ԵԽԽՎ-ն իր կանոնակարգի համաձայն, հունվարի 25-ին նոր նախագահ ընտրեց Պետրո Ագրամունտըՙ մեկ տարի ժամկետով, որը կարող է եւ ամենայն հավանականությամբ կերկարացվի եւս մեկ տարով: Կանոնակարգի համաձայն, ընտրվեցին նաեւ փոխնախագահներ, որոնց թվումՙ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նախ հետաքրքրական է, որ Ագրամունտը Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին զեկույցի հայտնի հեղինակն է: Իսկ հայտնի է, որ նրան ադրբեջանական ընդդիմությունն ու մարդու իրավունքների պաշտպանները մեղադրում են Ադրբեջանի իշխանությունների մտերիմը եւ նրանց դիրքորոշման արտահայտողը լինելու մեջ:
Իր ընտրությանը հետեւած ելույթում անդրադառնալով հակամարտություններինՙ Ագրամունտը նշեց, թե «Անվտանգության սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները դեռ գոյություն ունեն Մերձդնեստրի, Մոլդովայի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, Վրաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի տարածքներում»:
Հասկանալի է, որ նման նախագահի պարագայում հայանպաստ դիրքորոշում ապահովելու ձգտումներն ու նկրտումները կարող են հանդիպել մեծ արգելքի: Սակայն Ագրամունտն իր սիրելի երկիրը պաշտպանելու խնդիր է ունենալու, քանի որ այսօր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մշտական թիրախ է դարձել ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համար, որը հետեւողական է այդ հարցում:
Նույն օրը, երբ վեհաժողովը դեմ ու կողմ էր քվեարկում հակահայկական բանաձեւերին, Յագլանդը հայտարարեց, որ ադրբեջանցի Էլգար Մամադովը միակ բանտարկյալն է, ում ազատ արձակելու որոշում կա Մարդու իրրավունքների եվրոպական դատարանի մակարդակով, սակայն նա մնում է բանտում: Յագլանդն, իր իսկ խոսքով, ստիպված է դիմել արտակարգ միջոցների, իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ, հատուկ առաքելություն ուղարկելու Ադրբեջանՙ հետամուտ լինելու Մամադովի ազատ արձակմանը:
Ագրամունտը Ադրբեջանի քաղաքականության ու դիրքորոշումների միակ պաշտպանն ու աջակիցը չէ ԵԽԽՎ-ում, ուստի անելիքների առումով շատ ասելը թերեւս մեղմ է:
Ամեն դեպքում, ԵԽԽՎ-ն թեկուզ մերժեց Ուոլթերիՙ առավել վտանգավոր համարվող բանաձեւի նախագիծը, սակայն ընդունեց ոչ պակաս անհավասարակշիռն ու կողմնակալըՙ արտառոց ձեւակերպումներով, ուրեմն այդ բանաձեւերն ընդունելուն ուղղված ադրբեջանական ջանքերի հիման վրա եզրակացություններ պետք է անեն, նաեւ հռետորական հայտարարություններ, Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի միջեւ հավասարության նշան դնողներըՙ առ այն, որ այսպիսով Ադրբեջանը շեշտադրում է բանակցություններով առաջ չգնալու ցանկությունը, ուժ ու եռանդ է ներդնումՙ ի ցույց դնելով իր անլուրջ վերաբերմունքը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլեւ բանակցությունների նկատմամբ:
Այս պարագայում պետք է նաեւ համապատասխան դատողություններ արվեն, թե սահմանային լարվածությունը ոչ թե չի դադարում, այլ ավելի շուտ պատերազմ, քան հրադադար է հիշեցնում, եւ ժամանակն է որոշելու, թե ով եւ ինչու կարող է նախաձեռնել: