Հայ հանրությանը վերջին օրերին հետաքրքրում է ոչ թե քթի տակ գտնվող հանրաքվեն, այլ երկու ուրիշ թեմա` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի ենթատեքստն ու դրանից հետո ռուսական մամուլի արտահոսքերը, ինչպես նաեւ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված Ղարաբաղի վերաբերյալ աննպաստ զեկույցը` «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», որի հեղինակ անգլիացի պատվիրակ, ադրբեջանական լոբբիի կարկառուն ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլտերն առանց Արցախ այցելելու է գրել իր զառանցանքը: Դավադրության տեսություն սիրողները կապ են տեսնում ուսական մամուլում ԼՂ կարգավորման ռուսական տարբերակի առկայության մասին լուրերի եւ որոշակի այլ գործընթացների ցուցիչ ուոլտերյան զեկույցի միջեւ`աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, նշելով, որ հակադարձ շահերի կրողները փորձում են կարգավորման նախաձեռնությունն իրենց ուզած ուղղությամբ տանել: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` զեկույցին արագ հետեւող թվիթերյան արձագանքը, թե բոլոր կառույցները որոնք զեկույցներ են գրելու ղարաբաղյան հարցի վերաբերյալ, նախ պետք է խորհրդակցեն հարցի կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, այս պահին իհարկե մեր շահերից է բխում եւ ճիշտ ժամանակին էր, սակայն դա նախ եւ առաջ ի հայտ է եկել Ուորլիքի ներկայացրած երկրի շահերի համատեքստում, որոնք թույլ չեն տա ռուսական նախաձեռնությունների գերակայություն: Ուոլտերյան տխրահռչակ զեկույցից հետո ուրիշներն ավելի են խտացնում գույները` խնդիրը տանելով իշխանությունների աշխատանքի քննադատության դաշտ ու այդ հարթույթից տեղի ունեցողին նայելով:
Անկախ տարբեր մոտեցումների շարժառիթներից` անհանգստանալու բան կա: Երկուշաբթի օրը ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի` շատերի համար անսպասելի այցի հրապարակային եւ ենթադրվելիք գաղտնի մնացած քննարկումների վերաբերյալ լուրերի համադրումը գծել է հետեւյալ ենթադրյալ պատկերը, թե` ռուսական կողմը, Ադրբեջանի ուղղությամբ իր պլաններն իրագործելու համար որպես խաղաքարտ է ուզում դարձնել Ղարաբաղյան կարգավորումը: Ընդ որում, ըստ ռուսական աղբյուրների, գոյություն ունի կարգավորման ռուսական տարբերակ, ըստ որի Հայաստանը պետք է վերադարձնի այսպես կոչված «գրավյալ տարածքները», բացի Լաչինից ու էլի ինչ-որ հատվածից, իսկ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն փաստորեն չի ստանձնելու` չի ճանաչելու ԼՂՀ-ն, ռազմական գործողություններ չծավալելու երաշխիքն էլ դառնալու է… խաղաղապահների տեղակայումն Արցախում, ինչը Ռուսաստանի համար ավելի շատ նշանակելու է ռազմական ներկայությունՙ շահերի տարածաշրջանային բախմանը շատ մոտիկ տարածքում:
Չգիտենք, այսպիսի տարբերակ կա՞, թե ոչ, մանավանդ հայ եւ ռուս արտգործնախարարներ Նալբանդյանն ու Լավրովը հրապարակավ, համատեղ ասուլիսի ժամանակ վստահեցրել են, որ բարձր են գնահատում Մինսկի խմբի ջանքերը եւ նույն ոգով շարունակելու են աշխատել: Երեկ էլ, լրատվամիջոցներից մեկի հարցին արձագանքելով` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն է հերքել, թե տարածքներ զիջելու վերաբերյալ որեւէ հարց է քննարկել Լավրովը Հայաստանի ղեկավարության հետ, չնայած` կարգավորման ներկա փուլը Մինսկի խմբի ջանքերի համատեքստում քննարկվել է: Միեւնույն ժամանակ ռուսական աղբյուրներին կարող է տեղեկատվություն տրամադրել Կրեմլը, ստուգելով հայ հանրության հակազդեցության աստիճանը, անկախ նրանից, որ միգուցե Հայաստանի ղեկավարությունն էլ է հակադարձել այդպիսի տարբերակին: Այնպես որ` առանց կրակ ծուխն անհասկանալի բան է: Որ այդ կարգի տարբերակի հայկական կողմը չի կարող համաձայնել` շատ ու շատ անգամ է բարձրաձայնվել, այդ տարածքները նախ Արցախ են, ապաՙ անվտանգության գոտի: Բայց որ Արցախի հարցում ինչ-որ սողացող գործընթաց գոյություն ունի, սա ցույց է տալիս նաեւ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` այս եւ այլ առիթներով ակտիվությունը սոցցանցերում, կարծես հիշեցնելով, որ իր երկիրը միակողմանի լուծումներ թույլ չի տա: Այլ խոսքով ` մեծ երկրների շահերի բախում` ղարաբաղյան գործիքն օգտագործելիս:
Ճիշտն ասած` անհանգստություն տեսանք անգամ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ շփվելիս, նրանք եւս անհանգստացած են, ու նախ` տեղեկատվության պակասից, ու ըստ այդմ` տեսակետ հայտնել չկարողանալուց: Պատգամավորները խոսում էին Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման եւ տեղեկություն ստանալու անհրաժեշտությունից, որ հասկանան` ռուսական աղբյուրները պարզ ապատեղեկատվությամբ են զբաղված, թե՞ տակը մի բան կա: Իսկ եթե նկատենք, թե ինչ է ասել երեկ լրագրողներն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ապա ԼՂ կարգավորման ինչ-ինչ սողացող գործընթացների մասին իրոք կարելի է ենթադրություններ անել: Հայաստանում ԱՄՆ դեպան Ռիչարդ Միլն ասել է, թե իր երկիրը գոհ է այն որոշումից, որ երկու նախագահները կայացրել են, այն է` հանդիպել մինչեւ տարեվերջ: Ու դեռ ավելացրել է, թե հույս ունեն, որ նախագահները բաց կլինեն եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր առաջարկները քննարկելու պատրաստակամություն կհայտնեն:
Եթե Սարգսյան-Ալիեւ սպասվելիք հանդիպման համար ֆոն ստեղծելու ադրբեջանական ջանքերի համատեքստում մեր հայացքն ուղղենք նոյեմբերի 4-ին Փարիզում, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում 24 կողմ եւ 16 դեմ ձայներով ընդունված հակահայկական զեկույցին, ապա որոշ բաներ պարզ են դառնում: Զեկույցի ընդունման ժամանակ հաշվի չառնվեց Հայաստանի առաջարկը` փոխել զեկուցողին ու ավելի անաչառ զեկուցող նշանակել, քանի որ Ուոլտերն ու իր թրքուհի տիկինը բիզնես-շահեր ունեն Ադրբեջանում եւ այնտեղ բազմաթիվ տնտեսական ներդրումներ են արել, այսինքն` գոյություն ունի շահերի բախում: Հայ պատվիրակներն ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը զեկույցի պատրաստման ողջ ընթացքում էլ, հիմա էլ խոսում են եվրոպացիների խավիարասիրությունից, Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին գնելու ստավկաներից: Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը բնորոշում է, թե ԵԽԽՎ-ն վերածվել է ավելի ընդլայնված Միլլի մեջլիսի, որտեղ հաջողության հասնելը դժվարանում է: Որոշակի լրագրողներ ու լրատվամիջոցներ, առանց խորանալու պատճառահետեւանքային հենքի մեջ` ողջ թափով դատապարտում են Հերմինե Նաղդալյանին, թե մեր պատվիրակության աշխատանքը ձախողվել է այս զեկույցի հարցում, ԼՂՀ-ից էլ նամակ են ուզում գրել ԵԽԽՎ` ի պատասխան Ուոլտերի զեկույցի, փոխանակ մի քիչ փող ծախսեին ու գոնե փորձագիտական մակարդակով մարդ ունենային Հայաստանի պատվիրակության հետ: Լրատվամիջոցներից նրանք, ովքեր փողի խնդիր չունեն, մատը մատին չեն խփել լրագրողներ ուղարկելու հարցում ե՛ւ այս հանձնաժողովի նիստին, ե՛ւ առհասարակ ԵԽԽՎ նիստերին` քարոզչական հակահարվածը հրատապ կազմակերպելու համար, եւ միայն պահանջում են պետությունից ու պատվիրակությունից: Նույն բանը չի արվել պետական խողովակներով` շռայլաբար սեփական սպասարկումը կազմակերպող Ազգային ժողովը, կառավարությունը, ու հատկապես արտգործնախարարությունը լրատվամիջոցների հետ աշխատանքը պատկերացնում են դրսում աշխատելուց ու Հայաստան վերադառնալուց հետո ասուլիս տալով ու մի լավ լացը դնելով, թե ոչինչ հնարավոր չէր անել խավիարակերության դեմ, փոխանակ հետեւողականորեն աշխատեն կոնկրետ լրատվամիջոցների ու լրագրողների հետ, նրանց պատրաստեն այս կարգի աշխատանքի ու նաեւ մի քիչ փող ծախսեն` նրանց ներկայությունը միջազգային կառույցներում ապահովելու համար: Քանի որ ակնհայտ է, որ պրոբլեմն ավելի խորքային է, արտաքին քաղաքականության մեջ պրոբլեմ ունի պետությունը, ու ոչ թե միայն ասենք ԵԽԽՎ-ում Հայաստանի պավիրակության վատ կամ լավ աշխատանքն է ցուցիչ: Իհարկե, Հերմինե Նաղդալյանի ասած` ավելի ընդլայնված, տեղեկատվությամբ եւ ֆինանսական հնարավորություններով զինված պատվիրակության կարիքը կա. միայն մեկ թիվ` ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունն ութ անձից է կազմված, ադրբեջանականը` 36, մերոնք մի կենտ լրագրող հազիվ են ունենում իրենց հետ` տեղում նիստերը լուսաբանելու եւ անմիջապես լրատվության հակազդեցությունը կազմակերպելու համար, իսկ ավելի հաճախ չեն ունենում, իսկ Ադրբեջանը տասնյակ հեռուստաընկերությունների խմբեր է ուղարկում ԵԽԽՎ, եւ այլն: Ես, օրինակ, ամոթից գետինը մտա, երբ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից պատմում էր, թե ինչպես ԵԽԽՎ նիստերից մեկում Հանրային հեռուստատեսությունն առանց օպերատորի մեկ լրագրող ուներ. այ քեզ բան, տարատեսակ ախմախ շոուների վրա ծախսվող միլիոնները գտնվում են, մշտապես ԵԽԽՎ նիստերն օպերատոր ու լագրող ունենալու խնդիրը չի՞ լուծվում, էն էլ` հարկատուներիս փողերով: Իսկ Հ. Նաղդալյանի ասած` ձեռքի տակ հրատապ մասնագիտական վերլուծության պակասի հարցը խիստ զարմանալի է, քանի որ մենք ունենք մի ողջ արտաքին գերատեսչություն, որի մասնագետներն ամեն քայլի պետք է լինեն մեր պատվիրակության կողքին` բոլոր իրավիճակների ելքերի մասնագիտական վերլուծությունն ունենալով: Որքան էլ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ասի, թե լուրջ չի վերաբերվում այդ զեկույցին, ԵԽԽՎ-ն էլ հակամարտության կարգավորման մանդատ չունի, Ուոլտերն էլ շուտով պատվիրակ չի լինի` մանդատի ժամկետն ավարտվում է: Այսինքն` ակնարկվում է, որ Ուոլտերն ուղղակի հնար գտավ արդարացնելու Ադրբեջանում կերած բիզնես- հացը, իսկ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն էլ կարող է այլ բան որոշել:
ԵԽԽՎ մեր պատվիրակությունն, այո, պետք է հատիկ-հատիկ աշխատի այն քսանչորս երկրների պատվիրակների հետ, որ կողմ են քվեարկել զեկույցին, նույնը պետք է անի ԱԳՆ-ն` աշխատելով այդ երկրների ԱԳՆ-ների ու դեսպանների հետ: Ընդհանրապես` այսպիսի դեպքերում երեւում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով սինքրոնացնելու կարիք կա: Մեր ԱԳՆ-ն երեւի չի կարեւորում այնպիսի ուղղություն, ինչպսին խորհրդարանական դիվանագիտությունն ու ԵԽԽՎ-ն են, որոնք միջազգային հանրության կարծիք ձեւավորելու, մեր օգտին խնդիրների լուծումը շուռ տալու կարեւոր ռեսուրս են պարունակում: Եթե ԵԽԽՎ-ում ձախողվում ենք, պետք չէ ձեւ անել, որ դա առհասարակ Հայաստանի արտաքին դիվանագիտության ձախողանքը չէ, քանի որ սա միակ դեպքը չէ հակահայկական տրամադրությունների ԵԽԽՎ-ում: Մի քանի ամիս առաջ էլ Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցում էր իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունդը հակահայկական ձեւակերպումներ ներառել, ու էլի կարելի է այլ օրինակներ բերել: Բնական է, որ բազմաթիվ այլ գործոններ կան` մեր պահվածքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քվեարկությունների ժամանակ, երբ քվեարկում ենք ոչ թե զուտ հայկական, այլ ռուսական շահերի համատեքստում, կամ ձեռնպահ ենք մնում եվրոպական արժեքների տեսակետից կարեւոր քվեարկությունների ժամանակ` էլի զանազան պարտադրիչ պատճառներով: Կամ` երբ արագ որոշում ենք փոխում` ելնելով նոր իրավիճակից: Եվրոպացի պատվիրակները միգուցեեւ գայթակղվում են խավիարից, ուրեմն պետք է նրանց ծիրանով հյուրասիրելու մասին էլ մտածել (փոխաբերական առումով): Սակայն ամեն դեպքում սինքրոնացված ջանքերը չեն կարող արդյունքի չբերել, անգամ եվրոպական պեդանտության պայմաններում: Դա` զանազան մանր շահեր սպասարկողների պարագայում: Իսկ իրենց երկրների մեծ շահերի սպասարկուների դեմ, իսկապես, միգուցե ոչինչ անել հնարավոր չէ, բայց դա ձեռքերը ծալելու պատճառ չի կարող լինել: