Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Է՞Լ ԿԼԱՍՍԻԿՈ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսպանական Կատալոնիայի խորհրդարանը անցնող շաբաթ, ձայների` 72` կողմ, 63` դեմ հարաբերակցությամբ ընդունել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը: Փաստաթուղթն ազդարարում է Կատալոնիայի անկախության գործընթացի մեկնարկը եւ ընդգծում, որ Իսպանիայի կազմից դուրս գալը պետք է ավարտվի 18 ամսում:

Մադրիդը, սակայն, ի դեմս վարչապետ Մարիանո Ռախոլի, այդ հռչակագիրն անվանել է «Որեւէ հետեւանք չունեցող փաստաթուղթ» եւ խոստացել, որ այն կվիճարկվի Իսպանիայի Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ համաձայն Իսպանիայի Սահմանադրության, այդ երկրի մաս հանդիսացող շրջանները կամ ինքնավարությունները կարող են Թագավորության կազմից դուրս գալ` բացառապես ողջ երկրի տարածքում անցկացված հանրավքեի արդյունքում:

Իսկ երբ կառավարությունը դիմի ՍԴ-ին, ապա Կատալոնիայի անկախության գործընթացը պետք է դադարեցվի մինչեւ Դատարանի որոշման կայացումը:

Ըստ տպավորության, կատալոնական հնարավոր անկախությունից, բացի իսպանացիներից եւ մի քիչ էլ` բրիտանացիներից, սրտնեղել են նաեւ ֆուտբոլասերները, քանի որ եթե Կատալոնիան դառնա անկախ հանրապետություն, ապա հանրահայտ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը դուրս կգա իսպանական առաջնությունից, ինչն էլ կնշանակի, որ «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա»` էլ կլասսիկո կոչվող խաղեր այլեւս չեն լինի այդ առաջնությունում: