Տեղի ունեցավ Արմեն Մանվելյանի գրքի ներկայացում-քննարկումը
Փետրվարի 10-ին Ռամկավար Ազատական կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները կովկաս-կասպյան տարածաշրջանում» մենագրության ներկայացումը: Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԱԿ փոխատենապետ Արմեն Մանվելյանն արդեն տեւական ժամանակ զբաղվում է էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ անվտանգության խնդիրների հետազոտությամբ, ուսումնասիրելով էներգետիկ գործոնի ազդեցությունը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգային համակարգերի վրա:
Նրա այս գիրքը տպագրության է երաշխավորել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը: Գրքի վերաբերյալ կարծիք է գրել Էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, տնտեսական գիտությունների թեկնածու Արեգ Գալստայնը, նշելով, որ մենագրությունը առանձնահատուկ գիտական արժեք է ներկայացնում Կովկաս-կասպյան տարածաշրջանում ընթացող իրադարձությունները խորքային կերպով հասկանալու եւ հատկապես էներգետիկ գործոնի դերը ճիշտ գնահատելու համար: Հրատակաչության ծախսերն ամբողջովին հոգացել է Ռամկավար Ազատական կուսակցությունը: Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ այս եւ այլ գրքերի հրատակաչությանը նպաստելով, կուսակցությունը նպատակ ունիՙ «ակտիվ պահել այն ուղեղը, որը Հանրապետությունում ասում են կա»: Ավետիքյանը նշեց նաեւ, որ իրենք այսուհետ եւս շարունակելու են կարեւոր հարցերի շուրջ կուսակցության գրասենյակում քննարկումներ, բանավեճեր կազմակերպել լավագույն մասնագետների մասնակցությամբ:
Ու չնայած մեզանում «լավագույն» մասնագետների առատությանը, կոնկրետ էներգետիկ անվտանգության եւ այս համատեքստում աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ գիրք, գիտական աշխատություն առայօսր սեղանին չկար. Մանվելյանի գիրքն այս առումով անդրանիկն է, հետեւաբարՙ նաեւ դրանով նշանակալից: Մենագրությունում հետազոտվում են հետխորհրդային շրջանում Կովկաս-կասպյան տարածաշրջանում միջազգային ուժերի միջեւ սկսված մրցակցությունը եւ այդ պայքարում էներգետիկ անվտանգության եւ աշխարհաքաղաքականության նշանակությունը, տարածաշրջանի վերածումը դեպի Արեւմուտք եւ Արեւելք նավթի եւ գազի արտահանման միջանցքի եւ Հարավային Կովկասի անվտանգային դինամիկան: Գրքի առաջին գլխում հեղինակը խոսում է Կասպից ծովի միջազգային կարգավիճակի եւ դրա շուրջը ծավալվող մրցակցության մասին: Երկրորդ գլխում անդրադարձել է Կովկաս-կասպյան տարածաշրջանում էներգետիկ պաշարներին եւ գազամուղներ կառուցելու մրցակցությանը: Երրորդ գլխում խոսվում է կասպյան նավթամուղների մասինՙ որպես քաղաքական գործոն Կովկաս-կասպյան տարածաշրջանում: Հարավային Կովկասում ձեւավորվող էներգետիկ անվտանգության համակարգերին եւ այս համատեքստում Հայաստանին հեղինակը անդրադարձել է մենագրության 4-րդ գլխում: Գրքում ներկայացված է նաեւ աշխարհում այսօր գործող էներգետիկ ընկերությունների եւ խողովակաշարերի անվանացանկը:
Մենագրության ներկայացմանը ներկա ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն իր խոսքում նշեց, որ գրքի հրատարակչությանը երաշխավորելովՙ իրենք հատկապես արժեւորել են գրքի գիտական արժեքը եւ կարեւորեց այն առումով, որ նման աշխատությունները գալիս են օգնելու արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիսՙ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրողությունների համապատկերում:
Քեռյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Ռամկավար Ազատական կուսակցությանըՙ գրքի հրատարակության համար. «Այսօր կան կուսակցություններ, որոնք իրենց միջոցները ծախսում են այլ բաների համար, իսկ դուք գիրք եք հրատարակում», նշեց Քեռյանը:
Քննարկմանը ներկա էր նաեւ Հալեպից հայրենիք վերադարձած գրող Թորոս Թորանյանը , ով ողջունեց մեր երկրում երիտասարդ սերնդի մեջ առկա գիտական միտքը. «Ես զգում եմ երիտասարդ գիտնականների առատությունը, միայն թե չարտագաղթեն…», ասաց Հալեպից վեց ամիս առաջ ներգաղթած Թորանյանը:
Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ տեղեկացրեց, որ կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնում հավանաբար այս ամսվա վերջին կամ մարտի սկզբին կկայանա կուսակցության միջոցներով լույս տեսած հաջորդ գրքի ներկայացումը եւ քննարկումը: Գիրքը հեղինակել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը եւ այնտեղ խոսվում է քրդերի եւ Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայեցակարգում քրդական գործոնի մասին: Այս թեման, էներգետիկ անվտանգությունից պակաս կարեւոր չէ, գոնե մեզ համար, գոնե մեր տարածաշրջանում, եւ ինչպես էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ այս թեման գիտական մակարդակով նոր-նոր է սկսվել ուսումնասիրվել: Ուրեմն ակտիվ պահենք այն ուղեղը, որն ասում են, հանրապետությունում կա: Չեն ասում, կա՛: