վերոհիշյալ աշխատությունը ստեղծելու եւ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը այս թեմայի վրա հրավիրելու ազնիվ նպատակի համար:

Նախորդ գրառումը

ԵՐԲ ՓՈՂ ԷԼ Է ՊԵՏՔ, ԳԻՐՔ ԷԼ

Հաջորդ գրառումը

ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԱՀԱՅԵՐԸՙ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԱՀԱՅԵՐԸՙ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական