Վերջերս հայ-թուրքական հաշտեցման միտումներն ավելի անթաքույց են դառնում: Դրանք թեեւ ոչ պաշտոնական ձեւաչափ են կրում, բայց ակնհայտ քարոզչություն ու ենթատեքստ են պարունակում: Թուրք մտավորականներն, արվեստագետները հաճախ են գալիս Հայաստան ու պարբերաբար կրկնում են, որ, ի դեպ, իրենք մաքուր թուրք են ու հայերի պաշտպանն են: Այս «ի դեպը», ի դեպ, խորքում շատ կարեւոր ենթատեքստ է կրում, այսինքնՙ հայեր, նկատի ունեցեք ու գնահատեք. մենք եղբայրության, հանդուրժողականության կողմնակից ենք այն դեպքում, երբ մաքուր թուրք ենք, ոչ թե կիսաթուրքՙ հրեական, քրդական կամ գերմանական արմատներով:
Եվ այսպես, հայ-թուրքական հաշտեցման ոչ պաշտոնական քայլերը գնալով աշխուժանում ենՙ գործունության համար ընտրելով առաջին հայացքից ամենաանմեղ ու ամենաանվտանգ ոլորտըՙ արվեստն ու գրականությունը: Մեր երկիր են ժամանում մաքուր թուրք երգչուհներ ու գրողներ, թարգմանիչներ ու հրատարակիչներ: Այս էլ որերորդ անգամ նրանց կողքին կանգնած է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբանի անուն հանած Սարգիս Հացպանյանը: Թուրք արվեստագետներին ու մտավորականներին նա ուղեկցում է հայաստանյան իրենց այցի ամբողջ ընթացքում, նրանց տանում Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան, ասուլիսներ ու այլ հանդիպումներ հրավիրում, գովաբանում ու գովերգում թուրք հյուրերի անափ տաղանդն ու անզուսպ հայասիրությունը: Պարզ տրամաբանական հարցՙ Հացպանյանն ու թուրք հյուրերը ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում եւ ո՞ւմ հովանավորությամբ կամ մի՞թե այդքան միամիտ ենՙ անշահախնդիր ու ազնիվ մղումներից դրդված:
Մի դեպք պատմեմ: 2013 թվականի հունիսի 21-ին ազատամարտիկները նշում էին «Ազատագրական բանակի» հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանի մահվան 21-րդ տարելիցը: Լեոնիդ Ազգալդյանի գերեզմանի շուրջն էին հավաքվել նրա հրամանատարությամբ կռված մի խումբ ազատամարտիկներ: Շտապեմ նշել, որ վերջին 20 տարում նրանցից շատերին ես որեւէ տեղ չէի տեսելՙ առավել եւս պաշտոնական միջոցառումների ժամանակ: Հիմա էլ մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ ազնվություն, հպարտություն, հայրենասիրություն ճառագող նրանց խրոխտ դեմքերը: Կարծես մեկ ժամ առաջ էին կռվի դաշտից եկել. Արցախյան ազատամարտի իրական պատմությունն էր դրոշմված նրանց աչքերում: Եվ ոչ մեկի շուրթերից բառ դուրս չեկավ. հարցազրույց չտվեցին ու հուշեր չպատմեցին. նրանք բյուրեղացրել էին իրենց ներսի անձնվեր ազատամարտիկի կերպարն ու այդ կերպարով էին ապրում 20 տարուց ավելի: Երբ խունկն սկսեց մխալ, ու լռությունն ավելի ճնշող դարձավ, հանկարծ հայտնվեց սպիտակ մազերով մի մարդ ու հրավիրեց բոլորի ուշադրությունըՙ հայտարարելով. «Ես պատրաստում եմ Լեոնիդ Ազգալդյանի կայք-էջը, խնդրում եմ, ով նրա մասին արխիվային նյութեր, պատմություններ ունի, թող ներկայացնի: Ձեր տեղեկությունները շատ….»: Ազատամարտիկները վայրկենապես բռնկվեցին սպիտակ մազերով մարդու ներկայությունից, չթողեցին, որ նա ավարտի խոսքը, ստիպեցին լռել ու հեռանալ Լեոնիդ Ազգալդյանի գերեզմանիցՙ ասելով. «Հեռացի՛ր, դասալիք…»:
Սպիտակ գլխով մարդը հեռացավ, ազատամարտիկները հանդարտվեցին: Փորձեցի պարզաբանում ստանալ նրանցից: Չխոսեցին, ոչինչ չպատմեցին: Միայն սպիտակ գլխով մարդու անուն-ազգանունն ասացինՙ Սարգիս Հացպանյան: Այս դեպքի մասին կվկայի ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանը:
Դիպվածը չափանիշի դեր ունի ինձ համար:
Մեր երկրի վրա սիրտները տաքացրած թուրքերը ներկայանում ենՙ որպես անբիծ կենսագրության, ազնիվ բարքերի, մարդասիրական մղումների տեր գործիչներ, որոնց գերնպատակն արդարության կոչնակ հնչեցնելն է: Նրանց ուղեկցող Հացպանյանն էլ իր կողմից է ոգեւորությամբ որոշ բաներ ավելացնում, թե նրանք թուրքական իշխանությունների դեմ են պայքարում, Հայկական հարցի ու հայերի հավատարիմ պաշտպաններն են: Մեկ էլ մի հարց է ինձ տանջումՙ ի՞նչ է, մեր երկրում թուրքերեն միայն Հացպանյա՞նը գիտի:
Հինգ տարեկան երեխային էլ պարզ է, որ այդ թուրքերի մանուկ տարիների փափագը Հայաստանի հողի վրա կանգնելը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուրծք ծեծելն ու կարեկցանքի արցունք թափելը չի եղել:
Օրեր առաջ Սարգիս Հացպանյանը հանրությանը ներկայացրեց թուրք գրող Քեմալ Յալչընին, որի «Հոգիս քեզմով կխայտա» գրքի հիման վրա ԱՄՆ-ում ներկայացում է բեմադրվել: Ավելին, այդ բեմադրությունը բերվեց Հայաստան: Թուրք գրողը հայերեն մի քանի քաղցր բառ ասաց. «Բարեւ ձեզ, սիրելի քույրեր ու եղբայրներ»: Հետո ավելացրեց, որ հինգ հազարից ավելի էջ է նվիրել հայ ժողովրդի տառապանքին. այդ էջերը մի քանի կաթիլն են այն ցավի, որ ինքն է ապրում հայերի հետ, իսկ իսկական տառապանքն իր հոգու խորքում է: Իր 25 գրքերի ուղիղ կեսը նվիրված է հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությանը, բայց հայերի մասին գրքերն, իհարկե, գերակշռում են:
Թուրք գրողը պատմեց, որ շրջել է Երեւանում, զարմացել, թե ինչքան հուշարձաններ ու արձաններ կան մեր քաղաքում. հատկապես ապշեցրել է այն, որ մեր փողոցներն ու հաստատությունները մշակույթի գործիչների անուններով են, մինչդեռ Թուրքիայում ամեն ինչի վրա թուրք ռազմական ու քաղաքական գործիչների անուններն են դրված: Յալչընը ժպտադեմ սիրաշահեց մեզ. «Պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի Երեւանը ճանաչվի արվեստի քաղաք»:
Յալչընը սկսեց թուքումուր թափել Թուրքիայի իշխանությունների հասցեին, ասաց, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է, քանի որ Թուրքիան չի ճանաչում պատմական փաստը, չի առերեսվում սեփական պատմության հետ եւ դասագրքերում հայատյացություն է քարոզում: «Հայոց ցեղասպանության 100 ամյակին Թուրքիան լրիվ մենակ մնաց, որովհետեւ ոչ մի պետություն չկանգնեց նրա կողքին»,- հայտարարեց Յալչընը: Հացպանյանն ասաց, որ հյուրը Ծիծեռնակաբերդ է գնացել ու հոնգուր-հոնգուր լաց եղել անմար կրակի առջեւ: Հյուրն էլ պատմեց, որ հայերի մասին իմացել է թուրքական դասագրքերից: Լինելով ընդվզող հոգու տեր մարդՙ 1980-ականներին` Թուրքիայի ռազմական հեղաշրջումից հետո, փախել է Գերմանիա ու այնտեղ Մելինե անունով իր հայ ուսուցչուհուց հետաքրքրվել Հայոց ցեղասպանության մասին, բայց հայուհին խորհրդավոր կերպով լռել էՙ ասելով. «Մեր ցավը պատմելի չէ, եթե պատմեմ, կուլամ: Դու ավելի լավ է գնա Կիլիկիա, գտիր վերապրող հայերի. նրանց պատմած հուշերն ամեն ինչ կասեն քեզ»: Կատարելով ուսուցչուհու պատգամըՙ Յալչընը մեկնել է Կիլիկիա, լսել հայերի պատմությունները, շշմել-ապշել, թե ուրեմն այդ հողերը հայերի՞նն են:
Թուրք գրողը մեծարեց Հրանտ Դինքին, հետո երկակի ստանդարտներ բանեցրեցՙ նշելով, որ Էրդողանը չկատարեց տասը տարի առաջվա խոստումըՙ լուծում տալ Հայկական հարցին, բայց եթե նախկինում Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում խոսելն արգելվում էր, ապա 1990-ականներից հետո թուրք հասարակության գիտակցությունը զարթոնք ապրեց, ու այսօր էլ բազմաթիվ գրքեր են հրատարակվում այդ թեմայով, ցույցեր են անցկացվում, առաջադեմ թուրքերն իրենց իշխանություններից արդարություն են պահանջում, իսկ իշխանությունները դեմ չեն այդ առաջադիմական շարժումներին, նրանց թույլ են տալիս ազատ գործել: Եթե նախկինում իր գրքերը հենց տպարանում այրվում էին, ապա այսօր դրանք ազատորեն հրատարակվում ու վաճառվում են:
Ակնհայտ էր. թուրք գրողն, ինչպես նախորդ անգամներ Հայաստան այցելած իր մյուս հայրենակիցները, պատվեր էր կատարումՙ Հայաստանում ասել, տարածել, քարոզել, համոզել ու վստահեցնել, որ Թուրքիան ու իշխանություններն իբր փոխվել են, էլ առաջվանը չեն, Թուրքիայում արդեն թույլատրվում է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, փոխվել են նաեւ թուրքերը, այլեւս արյան ծարավի, յաթաղան ու կացին բանեցնողները չեն, թուրք առաջադիմականներն էլ իրենց իշխանության աչքի առաջ օրեը ցերեկով գոչում են. «Ես հայ եմ, ես Հրանտ Դինքն եմ»: Հարցին, թե ինչպես է վերաբերվում թուրք գրողն այն փաստին, որ Թուրքիայից Ադրբեջան տարվող զենքն է օգտագործվում Հայաստանի դեմ, Յալչընը տիպիկ թուրքական դիվանագիտական խորամանկությամբ պատասխանեց. «Այդ զենքն են Թուրքիայի իշխանություններն օգտագործում նաեւ իրենց ժողովրդի դեմ, երբ խռովություններ են ճնշում»:
Թե ինչու է ընտրել թուրքական իշխանություններին ընդդիմանալու, արդարության պաշտպանի ճանապարհը, Քեմալ Յալչընը պատահաբար խոստովանեց. «Ես սունի մահմեդական եմ, հավատացյալ, եւ ամեն ինչ անում եմ հանուն Ալլահի, որպեսզի արժանանամ նրա սիրուն ու շնորհին»: