Կարելի է երազել այն ժամանակի մասին, երբ սովորական պաշտոնափոխության, տեղափոխությունների, պաշտոնյա հանել-դնելու փոխարեն մի օր էլ կգրենք այն մասին, թե ինչպես կարգի ընկավ Հայաստանի ներքին կյանքը, տնտեսությունն աշխուժացավ, մարդիկ այս կամ այն ոլորտում ակնառու փոփոխություններ տեսան: Իսկ դրա փոխարեն արդեն քսան տարի է գրում ենք (խոսքը լրատվական դաշտի գրելուն է վերաբերում) զանազան ներքաղաքական-ներհամակարգային ինտրիգների, էս է- էս է` իշխանափոխության, կեղծ քաղաքական գործընթացների մասին, քանի որ մեր կյանքն է հենց բաղկացած դրանցից: Զբաղեցնում ենք հանրությանը, կերակրում կեղծ օրակարգերով` քանի որ նույն բանն անող իշխանության ու ընդդիմության մասին ենք գրում տարիներ: Կփոխվի՞ մեր կյանքը հիմա, երբ ամեն ինչ աշխարհում է արդեն սկսել փոխվել, իսկ Հայաստանը, կարծես, առայժմ այդ փոխվող աշխարհի, ու ոչ թե լուսնի, քարտեզում է: Չգիտենք, բայց երեբեւէ հույսը չենք կորցրել այն չարախնդացողի նման, ով ասում էՙ որքան վատ, այնքան լավ: Եւ այսպես` փոփոխությո՞ւն, թե՞ ֆարս, սա է մեզ սպասում առաջիկա տարում տեսնել, լսել ու շոշափել, իսկ ինչպես գիտեք` սպասումը նույնպես կոչվում է կյանք:
ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համաձայնության են եկել դեպի ապագան նայող համագործակցության վերաբերյալ: Պաշտոնների հանձնման, համաձայնագիր կնքել -չկնքելու, կոալիցիա, թե՞ համագործակցություն անվանել-չանվանելու վերջնական պատկերի մասին կիմանանք այսօր կամ վաղը: Ժամանակային առումով ՀՀԿ նիստին անմիջապես հաջորդող հեռուստատեսային զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ավելի անկեղծ էր` կոալիցիա հիմա, մինչեւ ընտրությունները, չի անվանվի տեղի ունեցողը, այլ ապագային միտված համագործակցություն. «կոալիցիա» բառը սահմանադրական փոփոխություններով արդեն իսկ ներմուծված է` նոր խորհրդարանական ընտրություններից հետո կյանքի կոչելու համար: Բայց պաշտոնները հիմա ստանձնում են, նախնական` էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կրթության եւ գիտության նախարարությունների մասին է խոսքը (ըստ լուրերի` Արծվիկ Մինասյան, Դավիթ Լոքյան, Լեւոն Մկրտչյան): Խոսք կա նաեւ Արմավիրի եւ Շիրակի մարզերում ՀՅԴ-ական մարզպետների նշանակման մասին:
Եթե դա կոալիցիա անվանվեր, ապա փաստորեն պետք է տարածվեր նաեւ Ազգային ժողովի վրա, ինչպես նախկին կոալիցիայի ժամանակ էր, ու միգուցե ԱԺ փոխխոսնակի, երկու-երեք հանձնաժողովի նախագահի եւ այլ պաշտոններ եւս այս սկզբունքի համաձայն ՀՅԴ-ին հանձնվեին, բայց քանի որ կոալիցիոն սկզբունքը թողնված է հաջորդ` հարյուր տոկոս համամասնական կարգով կազմվող խորհրդարանին, ապա դա թողնվում է ապագային: Սակայն այսպիսով նաեւ ուրվագծվում է ապագա խորհրրդարանի կոալիցիայի առանցքը միաժամանակ:
Ամենակարեւորն այս պահին, սակայն, ոչ թե պաշտոններն են, այլ պատասխանատվության հարցը, համենայն դեպս` ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ՀՅԴ-ում ասում են, թե կարեւորը պաշտոնները չեն, այլ համատեղ աշխատանքն ու պատասխանատվություն կիսելը: Հիշեցնենք, որ վերջին կոալիցիայի ժամանակ, երբ հանրապետականները խոսում էին ողջ պատասխանատվությունը միասին` կոալիցիայով կիսելու վերաբերյալ, ՀՅԴ-ն հակադրվում էր, թե մենք երեք ոլորտ ունենանք, էդ երեք ոլորտից տեղյակ լինենք, բա ինչու մյուս ոլորտների վերաբերյալ պետք է պատասխանատվություն կիսենք: Այժմ նորից, համենայնդեպս ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, ՀՀԿ-ն խոսում է ամբողջ պատասպանատվությունը միասին կիսելու անհրաժեշտոթյան մասին:
Պատկերավորենք, որ հասկանալի լինի: Ասենք` եթե սահմանային իրավիճակի պատասխանատուն պաշտպանության նախարարությունն ու երկրի նախագահն են, ապա հիմա կպահանջվի, որ տեղի ունեցած ամեն բանի համար նաեւ ՀՅԴ-ն պատասխաանտու լինի, անկախ իրենց տիրապետած ոլորտներից: Օրինակ, այժմ մի վտանգավոր խոսակցություն կա` ռուսները կոմունիստ դումայականների կատարմամբ, 1921 թվականի ռուս-թուրքական` Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ցանկություն են հայտնում, որով հայկական տարածքների հանձնումը Թուրքիային 95 տարի առաջ ամրագրվեց: Հո չհայտնեցի՞ն` թուրքերին են դաղում, որ Սիրիայում իրեն հավաքի, գումարած, որ նաեւ մեր վերաբերմունքն են ստուգում այդպիսի ելքի պարագայում: Դեռ Գյումրիի ռուսական ռազմաբազան էլ կազմ-պատրաստ սպասում է, որ թուրքական ինքնաթիռ խախտի սահմանը` խփի: Էս վերջերս Թուրքիան լրիվ իրականության զգացումը կորցրել է, բա որ հումորի զգացումն էլ կորցն ու անցնի սահմանը, ռուսներն էլ խփեն, Թուրքիան էլ Աստված չանի, պատասխան հարված հասցնի Գյումրիի ուղղությամբ, կրկնում եմ` տեսական բան եմ ասում, բայց երբեք մի ասա երբեք: ՀՅԴ-ն , օրինակ, պատրա՞ստ է կիսել դրա հետեւանքների համար պատասխանատվությունը:
Կամ` ասենք հենց այս երկու օրը Մոսկվայում ապամոնտաժվում էին այն օբյեկտները, որում նաեւ մեր հայրենիակից աշխատանքային միգրանտներն էին աշխատում, Ռուսաստանում տնտեսական առումով այնպիսի իրավիճակ է, որ մոտ կես միլիոն հայ աշխատանքային միգրանտների միգուցե կեսը կարող են վերադառնալ` այսպիսով ավելի լարելով Հայաստանի առանց այդ էլ լարված տնտեսական վիճակը, այդ պարագայում ի՞նչն է կարողանալու փոխել էկոնոմիկայի նախարարությունը ընդհանուր տնտեսական համատեքստից դուրս, որ վատթարացող իրավիճակի պատասխանատվությունը կրի բյուջեն, ծրագրերը կազմած-հաստատած ՀՀԿ-ի հետ հավասար: Ընդհանրապես` պետք է հրաշք լինի, որ Հայաստանում վիճակը մի փոքր փոխվի` ասենք` մի հրաշքով Քրքորյանից մնացած փողերը մտնեն Հայաստանի տնտեսություն եւ աշխատեցնեն այն: Հրաշք չկա` վիճակի լավացումն էլ շատ էական մի բան է: Այս վիճակում շատ լղոզված մի բան է պատասխանատվությունը միասին, հավասար, հավասարաչափ կիսելու պոստուլատը:
Մյուս կողմից` առաջիկա տարիներին, անկախ ամեն ինչից, ամեն ինչի պատասխանատվությունն ա՛յս իշխանությունն ու իշխանության մեջ առկա իշխող քաղաքական ուժերն են կիսելու, քանի որ ուրիշները չկան պարզապես. ընդդիմությունը չի միավորվում ու բեւեռ չի դառնում, այդպիսով գործոն չդառնալով ընտրություններում, նոր ստեղծվող կամ սստեղծվելիք միավորներն էլ հազիվ թե իրական ընդդիմություն լինեն, ու եթե անցնեն խորհրդարան` միայն ու միայն կոալիցիան ընդլայնելու ու…պատասխանատվությունը «կիսելու» հայտ են ներկայացնելու ընդամենը:
Փաստորեն այն հեղափոխությունը, որ այդպես էլ Հայաստանի ընդդիմությունները չկարողացան իրականացնել տարիների ընթացքում, քանի որ որակապես չէին տարբերվում իշխանությունից ոչ իրենց պահանջների, ոչ իրենց հավակնությունների առումով, հիմա իրականացնում է իշխանությունը, իսկ ավելի ստույգ` նախագահ Սարգսյանը, գծելով ապագա խորհրդարանի պատկերը եւ առանց երկմտելու, թե շահերի առումով բավական նահանջելու է իր ղեկավարած ՀՀԿ-ն: Այո, նա տարբերակ չունի, իշխանափոխություն արդեն քսան տարի Հայաստանում չի կատարվել, իսկ ներսից հանրությունը, դրսից միջազգային հանրությունը խստացրել է սպասելիքը` կոռուպցիան եւ անարդարությունը հաղթահարելու առումով, որպես պետություն էլ մեզնից մենք բան ներկայացնելու համար ոչ մի այլընտրանք չունենք` փոփոխություններից բացի: