ՆԱԻՐ ՅԱՆ Ազգային հոգեկերտվածքը, ավանդապաշտ լինելը մեզ թույլ չեն տալիս ընդունել ամուսնալուծություն հասկացությունը: Մեր տատերն ու պապերը, անգամ հայրերն ու մայրերը եզակի դեպքեր կարող են մատնանշել, թե ինչպես է իրենց սերնդակից այս կամ այն զույգն ամուսնալուծվել: Արտագնա աշխատանքը, կամ ինչպես հայերս ենք ասում, խոպան գնալը, միշտ էլ եղել է ու կա, բայց եթե նույնիսկ խոպանը երկարաժամկետ էր լինում, հանգեցնում արտամուսնական երեխաների ծնունդի, դարձյալ հայ կանայք չէին ամուսնալուծվում: Սա մեր ազգի կենսակերպի պարադոքսներից է նաեւ:Իսկ այսօր պատկերն այլ է: Ամուսնության ու ամուսնալուծության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը մակերեսային է դարձել: Նոր սերունդն ավանդական հայկական ամուր ընտանիքի մոդելը սրբորեն պահպանելու պատրաստակամություն այլեւս չի դրսեւորում: Եթե նախորդ սերունդները մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ էին վերաբերվում ամուսնությանը, ապա այսօրվա երիտասարդները առանձնապես ծանրութեթեւ չեն անում իրենց քայլերը: Սրանով հանդերձՙ ամուսնության տարիքի շեմը տարեցտարի բարձրանալու միտումներ է դրսեւորում: Եթե 2012-13 թվականներին աղջիկների ամուսնության միջին տարիքը 24-ն էր, իսկ տղաներինըՙ 27-ը, ապա վերջին երկու տարիներին աղջիկների տարիքը հասել է 27-ի, տղաներինըՙ 28-30-ի: Ուշ ամուսնանալը, սակայն, դեռ չի նշանակում, որ նրանք ավելի լրջորեն են մոտենում ընտանիք կազմելու որոշմանը: Հոգեբաններն ու իրավաբանները վկայում են, որ սիրո վրա հիմնված ամուսնություններն ավելի կարճատեւ են լինում, քան հաշվարկով ամուսնությունները: Պարզվում էՙ ամուսնության հենց հինգերորդ տարին վտանգավոր է: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հինգերորդ տարում է, որ սիրահարության, հրապուրանքի զգացողությոններն սկսում են մարել, իսկ երբ չկա նաեւ փոխադարձ հարգանքի, գնահատանքի հասկացողությունը, ընտանիքը դատապարտված է քայքայման: Վտանգավոր է համարվում նաեւ ամուսնության առաջին տարին, երբ զույգերը մեկ հարկի տակ նույն կենցաղը, համատեղ կյանքը վարելու փորձից բացի, լույս աշխարհ են բերում նաեւ իրենց առաջնեկին: Երեխայի ծնունդն իր պատասխանատվությամբ ու հոգսերով նույնպես դժվարին կացության մեջ է դնում զույգերին, ու նրանք այդ անսովոր իրավիճակում հաճախ չեն հասկանում միմյանց ու ելքը տեսնում են ամուսնալուծության մեջ: Ամուսնության համար ճգնաժամային հաջորդ փուլերն սկսվում են, երբ ամուսինները դառնում են 30 եւ 40 տարեկան, ընդ որումՙ այս տարիքը վերաբերում է թե՛ կնոջը, թե՛ ամուսնուն:2015 թվականին ամուսնալուծությունների թիվն աճել է 19 տոկոսով: Երեւանում չորս ամուսնություններից մեկն ավարտվում է ամուսնալուծությամբ, մարզերումՙ յոթից մեկը: Ամուսնալուծությունների թվով աչքի է ընկնում Լոռու մարզը. 1000 ամուսնության դիմաց գրանցվում է մոտ 400 ամուսնալուծություն: Մեր երկրում տարեկան մոտ հինգ հազար երեխայի ծնունդ գրանցվում է միայնակ մոր տվյալներով:Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքի ուժով ամուսնալուծվելու համար մեծ մասամբ կանայք են դիմում: Այս փաստը պայմանավորված է այն բանով, որ կանայք ավելի հաստատակամ ու վճռական են, քան տղամարդիկ: Տղամարդիկ ավելի շատ են վախենում դժվարություններից ու հետագա պատասխանատվությունից, քան կանայք: Ամուսնալուծությունից խուսափելու, ընտանիքը փրկելու համար հոգեբաններն իրենց օգնությունն են առաջարկում, սակայն, որպես կանոն, ամուսնալուծվող կողմերը չեն դիմում այդ ծառայությանը: Հոգեբաններին հարկավոր է դիմել ավելի վաղ, քան ընտանեկան խնդրի հասունացումը, իսկ ամուսնալուծության շեմին կանգնած զույգերի համար արդեն շատ ուշ է նման աջակցությունը: Սովորաբար ընտանեկան խնդիրների դեպքում հոգեբաններին դիմում են կանայք, իսկ տղամարդիկ կա՛մ չեն վստահում նրանց, կամ էլ ավելորդ են համարում այդ ծառայությունը: Ամուսնալուծվող զույգի հետ արդեն դատական գործընթացի ժամանակ են հոգեբաններն իրենց ծառայությունը մատուցում, սակայն հենց իրենք են խոստովանում, որ այլեւս ուշացած է լինում իրենց միջամտությունն ընտանիքը վերականգնելու հարցում: Խնդիրն այն է, որ առհասարակ երբ գործը մտնում է դատարան, ամուսնալուծությունը դառնում է անխուսափելի: Երբ փաստաբանն ամուսնալուծության գործն սկսում է, ինքնըստինքյան այն տանում է ոչ թե ամուսնությունն այս կամ այն կերպ փրկելու, զույգին հաշտեցնելու ճանապարհով, այլ ընդհակառակըՙ ամուսնալուծությունն իրականացնելու ձգտումով, որովհետեւ նույն փաստաբանը յուրաքանչյուր նման գործի համար հարկ է վճարում, հետեւաբար նա շահագրգռված է դատական գործը մինչեւ վերջ տանել ու ամուսնալուծությամբ ավարտել: Այս խնդրի մասին հոգեբաններն ու իրավաբանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են: Փաստը մնում է փաստ, որ եթե նույնիսկ հնարավոր է դատական գործընթացի ժամանակ փոխհամաձայնության գալ ու ամուսնալուծությունից խուսափել, միեւնույն է, փաստաբանները հակված են գործն ավարտել ամուսնալուծությամբ: Իսկ հենց դատական գործընթացի ժամանակ հայտնի է, թե կողմերի միջեւ ինչ քաշքշուկ ու տարաձայնություններ են սկսվումՙ կապված գույքի բաժանման, երեխաներին հայրություն ու մայրություն անելու մրցավազքի հետ:Հոգեբանները հավաստիացնում են, որ ամուսնալուծությունները մեծ թիվ չեն կազմի, եթե զույգերը նախքան ամուսնանալը համատեղության թեսթ անցնեն: Հոգեբանական այս գործիքն անտեսվում ու անուշադրության է մատնվում մեր հասարակության կողմից: Հայերս այն համոզմունքն ունենք, որ մեզնից լավ մեզ ոչ ոք չի կարող ճանաչել ու բնութագրել. այս ինքնավստահությունն ու հոգեբաններին վերապահումով վերաբերվելու մոտեցումներն ակնբախ են մեր կենցաղավարման մյուս ոլորտներում եւս: Հոգեբանների կարծիքովՙ ամուսնալուծությունների հիմնական պատճառներն ամենեւին էլ սոցիալ-տնտեսական խնդիրներից չեն բխում: Սոցիալականը պատճառներից մեկն է միայն, իսկ բուն խնդիրն այն է, որ ամուսնական զույգերը միմյանց հետ չեն հաղորդակցվում ու չեն պարզաբանում իրենց հարաբերությունները: Դատարաններն ամուսնալուծության գործերը չեն տրամադրում իրավաբաններին կամ հոգեբաններին, որպեսզի ամուսնալուծությունների պատճառները հստակեցվեն ու տարբերակվեն եւ հրապարակվեն վիճակագրական հավաստի տեղեկություններ: Այդ պատճառով էլ նրանք կարողանում են միայն մասնավոր օրինակների հիման վրա մոտավոր վիճակագրություն կազմել: Ամուսնալուծության պատճառներից են արտագնա աշխատանքը, ծնողների միջամտությունը, սոցիալական դժվարությունները, դավաճանությունը, խաղամոլությունը, ամլությունը, կախվածությունը սոցցանցերից: Վերջին տարիներին ընտանիքում փոխվել են դերերը. կանայք, որ ավելի հեշտությամբ են գումար վաստակում, քան տղամարդիկ, ընտանիքում դառնում են գլխավոր կերպար, ինչը վեճերի, գժտության պատճառ է դառնում ու հանգեցնում ամուսնալուծության: Մասնագետները նկատում են, որ երբ կինը կայացած մարդ է, նրա հետ ընտանիք կազմելը չափազանց դժվար է: Նման կանայք սովորաբար ինքնիշխան են լինում. իրենցից ուժեղ տղամարդու չեն հանդուրժում իրենց կողքին, իսկ թույլին իշխում են:Ամուսնության լավագույն տարբերակը կայացած տղամարդու եւ խելացի, բայց ոչ կարիերիստ կնոջ միությունն է. մասնագետներն են առաջարկում: |